Գլխավոր տեղեկություն
Համար
N 3921-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.25/52(992) Հոդ.17
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
02.08.2013
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2013

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

2 օգոստոսի 2013 թ.

ք. Երևան

N 3921-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 65-րդ կետը և 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1107-Ն որոշման 2-րդ կետը.

1. Սահմանել Երևանի քաղաքապետարանի համակարգում գործող «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի`

1) աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը և կազմը` համաձայն N 2 հավելվածի.

3) յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի վրա։

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

Հավելված N 1

Երևանի քաղաքապետի

2013 թվականի օգոստոսի 2-ի

N 3921-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) սահմանվում է Երևանի քաղաքապետարանի համակարգում գործող ծրագրեր իրականացնող «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` Հիմնարկ) աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (այսուհետ` Մրցույթ) ընթացակարգը։

2. Մրցույթն անցկացնելիս Հիմնարկը և մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ղեկավարվում են սույն ընթացակարգով, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» որոշմամբ (այսուհետ` որոշում) և այլ իրավական ակտերով։

3. Սույն ընթացակարգով սահմանված դրույթները չեն տարածվում Հիմնարկի սպասարկող անձնակազմի վրա, Հիմնարկների մնացած աշխատողներն ընտրվում են սույն ընթացակարգին համապատասխան:

4. Հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին որոշումն ընդունում է Հիմնարկի տնօրենը:

5. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի նկատմամբ ներկայացվող չափանիշները և պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացիները։

6. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) տառապում է որևէ հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

3) դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.

6) նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար։

7. Մրցույթն անցկացվում է բաց եղանակով։

8. Մրցույթն անցկացվում է 2 փուլով` փաստաթղթային և հարցազրույցի։

9. Հիմնարկի աշխատողի ընտրության պարտադիր պայմաններն են.

1) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, եթե մրցույթի անցկացման պայմաններով ավելի բարձր չափանիշներ նախատեսված չեն.

2) կառավարման ոլորտի առնվազն 1 տարվա կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններում 3 տարվա համապատասխան աշխատանքային ստաժ.

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):

10. Հիմնարկի աշխատողի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

11. Մրցույթի նախապատրաստական աշխատանքները իրականացնում է Հիմնարկը: Մրցույթի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման անմիջական պատասխանատուն Հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված անձն է (այսուհետ` մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձ)։

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Մրցույթի հայտարարությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձի կողմից հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, առնվազն 3 հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվական միջոցներով, ինչպես նաև համացանցում` Հիմնարկի (կամ այլ) պաշտոնական կայքում:

13. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը և հեռախոսահամարը.

2) հիմնարկի անվանումը.

3) տվյալ թափուր պաշտոնի անվանումը.

4) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

5) տվյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հավակնորդին ներկայացվող մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման պահանջները (չափանիշները).

6) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը և վայրը.

7) փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 9-30-ից մինչև 17-30:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

14. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Հիմնարկ են ներկայացնում որոշմամբ սահմանված հետևյալ փաստաթղթերը`

1) գրավոր դիմում հիմնարկի տնօրենի անունով` համաձայն Ձև N 2-ի, նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին.

2) ինքնակենսագրություն.

3) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

4) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.

5) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

6) հայտարարություն թափուր պաշտոնի չափանիշներին համապատասխան օտար լեզվի տիրապետելու մասին.

7) հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.

8) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.

9) մեկ լուսանկար` 3X4 չափսի.

10) անձնագրի պատճենը.

11) 2 բնութագիր (երաշխավորագիր).

12) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք։

15. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։

16. Հիմնարկի մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձը մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրած քաղաքացիներից ընդունում է սույն ընթացակարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերը (պատճեններով ներկայացված փաստաթղթերը համեմատում է բնօրինակների հետ և բնօրինակները վերադարձնում հայտ ներկայացրած քաղաքացուն), որից հետո քաղաքացուց այլ փաստաթղթեր չեն ընդունվում։

17. Սույն ընթացակարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի՝ այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է։

18. Մրցույթների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով Հիմնարկում վարվում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման մատյան։

19. Մատյանում առնվազն նշվում են մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը և սերիան, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի անվանումները և էջերի քանակը, որը համարակալվում և կնքվում է Հիմնարկի կնիքով։

20. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու տվյալները մատյանում գրառվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերը Հիմնարկի մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձի կողմից ընդունվելու օրը։

21. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա դրա մասին գրավոր տեղյակ է պահվում լիազոր մարմնի ղեկավարին:

22. Եթե մրցույթին մասնակցելու ներկայացվել է մեկ դիմում, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

23. Եթե մրցույթը սույն կարգի 22 կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:

24. Հիմնարկի մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ կազմում է փաստաթղթերի փաթեթ և այդ փաստաթղթերի համապատասխանելիության ու ամբողջականության մասին տեղեկանք և ներկայացնում է հանձնաժողովին:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՓՈՒԼԸ

 

25. Մրցույթի փաստաթղթային փուլն անց է կացվում Հիմնարկում:

26. Մրցույթի փաստաթղթային փուլին քննության են առնվում մրցույթին ներկայացած քաղաքացիների փաստաթղթերը։

27. Քաղաքացուն չի թույլատրվում մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին`

1) եթե առկա է սույն ընթացակարգի 6-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը.

2) և (կամ) քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ պաշտոնի համար սահմանված գնահատման չափանիշներին (ըստ միավորների), որոնց համաձայն պաշտոնի համար ներկայացված պահանջներն ընդհանուր միավորների չափանիշներով պետք է լինեն 75 և ավելի բարձր միավոր։

28. Հարցազրույցի փուլին հրավիրվում են միայն մրցույթին մասնակցելու համար դիմած այն մասնակիցները, ովքեր սույն ընթացակարգի 27-րդ կետին համապատասխան չեն զրկվել մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունքից։

29. Փաստաթղթային գնահատումից հետո անցած մասնակիցները` մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնելուց առնվազն մեկ օր առաջ, էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում են հարցազրույցի փուլին հրավիրվելու մասին։

30. Գնահատումն անցկացնում են Հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված ոչ պակաս, քան 2 անձ:

31. Յուրաքանչյուր գնահատման միավորը որոշվում է տվյալ չափանիշի գնահատմանը մասնակցած անձանց կողմից գնահատված միավորների հանրագումարների միջին միավորով:

32. Թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատումն անցկացվում է նրանց տվյալների յուրաքանչյուր գնահատման չափանիշի համեմատությամբ:

33. Հարցազրույցի փուլ չանցած մասնակիցները հարցազրույցի փուլ չանցնելու մասին տեղեկացվում են էլեկտրոնային փոստի միջոցով մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնելուց առնվազն մեկ օր առաջ։ Տեղեկացման մեջ առնվազն պետք է նշվի հարցազրույցի փուլ չանցնելու հիմքերը:

34. Հարցազրույցի փուլն անցկացվում է մրցույթի հայտարարության մեջ նշված ժամկետում։

35. Հիմնարկի մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձը մրցույթի հարցազրույցի փուլ անցած յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև դրանց համապատասխանելիության ու ամբողջականության մասին տեղեկանքը ներկայացնում է մրցութային հանձնաժողովին։

36. Եթե Հիմնարկը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, ապա մրցույթը համարվում է չկայացած։

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ

 

37. Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է բանավոր հարցազրույց` տվյալ պաշտոնի համար սահմանված չափանիշների և պայմանների շրջանակներում։

38. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին։

39. Հանձնաժողովի բոլոր անդամներն ունեն մասնակցին հարցեր տալու իրավունք` տվյալ պաշտոնի համար սահմանված չափանիշների և պայմանների շրջանակներում։

40. Մասնակցին տրված հարցերի պատասխանների արդյունքները ամփոփվում և գնահատվում են հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից` քվեարկելով կողմ կամ դեմ։

41. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները։

42. Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին։

43. Մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին և քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին հանձնաժողովը կազմում է արձանագրություն։

44. Հանձնաժողովի աշխատանքները գրավոր արձանագրվում են Հիմնարկի մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձի կողմից։ Արձանագրության մեջ ամրագրվում են նաև մասնակցին տրված հարցերը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը։ Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մրցույթի մասնակցի և հանձնաժողովի ներկա անդամների կողմից։

45. Հանձնաժողովը մրցույթի արդյունքում մասնակցին հաղթող չճանաչելու, մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու, ինչպես նաև մրցույթը չկայացած համարելու մասին ընդունում է որոշում, իսկ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ կազմում է եզրակացություն (Ձև N 1)։ Եզրակացության մեջ պետք է նշվեն`

1) թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը) և վայրը.

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը` ըստ այբբենական կարգի, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձնագրային տվյալները.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները։

46. Եզրակացությունը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը և անդամները։ Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը: Եզրակացությանը կից ներկայացվում են եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:

47. Մրցույթը համարվում է չկայացած և ընդհանուր հիմունքներով նոր մրցույթ է անցկացվում, եթե`

1) փաստաթղթային փուլում մասնակիցներից ոչ մեկը չի համապատասխանել թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հաստատված չափանիշներին.

2) մրցույթի հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներ ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել.

3) մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել (այդ դեպքում հանձնաժողով չի կազմավորվում).

4) մրցույթին մասնակցելու համար ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն կարգի 6-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը.

5) մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել.

6) մրցույթը դատական կարգով անվավեր է ճանաչվել:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

48. Մրցույթների արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:

49. Սույն ընթացակարգի 41-րդ և 42-րդ կետերում նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին:

50. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից` հարցազրույցի փուլն ավարտվելուց հետո մեկ ժամվա ընթացքում։

51. Սույն ընթացակարգի 50-րդ կետով նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` գրավոր բողոք) քննության է առնում Հիմնարկի աշխատակազմը` Հիմնարկում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։

52. Հիմնարկը գրավոր բողոքը քննելիս կարող է հրավիրել համապատասխան մասնագետի։

53. Բողոքի քննարկման և որոշման ընդունման նիստին չի մասնակցում այն անդամը, որը տվյալ մրցույթին մասնակցել է որպես հանձնաժողովի անդամ։

54. Գրավոր բողոքը քննության առնելիս հիմնարկն ուսումնասիրում և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին։

55. Գրավոր բողոքի քննության արդյունքների հիման վրա ընդունված որոշման մասին կազմվում է արձանագրություն։

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

56. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը (Ձև N 1) ներկայացվում է Հիմնարկի տնօրենին։

Եզրակացությանը կից ներկայացվում են եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները։

57. Հանձնաժողովը հանձնման ակտով Հիմնարկին է փոխանցում մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն ընթացակարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերից բացի՝ պարունակում է նաև հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը`

1) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

2) հանձնաժողովն իրավազոր չլինելու մասին արձանագրությունը.

3) հանձնաժողովն իրավազոր լինելու մասին արձանագրությունը.

4) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.

5) հարցազրույցն անցկացնելու օրվա մասին որոշումը.

6) հանձնաժողովի անդամի հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

7) մասնակցի՝ հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

8) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.

9) քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

10) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.

11) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

12) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

13) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.

14) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.

15) այլ փաստաթղթեր։

58. Տվյալ օրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները Հիմնարկի տնօրենի անունով ներկայացնում են դիմում։

59. Եզրակացությունը (Ձև N 1) ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնարկի տնօրենը` Համաշխարհային բանկի կամ այլ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնեցված կարգով (անհրաժեշտության դեպքում) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում։

60. Գրավոր բողոքի բացակայության դեպքում Հիմնարկը կազմում է տեղեկանք և կցում մրցութային փաթեթին։

61. Մրցույթը չկայացած համարելու և կրկնակի մրցույթ կամ ընդհանուր հիմունքներով նոր մրցույթ անցկացնելու կապակցությամբ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի 61-64-րդ կետերի և սույն ընթացակարգի պահանջներին համապատասխան։

62. Հիմնարկի աշխատակազմը սույն ընթացակարգով 57-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Երևանի քաղաքապետարանի համակարգում գործող «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի

 

Երևանի քաղաքապետի « » N -Ա որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը 2013 թ. ................. ........ -ին անցկացրեց Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ................................................................ թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը։

Մրցութային հանձնաժողովն արձանագրում է, որ մրցույթի արդյունքներով հաղթող է (են) ճանաչվել մրցույթի հետևյալ մասնակիցը (մասնակիցները)`

Մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը (մասնակիցները)`

 

NN

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը

Անձնագրային տվյալները

Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները

կողմ

դեմ

1

         

2

         

3

         

 

Հանձնաժողովի նախագահ

Հանձնաժողովի անդամներ

______________________

______________________

 

Ձև N 2

Երևանի քաղաքապետարանի

«Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ»

պետական հիմնարկի տնօրեն

________________________________

________________________________

(դիմողի անունը, հայրանունը,

________________________________

դիմողի հասցեն, հեռ., էլ-փոստի հասցեն)

________________________________

(անձնագրի սերիան, համարը, երբ և

ում կողմից է տրվել)

Ծնված`  _________________________

(օրը, ամիսը, տարին, վայրը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթանալով Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից հրապարակված հայտարարությանը` խնդրում եմ ինձ թույլատրել մասնակցելու ________________________________________

_________________________________________________________

թափուր պաշտոնի լրիվ անվանումը

թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին:

Սույնով հայտնում եմ, որ`

1. Հայերենին___________________________________:

տիրապետում եմ, չեմ տիրապետում

2. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ __________________________

ճանաչվել եմ, չեմ ճանաչվել

3. Ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________

տառապում եմ, չեմ տառապում

 

4. Տիրապետում եմ համակարգչային հետևյալ ծրագրերին (Windows, Word, Excel, Access և այլն)` ____

______________________________________________________________________________

ունեմ, չունեմ

և _________ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

5. Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին.

1) _________________________________________________________________

2) _________________________________________________________________

3) _________________________________________________________________

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

 

Կից ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը.

 

մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Դիմող` ________________________

ստորագրություն

«______» ______________________ 2013 թ.

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար

Ս. Մակարյան

 

 

Հավելված N 2

Երևանի քաղաքապետի

2013 թվականի օգոստոսի 2-ի

N 3921-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  ԵՎ  Կ Ա Զ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Երևանի քաղաքապետարանի համակարգում գործող ծրագրեր իրականացնող «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման կարգը և կազմը։

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1668-Ն որոշմամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով։

3. Հանձնաժողովը կազմված է 6 անդամից` հանձնաժողովի նախագահից և 5 անդամից։ Հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` 2, Քաղաքապետարանի (լիազոր մարմին) կողմից` 2, «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` Հիմնարկ) կողմից` 1 և հասարակական կազմակերպություններից` 1 ներկայացուցիչ։

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի, Քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից առաջադրվող թեկնածուների անվանական տվյալները մրցութային հանձնաժողովի ձևավորումից առաջ տրամադրվում են Հիմնարկին` վերջինիս գրության հիման վրա: Հիմնարկը թեկնածուների անվանական տվյալները ստանալուց հետո դրանք ներկայացնում է Քաղաքապետին, որն էլ իր կարգադրությունով հաստատում է հանձնաժողովի կազմը։ Հիմնարկի կողմից հանձնաժողովի բոլոր անդամները իրազեկվում են հանձնաժողովի կազմում ընդգրկված լինելու մասին մրցույթի անցկացման համար սահմանված ժամից առնվազն 12 ժամ առաջ:

5. Հանձնաժողովը կազմավորվում է մրցույթն անցկացնելուց առնվազն 24 ժամ առաջ:

6. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Հանձնաժողովը պարտավոր է ապահովել Հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու`

1) հավասար պայմաններ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2) համար մրցութային գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունը։

8. Հանձնաժողովը`

1) Հիմնարկի աշխատակազմից ստանում է մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ներկայացրած փաստաթղթերի ցուցակը, դրանց համապատասխանելիության ու ամբողջականության մասին տեղեկանքը, ինչպես նաև տվյալ թափուր պաշտոնի գնահատման չափանիշները.

2) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

3) հարցազրույցից հետո անցկացնում է քվեարկություն.

4) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ տալիս է եզրակացություն.

5) ամփոփում է մրցույթի արդյունքները.

6) իրականացնում է օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։

10. Հանձնաժողովի նիստերի անցկացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում, ինչպես նաև նիստերն արձանագրում է Հիմնարկի տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը։

11. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում։

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով։

13. Եթե մրցույթի ընթացքում մրցութային հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

14. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ կազմում է արձանագրություն, որի պատճենն անմիջապես ներկայացվում է Երևանի քաղաքապետարան և Հիմնարկ:

15. Եթե հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ: Հանձնաժողովի ներկա անդամները դրա մասին կազմում են արձանագրություն և ստորագրում այն:

16. Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում` ընդհանուր հիմունքներով:

17. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

18. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է հանձնաժողովի նիստերը.

3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը`

1) վարում է նիստերը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

2) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և մասնակիցներին հարցեր է տալիս.

3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

4) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.

5) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում` ներկայացնում է այն և ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից և սույն կարգով սահմանված իր պարտականությունների կատարումից հետո համարվում է իր գործունեությունը դադարեցրած։

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար

Ս. Մակարյան

 

 

Հավելված N 3

Երևանի քաղաքապետի

2013 թվականի օգոստոսի 2-ի

N 3921-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Տնօրենի տեղակալ`

1) կրթության համար` 15 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 20 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 40 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 25 միավոր

 

2. Գլխավոր մասնագետ`

1) կրթության համար` 15 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 25 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 40 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 20 միավոր

 

3. Առաջատար մասնագետ`

1) կրթության համար` 15 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 25 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 40 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 20 միավոր

 

4. Մասնագետ`

1) կրթության համար` 20 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 30 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 30 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 20 միավոր

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար

Ս. Մակարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան