Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.27
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.04.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

վՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0009/04/12

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0009/04/12
2013 թ.

Նախագահող դատավոր՝   Տ. Սահակյան

Դատավորներ՝   

Կ. Հակոբյան
 

Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Յունիբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2012 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի ընդդեմ Գևորգ Հարոյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Գևորգ Հարոյանին սնանկ ճանաչել։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ՝ Դատարան) 08.06.2012 թվականի վճռով դիմումը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.10.2012 թվականի որոշմամբ Գևորգ Հարոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 08.06.2012 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է. Բանկի դիմումն ընդդեմ Գևորգ Հարոյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 132-րդ հոդվածների պահանջները, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գևորգ Հարոյանը պատշաճ կարգով չի կատարել իր վարկային պարտավորությունները և վարկի մայր գումարի մասով կետանցը կազմում է 1.157 օր: Գևորգ Հարոյանի պարտքը Բանկի հանդեպ 15.02.2012 թվականի դրությամբ կազմում է 106.926.540,50 ՀՀ դրամ, որը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և առկա է 60-օրյա և ավելի ժամկետով կետանց: Գևորգ Հարոյանը վիճարկել է ընդամենը վարկային պայմանագրի 2-րդ գլուխը, որը վերաբերում է տոկոսների և տույժերի հաշվարկմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.10.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.06.2012 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Բանկի և Գևորգ Հարոյանի միջև 14.06.2007 թվականին կնքված թիվ 20/Հ վարկային պայմանագրի համաձայն` վերջինիս տրամադրվել է 61.200.000 ՀՀ դրամ վարկ` տարեկան 14% տոկոսադրույքով, վարկի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները մինչև 14.06.2022 թվականը մարելու ժամկետով (1-ին հատոր, գ.թ. 9-11):

2) Վաճառող Կարեն Ջանոյանի, գնորդ Գևորգ Հարոյանի և Բանկի միջև 14.06.2007 թվականին կնքված թիվ 20/Հ անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի համաձայն` Գրավառուն վարկ է տրամադրում Գնորդին` վաճառողից Երևանի Մաշտոցի պողոտա 45ա շենքի թիվ 26 հասցեի բնակարանն ու ձեղնահարկը ձեռք բերելու նպատակով (1-ին հատոր, գ.թ. 12-19):

3) Բանկի «Աբովյան» մասնաճյուղի կողմից 29.02.2012 թվականին ներկայացված թիվ 1546 տեղեկանքի համաձայն` Գևորգ Հարոյանի ընդհանուր պարտքը Բանկի նկատմամբ 15.02.2012 թվականի դրությամբ կազմում է 106.926.540,50 ՀՀ դրամ, որից 42.160.000 ՀՀ դրամը` որպես ժամկետային վարկի գումար, 16.170,90 ՀՀ դրամը` որպես ժամկետային վարկի տոկոսագումար, 13.214.240 ՀՀ դրամը` որպես ժամկետանց վարկի գումար, 4.099.007,90 ՀՀ դրամը` որպես ժամկետանց վարկի տույժի գումար, 21.769.965,90 ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսագումար, 25.667.155,80 ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսագումարի տույժ: Վարկի մայր գումարի մասով կետանցը կազմում է 1.157 օր (1-ին հատոր, գ.թ. 26):

4) 27.10.2010 թվականին Բանկը դիմել է դատարան ընդդեմ Գևորգ Հարոյանի` պարտավորությունները վաղաժամկետ կատարելու և գումարի բռնագանձման պահանջով: Պատասխանող Գևորգ Հարոյանը ներկայացրել է հակընդդեմ հայց` վիճարկելով վարկային պայմանագրի 2-րդ գլուխը, որը վերաբերում է տոկոսների և տույժերի հաշվարկմանը (1-ին հատոր, գ.թ. 71-72):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկ ճանաչելու պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի մեկնաբանմանը` հաշվի առնելով նշված դրույթի միատեսակ կիրառման անհրաժեշտությունը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն (…) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Նշված դրույթի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտությամբ պայմանավորված` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին բավարար անձին սնանկ ճանաչելու համար: Վճարային պարտավորության անվիճելիությունը առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ: Այդուհանդերձ, օրենքի վերոնշյալ դրույթը կարգավորում է նաև այն դեպքերը, երբ պարտապանը վիճարկում է պարտավորության անվիճելի լինելու փաստը, այլ կերպ ասած` առարկում է իրեն սնանկ ճանաչելու պահանջի դեմ, և այդ առարկությունները վերաբերում է վճարային պարտավորությանը (այլ ոչ թե կետանցին կամ կետանցի շարունակվելուն): Նման պայմաններում վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը բացահայելու համար անհրաժեշտ է այն դիտարկել նույն կետի «դ» ենթակետի համատեքստում: Մասնավորապես` այն պարտավորությունը, որը վիճարկվում է պարտապանի կողմից կամ որի դեմ պարտապանը ներկայացրել է առարկություն, անվիճելի է, եթե այդպիսի առարկությունն ուղղված է պահանջի մի մասի դեմ, իսկ մնացած մասը չի վիճարկվում: Այլ կերպ` չվիճարկվող մասը, եթե այն գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, անվիճելի է դարձնում պարտավորությունն առնվազն այդ մասով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն Խաչատրյանի և այլոց թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի «Աբովյան» մասնաճյուղի և Գևորգ Հարոյանի միջև 14.06.2007 թվականին կնքված թիվ 20/Հ վարկային պայմանագրի համաձայն Գևորգ Հարոյանին տրամադրվել է 61.200.000 ՀՀ դրամի վարկ` տարեկան 14% տոկոսադրույքով, վարկի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները մինչև 14.06.2022 թվականը մարման ժամկետով: Վերջինս պարտավորվել է վարկի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարների մարումները կատարել յուրաքանչյուր ամիս` սկսած 14.07.2007 թվականից: Գևորգ Հարոյանը պատշաճ կարգով չի կատարել իր վարկային պարտավորությունները և վարկի մայր գումարի մասով կետանցը կազմում է 1.157 օր: Գևորգ Հարոյանի պարտքը Բանկի հանդեպ 15.02.2012 թվականի դրությամբ կազմում է 106.926.540,50 ՀՀ դրամ, որից 42.160.000 ՀՀ դրամը` որպես ժամկետային վարկի գումար, 16.170,90 ՀՀ դրամը` որպես ժամկետային վարկի տոկոսագումար, 13.214.240 ՀՀ դրամը` որպես ժամկետանց վարկի գումար, 4.099.007,90 ՀՀ դրամը` որպես ժամկետանց վարկի տույժի գումար, 21.769.965,90 ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսագումար, 25.667.155,80 ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսագումարի տույժ:

27.10.2012 թվականին Բանկը դիմել է դատարան ընդդեմ Գևորգ Հարոյանի` պարտավորությունները վաղաժամկետ կատարելու և գումարի բռնագանձման պահանջով: Գևորգ Հարոյանը ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում` վիճարկելով վարկային պայմանագրի 2-րդ գլուխը, որը վերաբերում է տոկոսների և տույժերի հաշվարկմանը:

Դատարանը դիմումի բավարարման հիմքում դրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» և «դ» ենթակետերը` հաստատված համարելով, որ Գևորգ Հարոյանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա և ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվել է: Բացի այդ, նշել է, որ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և Գևորգ Հարոյանը, վիճարկելով վարկային պայմանագրի 2-րդ գլուխը, որը վերաբերում է տոկոսների և տույժերի հաշվարկմանը, ըստ էության չի վիճարկել վարկային պայմանագիրը 13.214.240 ՀՀ դրամ ժամկետանց վարկի մասով:

Վերաքննիչ դատարանը վճիռը բեկանելիս և դիմումը մերժելիս պատճառաբանել է, որ Գևորգ Հարոյանը, վիճարկելով դիմումում նշված չափով պարտավորության առկայությունը և իր առարկությունների հիմքում դնելով այն հանգամանքը, որ իր կողմից գրավադրված գույքի արժեքը բավարար է իր պարտավորությունների մարման համար, եկել է այն եզրահանգման, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի հիման վրա դիմումը ենթակա է մերժման, քանի որ պարտապանն ապացուցում է, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի:

Վճռաբեկ դատարանը, վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի վերաբերյալ վերը նշված մեկնաբանության լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» և «դ» ենթակետերում ամրագրված հատկանիշներից մեկի բացակայությունը չի բացառում մյուսի առկայությունը: Մասնավորապես, եթե պարտապանն ապացուցում է, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, սակայն այդպիսի առարկությունը վերաբերում է պարտավորության միայն մի մասին, ապա առկա է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված հատկանիշը: Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Գևորգ Հարոյանը, վիճարկելով իր սնանկությունը, Դատարանին ներկայացրել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի «Հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, որով վերջինս վիճարկում է իր և Բանկի միջև 14.06.2007 թվականին կնքված վարկային պայմանագրի 2-րդ գլուխը, որը վերաբերում է տոկոսների և տույժերի հաշվարկմանը: Մինչդեռ պարտավորության չվիճարկվող մասն ավելին է, քան նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Միաժամանակ անդրադառնալով Գևորգ Հարոյանի` ստորադաս դատարաններում ներկայացրած փաստարկին առ այն, որ իր կողմից գրավադրված գույքի արժեքը բավարար է իր պարտավորությունների մարման համար, ուստի ինքը չի կարող սնանկ ճանաչվել` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է, քանի որ նշված փաստը օրենսդիրը կարևորում է միայն կամավոր սնանկության, այլ ոչ թե հարկադրված սնանկության դեպքում:

Այսպիսով, վերոնշյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 132-րդ հոդվածների պահանջները և սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, որպիսի խախտումը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 12.10.2012 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.06.2012 թվականի վճռին:

2. Գևորգ Հարոյանից հօգուտ «Յունիբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան