Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.30/41(981).1 Հոդ.732.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.05.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0900/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0900/02/12

2013 թ.

Նախագահող դատավոր՝  Ի. Վարդանյան

Դատավորներ՝   

Ն. Բարսեղյան
 

Ա. Մկրտչյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի մայիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) ընդդեմ Գևորգ Դոստուրյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Գևորգ Դոստուրյանից բռնագանձել 529.700 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բարսեղյան) (այսուհետ՝ Դատարան) 08.11.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31.01.2013 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.11.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ հոդվածները, 168-րդ հոդվածի 3-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատախազությունը Գևորգ Դոստուրյանից գումար բռնագանձելու պահանջով հայց հարուցելիս ղեկավարվել է ոչ թե «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այլ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով սահմանված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու Դատախազության լիազորությունից և վերապահված չէ պետական այլ մարմնի:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, դրանց ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և վնաս պատճառողի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Դատախազությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր Գևորգ Դոստուրյանի ոչ օրինաչափ գործողության և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ապա տվյալ դեպքում Դատախազությունը Դատարան է ներկայացրել Կոմիտեի հետաքննության վարչությունում նախապատրաստված նյութերում առկա փաստաթղթերի` Գևորգ Դոստուրյանի բացատրության, ստուգման ակտի և քրեական գործի հարուցումը մերժելու մասին չբողոքարկված որոշման պատճենները, որոնցով հիմնավորվում է, որ վերջինիս անօրինական գործողությունների և պետությանը պատճառված վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Գևորգ Դոստուրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության` տվյալ դեպքում վնասը սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի սահմանը չգերազանցելու պատճառաբանությամբ, ինչը ևս վկայում է արարքի առկայության, ոչ օրինաչափ վարքագծի, վնասի ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և վնաս պատճառողի մեղքի առկայության մասին:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես` Կոմիտեի հետաքննության վարչությունում նախապատրաստված նյութերը, որոնց համաձայն` Գևորգ Դոստուրյանը հարկային մարմիններին ներկայացված հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ է մտցրել և խուսափել է 529.700 ՀՀ դրամ պետական բյուջե վճարելուց, Կոմիտեի կազմած 27.01.2011 թվականի թիվ 1013021 ստուգման ակտը, քրեական գործի հարուցումը մերժելու մասին 28.02.2011 թվականի չբողոքարկված որոշումը, որոնցով հաստատվում է Գևորգ Դոստուրյանի ոչ օրինաչափ գործողությունների հետևանքով պետությանը վնաս պատճառելու փաստը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.01.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կոմիտեի նախագահի 24.12.2010 թվականի թիվ 1013021 հանձնարարագրի համաձայն` հանձնարարվել է «Ռ. և Մ. Քոմփանի» ՍՊԸ-ում (այսուհետ` Ընկերություն) ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում (գ.թ.9):

2) Կոմիտեի Շենգավիթի բաժնի կողմից կատարված ստուգման արդյունքում 27.01.2011 թվականին կազմված թիվ 1013021 ակտի համաձայն` Ընկերության պարտավորությունները ՀՀ պետական բյուջեի նկատմամբ կազմել են 529.700 ՀՀ դրամ, որից 476.700 ՀՀ դրամը ենթակա է վճարման բյուջեի հաշվին, 53.000 ՀՀ դրամը` հատուկ ֆոնդի հաշվին (գ.թ. 10-12):

3) Կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ Վ.Չարխիֆալակյանի 28.02.2011 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ Ընկերության տնօրեն Գևորգ Դոստուրյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով (գ.թ. 5-6):

4) Թիվ ՎԴ/1631/05/11 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 26.09.2011 թվականի կայացրած վճռով բավարարվել է Կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության հայցն ընդդեմ Ընկերության` պետական բյուջեի օգտին գումարի բռնագանձման պահանջի մասին. գումարը 12.04.2011 թվականի դրությամբ կազմում է 805.100 ՀՀ դրամ և իր մեջ ներառում է նաև սույն գործով հայցագինը` 529.700 ՀՀ դրամը (գ.թ. 31-33):

5) ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1631/05/11 գործով 26.09.2011 թվականի վճռի կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ որոշում քաղաքացիական գործի նյութերում առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկային պարտավորությունները տնտեսվարող սուբյեկտի տնօրենից (գործադիր մարմնի ղեկավարից) բռնագանձելու պահանջի իրավաչափության հարցին` հաշվի առնելով նման գործերով դատական պրակտիկայի միասնականության ապահովումը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նշված իրավական խնդրին (ի թիվս այլոց` տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել նշված որոշումներում արտահայտած դիրքորոշումները:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին: Մասնավորապես վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (ի թիվս այլոց տե՛ս Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերը նշված դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես, դատարանները նախ և առաջ պետք է որոշեն այն իրավական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը:

Վնասի հատուցման գործերով փաստերի իրավական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական, ինչպես նաև դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումներից հետևում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.

-ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),

-վնաս պատճառող անձի առկայությունը,

-պատճառված վնասի առկայությունը,

-վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,

-պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև:

 

Պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելը

ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե՝

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ

3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ

4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ

5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:

ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված պետական շահերի պաշտպանության իրավասությունը կոնկրետացվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածում, որտեղ ամրագրված են դատախազության այն լիազորությունները, որոնցով իրականացվելու է պետական շահերի պաշտպանությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական շահերի պաշտպանության իրականացումը, կախված լիազորությունների բովանդակությունից, ունի իրականացման տարբեր մեխանիզմներ: Այսպես՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազությունն օգտվում է դատավարական այն իրավունքներից և կրում է այն պարտականությունները, որոնք ունենալու էր պետական այն մարմինը, ով հայց ներկայացնելու պարտականություն ուներ: Հետևաբար դատախազությունը զրկված չէ վարչական դատավարության կարգով տնտեսվարող սուբյեկտի դեմ հարկային պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու հայց ներկայացնելու հնարավորությունից, եթե պետական իրավասու մարմինը ցուցաբերում է անգործություն կամ դիմել է դատախազությանը նման հայց ներկայացնելու միջնորդությամբ:

Վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ամրագրված դատախազության լիազորությունը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ հայց հարուցելու լիազորությամբ օժտված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին: Նշված դրույթի օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ դատախազության` հայց հարուցելու դատավարական պարտականության իրացման նախապայման է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` հայց հարուցելու լիազորության բացակայությունը: Նշված կանոնակարգումը քննարկելով չվճարված հարկային պարտավորությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը բռնագանձելու հարցի համատեքստում, նախ անհրաժեշտ է որոշել, թե արդյոք կոնկրետ վիճելի իրավահարաբերության առկայության պարագայում բացակայում է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` հայց հարուցելու լիազորությունը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործի կարճման պարագայում, արարքի` որպես հանցագործության վերաբերյալ խոսք լինել չի կարող, մինչդեռ քաղաքացիաիրավական հարաբերությունը (վնաս պատճառելու հիմքով ծագող հարաբերությունը), որի ծագման պայմանները կարող են համընկնել քրեական պատասխանատվության ծագման պայմանների հետ, շարունակում է գոյություն ունենալ: Նման իրավիճակում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից բռնագանձելու պահանջ ներկայացնելու լիազորությամբ որևէ պետական մարմին օժտված չէ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված է դատախազության լիազորությունը հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու հայց ներկայացնելու մասին, որպիսի լիազորության իրականացումը պայմանավորված է երկու փաստերի առկայությամբ`

1) հանցանքի կատարում, որը կարող է հաստատվել միակ թույլատրելի ապացույցով, այն է` օրինական ուժի մեջ մտած դատավճռով և

2) հանցանքի արդյունքում պետությանը պատճառված գույքային վնաս:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հարկերի և (կամ) տուրքերի չվճարման կամ պակաս վճարման համար դատախազությունը գործում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված լիազորությունների շրջանակում, ապա հայցապահանջը պետք է վերաբերի կոնկրետ տնտեսվարող սուբյեկտին հարկային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելուն: Մինչդեռ չվճարված հարկերը կամ տուրքերը՝ որպես պետությանը պատճառված վնաս, գանձելու համար կարող է առկա լինել ինչպես հանցագործություն կատարելու փաստը և վնաս պատճառելը («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այնպես էլ առանց հանցագործության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի առկայության վնաս պատճառելը և համապատասխան լիազոր մարմնի բացակայությունը կամ այդպիսի մարմնի մոտ համապատասխան լիազորության բացակայությունը: Ընդ որում, նշված դեպքում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, ում լիազորությունների շրջանակում է եղել հարկային հաշվետվությունների ներկայացումը, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու արդյունքում պետությունը կրել է գույքային կորուստ:

Համադրելով վերոնշյալ հոդվածները չվճարված հարկերը կամ տուրքերը՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ մեկնաբանության հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայցը դատախազությունը կարող է ներկայացնել քրեական գործի դատավարության ընթացքում քաղաքացիական հայցի ձևով կամ քաղաքացիական դատավարության կարգով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասի հատուցման հայցը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի դեմ, ում լիազորությունն է հարկային հաշվետվությունների ներկայացումը, անհրաժեշտ է ապացուցել տվյալ անձի կողմից ոչ իրավաչափ գործողություններ կամ անգործություն կատարած լինելու փաստի առկայությունը, որպիսին հիմնավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված ապացույցներով:

Վերոնշյալ եզրահանգումների համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Մասնավորապես, Եվրոպական դատարանը նշել է, որ չնայած քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմանների հետ, այդուհանդերձ քաղաքացիաիրավական հայցը պետք է լուծվի քաղաքացիական պարտավորական իրավունքի սկզբունքների հիման վրա: Քրեական գործով իրականացված դատավարության արդյունքը որոշիչ չէ վնասի հատուցման վերաբերյալ գործով: Տուժողն իրավունք ունի պահանջել վնասների հատուցում, անկախ այն հանգամանքից՝ պատասխանողը դատապարտվել է, թե արդարացվել, և փոխհատուցման հարցը պետք է դառնա իրավական ինքնուրույն գնահատման առարկա, որի պարագայում ապացուցման չափորոշիչներն էականորեն տարբերվում են քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերից: Դատարանի կարծիքով այն, որ միևնույն արարքը կարող է առաջացնել քրեական գործի հետ նույնական (ընդհանուր) հանգամանքներից (փաստերից) բխող վնասը հատուցելու քաղաքացիաիրավական պարտականություն, բավարար հիմքեր չի ստեղծում անձի նկատմամբ կիրառված քաղաքացիաիրավական պատասխանատվությունը դիտել նաև «քրեական պատիժ» (տե՛ս Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործով Եվրոպական դատարանի 11.02.2003 թվականի վճիռը, պարբ. 38):

Միաժամանակ, հաշվի առնելով նմանատիպ գործերի քննության ընթացքում առկա իրավակարգավորման առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ համաներում կիրառելու, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հիմքով ազատելու պարագայում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-145-Ն և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ ՀՕ-214-Ն օրենքով կատարված փոփոխություններից հետո նշված գումարների վճարված լինելը պարզելու հարցը քրեական վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից` օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով հատկապես նախատեսված դեպքերում ազատվելու պայմանը կոնկրետացված է նույն օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասում, որի համաձայն (մինչև 2013 թվականի փետրվարի 5-ի դրությամբ գործող ինկորպորացիայով)` սույն օրենսգրքի 188-րդ, 189-րդ, 193-րդ, 194-րդ, 205-րդ և 206-րդ հոդվածներով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Օրենսդրական գործող կարգավորումը հնարավոր է համարում նաև չվճարված կամ պակաս վճարված հարկերն ու տուրքերը գանձելու հարցին անդրադառնալու հնարավորություն մինչև համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդում չիրականացնելու, կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը: Այսպես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե ընդունվել է համաներման ակտ:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

Վերոգրյալը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում դրանք տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից որպես պետությանը պատճառված վնաս քաղաքացիական հայց հարուցելու միջոցով կարող են գանձվել մինչև ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում վերը նշված փոփոխությունների կատարումն իրականացված հակաիրավական արարքների արդյունքում պատճառված վնասի համար, քանի որ նշված փոփոխություններից հետո համաներման ակտերի ընդունման և համաներում կիրառելու մասին որոշման առկայության կամ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ որոշման առկայության պարագայում գործում է պատճառված վնասի հատուցված լինելու կամ վնասի հետ կապված վեճի բացակայության կանխավարկածը: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև Գարիկ Ղազարյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը (տե՛ս Գարիկ Ղազարյանի վերաբերյալ թիվ ՏԴ/0088/01/11 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 30.03.2012 թվականի որոշումը):

Սույն հարցի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ իրավակիրառ պրակտիկայում քաղաքացիական գործերով տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանցից չվճարված կամ պակաս վճարված հարկերը և տուրքերը՝ որպես պետությանը պատճառված վնաս, քաղաքացիական հայց հարուցելու դատախազության լիազորությանը տրվող ոչ միանշանակ մեկնաբանություններին:

Դատախազության կողմից ներկայացված հայցերում և բողոքներում հիշատակվում են «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դրույթները, որոնցում ամրագրված են դատախազական մարմինների լիազորությունները պետական շահերի պաշտպանության հարցում: Նշված լիազորություններից յուրաքանչյուրը պայմանավորում է դատախազության` քրեական, քաղաքացիական կամ վարչական դատավարության կարգով հայց հարուցելու իրավասությունը: Այս առումով լիազորություններն ամրագրող կոնկրետ դրույթների հիշատակումը հայցում կամ բողոքում չեն կարող դիտվել որպես հայցի հիմք (իրավական հիմք), քանի որ հայցի հիմքը նյութական իրավունքի այն նորմն է, որի վրա հիմնվում է ներկայացված պահանջը: Հաշվի առնելով նմանատիպ գործերի առանձնահատկությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիշատակված հոդվածի դրույթների գնահատումը կարող է տեղի ունենալ պատշաճ հայցվորի հարցը քննարկելու համատեքստում: Հետևաբար, դատարանը պարտավոր է ստուգել դատախազության` պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իրավասության առկայությունը, անկախ նրանից՝ նշվել է լիազորություններից մեկը, թե մյուսը, կամ էլ որևէ մեկը չի նշվել:

Միաժամանակ վերը նշված պատճառաբանությունները հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հնարավոր են դեպքեր, երբ միևնույն գումարը, տույժերի հետ միասին, բռնագանձվի նաև տնտեսվարող սուբյեկտից: Այդ նկատառումից ելնելով` Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով կրկնակի բռնագանձումը բացառելու համար հարկ է համարում արձանագրել, որ այդ գործերի քննության ընթացքում անհրաժեշտ է գնահատել այն հանգամանքը, թե արդյոք վեճի առարկա` պետությանը վճարման ենթակա հարկային պարտավորությունների, ինչպես նաև տույժերի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է բռնագանձման վճիռ, որը փաստացի կատարվել է (գումարը բռնագանձվել է տնտեսվարող սուբյեկտից): Նման դատական ակտի առկայությունը և այն կատարված լինելու հանգամանքն արգելք կհանդիսանա քաղաքացիական գործով հայցի բավարարման համար` անկախ կողմերի տարբերությունից, քանի որ սույն գործով վեճի առարկա` պետությանը պատճառված վնասները վարչական դատավարության կարգով քննվող գործի արդյունքում հատուցված լինելու պայմաններում սույն գործով ներկայացված պահանջը կդիտվի առարկայազուրկ, քանի որ կբացակայի պետությանը որևէ կերպ վնաս պատճառելու փաստը: Այսինքն` երկու տարբեր հայցերի դեպքում էլ նույն հիմքով առաջացած գումարները պետության օգտին կրկնակի բռնագանձելն ուղղակիորեն կենթադրի կրկնակի պատասխանատվություն կատարված արարքի համար: Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված ապացուցման և ապացույցները գնահատելու կանոններին համապատասխան դատարանները պետք է հաշվի առնեն հարուցված քաղաքացիական գործերին զուգահեռ քննվող վարչական գործերի առկայության կամ բացակայության փաստը, գումարի բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայությունը, ինչպես նաև այդ ակտերի փաստացի կատարված լինելը: Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ այն դեպքերին, երբ տնտեսվարող սուբյեկտի կողմից վիճարկվել է հարկային մարմնի կողմից կազմված վարչական ակտի (ստուգման ակտի) իրավաչափությունը: Այս դեպքում ևս վարչական ակտի վիճարկման վերաբերյալ գործով հայցը բավարարելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, որպես կանոն, արգելք է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից գումարի բռնագանձման վերաբերյալ գործի քննության համար: Ընդ որում, նման դեպքում էլ անհրաժեշտ է գնահատել այն, թե արդյոք հայցի փաստական հիմքում դրվել է միայն ստուգման ակտը:

 

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության տնօրեն Գևորգ Դոստուրյանը հարկային մարմիններին ներկայացված հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ է մտցրել և խուսափել է 529.700 ՀՀ դրամ հարկի գումար պետական բյուջե վճարելուց: Նշված փաստերը հաստատված են Կոմիտեի կազմած 27.01.2011 թվականի թիվ 1013021 ստուգման ակտով, քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի 28.02.2011 թվականի որոշմամբ, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի՝ թիվ ՎԴ/1631/05/11 գործով 26.09.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով: Նշված վճռի կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ որոշում քաղաքացիական գործի նյութերում առկա չէ, ինչպես նաև առկա չէ որևէ ապացույց` Ընկերության սնանկության գործընթաց սկսելու մասին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Ընկերության գործողությունների հետևանքով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առաջացած հարկային պարտավորությունների գումարին, որի բռնագանձման հետ կապված գործառույթների իրականացման լիազորությունը վերապահված է Կոմիտեին։ Կոմիտեն վարչական դատարանում ապացուցել է 27.01.2011 թվականին կազմված թիվ 1013021 ակտի իրավաչափությունը, ինչի արդյունքում ՀՀ վարչական դատարանի 26.09.2011 թվականի վճռով վճռվել է Ընկերությունից բռնագանձել 805.100 ՀՀ դրամ, որի մեջ մտնում է նաև սույն գործով հայցագինը, վճիռը մտել է օրինական ուժի մեջ և հիմք ծառայել պարտապանի նկատմամբ կատարողական գործողություններ սկսելու համար: Այսինքն՝ արդեն իսկ առկա է այն հարկի գումարը դրա վճարման պարտավորությունը կրող սուբյեկտից բռնագանձելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ, որը սույն գործով հայցվորի կողմից կրկին առաջադրվել է բռնագանձման` այս անգամ արդեն Ընկերության տնօրենից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պատճառաբանությունը չէր կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար, քանի որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի ոչ միայն հարկի գումարը բռնագանձելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը, այլև այդ վճռի կատարողական վարույթի արդյունքը, մինչդեռ գործում առկա չէ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ որոշում կամ այդ վարույթի ընթացքի վերաբերյալ նշված ծառայությունից տրված որևէ այլ տեղեկատվություն:

Բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը նաև պատճառաբանել է, որ պետական շահերի խախտում է տեղի ունեցել այնպիսի հարցով, որով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված է համապատասխան պետական մարմնին` Կոմիտեին, իսկ իրավասու պետական մարմնին` դատախազին, հայց հարուցելու միջնորդությամբ դիմած լինելու վերաբերյալ որևէ տեղեկություն գործում առկա չէ, հետևաբար խոսքը չի կարող վերաբերել հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը գույքային վնաս պատճառված լինելուն, քանի որ տվյալ դեպքում հայցը հարուցվել է մեղադրական դատավճռի բացակայության պայմաններում, ուստի պատասխանողը չի կարող ճանաչվել որպես հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման պարտականությունը կրող սուբյեկտ:

Գնահատելով նշված պատճառաբանությունը սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի նման եզրահանգումը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով վնասների հատուցումը կարգավորող իրավական դրույթներից, քանի որ նման մեկնաբանության պարագայում վնասի առկայությունը կախվածության մեջ է դրվում հանցագործության կատարումից, մինչդեռ քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմաններին: Այն, որ Ընկերության տնօրենի արարքում բացակայել է հանցակազմը, չի բացառում ինքնուրույն ոչ օրինաչափ վարքագծի առկայությունը, որն առաջացնում է քաղաքացիաիրավական պատասխանատվություն:

Ինչ վերաբերում է ստորադաս դատական ատյանում բողոք ներկայացրած անձի այն փաստարկին, որ Ընկերության նկատմամբ նախապատրաստվում է սնանկության դիմում, և դրա վերաբերյալ Վերաքննիչ դատարանի վերլուծությանը, Վճռաբեկ դատարանն այդ կապակցությամբ անհրաժեշտ է համարում նշել հետևյալը: Սոսկ նման փաստարկի ներկայացումը չի կարող նշանակություն ունենալ սույն գործի լուծման համար, սակայն եթե պարզվի, որ օրենքով սահմանված կարգով Ընկերության նկատմամբ սկսվել է սնանկության գործընթաց, ապա էական նշանակություն ձեռք կբերի նաև այդ գործընթացի արդյունքը, քանի որ սնանկության վարույթում հարկերի գումարն Ընկերությունից բռնագանձելու դեպքում սույն գործը կդիտվի առարկայազուրկ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով կարող է հաստատվել Գևորգ Դոստուրյանի կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, որի դեպքում Դատախազությունն օրենքի ուժով իրավասու էր պետական շահերի պաշտպանության հայց հարուցել: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում սույն որոշման պատճառաբանությունների համատեքստում անհրաժեշտ է պարզել և գնահատել թիվ ՎԴ/1631/05/11 վարչական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռի կատարման արդյունքում հարկային պարտավորությունների գումարն Ընկերությունից բռնագանձված լինելու կամ չլինելու հանգամանքները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան