ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵՇԴ/0105/06/12 |
Քործ թիվ ԵՇԴ/0105/06/12 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Պողոսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ պաշտպան |
Ս. Ջաղինյանի |
2013 թվականի ապրիլի 18-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ մեղադրյալ Տիգրան Համլետի Հախվերդյանի պաշտպան Ս.Ջաղինյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում անհայտ անձի կողմից Հ.Մկրտչյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 11134012 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի 2012 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ Տիգրան Հախվերդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Տ.Հախվերդյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2012 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ մեղադրյալ Տ.Հախվերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
3. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել պաշտպան Ս.Ջաղինյանը, որը Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունվարի 22-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ս.Ջաղինյանը:
Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մարտի 21-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին նախաքննության մարմնի միջնորդության քննությանը մեղադրյալ Տ.Հախվերդյանը ներկա չի եղել: Առաջին ատյանի դատարանը Տ.Հախվերդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը հրապարակել է 2012 թվականի նոյեմբերի 26-ին (տե՛ս նյութեր, թերթ 17-18):
6. 2012 թվականի դեկտեմբերի 25-ին փաստաբան Ս.Ջաղինյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ Տ.Հախվերդյանի պաշտպան: 2012 թվականի դեկտեմբերի 28-ին պաշտպան Ս.Ջաղինյանը դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով տրամադրել Տ.Հախվերդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը: Նույն օրը պաշտպան Ս.Ջաղինյանին է տրամադրվել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 26-ի որոշման պատճենը (տե՛ս նյութեր, թերթ 21-23):
7. Մեղադրյալ Տ.Հախվերդյանի պաշտպան Ս.Ջաղինյանն Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 26-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել փոստի միջոցով: Վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա է փոստային ծառայության դրոշմակնիքը, որի համաձայն` ծրարը փոստային ծառայությունում մուտք է եղել 2013 թվականի հունվարի 8-ին (տե՛ս նյութեր, թերթ 25-34):
8. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման պատճառաբանական մասում նշել է. «(…) Ինչպես երևում է վերաքննիչ բողոքից, պաշտպան Ս.Ջաղինյանը վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 2013թ. հունվարի 8-ին, այն Վերաքննիչ դատարանում ստացվել է 2013թ. հունվարի 10-ին, իսկ Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշումից երևում է, որ այն հրապարակվել է 2012թ. նոյեմբերի 26-ին, այսինքն` բողոք բերած անձի` պաշտպան Ս.Ջաղինյանի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը:
Առաջին ատյանի դատարանի` 2012թ. նոյեմբերի 26-ի վերոհիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի վերջին օրը 2012թ. դեկտեմբերի 3-ն է, սակայն վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան ուղարկվել է 2013թ. հունվարի 8-ին, հետևաբար բողոքը ժամկետանց է (…)» (տե՛ս նյութեր, թերթ 37-39):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակի պնդմամբ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, խախտել է մեղադրյալ Տ.Հախվերդյանի՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները:
Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը պարտավոր էր կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման ժամկետի սկիզբ համարել նշված որոշումը շահագրգիռ անձի կողմից ստանալու պահը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը որպես բողոքարկման ժամկետի սկիզբ է համարել որոշման հրապարակման պահը՝ հաշվի չառնելով, որ նշված որոշման պատճենը պաշտպանության կողմն ստացել է 2012 թվականի դեկտեմբերի 28-ին:
10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունվարի 22-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. պաշտպան Ս.Ջաղինյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողնելով առանց քննության` Վերաքննիչ դատարանը սահմանափակե՞լ է արդյոք մեղադրյալ Տ.Հախվերդյանի դատական պաշտպանության իրավունքը:
12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…)»:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք (…)»:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Վերաքննիչ բողոք բերվում [է] առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատություններում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում (…)»:
Շարադրված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Տ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից: Դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է և միաժամանակ հանդիսանում է այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց ու երաշխիք: Դատական պաշտպանության իրավունքի բաղադրիչ է հանդիսանում նաև դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման իրավունքը: Դատական որոշումների վերանայման և ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական դատավարության խնդիրներով և դատական սխալների ու անօրինական դատական ակտերի բացառման և կանխման օբյեկտիվ, անընդհատ գոյություն ունեցող պահանջով:
Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով: Մասնավորապես, դատական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովել քրեական դատավարության պատշաճ իրականացումը: Նշված ժամկետները, սակայն, չեն կարող լինել կամայական, դրանք պետք է լինեն ողջամիտ, ինչը ենթադրում է գործի մասնակից բոլոր անձանց շահերի հավասարակշռված հաշվառում, որպեսզի բացառվեն մի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու անհիմն ուշացումները, մյուս կողմից` այդ ակտի դեմ բողոք բերելու անհամաչափ բարդությունները:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի ողջամտությունն ապահովված կհամարվի նախևառաջ այն դեպքում, եթե շահագրգիռ անձին բավարար ժամանակ տրամադրվի բողոքն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ նախապատրաստելու և համապատասխան դատարան ներկայացնելու համար: Իրավունքների ենթադրյալ խախտումներից դատարանի առջև իրավական պաշտպանություն հայցող անձի կողմից հիմնավոր բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ և բավարար ժամանակահատվածի տևողությունը պայմանավորված է նաև այդ ժամկետի հաշվարկման ողջամիտ սկզբի սահմանմամբ:
(…) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետները, մասնավորապես` այդ ժամկետների սկիզբը հաշվելու վերաբերյալ կարգավորումները լիարժեք կերպով չեն երաշխավորում իրենց շահերին առնչվող դատական ակտերը վերադաս դատարան բողոքարկելու՝ դատավարության մասնակիցների իրավունքը:
(…) ՀՀ քրեադատավարական օրենքն առաջին ատյանի դատարանի` անձին ազատությունից զրկելու մասին (կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման, անձին բժշկական հաստատությունում տեղավորելու մասին) գործն ըստ էության չլուծող որոշումների բողոքարկման համար սահմանում է հնգօրյա (…) ժամկետ` բողոքարկման ժամկետի սկիզբ համարելով դատական ակտի հրապարակման պահը: Նման կարճ ժամկետների սահմանումը պայմանավորված է անձի իրավունքների և ազատությունների անօրինական կամ անհամաչափ սահմանափակումները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելու օրենսդրի կամքով: Մյուս կողմից, սակայն, բողոքարկման ժամկետների սկիզբը դատական ակտի հրապարակման պահից համարելու պայմաններում նման կարճ ժամկետները կարող են խոչընդոտել շահագրգիռ անձի` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացմանը:
Անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման, մասնավորապես` իր շահերին առնչվող դատական ակտի դեմ հիմնավոր բողոք բերելու համար անհրաժեշտ է, որ անձն իր ձեռքի տակ ունենա վիճարկվող դատական ակտը: Մինչդեռ, դատական ակտը հրապարակելուց հետո մինչև շահագրգիռ անձի կողմից այն փաստացի ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, ինչը կարող է անձի կամքից անկախ հանգամանքներում հանգեցնել սահմանված ժամկետից ուշ կամ ակնհայտ անհիմն, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող բողոքի ներկայացմանը:
Հետևաբար, (…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առկա՝ «հրապարակման պահից» բառակապակցությունը պետք է մեկնաբանվի որպես դատական ակտն ստանալու պահը, և ժամկետների հաշվարկման ելակետ պետք է համարել որոշումը շահագրգիռ անձին հանձնելու պահը:
(…) առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի հաշվարկն սկսվում է դատական ակտը շահագրգիռ անձին հանձնելու և ոչ թե այն դատական նիստերի դահլիճում հրապարակելու պահից» (տե՛ս Տիգրան Վարազդատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 17-18-րդ և 22-24-րդ կետերը):
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդության քննությանը մեղադրյալ Տ.Հախվերդյանը չի մասնակցել, քանի որ գտնվել է հետախուզման մեջ: Առաջին ատյանի դատարանը որոշումը հրապարակել է 2012 թվականի նոյեմբերի 26-ին (տե՛ս սույն որոշման 1-ին, 5-րդ կետերը):
Փաստաբան Ս.Ջաղինյանը քրեական գործով վարույթին որպես մեղադրյալ Տ.Հախվերդյանի պաշտպան ներգրավվել է 2012 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշման պատճենն ստացել է 2012 թվականի դեկտեմբերի 28-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 2013 թվականի հունվարի 8-ին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման հրապարակման պահից հաշվելով դատական ակտի բողոքարկման ժամկետի ընթացքը, որպես վերաքննիչ բողոք բերելու վերջին օր է դիտել 2012 թվականի դեկտեմբերի 3-ը և պաշտպան Ս.Ջաղինյանի բողոքը թողել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
14. Սույն որոշման 13-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 12-րդ կետում և համապատասխանաբար նաև Տ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը պաշտպան Ս.Ջաղինյանի կողմից այն փաստացի ստանալու պահից` 2012 թվականի դեկտեմբերի 28-ից, հաշվելու պարագայում ստացվում է, որ պաշտպանի 2013 թվականի հունվարի 8-ի վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հնգօրյա ժամկետի պահպանմամբ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Տ.Հախվերդյանի պաշտպան Ս.Ջաղինյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողնելով առանց քննության` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Տ.Հախվերդյանի դատական պաշտպանության իրավունքը՝ թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների խախտում: Նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Տիգրան Համլետի Հախվերդյանի պաշտպան Ս.Ջաղինյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հունվարի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|