Գլխավոր տեղեկություն
Համար
N 739-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.05/43(983).1 Հոդ.717
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2013 թվականի N 739-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 2-րդ կետում «ֆինանսների» բառը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.

2) որոշման 3-րդ կետում, 3-րդ կետի 2-րդ ենթակետում և N 3 հավելվածում «ֆինանսների» բառը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը կարող է իր և զբոսաշրջային օպերատորի միջև կնքված պայմանագիրը ներկայացնել իր աշխատանքի վայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում՝ սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսվող սոցիալական փաթեթի գումարները միանվագ իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու նպատակով: Այս դեպքում աշխատողը պարտադիր պետք է այդ ծառայությունից օգտվելու ժամանակահատվածում գտնվի արձակուրդում: Սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պայմանագիրն ստանալուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողի սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարում նախատեսվող գումարները փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին: Սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը որպես գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ է ընդունում նշված պայմանագիրը կամ դրա պատճենը:».

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

«9.1. Սոցիալական փաթեթի գումարն աշխատողներին սեփականության իրավունքով չի պատկանում` բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը և նա այլևս աշխատող չի հանդիսանում) կամ աշխատողի մահվան դեպքում:».

5) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը «ամսական կտրվածքով» բառերից հետո լրացնել «` բացառությամբ սույն կարգի 8.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.3-րդ կետում նշված մարմինների ղեկավարներն այդ կետում նշված թվաքանակները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում այդ մարմիններին է տրամադրում համապատասխան թվաքանակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված միասնական տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.5-րդ կետով նախատեսված պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության ծառայությունից չօգտվելու վերաբերյալ: Միասնական տեղեկանքում աշխատողի անունը, ազգանունը և անձնագրի տվյալները լրացվում են համապատասխան պետական մարմնի կողմից:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և բանկերի միջև կնքված պայմանագրերը շարունակում են գործել մինչև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բանկերի միջև նոր պայմանագրերի կնքումը, սակայն կնքված պայմանագրերի շրջանակներում լիազոր մարմնի իրավունքներն ու պարտականությունները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո փոխանցվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որը հնգօրյա ժամկետում դրա մասին ծանուցում է բանկերին:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան բանկերի հետ կնքել նոր պայմանագրեր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 16

Երևան