Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.50
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.02.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ1/0062/06/12

Գործ թիվ ԿԴ1/0062/06/12

Նախագահող դատավոր՝  Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

 

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ

պաշտպան

Լ. Զաքարյանի

 

 

2013 թվականի փետրվարի 15-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Վահագն Հակոբի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման դեմ մեղադրյալ Վ.Պողոսյանի պաշտպաններ Ի.Պետրոսյանի և Լ.Զաքարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2012 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ Վահագն Հակոբի Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «նա, առանց իրացնելու նպատակի, իր կողմից օգտագործելու համար, կանեփի բույսի թփերից տնայնագործական եղանակով ապօրինի պատրաստել և իր «Տոյոտա-Պրադո» մակնիշի 99 ՕՈ 699 պ/հ ավտոմեքենայի սրահի պահոցում պահել է զգալի չափի` 1,06 գրամ հաստատուն կշռով «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց և 4,2 գրամ ընդհանուր քաշով «չչորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 20.08.2012թ. Երևան-Սևան ճանապարհի 41,5 կմ հատվածում կատարած վթարի փաստով վերջինիս ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է» (տե՛ս նյութեր, թերթ 36):

2. 2012 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ղումաշյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ մեղադրյալ Վ.Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալ Վ.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:

Մեղադրյալ Վ.Պողոսյանի և պաշտպան Ի.Պետրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 25-ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ:

3. 2012 թվականի օգոստոսի 31-ին մեղադրյալ Վ.Պողոսյանի պաշտպան Ի.Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով մեղադրյալ Վ.Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ պաշտպան Ի.Պետրոսյանի միջնորդությունը մերժվել է, մեղադրյալ Վ.Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելը ճանաչվել է անթույլատրելի:

Մեղադրյալ Վ.Պողոսյանի պաշտպան Լ.Զաքարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել մեղադրյալ Վ.Պողոսյանի պաշտպաններ Ի.Պետրոսյանը և Լ.Զաքարյանը:

Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ պաշտպաններ Ի.Պետրոսյանի և Լ.Զաքարյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը Վ.Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ «միջնորդության քննության պահին պահպանվել և չեն վերացել մեղադրյալ Վ.Պողոսյանին կալանավորման տակ պահելու նախ հիմքերը, ապա նաև պայմանը /հիմնավոր կասկած/, որ վերջինս ազատության մեջ մնալով կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված այլ արարք կամ խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:

Բացի այդ, դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները, մեղադրյալ Վ.Պողոսյանին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ Վ.Պողոսյանը խուսափել է նախաքննական մարմնի կանչով ներկայանալուց, ինչը դատարանի կարծիքով էականորեն բարձրացնում է մեղադրյալի կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը և տվյալ դեպքում անթույլատրելի դարձնում կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոց գրավ ընտրելու հնարավորությունը» (տե՛ս նյութեր, թերթ 38):

6. Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը Վ.Պողոսյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու հարցում հանգել է ճիշտ եզրակացության հետևյալ պատճառաբանությամբ. «(…) Հարկ է արձանագրել, որ ըստ ներկայացվածի` առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ մեղադրյալ Վահագն Հակոբի Պողոսյանն առնչություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված և իրեն վերագրվող արարքին:

Վերաքննիչ դատարանը, վերստին անդրադառնալով մեղադրյալ Վահագն Հակոբի Պողոսյանի նկատմամբ գրավի կիրառման հնարավորությանը, հաշվի է առնում նրան վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքները, առանձնահատկությունը /այդ թվում նաև, առանձին-առանձին քաշերով, ինչպես չորացված, այնպես էլ չչորացված տեսակի թմրանյութի առնչությամբ վերջինիս վերագրվող արարքի իմաստով/, սույն գործով հնարավոր կատարվելիք քննչական գործողությունների հավանականությունը /վերաքննիչ դատարանում, դատական ստուգմամբ դատախազն ըստ էության չբացառեց թմրանյութի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ որոշակի գործողություններ իրականացնելու հնարավոր հավանականությունը/, Վահագն Հակոբի Պողոսյանի սույն գործով արդեն իսկ դրսևորած վարքագիծը /ըստ ներկայացվածի` Վահագն Պողոսյանը խուսափել է վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց, չի ներկայացել, ինչի արդյունքում բերման է ենթարկվել, որպիսի հանգամանքը ընդհանուր իրավասության դատարանում, դատական նիստում չի ժխտել մեղադրյալ Վահագն Պողոսյանը/ և հանգում է հետևության, որ վերը նշվածը բավարար հիմք է տալիս ենթադրելու, որ մեղադրյալ Վահագն Պողոսյանը կարող է խոչընդոտել գործի հետագա քննությանը, ինչպես նաև թաքնվել, հետևաբար ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, որով արդեն իսկ մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի, վերացնելու հիմքեր չկան:

Ինչ վերաբերում է վերագրվող արարքի ծանրության աստիճանին, ապա նշված հանգամանքն ինքնին չի բացառում տվյալ դեպքում, վերը շարադրված հանգամանքների առկայության պայմաններում, մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու հնարավորությունը» (տե՛ս նյութեր, թերթ 65):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

7. Բողոք բերած անձինք փաստարկել են, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պատճառաբանված չեն և չեն բխում գործի նյութերում առկա փաստական հանգամանքներից:

Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերները վկայակոչել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 143-րդ հոդվածները և նշել, որ Վ.Պողոսյանին վերագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված առավելագույն պատիժը մեկ տարի ժամկետով ազատազրկումն է: Մինչդեռ, ստորադաս դատարանների կողմից Վ.Պողոսյանի նկատմամբ կիրառված կալանքը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու հիմքում դրվել է վերջինիս մեղսագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանն այն դեպքում, երբ այդ արարքն իրենից հանրային մեծ վտանգավորություն չի ներկայացնում, դրանով այլ անձանց իրավունքներ չեն խախտվել, կյանքին ու առողջությանը վնաս չի պատճառվել: Հետևաբար, նշված հանգամանքը չի կարող անձին կալանավորելու հիմք հանդիսանալ, ինչպես նաև բարձրացնել քրեական պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը:

Բողոքի հեղինակները փաստարկել են, որ գրավի միջնորդությունը մերժելու հիմքում դրվել է նաև Վ.Պողոսյանի՝ նախաքննության մարմին չներկայանալու հանգամանքը: Մինչդեռ, Վ.Պողոսյանը վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ չի ծանուցվել, նախաքննության մարմին բերման ենթարկվելու ժամանակ չի ունեցել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Հետևաբար, այդ հանգամանքը ևս չէր կարող Վ.Պողոսյանի նկատմամբ գրավի կիրառումը մերժելու հիմք հանդիսանալ:

Բողոքաբերները նշել են նաև, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Վ.Պողոսյանը բնութագրվում է դրական, նրա անձը հայտնի է, ունի մշտական բնակության վայր, նախկինում դատված չի եղել, տառապում է ծանր հիվանդություններով, ծառայել է Աֆղանստանում:

8. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակները խնդրել են բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումը և թույլատրել Վ.Պողոսյանի նկատմամբ գրավի կիրառումը՝ սահմանելով գրավի գումարի չափը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեկ տարուց պակաս ժամկետով ազատազրկում նախատեսող հանցագործության համար մեղադրվող անձին կալանավորելու կամ գրավի թույլատրելիության հարցը լուծելու չափորոշիչների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Վ.Պողոսյանին գրավի կիրառմամբ կալանքից ազատելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն օրենքով սահմանված կարգով և (…) դեպքերում (…): Մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1. թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

2. Կալանավորումը կամ դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսվող գործողությունները:

3. Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում՝

1. վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն`

«1. Գրավը (…) հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:

2. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից (…)»:

Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ա.Ճուղուրյանի, Ա.Ավետիսյանի, ինչպես նաև Դ.Ալիխանյանի գործերով կայացված որոշումներում:

12. Ա.Ավետիսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, մարդու այլ հիմնական իրավունքների հետ մեկտեղ, ՀՀ Սահմանադրությամբ ճանաչվում է անօտարելի և բարձրագույն արժեք (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված): Ուստի մարդու այդ հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիքները կանոնակարգող իրավադրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքները հարգելու, մարդու իրավունքների սահմանափակման միջոցով հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքներից:

(…)

[Դ]ատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջը պահպանած լինելու համար բավարար չէր օրենքով նախատեսված հիմքերի պարզ շարադրանքը, այլ անհրաժեշտ էր կիրառել դատական ակտի պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ` դատարանի հետևությունները հիմնավորել գործի փաստական տվյալներով:

Ընդ որում, անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս, ինչպես նաև կալանքի ժամկետը երկարացնելիս պետք է հաստատվի հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռություն, և որը պետք է բխի անձի՝ ազատությունից զրկելու հետ կապված կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակների միջև համամասնության ողջամիտ հարաբերակցության անհրաժեշտությունից:

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքից գրավով ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն: Մեղադրյալի անձը հայտնի չլինելը, մշտական բնակության վայր չունենալը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձը կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը» (տե՛ս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ, 22-րդ և 36-րդ կետերը):

Ա.Ճուղուրյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(….) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

(…)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ» (տե՛ս Արամ Ճուղուրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը):

Դ.Ալիխանյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ « (…) մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ իր եզրահանգումները դատարանը պետք է հիմնավորի գործի նյութերում առկա փաստական տվյալներով: Այլ խոսքով՝ անհրաժեշտ է կիրառել դատական ակտի պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ` կալանքը գրավով փոխարինելը մերժելու մասին դատարանի հետևությունները հիմնավորել գործի փաստական տվյալներով և ոչ թե բավարարվել ՀՀ քրեադատավարական օրենքով նախատեսված հիմքերի պարզ շարադրանքով (…)» (տե՛ս Դավիթ Ալիխանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԱՔԴ/0138/06/12 որոշման 13-րդ կետը):

13. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է վերոնշյալ գործերով արտահայտված իրավական դիրքորոշումներն առ այն, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև կալանավորումը գրավով փոխարինելու թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ իր եզրահանգումները դատարանը պետք է հիմնավորի գործի նյութերում առկա փաստական տվյալներով:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև ՀՀ քրեադատավարական օրենքը չի բացառում մեկ տարուց պակաս ժամկետով ազատազրկում նախատեսող հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ կալանավորման կիրառման հնարավորությունը, այդուհանդերձ նման արարքների համար մեղադրվող անձանց նկատմամբ խափանման միջոցներից ամենախիստը կիրառելու դեպքերը պետք է պայմանավորված լինեն գործի նյութերից բխող բացառիկ հանգամանքներով, իսկ այդպիսի անձանց նկատմամբ արդեն իսկ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու թույլատրելիության հարցը լուծելիս դատարանը պարտավոր է ծանրակշիռ փաստարկների վկայակոչմամբ հիմնավորել մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելու բարձր հավանականությունը:

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը թեև չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս, ինչպես նաև գրավի թույլատրելիության հարցը լուծելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նույնանման իրավական դիրքորոշում բազմիցս իր նախադեպային նշանակության վճիռներում հայտնել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ի թիվս այլոց տես Mamedova v. Russia, 2006 թվականի հունիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 7064/05, կետ 74, Panchenko v. Russia 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 45100/98, կետ 102, Ilijkov v. Bulgaria, 2001 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 33977/96, կետ 81):

 Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում նախատեսող և ավելի բարձր հանրային վտանգավորությամբ օժտված, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունների համար մեղադրվող անձանց ազատությունից զրկելու իրավական հիմքերի առկայությունը փաստելու համար չեն կարող սահմանվել նույնանման չափորոշիչներ:

14. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խափանման միջոց կալանավորում կիրառելու, ինչպես նաև կալանավորումը գրավով փոխարինելու թույլատրելիության կամ անթույլատրելիության հարցը դատարանը պետք է քննարկի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համատեքստում: Մասնավորապես, որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի, որ եթե մեղադրյալին մեղսագրվել է այնպիսի արարք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում մեկ տարին, ապա կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս կամ գրավի կիրառումը մերժելիս դատարանը պետք է ներկայացնի ծանրակշիռ, գործի նյութերից բխող փաստարկներ մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելու բարձր հավանականության վերաբերյալ: Այլ խոսքով՝ դատարանը պետք է կիրառի դատական ակտի պատճառաբանվածության ավելի բարձր չափանիշ և հիմնավորի, որ տվյալ դեպքում առկա են այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բացառում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը:

Վերոշարադրյալը բխում է անձին ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի և հետապնդվող նպատակների միջև համամասնության ողջամիտ հարաբերակցության անհրաժեշտությունից: Հակառակ պարագայում կխախտվի հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռությունը, ինչն իր հերթին կարող է հանգեցնել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի անհարկի սահմանափակման:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց պատրաստելու և պահելու համար (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Վ.Պողոսյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված առավելագույն պատիժը մեկ տարի ժամկետով ազատազրկում է:

Առաջին ատյանի դատարանը Վ.Պողոսյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասին իր որոշումը, ըստ էության, պատճառաբանել է երկու հանգամանքով. ա/ միջնորդության քննության պահին պահպանվել և չեն վերացել մեղադրյալ Վ.Պողոսյանին կալանքի տակ պահելու հիմքերը և պայմանը, բ/ Վ.Պողոսյանը խուսափել է վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց, ինչն էականորեն բարձրացնում է մեղադրյալի կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ՝ գտնելով, որ Վ.Պողոսյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու հարցում դատարանը հանգել է ճիշտ եզրակացության (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

16. Սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով 15-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Վ.Պողոսյանի նկատմամբ գրավի կիառման թույլատրելիության կամ անթույլատրելության հարցը չի քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համատեքստում: Մասնավորապես, քննարկման առարկա չի դարձվել մեղադրյալին մեղսագրված հանցագործության տեսակի և դրա համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետի հարցը, որի արդյունքում հաշվի չի առնվել, որ Վ.Պողոսյանին մեղսագրվել է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված առավելագույնը մեկ տարի ժամկետով ազատազրկում: Այսինքն, գրավի կիրառման թույլատրելիության կամ անթույլատրելիության հարցը չի քննարկվել հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռության տեսանկյունից, որի արդյունքում դատարանը հանգել է ոչ իրավաչափ հետևության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Առաջին ատյանի դատարանը որևէ փաստական տվյալով չի հիմնավորել իր հետևությունն առ այն, որ Վ.Պողոսյանը խուսափել է վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց: Գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց, որ մեղադրյալ Վ.Պողոսյանը պատշաճ ծանուցվել է վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու համար: Գործի նյութերից երևում է նաև, որ քրեական գործը հարուցվել է 2012 թվականի օգոստոսի 22-ին, նույն օրը Վ.Պողոսյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել է: Հետևաբար, այս պայմաններում դատարանի հետևությունը՝ վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց խուսափելու մասին, որևէ փաստական տվյալով հիմնավորված, հետևաբար նաև փաստարկված չէ:

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը չհիմնավորված և չպատճառաբանված որոշում է կայացրել մեղադրյալ Վ.Պողոսյանին կալանքից գրավով ազատելու անթույլատրելության վերաբերյալ, իսկ Վերաքննիչ դատարանը, իր հերթին, անհիմն եզրահանգման է եկել Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ:

Հետևաբար, մեղադրյալ Վ.Պողոսյանին գրավի կիրառմամբ կալանքից ազատելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն:

18. Հիմք ընդունելով սույն որոշման մեջ շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Վ.Պողոսյանին գրավի կիրառմամբ կալանքից ազատելու անթույլատրելիության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել դատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և հանգեցրել չհիմնավորված, չպատճառաբանված և ոչ իրավաչափ որոշման կայացմանը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է հանդիսանում: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեղադրյալ Վահագն Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Վահագն Հակոբի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան