Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.31/42(982) Հոդ.732.9
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.05.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0250/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0250/02/12

2013 թ.

Նախագահող դատավոր՝     Լ. Գրիգորյան

Դատավորներ՝   

Ա. Թումանյան
 

Գ. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի մայիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննարկելով Արարատ Արշակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արարատ Արշակյանի ընդդեմ Կարինե Տոնոյանի` պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արարատ Արշակյանը պահանջել է պարտավորեցնել Կարինե Տոնոյանին կնքելու հիմնական նվիրատվության պայմանագիր Երևան քաղաքի Դ.Վարուժան թիվ 4 տան ժառանգությամբ ձեռք բերված 1/2 բաժնից 1/2 բաժինն իրեն որպես սեփականություն հանձնելու մասին:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 19.06.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.09.2012 թվականի որոշմամբ Արարատ Արշակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.06.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արարատ Արշակյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Տոնոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1952 թվականի մարտի 20-ի արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 6-րդ կետը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն ու անտեսել է այն հանգամանքը, որ Կարինե Տոնոյանի և Արարատ Արշակյանի միջև 12.03.2011 թվականին կնքվել է անշարժ գույքի բաժնի նախնական նվիրատվության պայմանագիր, որով Կարինե Տոնոյանը պարտավորվել է ժառանգության իրավունք ձեռք բերելուց հետո անհատույց` որպես սեփականություն, Արարատ Արշակյանին հանձնել Երևան քաղաքի Դ.Վարուժան փողոցի թիվ 4 հասցեի անշարժ գույքի` իրեն հասանելիք ժառանգությամբ ձեռք բերվող սեփականության 1/2 բաժնի իրավունքը: Նշված նախնական նվիրատվության պայմանագրին չի տրվել իրավական գնահատական, և այն չի մեկնաբանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի լույսի ներքո, որի արդյունքում պարզ կլիներ այն հանգամանքը, որ պատասխանող Կարինե Տոնոյանը ստանձնել է հիմնական նվիրատվության պայմանագիր կնքելու պարտավորությունը վիճելի հասցեի գույքի նկատմամբ ժառանգության իրավունք ձեռք բերելուց հետո միայն: Նախնական պայմանագրում սահմանված 30.07.2011 թվականը` որպես հիմնական պայմանագրի կնքման ժամկետ, սահմանվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ` հաշվի առնելով Վերաքննիչ դատարանում Կարինե Տոնոյանի ժառանգության իրավունքի վերաբերյալ քննվող քաղաքացիական գործով վերջնական որոշում կայացնելու ժամկետը, որը, սակայն, տեղի է ունեցել ավելի ուշ: Սա նշանակում է, որ նվիրատվության նախնական պայմանագրով սահմանված ժամկետից տարբերվող այլ ժամկետ է սահմանված եղել, որը պայմանավորված է եղել Վերաքննիչ դատարանում քննվող թիվ ԵՄԴ/0226/02/11 քաղաքացիական գործով վերջնական որոշում կայացնելու հանգամանքով, որից էլ կախված է եղել նվիրատուի ժառանգության իրավունքի ձեռքբերման պահի որոշման ժամկետը: Վերաքննիչ դատարանը, ամբողջական վերլուծության չենթարկելով պայմանագրի պայմանները և կողմերի իրական կամարտահայտությունը, չի պարզել պայմանագրի իրական նպատակը, որի արդյունքում զրկվել է իրեն հասանելիք սեփականության իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.09.2012 թվականի որոշումը և հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի բաժնի նվիրատվության 12.03.2011 թվականի պայմանագրով Կարինե Տոնոյանը պարտավորվել է Արարատ Արշակյանին անհատույց, որպես սեփականություն հանձնել Երևան քաղաքի Դ.Վարուժան փողոցի թիվ 4 տան իր ժառանգական բաժինն այն ձեռք բերելուց հետո:

Կարինե Տոնոյանը նշված պայմանագիրը կնքել է ծանր հանգամանքների բերումով, բռնության սպառնալիքի ներքո, իր կամքին հակառակ: Մինչև պայմանագրի կատարման ժամկետի ավարտը` 30.07.2011 թվականը, Արարատ Արշակյանը չի ներկայացրել իր գրավոր առաջարկը հիմնական պայմանագիր կնքելու մասին և դրսևորել է այնպիսի վարքագիծ, որի պայմաններում Կարինե Տոնոյանը փոխել է իր մտադրությունը: Նվիրատվություն կատարելն ազատ կամքի դրսևորում է, և ոչ ոք չի կարող ստիպել կատարելու նվիրատվություն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 12.03.2011 թվականին նոտարական կարգով վավերացված «Անշարժ գույքի բաժնի նախնական նվիրատվության պայմանագրի» 1-ին կետի համաձայն` Կարինե Տոնոյանը (Նվիրատու) պարտավորվել է ժառանգության իրավունք ձեռք բերելուց հետո անհատույց, որպես սեփականություն, հետագա նվիրառուին` Արարատ Արշակյանին, հանձնել Երևան քաղաքի Դ.Վարուժան փողոցի թիվ 4 հասցեի անշարժ գույքի` իրեն հասանելիք ժառանգությամբ ձեռք բերվող սեփականության 1/2 բաժնի իրավունքը: Պայմանագրի 2-րդ կետով Կարինե Տոնոյանը (Նվիրատուն) պարտավորվել է հիմնական նվիրատվության պայմանագիր կնքել մինչև 30.07.2011 թվականը (գ.թ. 35):

2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2011 թվականի թիվ ԵՄԴ/0226/02/11 որոշմամբ Կարինե Տոնոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է. մասնակի բեկանվել և փոփոխվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2011 թվականին թիվ ԵՄԴ/0226/02/11 քաղաքացիական գործով կայացրած վճիռը` հակընդդեմ հայցը բավարարվել է` 23.11.2009 թվականին մահացած Հրաչյա Տոնոյանին պատկանող ժառանգական զանգվածի նկատմամբ հավասար` 1/2-ական բաժիններով ժառանգությունն ընդունած ժառանգներ են ճանաչվել Նազլի Մելքոնյանը և Կարինե Տոնոյանը: Քաղաքացիական գործի վարույթի կարճված մասով վճիռը թողնվել է անփոփոխ: Հայցապահանջը մնացած մասով մերժվել է (գ.թ. 6-10):

3) Վճռաբեկ դատարանի 29.02.2012 թվականի որոշմամբ վերադարձվել է թիվ ԵՄԴ/0226/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2011 թվականի որոշման դեմ Նազլի Մելքոնյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը (գ.թ.11-13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անշարժ գույքի նվիրատվության խոստման` որպես նվիրատվության պայմանագրի և նվիրատվության նախնական պայմանագրի իրավական կարգավորման առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա՛մ իրեն, կա՛մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` որևէ մեկին գույք կամ գույքային իրավունքներ անհատույց հանձնելու կամ որևէ մեկին գույքային պարտականությունից ազատելու խոստումը (նվիրատվության խոստումը) համարվում է նվիրատվության պայմանագիր և պարտավորեցնում է խոստացողին, եթե խոստումը տրվել է պատշաճ ձևով ու պարունակում է կոնկրետ անձին գույք կամ իրավունք ապագայում անհատույց հանձնելու կամ նրան գույքային պարտականությունից ազատելու մասին պարզ արտահայտված ցանկություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր: Իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Վերը նշված դրույթների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է նվիրատվության պայմանագրի երկու տեսակ` ռեալ, երբ պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը կամ գույքային իրավունքը (պահանջը) հանձնելու կամ գույքային պարտավորությունից ազատելու պահից, և կոնսենսուալ, երբ մեկ կողմը (նվիրատուն) պարտավորվում է մյուս կողմին (նվիրառուին) հանձնել նվերն ապագայում: Այսինքն` նվիրատվության պայմանագրի կնքման պահը կարող է չհամընկնել այդ պայմանագրով տրամադրվող գույքի նկատմամբ իրավունքի փոխանցման հետ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքում առաջանում է պարտավորական իրավահարաբերություն, որի բովանդակությունն է կազմում նվիրատուի պարտականությունը ապագայում ավելացնել նվիրառուի գույքն իր գույքի նվազման հաշվին մի կողմից և նվիրառուի` գույքը պահանջելու իրավունքը մյուս կողմից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով:

Նշված դրույթի վերլուծությունից հետևում է, որ նախնական պայմանագրի առարկան ապագայում գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին հիմնական պայմանագիր կնքելու պարտավորությունն է: Ի տարբերություն հիմնական պայմանագրի, որով անմիջականորեն առաջանում են գույք հանձնելու, ծառայություն մատուցելու և այլ քաղաքացիաիրավական հարաբերություններ, նախնական պայմանագիրն ուղղված է նման հարաբերություններ առաջացնող պայմանագրի կնքմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին: Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ս «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 12.03.2011 թվականին նոտարական կարգով վավերացված «Անշարժ գույքի բաժնի նախնական նվիրատվության պայմանագրի» կնքմամբ Կարինե Տոնոյանը պարտավորվել է ժառանգության իրավունք ձեռք բերելուց հետո Արարատ Արշակյանին անհատույց, որպես սեփականություն հանձնել Երևան քաղաքի Դ.Վարուժան փողոցի թիվ 4 հասցեի անշարժ գույքի իրեն հասանելիք ժառանգությամբ ձեռք բերվող սեփականության 1/2 բաժինը: Կարինե Տոնոյանը պարտավորվել է հիմնական նվիրատվության պայմանագիր կնքել մինչև 30.07.2011 թվականը: Վերաքննիչ դատարանի 17.11.2011 թվականի թիվ ԵՄԴ/0226/02/11 որոշմամբ 23.11.2009 թվականին մահացած Հրաչյա Տոնոյանին պատկանող ժառանգական զանգվածի նկատմամբ հավասար` 1/2-ական բաժիններով ժառանգությունն ընդունած ժառանգներ են ճանաչվել Նազլի Մելքոնյանը և Կարինե Տոնոյանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել Վճռաբեկ դատարանի 29.02.2012 թվականի որոշմամբ:

Վերոնշյալ իրավադրույթների մեկնաբանման լույսի ներքո անդրադառնալով գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմերը նպատակ են ունեցել ապագայում կնքել նվիրատվության պայմանագիր: Այսինքն` կողմերի իրական կամքն ուղղված է եղել ժառանգության իրավունք ձեռք բերելուց հետո Դ.Վարուժան փողոցի թիվ 4 հասցեի անշարժ գույքի` Կարինե Տոնոյանին հասանելիք բաժնի 1/2-ի նկատմամբ սեփականության իրավունքն Արարատ Արշակյանին նվիրատվության պայմանագրի հիման վրա փոխանցելուն: Հետևաբար կողմերի միջև առաջացած հարաբերությունները նվիրատվության նախնական պայմանագրից բխող հարաբերություններ են, որոնք կողմերի մոտ առաջացնում են հիմնական պայմանագիր կնքելու փոխադարձ իրավունքներ և պարտականություններ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե կողմը, ում համար օրենքին համապատասխան պարտադիր է պայմանագիր կնքելը, խուսափում է այն կնքելուց, մյուս կողմն իրավունք ունի դատարան դիմել` պայմանագիրը կնքելուն հարկադրելու պահանջով:

Կողմերի միջև ծագած հարաբերությունների նկատմամբ կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նվիրատվության նախնական պայմանագիր կնքելու և հետագայում հիմնական պայմանագրի կնքումից խուսափելու փաստերի առկայությունը պայմանագրի կողմի մոտ առաջացնում է պայմանագիրը կնքելուց խուսափող կողմին պայմանագիրը կնքելուն հարկադրելու պահանջ ներկայացնելու իրավունք:

Վերոնշյալ հիմնավորմամբ Արարատ Արշակյանի մոտ ծագել է Կարինե Տոնոյանին պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջ ներկայացնելու իրավունք, քանի որ վերջինս խուսափել է նվիրատվության հիմնական պայմանագիր կնքելուց:

Ինչ վերաբերում է նվիրատվության նախնական պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետին, ապա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այդ ժամկետի հաշվարկման խնդրին` հիմք ընդունելով պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հիշատակված կանոնները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախնական պայմանագիր կնքելիս պատասխանող Կարինե Տոնոյանի (Նվիրատու) իրական կամքն ուղղված է եղել Երևան քաղաքի Դ.Վարուժան փողոցի թիվ 4 հասցեի անշարժ գույքի` իրեն հասանելիք ժառանգությամբ ձեռք բերվող սեփականության 1/2 բաժնի իրավունքն Արարատ Արշակյանին նվիրելու պայմանագիր կնքելուն, որպիսի իրավունքը նա ձեռք է բերել միայն 29.02.2012 թվականից հետո: Տվյալ դեպքում, որպես պայմանագրի էական պայմանի` անհատույց որպես սեփականություն գույք հանձնելու պայմանագրի կնքման ժամկետ նշվել է մինչև 30.07.2011 թվականը, իսկ պայմանագրի կնքման պայման` ժառանգման իրավունք ձեռք բերելը:

Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիման վրա հայցվորի կողմից չեն ներկայացվել նույն օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված թույլատրելի և վերաբերելի ապացույցներ այն մասին, որ մինչև նախնական պայմանագրի 2-րդ կետով սահմանված ժամկետի` 30.07.2011 թվականի ավարտը հիմնական պայմանագիր չի կնքվել պատասխանողի գործողությունների հետևանքով, կամ այդ հիմնական պայմանագիրը կնքելու մասին կողմերից մեկը մյուսին ներկայացրել է առաջարկ:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթների համաձայն` կողմերի միջև կնքված նախնական պայմանագրով պարտավորությունները դադարել են, քանի որ մինչև պայմանագրում նշված ժամկետի ավարտը, որում կողմերը պետք է կնքեին հիմնական պայմանագիրը, այն չի կնքվել, իսկ կողմերից մեկը մյուսին առաջարկ չի ներկայացրել այդ պայմանագիրը կնքելու մասին: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանի 17.11.2011 թվականի թիվ ԵՄԴ/0226/02/11 որոշմամբ բավարարվել է Կարինե Տոնոյանի վերաքննիչ բողոքը. մասնակի բեկանվել և փոփոխվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2011 թվականին թիվ ԵՄԴ/0226/02/11 քաղաքացիական գործով կայացրած վճիռը` հակընդդեմ հայցը բավարարվել է` 23.11.2009 թվականին մահացած Հրաչյա Տոնոյանին պատկանող ժառանգական զանգվածի նկատմամբ հավասար` 1/2-ական բաժիններով ժառանգությունն ընդունած ժառանգներ են ճանաչվել Նազլի Մելքոնյանը և Կարինե Տոնոյանը: Նշված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել Վճռաբեկ դատարանի 29.02.2012 թվականի որոշմամբ:

Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պայմանագրի կատարման ժամկետը` 30.07.2011 թվականը, ինքնին հանդիսացել է լրացուցիչ պայման, այն հիմնականում պայմանավորված է եղել ժառանգման իրավունք ձեռք բերելու հետ և կողմերի մեղքի բացակայության պայմաններում պայմանագրում նշված ժամկետի լրանալը չի կարող հիմք հանդիսանալ պայմանագրի էական և հիմնական պայմանը չկատարելու համար, քանի որ պայմանագրի էական պայման է հանդիսացել ժառանգության իրավունք ձեռք բերելուց հետո գույքի նվիրատվություն կատարելը, և այդ իսկ պատճառով կողմերի միջև կնքվել է նախնական նվիրատվության պայմանագիր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմերի միջև կնքված անշարժ գույքի բաժնի նվիրատվության նախնական պայմանագիրը հանդիսացել է կողմերի կամքի ազատ արտահայտումը, որում ամրագրվել են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, այն վավերացվել է նոտարական կարգով, և վերջիններիս կամահայտնությունն ուղղված է եղել հիմնական նվիրատվության պայմանագիր կնքելուն: Ինչ վերաբերում է նշված պայմանագրի 2-րդ կետով սահմանված պայմանագրի կատարման ժամկետին, ապա այն բաց է թողնվել կողմերի կամքից անկախ հանգամանքներում և ունի ածանցյալ բնույթ ժառանգման իրավունք ձեռք բերելու պայմանի նկատմամբ:

Ուստի նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2012 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել` պարտավորեցնել Կարինե Տոնոյանին կնքելու հիմնական նվիրատվության պայմանագիր` Երևան քաղաքի Դ.Վարուժան փողոցի թիվ 4 տան ժառանգությամբ ձեռք բերված բաժնի 1/2 բաժինն Արարատ Արշակյանին որպես սեփականություն հանձնելու համար:

2. Կարինե Տոնոյանից հօգուտ Արարատ Արշակյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան