Գլխավոր տեղեկություն
Համար
N 121
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.08.2013-29.04.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ.135
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.06.2023

040.0121.13.02.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2002 թվականի N 121
քաղ. Երևան

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՔԻՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ և 28-րդ հոդվածների 1-ին կետերի, 24-րդ հոդվածի, 25-րդ հոդվածի «գ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը (կցվում է).

բ) դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը (կցվում է).

գ) այն հիվանդությունների ցանկը, որոնք դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայության ընթացքում կարող են խոչընդոտել ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը (կցվում է):

(1-ին կետը խմբ. 01.08.13 N 811-Ն)

1.1. Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկում նշված մասնագիտություններ ունենալու պահանջը, ինչպես նաև 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ցանկում նշված հիվանդություններ չունենալու պահանջը տարածվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի այն ունկնդիրների վրա, ովքեր «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.1-ին հոդվածի համաձայն կարող են հավակնել կցորդի պաշտոնին:

(1.1-ին կետը լրաց. 23.12.04 N 1940-Ն, խմբ. 01.08.13 N 811-Ն)

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ հաստատել սույն որոշմամբ հաստատված ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում նշված հիվանդությունների՝ ծառայողական պարտականությունների և լիազորությունների կատարմանը խոչընդոտելու աստիճանը որոշելու կարգը և որոշել համապատասխան ստուգում իրականացնող բուժհիմնարկը:

(ՀՀ կառավարության 1 օգոստոսի 2013 թ. N 811-Ն  (ՀՀՊՏ N 45, 14.08.2013 թ.) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի 13.02.02 N 121 (ՀՀՊՏ N 9, 07.03.2002 թ.) որոշման 2-րդ կետի նշված փոփոխությունը հնարավոր չէ կատարել, քանի որ բերվող տեքստը չի համապատասխանում վերոնշյալ 2-րդ կետին և վերաբերում է որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգում կատարվելիք փոփոխություններին:)

  

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 121 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու եվ դիվանագետների փորձաշրջան անցնելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը:

2. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար ներքին ու արտաքին մրցույթը (այսուհետև՝ մրցույթ) կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետև՝ նախարարություն) մրցութային-ատեստավորող հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով):

3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է հայերենին, առնվազն 2 օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն և բավարարում է նախարարության հաստատած՝ համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները:

4. Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր՝

ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել.

բ) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

գ) տառապում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121 որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ցանկում նշված հիվանդություններից որևէ մեկով.

դ) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ չի մարվել.

ե) ապագա աշխատանքն առնչվում է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) դիվանագետի անմիջական ենթակայությանը կամ նրա նկատմամբ վերահսկողությանը:

5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո եռօրյա ժամկետում մրցութային ատեստավորող հանձնաժողովը մրցույթով ընտրված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տալիս է եզրակացություն:

(6-րդ կետը խմբ. 23.12.04 N 1940-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 23.12.04 N 1940-Ն)

 

II. Ներքին մրցույթը

 

8. Ներքին մրցույթին մասնակցել կարող են միայն այն դիվանագետները, ովքեր ունեն տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճան, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված դիվանագետները:

9. Ներքին մրցույթ անցկացնելու մասին հանձնաժողովի հայտարարությունը տրվում է մրցույթի անցկացումից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

Հայտարարության մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝

ա) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի անվանումը.

բ) տվյալ թափուր պաշտոնին ներկայացվող հիմնական պահանջները.

գ) պաշտոնային դրույքաչափը.

դ) ներքին մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը.

ե) ներքին մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու վայրը, վերջնական օրը և ժամը:

(9-րդ կետը փոփ. 23.12.04 N 1940-Ն)

10. Ներքին մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում.

բ) ծառայողական բնութագիր.

գ) 2 լուսանկար՝ 3X4 չափսի:

11. Ներքին մրցույթի մասնակիցները կարող են իրենց հայեցողությամբ ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:

12. Ներքին մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով:

Հարցազրույցն անցկացվում է դիվանագիտական ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ մրցույթի մասնակիցների գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

13. Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

14. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

15. Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում առավելագույն ձայներ ստացած մրցույթի մասնակիցը: Հավասար ձայների դեպքում նախապատվությունը տրվում է ավելի բարձր դիվանագիտական աստիճան ունեցող մրցույթի մասնակցին, իսկ այդ պայմանի հավասարության դեպքում` առավել երկար աշխատանքային ստաժ ունեցողին:

Ներքին մրցույթով հաղթող չճանաչվելու կամ ներքին մրցույթ չկայանալու դեպքում հայտարարվում է կրկնակի մրցույթ` առավելագույնը 6 ամիս հետո:

(15-րդ կետը լրաց. 23.12.04 N 1940-Ն)

16. Սույն կարգի պահանջների խախտմամբ անցկացված ներքին մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

 

III. Արտաքին մրցույթը

 

17. Արտաքին մրցույթ անցկացվում է միայն կցորդի թափուր պաշտոնն զբաղեցնելու, ինչպես նաև ներքին կրկնակի մրցույթով թափուր պաշտոնը չզբաղեցնելու դեպքում:

Կրկնակի ներքին մրցույթով թափուր պաշտոնը չհամալրվելու դեպքում հայտարարված արտաքին մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել պետական մարմիններում, միջազգային կազմակերպություններում, կրթական և գիտական հաստատություններում համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցողները`

երրորդ քարտուղարի համար` առնվազն 1 տարվա,

երկրորդ քարտուղարի համար` առնվազն 3 տարվա,

առաջին քարտուղարի համար` առնվազն 6 տարվա,

խորհրդականի և բաժնի պետի համար` առնվազն 8 տարվա (որից` առնվազն 2 տարի` ղեկավար պաշտոններում),

աշխատակազմի վարչության պետի և առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տեղակալի համար` առնվազն 10 տարվա (որից առնվազն 3 տարի` ղեկավար պաշտոններում):

 (17-րդ կետը լրաց. 23.12.04 N 1940-Ն)

18. Արտաքին մրցույթ անցկացնելու մասին հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվում է մրցույթի անցկացումից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

Հայտարարության մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝

ա) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի անվանումը.

բ) տվյալ թափուր պաշտոնին ներկայացվող հիմնական պահանջները.

գ) պաշտոնային դրույքաչափը.

դ) արտաքին մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը.

ե) արտաքին մրցույթի անցկացման եղանակը.

զ) տեղեկություն սույն կարգի 22-րդ կետում նշված հարցաշարին ծանոթանալու պայմանների մասին.

է) արտաքին մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու վայրը, վերջնական օրը և ժամը.

ը) սույն որոշման պաշտոնապես հրապարակված տեքստը պարունակող Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի համարը:

19. Արտաքին մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում.

բ) անձնագրի պատճենը.

գ) բարձրագույն կրթությունը հաստատող պետական նմուշի (կամ օտարերկրյա բուհերի կողմից տրված, Հայաստանի Հանրապետությունում վավեր) ավարտական փաստաթղթի պատճենը.

դ) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121 որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ցանկում նշված հիվանդություններով չտառապելու մասին.

ե) ինքնակենսագրություն.

զ) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածք (նախկինում աշխատած լինելու դեպքում), կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

է) զինվորական գրքույկի պատճենը (զինապարտ լինելու դեպքում).

ը) 4 լուսանկար՝ 3X4 չափսի:

(19-րդ կետը խմբ. 23.12.04 N 1940-Ն)

20. Արտաքին մրցույթի մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:

21. Հանձնաժողովն արտաքին մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնական օրվանից հետո համապատասխան իրավասու մարմիններից կատարում է պաշտոնական հարցում՝ մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց փաստաթղթերի իսկությունը ճշտելու նպատակով:

22. Արտաքին մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից սահմանված կարգով՝ համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից՝ հետևյալ բաղադրիչներով՝ մրցույթի մասնակիցների գիտելիքներն ստուգելու նպատակով՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, պետական կառավարման համակարգի, դիվանագիտական ծառայության հիմունքների, ներքին և արտաքին քաղաքական խնդիրների, հայ ժողովրդի պատմության, միջազգային հարաբերությունների իմացություն.

բ) վերլուծական ունակություններ.

գ) օտար լեզուների և հայերենի իմացություն:

Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան արտաքին մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ պետք է հրապարակվի զանգվածային լրատվության միջոցներով կամ տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով մատչելի լինի մրցույթի մասնակիցներին:

Թեստավորման փուլն անցկացվում է արտաքին մրցույթի մասնակիցների համար ծածկագրերի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:

23. Հարցազրույցին մասնակցելու իրավունք են ձեռք բերում սույն կարգի 22-րդ կետում նշված թեստավորման առաջադրանքների յուրաքանչյուր բաղադրիչի առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած մրցույթի մասնակիցները:

Հարցազրույցն անցկացվում է դիվանագիտական ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ արտաքին մրցույթի մասնակիցների գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

24. Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

25. Մրցույթում հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

(25-րդ կետը խմբ. 23.12.04 N 1940-Ն)

26. (կետն ուժը կորցրել է 23.12.04 N 1940-Ն)

27. Եթե արտաքին մրցույթի արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Եթե արտաքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն կարգի 4-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը, ապա արտաքին մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ:

28. Սույն կարգի պահանջների խախտմամբ անցկացված արտաքին մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

29. Կրկնակի արտաքին մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

30. Կրկնակի արտաքին մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

31. Եթե կրկնակի արտաքին մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի արտաքին մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա դիվանագիտական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի՝ արտաքին մրցույթի անցկացումից 2 ամիս հետո:

 

IV. Դիվանագետների փորձաշրջանը

 

32. Արտաքին մրցույթով առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնում անձը նշանակվում է մինչև 6 ամիս փորձաշրջանով:

33. Փորձաշրջանի ընթացքում ստուգվում է անձի համապատասխանությունն զբաղեցվող պաշտոնին:

Փորձաշրջան անցնողի աշխատանքը գնահատվում է ըստ զբաղեցվող պաշտոնի նկարագրում սահմանված լիազորությունների շրջանակներում անմիջական ղեկավարի տված հանձնարարությունների և առաջադրանքների կատարման ամբողջականության, որակի և արագության:

34. Դիվանագետների փորձաշրջանի ամբողջ ժամանակաշրջանի մասին եզրակացություն են տալիս նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և անմիջական ղեկավարը:

(34-րդ կետը փոփ. 23.12.04 N 1940-Ն)

35. Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջան անցնող անձին դրա մասին տեղեկացվում է գրավոր:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 121 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների

 

1. Աշխարհագրություն

2. Փիլիսոփայություն

3. Քաղաքագիտություն

4. Հոգեբանություն

5. Պատմություն

6. Իրավագիտություն

7. Լրագրություն

8. Միջազգային հարաբերություններ

9. Արևելագիտություն

10. Հայոց լեզու և գրականություն

11. Լեզվաբանություն

12. Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն

13. Օտար լեզու և գրականություն

14. Մշակութաբանություն

15. Կրոնագիտություն

16. Աստվածաբանություն

17. Հանրային կառավարում

18. Թարգմանչական գործ

19. Ռուսաց լեզու և գրականություն

20. Սփյուռքագիտություն

21. Եկեղեցաբանություն

22. Եվրոպագիտություն

23. Կովկասագիտություն

24. Սոցիոլոգիա

25. Կոնֆլիկտաբանություն

26. Տնտեսագիտության տեսություն

27. Կառավարում

28. Վիճակագրություն

29. Միջազգային տնտեսական հարաբերություններ

30. Կառավարման տեղեկատվական համակարգեր

31. Տեղեկատվական անվտանգություն

(ցանկը լրաց. 23.12.04 N 1940-Ն, խմբ. 01.08.13 N 811-Ն)

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 121 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

(վերնագիրը խմբ. 01.08.13 N 811-Ն)

 

1. Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ

 

2. Ոչ փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով

 

3. Մտավոր զարգացման խանգարումներ

 

4. Տուբերկուլյոզ (ակտիվ շրջանում)

 

5. Թմրամոլություն, թունամոլություն, այդ թվում` ալկոհոլիզմ, անձի դեգրադացիայի երևույթներով

 

6. Կենտրոնական նյարդային համակարգի և ներքին օրգանների հիվանդություններ` դեկոմպենսացիայի փուլում

 

7. Քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ

 

1) խլություն

 

8. Ակնաբուժական հիվանդություններ

 

1) կուրություն

(ցանկը փոփ. 30.06.11 N 898-Ն, խմբ. 01.08.13 N 811-Ն)

(կարգը լրաց., խմբ., փոփ. 23.12.04  N 1940-Ն, փոփ. 30.06.11 N 898-Ն, խմբ. 01.08.13 N 811-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան