Գլխավոր տեղեկություն
Համար
N 801-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2013-11.09.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.07/44(984) Հոդ.753
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2013 թվականի N 801-Ն

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ՈՒ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ) ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 166-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) դատավորի պաշտոն զբաղեցրած անձի միջին աշխատավարձն ու ստաժը հաշվարկելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակը սույն որոշմամբ սահմանված կարգով նշանակում (վերահաշվարկում) և վճարում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի «Դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարը հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու, ինչպես նաև կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարը նշանակելիս միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1574-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 166-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

5. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի դրույթները տարածվում են 2013 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75.1-ին հոդվածի հիման վրա՝ իրավասու պետական մարմին կենսաթոշակ նշանակելու մասին դիմում ներկայացրած անձանց նկատմամբ: Նրանց կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից:

6. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի 13-րդ և 14-րդ կետերի դրույթները տարածվում են 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 801-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ՈՒ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ) ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դատավորի պաշտոն զբաղեցրած անձին (այսուհետ` դատավոր) կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) և վճարելու, ինչպես նաև կենսաթոշակ նշանակելիս` դատավորի միջին աշխատավարձը և աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոններին առնչվող հարաբերությունները:

2. Դատավորին, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75.1-ին հոդվածի համաձայն, կենսաթոշակ է նշանակվում, եթե նա ունի դատավորի պաշտոնում աշխատելու առնվազն 10 տարվա ստաժ, և նրա լիազորությունները դադարեցվել կամ պաշտոնավարումը դադարել է հետևյալ պատճառներից որևէ մեկով՝

1) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան 6 ամիս ի վիճակի չի եղել կատարելու իր պաշտոնական պարտականությունները.

2) պաշտոնի նշանակվելուց հետո ձեռք է բերել դատավորի պաշտոնում աշխատելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

3) լրացել է նրա 65 տարին:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ստաժում հաշվարկվում է դատավորի պաշտոնի նշանակվելուց մինչև պաշտոնից ազատվելու օրն ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի տարին, ամիսը, օրը, այնուհետև գումարվում իրար, ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:

4. Դատավորին կենսաթոշակ նշանակվում, վճարվում, նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում, կենսաթոշակ վճարելը դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված կարգով:

5. Դատավորին կենսաթոշակ է նշանակվում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (սույն կարգի 2-րդ կետում նշված հիմքերով դատավորի պաշտոնից ազատվելու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

6. Կենսաթոշակ նշանակելիս` միջին աշխատավարձը հաշվարկվում է դատավորի վերջին պաշտոնից ազատվելու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային լրիվ աշխատած ամիսների (այն ամիսների, որոնց բոլոր աշխատանքային օրերի համար աշխատավարձ է հաշվարկվել) համար հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումար) գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով:

7. Եթե դատավորի վերջին պաշտոնից ազատվելու ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում լրիվ աշխատած ամիսներ չեն ձևավորվում, ապա միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է դատավորի միջին օրական աշխատավարձը 21-ով բազմապատկելու միջոցով:

8. Միջին օրական աշխատավարձը հաշվարկվում է դատավորի վերջին պաշտոնից ազատվելու ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում դատավորի համար փաստացի հաշվարկված աշխատավարձն այն աշխատանքային օրերի թվի վրա բաժանելու միջոցով, որոնց համար հաշվարկվել է աշխատավարձը:

9. Եթե դատավորի վերջին պաշտոնից ազատվելու ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում դատավորի համար աշխատավարձ չի հաշվարկվել, ապա որպես միջին աշխատավարձ հիմք է ընդունվում այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:

10. Կենսաթոշակի չափը հաշվարկվում է միջին աշխատավարձի և 0,9 գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով:

11. Դատավորի կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը.

1) ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և նախկին ժողովրդական դատավորի համար՝ 440132 դրամը.

2) վարչական դատարանի դատավորի համար՝ 503819 դրամը.

3) վերաքննիչ դատարանի դատավորի և նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի համար՝ 567506 դրամը.

4) վճռաբեկ դատարանի դատավորի և նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի համար՝ 652407 դրամը:

12. Կենսաթոշակի չափը, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, վերահաշվարկվում է սույն կարգի 16-րդ կետում նշված պաշտոնային դրույքաչափը փոխվելու դեպքում՝ հետևյալ բանաձևով`

Կ= [Դ + Դ X 0,1 + Դ X (Ս-5) X 0,05 ] X 0.9 X 55%,

որտեղ՝

1) Կ-ն կենսաթոշակի չափն է.

2) Դ-ն կենսաթոշակը վերահաշվարկելու օրվա դրությամբ դատավորի վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափն է.

3) Ս-ն դատավորի պաշտոնում աշխատած տարիների ստաժն է:

13. Դատավորին նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն կարգի համաձայն: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը բարձր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է բարձր չափով:

14. Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի և նախկին ժողովրդական դատավորի` մինչև 2013 թվականի հունվարի 1-ը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն կարգի համաձայն:

15. Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի և նախկին ժողովրդական դատավորի կենսաթոշակը սույն կարգի համաձայն վերահաշվարկելիս` որպես աշխատավարձի չափ հիմք է ընդունվում կենսաթոշակի գործում առկա՝ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տված տեղեկանքում նշված աշխատավարձի չափը (սույն կարգի 16-րդ կետում նշված` նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի և նախկին ժողովրդական դատավորի կենսաթոշակը վերահաշվարկելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հավելավճարի հանրագումարը):

16. Դատավորի կենսաթոշակը վերահաշվարկելիս` հիմք են ընդունվում հետևյալ պաշտոնային դրույքաչափերը`

1) ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և նախկին ժողովրդական դատավորի համար՝ 478405 դրամ.

2) վարչական դատարանի դատավորի համար՝ 547630 դրամ.

3) վերաքննիչ դատարանի դատավորի և նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի համար՝ 616855 դրամ.

4) վճռաբեկ դատարանի դատավորի և նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի համար՝ 709139 դրամ:

17. Դատավորին կենսաթոշակ նշանակելուց հետո զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի կամ դատավորի պաշտոնում նշանակվելու դեպքում նրա` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է:

18. Դատավորի կենսաթոշակային ապահովությանն առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքի 7-րդ, 33-րդ, 35-րդ, 36-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ, 42-րդ, 43-րդ, 44-րդ, 49-րդ, 50-րդ, 51-րդ և 52-րդ հոդվածներով սահմանված կարգով:

 19. Կենսաթոշակն անկանխիկ կամ կանխիկ եղանակով վճարվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված կարգով:

20. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակվում, կենսաթոշակը վերահաշվարկվում, դրա վճարումն ապահովվում, կենսաթոշակ նշանակելու համար նրա աշխատանքային ստաժը հաշվարկվում, ինչպես նաև կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) վարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման NN 1, 2 և 8, 9, 10, 11, 12, 13 և 14-րդ հավելվածներով սահմանված կարգերով ու կանոններով, ինչպես նաև` սույն կարգով:

21. Դատավորի կենսաթոշակին առնչվող տվյալներն օրենքով սահմանված կարգով ներառվում են պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:

22. Կենսաթոշակ նշանակելու համար, դատավորի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս, եթե դատավորի պաշտոնից ազատվելու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսներն ընդգրկում են նաև 2012 թվականի ամիսներ, ապա այդ ամիսների համար հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումար) չափին ավելացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 801-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Սույն ակտով սահմանվում է դատավորի պաշտոն զբաղեցրած անձին (այսուհետ` դատավոր) կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

2. Դատավորը կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն անձամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության` իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

3. Դատավորը կենսաթոշակ նշանակելու մասին գրավոր դիմումին կից ներկայացնում է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ մինչև «Հանրային ծառայությունների համարանիշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելն ստացած սոցիալական ապահովության քարտը.

3) աշխատանքային գրքույկը և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը` լիազորությունները դադարեցնելու կամ պաշտոնավարումը դադարելու մասին.

4) դատավորի պաշտոնից ազատվելու ամսվան նախորդող տասներկու ամսվա աշխատավարձի չափը՝ ըստ ամիսների:

4. Կենսաթոշակ վճարելը վերսկսելու և չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի 25, 26, 27, 28 և 29-րդ կետերում նշված փաստաթղթերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.08.2014, N 890-Ն 11.09.2014, N 801-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան