Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 176-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2013.07.26/16(24) Հոդ.236.4
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.07.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013302

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 հուլիսի 2013 թ.

թիվ 176-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ` Կանոնակարգ 3/02) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3/02-ի 2-րդ կետը լրացնել 20-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«20) «փոխկապակցված անձինք» հասկացությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում կիրառվող նշանակությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ փոխառուն (անձը) և այլ իրավաբանական անձ փոխկապակցված են միայն այն հիմքով, որ պետությունը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը և (կամ) Ասիական զարգացման բանկը տիրապետում է (են) փոխառուի (անձի) և այդ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայամասնակցությունների) 20 տոկոսից ավելիին կամ իրավունք ունի (ունեն) օրենքով չարգելված այլ ձևով կանխորոշել նրանց որոշումները:»:

2) Կանոնակարգ 3/02-ի 17-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) սույն կետի 4-րդ ենթակետում նշված կազմակերպություններից տարբեր այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների հաշվեկշռային արժեքի և սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում նշված մեծությունների տարբերություններից առավելագույնի չափով.

ա. եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 5 տոկոսը կամ ավելին, կամ

բ. եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 5 տոկոսից, սակայն գերազանցում է ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

գ. եթե բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվեկշռային մեծության 35 տոկոսը: Ընդ որում, սույն պարբերության պահանջին բավարարող ներդրումները նվազեցվում են հիմնական կապիտալի մեծությունից, եթե այդ ներդրումներն արդեն իսկ չեն նվազեցվել սույն կետի «ա» կամ «բ» պարբերությունների համաձայն:»:

3) Կանոնակարգ 3/02-ի 25-րդ կետը լրացնել նոր 10-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«10) Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների (որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը) կողմից թողարկված ոչ պետական պարտատոմսեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով:»:

4) Կանոնակարգ 3/02-ի 30-րդ կետի աղյուսակի 3-րդ կետում «կորպորատիվ արժեթղթեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով,» բառերից հետո լրացնել «Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների (որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը) կողմից թողարկված ոչ պետական պարտատոմսեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով» բառերը:

5) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

6) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 15-րդ կետի առաջին ենթակետում «ռիսկի կշռով, եթե» բառերից հետո լրացնել «որպես գրավ հանդես է գալիս տվյալ ապահովագրական ընկերությունում պահվող Հայաստանի Հանրապետության դրամը, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցները, ռուբլին, կամ եթե» բառերով:

7) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 15.1-րդ կետի վերջին պարբերության մեջ «(համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 1-ի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը)» բառերը փոխարինել «(համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 1-ի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժույթը)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման ընդունման օրվան հաջորդող վեցերորդ ամսվան հաջորդող ամսվա 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. հուլիսի 25
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան