Գլխավոր տեղեկություն
Համար
N 925-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.10.09/28(472).1 Հոդ.840
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2013 թվականի N 925-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1775-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Գույքը հաշվառող կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից գույքի և գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու մասին» N 1775-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.».

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

3) որոշման N 2 հավելվածում`

ա. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 1-ին ենթակետը,

բ. 8-րդ կետի 2-րդ ենթակետի «Գույքի ծածկագիրը (կոդը)» աղյուսակից հանել

 

«

201

ավտոմոբիլային տրանսպորտի միջոց

»

տողը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 29-ի N 925-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 30-ի N 1775-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե տրամադրելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

3. Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրվում են առցանց ռեժիմով` ՎԵԲ ծառայության միջոցով:

5. Տեղեկությունների տրամադրման հետ կապված ծրագրային հարցերը, ինչպես նաև տեղեկությունների ներկայացման պարբերականությունը, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամաններով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող տեղեկություններն են`

1) գույքի ծածկագիրը (կոդը)`

Անշարժ գույքի
ծածկագիրը
(կոդը)

Անշարժ գույքի նպատակային նշանակությունը

110

անհատական բնակելի տուն

120

բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան

130

այգետնակ (ամառանոց)

140

բազմաբնակարան բնակելի շենք

150

բազմաբնակարան շենքի ծավալում գտնվող այլ շինություններ

160

առանձին կանգնած ավտոտնակ

200

հասարակական նշանակության շենք կամ շինություն

300

արտադրական նշանակության շենք կամ շինություն

400

հողամաս

2) գույքի հետ կապված գործարքի ծածկագիրը (կոդը)`

Գործարքի
ծածկագիրը
(կոդը)

Գործարքի տեսակը

01

նվիրատվություն

02

ներդրում կանոնադրական կապիտալ

03

առուվաճառք

04

վարձակալություն

05

անհատույց օգտագործում

06

նոր կառուցված (նոր ստեղծված) գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում

07

գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարում

08

ժառանգություն

3) անշարժ գույքի գտնվելու վայրը.

4) օտարման գործարքի պետական գրանցման ամսաթիվը.

5) անշարժ գույքի միավորի էլեկտրոնային նույնականացման համարը.

6) պայմանագրի գումարը` լրացվում է դրամով`

ա. գույքի օտարման դեպքում` առք ու վաճառքի պայմանագրում արտացոլված ամբողջ գումարի մեծությունը,

բ. գույքի վարձակալության դեպքերում` պայմանագրով սահմանված վարձավճարի չափը և վճարման կարգը,

գ. նվիրատվության, անհատույց օգտագործման կամ հատուցում չենթադրող այլ դեպքերում` նշվում է «0».

7) անշարժ գույքի կադաստրային արժեքը` տվյալ անշարժ գույքի կադաստրային արժեքը դրամով.

8) օտարողի (վարձատուի)` բաժնեմասը` նշված գույքի նկատմամբ օտարողին պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`

ա. գույքն օտարողին (վարձատուին) պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (նույն գործարքի նույնականացման համարի տակ), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (նույն գործարքի նույնականացման համարի տակ), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.

9) օտարողի համար նշված գույքի նկատմամբ սեփականության առաջացման (իրավունքների պետական գրանցման) ամսաթիվը.

10) օտարողի (վարձատուի)` անունը, ազգանունը, հայրանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.

11) օտարողի (վարձատուի) հանրային ծառայությունների համարանիշը, եթե օտարողը (վարձատուն) իրավաբանական անձ է, ապա հարկ վճարողի հաշվառման համարը.

12) օտարողի (վարձատուի)` հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը, եթե օտարողը (վարձատուն) ֆիզիկական անձ է կամ օտարողի (վարձատուի)` հաշվառման վայրը, եթե օտարողն իրավաբանական անձ է.

13) օտարողի (վարձատուի)` անձնագրի տվյալները` անձնագրի սերիան, համարը.

14) գույքի նկատմամբ ձեռք բերողին (վարձակալին) պատկանող բաժնային սեփականության չափը՝ տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (նույն գործարքի նույնականացման համարի տակ), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (նույն գործարքի նույնականացման համարի տակ), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.

15) ձեռք բերողի (վարձակալի)` անունը, ազգանունը, հայրանունը, իսկ եթե ձեռք բերողը (վարձակալը) իրավաբանական անձ է, ապա իրավաբանական անձի լրիվ անվանումը.

16) ձեռք բերողի (վարձակալի)` հանրային ծառայությունների համարանիշը, իսկ եթե ձեռք բերողը (վարձակալը) իրավաբանական անձ է, ապա նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը.

17) ձեռք բերողի (վարձակալի)` հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը, եթե ձեռք բերողը (վարձակալը) ֆիզիկական անձ է կամ ձեռք բերողի (վարձակալի)` հաշվառման վայրը, եթե ձեռք բերողն իրավաբանական անձ է.

18) ձեռք բերողի (վարձակալի)` անձնագրի տվյալները` անձնագրի սերիան, համարը.

19) վճարման ձևը` պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը՝ «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ նշվում է «0».

20) վարձակալության գործարքների մասով նշվում է պայմանագրի ժամկետը (սկզբի և ավարտի օրերը, ամիսները և տարեթվերը կամ ժամկետը), իսկ եթե պայմանագրով ժամկետ սահմանված չէ նշվում է «անժամկետ».

21) եթե գործարքը միաժամանակ վերաբերում է անշարժ գույքի տարբեր միավորներին (հողամասին, շենքին, շինությանը, այլ անշարժ գույքին կամ դրանց տարբեր համակցություններին), ապա այդ գործարքը լրացվում է նույն հերթական համարի տակ և «Պայմանագրի գումարը» սյունակը լրացվում է միայն առաջին տողում.

22) գույքի փոխանակության գործարքների դեպքում, եթե`

ա. անշարժ գույքը փոխանակվում է անշարժ գույքով, ապա գործարքը լրացվում է մեկ հերթական համարով` տարբեր գույքի առք ու վաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ այն դեպքում, երբ բացակայում է պայմանագրային գումարը` ապա նշվում է «0»,

բ. անշարժ գույքը փոխանակվում է այլ գույքի հետ, ապա գործարքը լրացվում է առք ու վաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, առանձին տողերով, իսկ եթե բացակայում է պայմանագրի գումարը, ապա նշվում է «0», իսկ փոխանակվող այլ գույքի վերաբերյալ տվյալներ չեն լրացվում.

23) գույքը կանոնադրական կապիտալում ներդրվելու դեպքում` տեղեկությունները լրացվում են առք ու վաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրվող տեղեկություններն են`

1) գույքի ծածկագիրը (կոդը)`

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի ծածկագիրը (կոդը)

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի տեսակը

201

ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի կցորդ, կիսակցորդ

2) գույքի հետ կապված գործարքի ծածկագիրը (կոդը)`

Գործարքի
ծածկագիրը
(կոդը)

Գործարքի տեսակը

01

նվիրատվություն

02

ներդրում կանոնադրական կապիտալ

03

առուվաճառք

04

վարձակալություն

05

անհատույց օգտագործում

06

նոր արտադրված (նոր ստեղծված) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում

07

խոտանման հիմքով հաշվառումից հանում

08

ժառանգություն

3) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մակնիշը և թողարկման տարեթիվը.

4) գույքի օտարման ամսաթիվը.

5) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հաշվառման համարը` «VIN-կոդը» (Vehicle identification number)` դրա առկայության դեպքում.

6) պայմանագրի գումարը` դրամով լրացվում են`

ա. գույքի օտարման դեպքում` առք ու վաճառքի պայմանագրում արտացոլված ամբողջ գումարի մեծությունը,

բ. գույքի վարձակալության դեպքերում` մեկ ամսվա համար նախատեսված գումարը,

գ. նվիրատվության, անհատույց օգտագործման կամ հատուցում չենթադրող այլ դեպքերում` նշվում է «0».

7) օտարողի (վարձատուի)` բաժնեմասը` նշված գույքի նկատմամբ օտարողին պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`

ա. գույքն օտարողին (վարձատուին) պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.

8) օտարողի համար նշված գույքի նկատմամբ սեփականության առաջացման (իրավունքների պետական գրանցման) ամսաթիվը.

9) օտարողի (վարձատուի)` անունը, ազգանունը, հայրանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.

10) օտարողի (վարձատուի) հանրային ծառայությունների համարանիշը, եթե օտարողը (վարձատուն) իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր է ապա հարկ վճարողի հաշվառման համարը.

11) օտարողի (վարձատուի)` հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը, եթե օտարողը (վարձատուն) ֆիզիկական անձ է կամ օտարողի (վարձատուի)` հաշվառման վայրը, եթե օտարողն իրավաբանական անձ է.

12) օտարողի (վարձատուի)` անձնագրի տվյալները` անձնագրի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.

13) գույքի նկատմամբ ձեռք բերողին (վարձակալին) պատկանող բաժնային սեփականության չափը՝ տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.

14) ձեռք բերողի (վարձակալի)` անունը, ազգանունը, հայրանունը, իսկ եթե ձեռք բերողը (վարձակալը) իրավաբանական անձ է, ապա իրավաբանական անձի լրիվ անվանումը.

15) ձեռք բերողի (վարձակալի)` հանրային ծառայությունների համարանիշը, իսկ եթե ձեռք բերողը (վարձակալը) իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, ապա նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը.

16) ձեռք բերողի (վարձակալի)` հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը, եթե ձեռք բերողը (վարձակալը) ֆիզիկական անձ է կամ ձեռք բերողի (վարձակալի)` հաշվառման վայրը, եթե ձեռք բերողն իրավաբանական անձ է.

17) ձեռք բերողի (վարձակալի)` անձնագրի տվյալները` անձնագրի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.

18) վճարման ձևը` պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը՝ «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ նշվում է «0».

19) վարձակալության գործարքների մասով նշվում է պայմանագրի ժամկետը (սկզբի և ավարտի օրերը, ամիսները և տարեթվերը), իսկ եթե պայմանագրով ժամկետ սահմանված չէ նշվում է «անժամկետ».

20) գույքի փոխանակության գործարքների դեպքում, եթե`

ա. ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը փոխանակվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով, ապա գործարքի բովանդակությունը լրացվում է մեկ հերթական համարով (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), առանձին տողերով` տարբեր գույքի առք ու վաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ այն դեպքում, երբ բացակայում է պայմանագրային գումարը, ապա նշվում է «0»,

բ. ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը փոխանակվում է այլ գույքի հետ, ապա գործարքը լրացվում է առք ու վաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, առանձին տողերով, իսկ եթե բացակայում է պայմանագրի գումարը` «0», ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հետ փոխանակվող այլ գույքի վերաբերյալ տվյալներ չեն լրացվում.

21) գույքը կանոնադրական կապիտալում ներդնելու դեպքում տեղեկությունները լրացվում են առք ու վաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան