Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1105
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.24/40(980) Հոդ.724
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.07.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 հուլիսի 2013 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՐԱՖՖԻ Կ. ՌԻՉԱՐԴԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ Կ. Մեժլումյանի /գրավոր ընթացակարգի շրջանակներում/,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա` ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի` 07.03.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ ընտրական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ ընտրական օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի մայիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2011 թվականի հունիսի 14-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի հունիսի 26-ից:

Օրենսգրքի` «Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները» վերտառությամբ 18-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը»:

Օրենսգրքի` «Նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործումը» վերտառությամբ 26-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: Այդ նպատակով նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով:

Սույն մասում նկարագրված ապրանքներն ու ծառայությունները, եթե մատուցվել են շուկայական արժեքից պակաս գնով կամ ձեռք են բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում»:

Վիճարկվող հոդվածներում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը 25.02.2013 թվականին դիմել է ՀՀ ԿԸՀ` պահանջելով, որպեսզի «...ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր լիազորությունների և պարտականությունների սահմաններում ուսումնասիրի վերը նշված փաստերը և դիմի դատարան, ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչած համարելու համար»: Նշված դիմումով դիմողի ներկայացուցիչը ԿԸՀ-ին խնդրել է նաև ՀՀ Սահմանադրության 2-րդ, 4-րդ հոդվածների, 18-րդ և 19-րդ հոդվածների, ինչպես նաև օրենսգրքի` սույն գործով վիճարկվող հոդվածների համաձայն դիմել դատարան` ՀՀ Նախագահի թեկնածու գործող Նախագահի թեկնածությունն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: 25.02.2013 թվականին ԿԸՀ-ն ընդունել է թիվ 60-Ա որոշումը, որով արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ Նախագահի թեկնածուի ընտրական շտաբների վրա նրա անունով, ազգանունով և կարգախոսով պաստառները ոչ թե քարոզչական նյութ են, այլ` ցուցանակ, հետևաբար` դրանց, ինչպես նաև ընտրական շտաբների տարածքների վարձակալության գումարները չպետք է կատարվեն հիմնադրամի միջոցների հաշվին և ներառվեն այդ ծախսերի մեջ: Որպես իրավական հիմնավորում` ԿԸՀ-ն հղում է կատարել օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին:

Դիմողի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան` վիճարկելու համար ԿԸՀ անգործությունը, ինչպես նաև ԿԸՀ 25.02.2013թ. թիվ 60-Ա որոշումը: ՀՀ վարչական դատարանը, օրենսգրքի վիճարկվող նորմերին տալով ըստ էության նույն մեկնաբանությունը, ինչ ԿԸՀ-ն, իր` 04.03.2013թ. որոշմամբ հայցը մերժել է:

 

3. Դիմողի կարծիքով` օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը և 26-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածներին` հետևյալ հիմնավորմամբ. քարոզչական պաստառները գերազանցել են 1600-ը, քանի որ «ընտրական շտաբ» անվանված քարոզչական տարածքներում քարոզչական պաստառները փակցված են եղել ոչ միայն դրսի կողմից, այլ նաև` ներսում: Արդյունքում` Նախագահի թեկնածու գործող Նախագահը հնարավորություն է ստացել իր նախընտրական քարոզարշավի համար թույլատրված առավելագույն 100.000.000 դրամ գումարը կրկնակի և եռակի անգամ գերազանցող գումար ծախսել, ինչը նրա գրանցումն անվավեր ճանաչելու հիմք է, ինչպես նաև նրան անհամեմատ շահեկան վիճակի մեջ է դրել Նախագահի մյուս թեկնածուների, այդ թվում իր` Րաֆֆի Հովհաննիսյանի համեմատ: Հղում կատարելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 19.02.2013թ. միջանկյալ զեկույցին` դիմողն արձանագրում է, որ նշված զեկույցում նույնպես արձանագրվել է, որ նշված տարածքները քարոզչական տարածքներ են, և դրանց վարձավճարները պետք է ներառվեն քարոզչական ծախսերի մեջ, և որ ԿԸՀ-ն որոշում էր կայացրել, ըստ որի` նախընտրական շտաբների վարձակալությունը հանվել էր ծախսերի ցուցակից, որոնք պետք է ընդգրկվեին թեկնածուների ֆինանսական հայտարարագրերում:

Ըստ դիմողի` քանի որ «թեկնածուի անուն ազգանունով և կարգախոսով պաստառը, թեկուզև ընտրական շտաբ նշումով, իրականում քարոզչական պաստառ է, իսկ դրանց համար վարձակալած տարածքներն էլ քարոզչական տարածքներ են, ուստի դրանց համար ծախսերը պետք է կատարվեն ընտրական հիմնադրամի միջոցների հաշվին, բխում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 4-րդ հոդվածներից, որոնք iոter alia իրավական պետությունում երաշխավորում են ազատ և հավասար ընտրություններով իշխանությունների ձևավորումը, որպիսի սկզբունքը խախտվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով», որի կիրառմամբ կատարված չարաշահումներն անհավասար պայմաններ են ստեղծել ընտրություններին մասնակցության համար` գործող Նախագահին դնելով շահեկան վիճակի մեջ:

Դիմողը 02.07.2013թ. սահմանադրական դատարան ներկայացրած միջնորդությամբ միջնորդում է «նշանակել կոմպլեքս, հանձնաժողովային կամ այլ փորձաքննություն.

- պարզելու համար. ընտրական շտաբ գրառմամբ, սակայն նախագահի թեկնածուի /տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանի/ անվան նշմամբ և «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով, քարոզչական պաստառների ոճով և գունային նույն համադրությամբ պաստառները ինչպիսի ներգործություն են ունենում անձի /գիտակցականի և ենթագիտակցականի/ վրա, մասնավորապես այդ պաստառները քարոզչական պաստառի քարոզչական բնույթի ներգործություն ունեն թե ոչ.

- ինչպես նաև պարզելու համար. թե նշված պաստառներն ինչպիսի ազդեցություն ունեն բնակավայրերի կենտրոնական, ամենաբանուկ մասերում` մշակույթի տների, համայնքային և պետական պատկանելության, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների զբաղեցրած շենքերի, խանութների և քարոզչական պաստառներ փակցնելու համար արգելված այլ տարածքների վրա փակցված լինելով»:

 

4. Պատասխանողը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողն արձանագրում է, որ թեև ընտրական շտաբների ստեղծումը և դրանց համար որոշակի միջոցների ծախսումն անուղղակիորեն առնչվում են նախընտրական քարոզչությանը, այնուամենայնիվ, դրանք նախընտրական քարոզչություն չեն, քանի որ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասում օրենսդիրն օգտագործում է «սույն օրենսգրքի իմաստով» բառակապակցությունը, ինչը խտրական չէ և հավասարապես տարածվում է բոլոր թեկնածուների վրա, իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի բովանդակությունը տարատեսակ մեկնաբանություններից զերծ պահելու համար ՀՀ ԿԸՀ-ն 2012թ. փետրվարի 16-ին ընդունել է թիվ 33 որոշումը, որտեղ պարզաբանվել է, որ այն դահլիճների կամ տարածքների վարձակալման համար կատարված ծախսերը, որոնք չեն օգտագործվում քարոզչություն իրականացնելու համար, ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծախսեր չեն հանդիսանում և ենթակա չեն հայտարարագրման:

Հաշվի առնելով վերոգրյալը` պատասխանողը գտնում է, որ դիմողն առաջ է քաշում իրավակարգավորման` իր համար ընդունելի տարբերակ, որը նպաստավոր կլինի իր պահանջների բավարարման տեսանկյունից, և որ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Պատասխանողը կարծիք է հայտնում նաև, որ ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված են բավարար երաշխիքներ, ի թիվս այլնի, ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների համար ընտրական գործընթացի ընթացքում հավասար հնարավորություններ ապահովելու տեսանկյունից, և գտնում է, որ դիմողի բարձրացրած հարցի իրավական կարգավորումն օրենսդրի հայեցողության շրջանակներում է:

 

5. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դրանում ներկայացված փաստարկների հիմքում հիմնականում ընկած են հետևյալ երկու հարցադրումները.

- ինչո՞ւ ԿԸՀ-ն չի պարզել ընտրական շտաբների վրա տեղադրված պաստառների քանակը, որից հետո, եթե այն գերազանցել է ընտրական տեղամասերի թիվը, դրանց պատրաստման համար ծախսերը չի ներառել նախընտրական հիմնադրամի հաշվին կատարվող ծախսերի մեջ,

- ինչո՞ւ ընտրական շտաբների վարձակալության գումարները չեն ներառվել նախընտրական հիմնադրամի հաշվին կատարվող ծախսերի մեջ:

Բացի դրանից, դիմող և պատասխանող կողմերի փաստարկների համադրված վերլուծությունը վկայում է, որ քննարկման առարկան ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականությանն է առնչվում, այլ իրավակարգավորման շրջանակների ու իրավակիրառման խնդիր է: Դիմողն ինքն է պնդում, որ ոչ թե վիճարկվող նորմն ինքնին, այլ, իր կարծիքով, չարաշահումներն են անհավասար պայմաններ ստեղծել ընտրություններին մասնակցության համար: Դրա մասին է վկայում նաև դիմողի միջնորդությունը սահմանադրական դատարանի կողմից մասնավորապես` սոցիոլոգների, հոգեբանների, գովազդի մասնագետների ընդգրկմամբ փորձաքննություն նշանակելու մասին:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովի իրավասության շրջանակներում է իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքներից ելնելով օրենսգրքի` «Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները» վերտառությամբ 18-րդ հոդվածի 5-րդ մասի իրավական բովանդակության սահմանման և դրա հետագա հնարավոր հստակեցման խնդիրը:

Դիմողը սահմանադրական նորմ-սկզբունքների ընդհանուր վկայակոչմամբ փորձ է անում վեճի առարկա նորմերի ընկալման ու կիրառման հարցը տեղափոխել սահմանադրական վեճի հարթություն, սակայն իր իսկ բերած փաստարկները վկայում են, որ իրական վեճը վերաբերում է ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ ԿԸՀ-ի իրավասությունների շրջանակներում դիմողի ակնկալիքներին համարժեք հնարավոր լուծում պահանջող հարցերին: Իսկ օրենսգրքի` «Նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործումը» վերտառությամբ 26-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի կողմից բացառապես դիտարկվում է դրա կիրառման իրավաչափության տեսանկյունից:

ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, իր 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման 8-րդ կետում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով՝ որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

 Հաշվի առնելով սույն գործի շրջանակներում կողմերի բերած փաստարկները, դիմողի միջնորդության բնույթը և հիմք ընդունելով նաև սահմանադրական դատարանի նախորդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա գործի վարույթը ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 60-րդ հոդվածների 1-ին կետերի հիմքերով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Քաղաքացի Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա` ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

16 հուլիսի 2013 թ.

ՍԴՈ-1105

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան