ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2013 թվականի N 1073-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետությունում գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ` տարածք) անհատույց օգտագործման է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշմամբ հաստատված կարգով` համապատասխան շենքերում ազատ տարածքների առկայության և գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի` սույն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանության դեպքում.
2) Հայաստանի Հանրապետությունում գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով կարող են տրամադրվել մինչև երեք տարի ժամկետով:
2. Հաստատել գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող տարածքների անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշման |
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Պետական սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է գրահրատարակչական գործունեություն իրականացնող այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն, պետական սեփականություն հանդիսացող տարածքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար դիմելու պահին (այսուհետ` դիմելու պահ) նախորդ երեք տարվա ընթացքում չեն ունեցել, ինչպես նաև դիմելու պահին չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող շենք, շինություն, տարածք (բացառությամբ բնակելի տարածքի):
2. Գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ըստ սույն չափորոշիչների, անհատույց օգտագործման իրավունքով պետության կողմից տարածքներ են տրամադրվում միայն գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նշված` պետական սեփականություն հանդիսացող շենքում ազատ տարածքների առկայության դեպքում:
3. Եթե մինչև սույն չափորոշիչների հաստատումը գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պետական սեփականություն հանդիսացող` անհատույց օգտագործման իրավունքով նախկինում տրամադրված տարածքների մակերեսն ավելի քիչ է եղել, քան սույն չափորոշիչներով հաշվարկված հասանելի մակերեսներն են, ապա անհատույց օգտագործման իրավունքով նոր տրամադրվող տարածքն ավելացնելու պահանջը կարող է բավարարվել միայն տվյալ շենքում ազատ տարածքների առկայության դեպքում: Ընդ որում, տրամադրվող լրացուցիչ տարածքի մակերեսը սույն չափորոշիչներին համապատասխան հաշվարկելու ժամանակ հիմք է ընդունվում տվյալ տարածքում առկա ազատ սենյակի (կամ սենյակների) փաստացի մակերեսը:
4. Պետական սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործելու իրավունքից օգտվելու համար գիրք հրատարակող` գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն դիմելու պահից հաշվարկված նախորդ երկու տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա կտրվածքով, պետք է ունենան միջին թվաբանական հաշվարկով առնվազն 5 աշխատող.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն դիմելու պահին չպետք է ունենան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ժամկետանց պարտավորություններ.
3) դիմելու պահին նախորդող երկու տարվա ընթացքում պետք է հրատարակած լինեն տարեկան նվազագույնը 4 անվանում գիրք (յուրաքանչյուր գիրքը` առնվազն 5 մամուլ ծավալով և 300 օրինակ տպաքանակով).
4) անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին պայմանագրի կնքումից հետո պայմանագրով սահմանված ամբողջ ժամանակահատվածում պետք է պահպանեն սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պայմանները:
5. Սույն չափորոշիչների 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` վերջինիս գրավոր հարցման հիման վրա:
6. Սույն որոշման 4-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող` գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է մեկ աշխատողի հաշվով` 5-7 քառ. մետր մակերեսով տարածք` ելնելով սենյակի փաստացի մակերեսից: Եթե ազատ տարածքների փաստացի մակերեսը թույլ չի տալիս ապահովել սույն կետում նշված նվազագույն չափերով տարածքի տրամադրումը, և գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը գրավոր ցանկություն է հայտնել անհատույց օգտագործման իրավունքով ավելի փոքր մակերեսով տարածք զբաղեցնելու մասին, ապա նրան կարող է տրամադրվել տվյալ պահին ազատ այնպիսի տարածք (տարածքներ), որը չի համապատասխանում սույն կետով տարածքի տրամադրման նկատմամբ սահմանված նվազագույն չափորոշչին:
7. Պետական սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցնող` գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը սեփականության իրավունքով անշարժ գույք (բացառությամբ բնակելի տարածքի) ձեռք բերելու դեպքում դրա մասին տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:
8. Պետական սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիրը ենթակա է լուծման`
1) սույն չափորոշիչների 4-րդ կետով սահմանված պայմանները խախտելու,
2) սույն չափորոշիչների 7-րդ կետում նշված հանգամանքն ի հայտ գալու,
3) մյուս պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքերում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2023, N 2309-Ն | 07.01.2024, N 1073-Ն | |
27.11.2014, N 1534-Ն | 30.12.2015, N 1073-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|