Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 41-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2013-14.10.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.04.01/7(390) Հոդ.119
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.03.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.10.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011151

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 մարտի 2011 թ.

 թիվ 41-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/11-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածը, 84-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/11-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում ներդրումային ընկերությունները ընդունում են սույն որոշման ուժի մեջ մտնելով պայմանավորված իրավական ակտերը և ընդունելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

3. Սույն որոշումը տարածվում է աուդիտորական կազմակերպության կողմից ներդրումային ընկերությունների 2011 թվականի և դրանից հետո ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. մարտի 4
ք. Երևան

 

 


Հավելված


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մարտի 1-ի
թիվ 41-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/11

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի (այսուհետ` ներդրումային ընկերություններ) ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները:

2. Ներդրումային ընկերությունը ներքին իրավական ակտերով սահմանում է իր ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ընտրության նկատմամբ սույն կանոնակարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշները մանրամասնող և դրանց գործնական կիրառումն ապահովող ընթացակարգերը, չափանիշների կիրառման մեթոդաբանությունը, աուդիտի ընդգրկման բնագավառները և սույն կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող այլ դրույթներ: Ներդրումային ընկերությունները կարող են սահմանել սույն կարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշներին չհակասող այլ չափանիշներ:

3. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները սույն կանոնակարգի իմաստով ունեն հետևյալ նշանակությունը.

1) «ֆինանսական կազմակերպություն»` բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ,

2) «աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր»` աուդիտորական կազմակերպության աուդիտորական եզրակացությունը ստորագրող աշխատակից,

3) «աուդիտորական խումբ»` աուդիտորական կազմակերպության աշխատակիցների խումբ, որոնք անմիջականորեն ընդգրկված են ներդրումային ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման մեջ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

4. Ներդրումային ընկերությունն ընտրում է այն աուդիտորական կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ նվազագույն չափանիշներին.

1) ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման առնվազն 3 տարվա փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (http://www.accountancyage.com/static/top50-this-year, http://accountants.entrepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId=177&regionId=0 կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններ),

2) աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 3 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման ((օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,

3) աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,

4) աուդիտորական կազմակերպությունը ներդրումային ընկերության հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու ներդրումային ընկերության, աուդիտորական կազմակերպության և կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:

(4-րդ կետը խմբ. 25.06.13 թիվ 165-Ն)

5. Միևնույն պատասխանատու աուդիտորը չի կարող իրականացնել նույն ներդրումային ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը, եթե տվյալ ֆինանսական տարվան նախորդող 3 ֆինանսական տարիներին անընդմեջ իրականացրել է տվյալ ներդրումային ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը:

(հավելվածը խմբ. 25.06.13 թիվ 165-Ն)