ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-14-Ո-22
2013 թ.
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՅՈՒՐԻԿ ԻՍԿՈՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ` ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի, Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մարտիրոսյանի, Ա. Թումանյանի, Մ. Մակյանի, Ս. Օհանյանի |
մասնակցությամբ` դատավորներ |
Յու. Իսկոյանի |
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար |
Հ. Թովմասյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2013 թվականի մայիսի 3-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի 11.03.2013 թվականի թիվ 40-Ա հրամանով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Յուրիկ Իսկոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը` հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
«Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
2012թ. հունիսի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Դատարան` ըստ էության քննելու համար:
2012թ. հուլիսի 19-ին մեղադրող Ֆ. Բաղդասարյանի կողմից Դատարան է ներկայացվել Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և այն ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու մասին որոշում: Միաժամանակ մեղադրողը միջնորդել է ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործի վարույթը կարճել և այդ մասով ամբաստանյալ Արմեն Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` տուժողների կողմից բողոք չներկայացվելու և ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:
2012թ. հուլիսի 19-ին Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով և 313-րդ հոդվածով, որոշել է. «Արմեն Գասպարյանի նկատմամբ քրեական գործի վարույթի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում»:
Մեղադրանքի պաշտպանությունը շարունակվել է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: 2012թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ Վ. Մարգարյանի կողմից որոշում է կայացվել Արմեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ մեղադրող Ֆ. Բաղդասարյանի 2012թ. հուլիսի 19-ի որոշումը վերացնելու մասին:
2012թ. սեպտեմբերի 20-ին կայացած դատական նիստում գործին մասնակցող մեղադրող Վ. Լազարյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով վերացնել Դատարանի 2012թ. հուլիսի 19-ի որոշումը (Արմեն Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի վարույթի մասը` ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու մասին) և քրեական գործը քննության առնել ըստ մեղադրանքի Արմեն Գասպարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:
Նույն օրը Դատարանի կողմից վերը նշված միջնորդությունը քննության է առնվել և որոշում է կայացվել Դատարանի 2012թ. հուլիսի 19-ի որոշումը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու վերաբերյալ:
Դատարանի 2012թ. հոկտեմբերի 5-ին կայացրած դատավճռով Արմեն Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով:
ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար:
ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քրեական գործով դատարանի դատավճիռը և այլ որոշումներ կարող են վերանայել միայն համապատասխան վերադաս դատարանները` սույն օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտեր են` առաջին ատյանի դատարանի դատավճիռ, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշում, ինչպես նաև այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտեր, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոք բերվում են առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
(…)
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխանաբար ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.
(…)
4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Կրկին անգամ դատելու անթույլատրելիության սկզբունքն իրենից ներկայացնում է պետության չորս նեգատիվ պարտականություն, որի տարրերը սերտորեն փոխպայմանավորված են: Այդ երաշխիքներն են նույն արարքի համար անձին կրկին անգամ`
ա) պատժելու արգելքը
բ) դատապարտելու արգելքը
գ) դատելու արգելքը
դ) քրեական հետապնդման ենթարկելու արգելքը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները բացառում են քրեական գործի նորոգումը, բացառությամբ այն դեպքերի`
1) երբ քրեական գործով ի հայտ են եկել նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ,
2) գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը,
3) քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման վերացումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից` այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեցամսյա ժամկետում: Այս նորմը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ համապատասխան որոշումը կայացրել է դատախազը, մինչդեռ տվյալ դեպքում այն կայացվել է Դատարանի կողմից, քանի որ գործը գտնվել է Դատարանի վարույթում: Բացի այդ, համապատասխան որոշումը կայացվել է ոչ թե ՀՀ գլխավոր դատախազի, այլ մարզի դատախազի կողմից:
Ուստի Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործի վարույթը նորոգելով, ակնհայտորեն խախտել է ՀՀ Սահմանադրության 22-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածները:
Բացի այդ, ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի որևէ դատարանի տրված չէ իրավասություն վերանայելու, առավել ևս վերացնելու իր իսկ կողմից կայացրած` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը:
Այսինքն` ակնհայտ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի համար որևէ իրավասություն սահմանված չէ վերացնելու իր իսկ կողմից կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը, և այդ որոշումը վերացնելու լիազորությամբ օժտված է միայն ՀՀ վերաքննիչ դատարանը, այն էլ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, համապատասխան ժամկետների պահպանմամբ իրավասու անձանց կողմից դրա դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում:
Այսպիսով, սույն գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Դատարանը որոշում է կայացրել իր իսկ կողմից կայացված 2012թ. հուլիսի 19-ի որոշումը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու մասին, որի արդյունքում 2012թ. հոկտեմբերի 5-ին կայացրած դատավճռով Արմեն Գասպարյանին դատապարտել է 5 տարի ժամկետով ազատազրկման:
Դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից ներկայացված բացատրությունից նույնպես ակնհայտ է, որ քրեական գործի վարույթի մասը կարճելու վերաբերյալ իր որոշումը կայացնելիս ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով, 313-րդ հոդվածով, իսկ թե գործի մասը կարճելու վերաբերյալ 2012թ. հուլիսի 19-ի որոշումը վերացնելու մասին որոշում կայացնելիս որ հոդվածներով է ղեկավարվել Դատարանը, նշված չէ (նշված չէ նաև որոշման մեջ, նշված է միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածով), քանի որ օրենսդրի կողմից ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի որևէ դատարանի տրված չէ իրավասություն վերանայելու, առավել ևս վերացնելու իր իսկ կողմից կայացրած` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը, անկախ այն հանգամանքից, թե նույն անձի կողմից կատարված մեկ դրվագ հանցավոր արարքի վերաբերյալ գործը դեռ գտնվում է նույն դատարանի վարույթում (դատաքննության փուլում), թե ոչ:
Իսկ ինչ վերաբերում է բացատրության մեջ նշված այն եզրույթին, որ քրեական դատավարության օրենսգիրքը չի բովանդակում որևէ նորմ, որն արգելում է մեղադրող կողմին առաջին ատյանի դատարանում երկրորդ անգամ փոփոխել առաջադրված մեղադրանքը և վերադառնալ նախկին մեղադրանքին, անհրաժեշտ չեմ համարում անդրադառնալ, քանի որ դատավոր Յուրիկ Իսկոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել դատավորի կողմից դատավարական և նյութական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալը, այլ ոչ թե մեղադրողի կողմից դատավարական և նյութական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալը:
Վերոգրյալի արդյունքում գտնում եմ, որ Դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի, 22-րդ հոդվածի, 91-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի, 21-րդ հոդվածի 2-րդ մասի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնց արդյունքում խախտվել են նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածով, 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածով, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքը և կրկին անգամ դատվելու անթույլատրելիությունը, որի արդյունքում կողմի համար առաջացել են ծանր հետևանքներ»:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավոր Յու. Իսկոյանը ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«Դատարանում 18.06.2012թ. ստացվել է քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Գասպարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասերով:
19.06.2012թ. քրեական գործն ընդունվել է վարույթ:
Դատաքննության ընթացքում` 19.07.2012թ., մեղադրող Ֆ. Բաղդասարյանը Դատարան է ներկայացրել որոշում` Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ: Նույն որոշմամբ մեղադրողը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքից հրաժարվել է: Մեղադրողը դատարանում, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով, 183-րդ հոդվածով, միջնորդել է քրեական գործի վարույթի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճել և այդ մասով ամբաստանյալ Արմեն Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով, 313-րդ հոդվածով, նույն օրը որոշում է կայացրել Արմեն Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի վարույթի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու վերաբերյալ:
ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ Վ. Մարգարյանը 06.09.2012թ. որոշում է կայացրել Արմեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին մեղադրող Ֆ. Բաղդասարյանի 19.07.2012թ. որոշումը վերացնելու և Արմեն Գասպարյանի մեղադրանքը Դատարանում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով պաշտպանելու վերաբերյալ:
20.09.2012թ. դատական նիստում գործով նոր ներգրավված մեղադրող Վ. Լազարյանը Դատարան է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի միջնորդությունը` քրեական գործի վարույթի մասն Արմեն Գասպարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու մասին Դատարանի 19.07.2012թ. որոշումը վերացնելու և գործը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով քննության առնելու խնդրանքով:
Դատարանը 20.09.2012թ. որոշում է կայացրել միջնորդությունը բավարարելու և գործի մասը կարճելու վերաբերյալ 19.07.2012թ. որոշումը վերացնելու մասին:
Նշված որոշման կայացման համար հաշվի են առնվել հետևյալ հանգամանքները.
Նախ` Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ մեղադրողի որոշումը ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի կողմից վերացնելու պայմաններում վերացել էր նաև քրեական գործի մասը կարճելու մասին Դատարանի 19.06.2012թ. որոշման հիմքը:
Դատախազի 06.09.2012թ. որոշմամբ ըստ էության Արմեն Գասպարյանին վերստին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:
Քրեական դատավարության օրենսգիրքը չի բովանդակում որևէ նորմ, որն արգելում է մեղադրող կողմին առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում` ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեկ անգամ փոփոխելուց հետո երկրորդ անգամ այն փոփոխել և վերադառնալ նախկին մեղադրանքին:
Առաջին ատյանի դատարանում մինչև դատական քննության ավարտը գործի քննությունը գտնվում է զարգացման վիճակում, իսկ դատավարական ճանապարհով ձեռք բերված նոր տվյալներով պայմանավորված` կարող են փոփոխել գործի հանգամանքները և ամբաստանյալին մեղսագրվող արարքի իրավաբանական որակումը:
Դատախազի կողմից 06.09.2012թ. որոշում կայացնելու պահին Արմեն Գասպարյանի կատարած մեկ դրվագ հանցավոր արարքի վերաբերյալ քրեական գործը գտնվել է դատական քննության փուլում, հետազոտվելիս են եղել նոր ապացույցներ, և վերջնական դատական ակտ կայացված չի եղել:
Հետևաբար Դատարանը գտել է, որ գործի մասը կարճելու վերաբերյալ նախկին որոշումը վերացնելու դեպքում որևէ կերպ չի կարող խախտվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված կրկնակի դատապարտման անթույլատրելիության սկզբունքը, քանի որ Արմեն Գասպարյանի կատարած հանցավոր արարքին Դատարանի կողմից դեռևս վերջնական գնահատական չէր տրվել:
Բացի այդ, քանի որ քրեական գործը դեռևս գտնվել է Դատարանի վարույթում, մեղադրողը զրկված է եղել քրեական գործի վարույթի մասն Արմեն Գասպարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու մասին Դատարանի 19.07.2012թ. որոշումը վերադաս դատական ատյաններում վիճարկելու հնարավորությունից: Հետևաբար Դատարանը նշված որոշումը վերացնելիս նկատի է ունեցել նաև այն, որ դատավարության մասնակիցները անհամաձայնության դեպքում քրեական գործի քննության ավարտից հետո կարող են իրացնել իրենց դատական պաշտպանության իրավունքը և նշված որոշումը գործի քննության ընթացքում վիճարկել Վերաքննիչ դատարանում:
Մինչդեռ եթե Դատարանը, այնուամենայնիվ, գնար մեղադրողի միջնորդությունը մերժելու ուղիով, ապա դա կտաներ քրեական գործի դատական քննության անհարկի և անորոշ ժամկետով ձգձգման, ինչպես նաև կհանգեցներ քրեական դատավարության հիմնական նպատակի` սոցիալական արդարության վերականգնման իրավունքի խախտման:
Պաշտպանական կողմը վերաքննության կարգով բողոքարկել է ինչպես Արմեն Գասպարյանի վերաբերյալ Դատարանի կողմից կայացրած 20.09.2012թ. որոշումը, այնպես էլ գործով վերջնական դատական ակտը` մեղադրական դատավճիռը:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1) Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
2012թ. հունիսի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Դատարան` ըստ էության քննելու համար:
2) 2012թ. հուլիսի 19-ին մեղադրող Ֆ. Բաղդասարյանի կողմից Դատարան է ներկայացվել Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և այն ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու մասին որոշում: Միաժամանակ մեղադրողը միջնորդել է ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործի վարույթը կարճել և այդ մասով ամբաստանյալ Արմեն Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` տուժողների կողմից բողոք չներկայացվելու և ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:
3) 2012թ. հուլիսի 19-ին Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով և 313-րդ հոդվածով, որոշել է. «Արմեն Գասպարյանի նկատմամբ քրեական գործի վարույթի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում»:
Դրանից հետո մեղադրանքը պաշտպանվել է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
4) 2012թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ Վ. Մարգարյանի կողմից որոշում է կայացվել Արմեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ մեղադրող Ֆ. Բաղդասարյանի 2012թ. հուլիսի 19-ի որոշումը վերացնելու մասին:
5) 2012թ. սեպտեմբերի 20-ին կայացած դատական նիստում գործին մասնակցող մեղադրող Վ. Լազարյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով վերացնել Դատարանի 2012թ. հուլիսի 19-ի որոշումը (Արմեն Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի վարույթի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու մասին) և քրեական գործը քննության առնել ըստ մեղադրանքի Արմեն Գասպարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:
Նույն օրը Դատարանի կողմից վերը նշված միջնորդությունը քննության է առնվել, և որոշում է կայացվել Դատարանի 2012թ. հուլիսի 19-ի որոշումը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու վերաբերյալ:
6) Դատարանի կողմից թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործով 2012թ. հոկտեմբերի 5-ին կայացված դատավճռով Արմեն Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման:
7) Պաշտպանի և դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքների արդյունքում թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործը ներկայումս գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` քննության փուլում:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
ՀՀ դատական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` օրենքի հիման վրա:
Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց գործելու սահմանադրաիրավական պահանջն առանցքային նշանակություն ունի սահմանադրական օրինականության ապահովման խնդրում, առանց որի անհնարին է ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության և քաղաքացիական հասարակության բնականոն զարգացումը:
Նշված հարցին անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴՈ-766 որոշմամբ` նշելով, որ «...պետական իշխանությունը հանդես է գալիս որպես պետականորեն կազմակերպված ժողովրդի հանրային իշխանության ձև, որն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Այդ բաժանումն իրականացվում է իշխանության գործառնական բնույթից ելնելով, որին համապատասխան ձևավորվում են անհրաժեշտ կառուցակարգեր՝ համապատասխան մարմիններ, որոնք սահմանադրորեն օժտվում են համարժեք լիազորություններով և իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քրեական գործով դատարանի դատավճիռը և այլ որոշումները կարող են վերանայել միայն համապատասխան վերադաս դատարանները` սույն օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոք բերվում է առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:
Վերոշարադրյալ նորմերից հետևում է, որ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իրավասու չէ վերանայել իր իսկ կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած` քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտ է: Նշված դատական ակտը վերանայելու լիազորությամբ օժտված է միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, այն էլ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համապատասխան ժամկետների պահպանմամբ իրավասու անձանց կողմից դրա դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործի քննության ընթացքում` 2012թ. հուլիսի 19-ին, Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով և 313-րդ հոդվածով, Արմեն Գասպարյանի նկատմամբ քրեական գործի վարույթի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճել է և քրեական հետապնդումը դադարեցրել` նշելով, որ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում: 20.09.2012թ. կայացած դատական նիստում գործին մասնակցող մեղադրողը գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով վերացնել Դատարանի 19.07.2012թ. որոշումը և քրեական գործը քննության առնել ըստ մեղադրանքի Արմեն Գասպարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:
Դատարանը 20.09.2012թ. որոշմամբ բավարարել է մեղադրողի միջնորդությունը, որի արդյունքում որոշում է կայացրել Արմեն Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի վարույթի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու մասին Դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.07.2012թ. որոշումը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու վերաբերյալ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» արտահայտությունը մեկնաբանելիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով` գանգատարկվող վարույթի կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան (տե՛ս Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի, գանգատներ թիվ 29458/04 և 29465/04, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2006 թվականի հուլիսի 20-ի վճիռը, կետ 28):
Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործով մեղադրողի կողմից ներկայացված միջնորդության քննության արդյունքում 20.09.2012թ. որոշումը կայացնելով` Դատարանը չի գործել որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»:
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի ենթադրյալ խախտման վերաբերյալ միջնորդության մեջ նշված փաստարկներին, ապա Խորհուրդը դրանց չի անդրադառնում` հիմք ընդունելով այն, որ թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործը ներկայումս գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` քննության փուլում:
Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավոր Յու. Իսկոյանը, դուրս գալով օրենքով վերապահված լիազորությունների սահմաններից, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 5-րդ հոդվածի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել: ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ռ. Բարսեղյան Կ. Բաղդասարյան Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Մ. Մակյան Գ. Խանդանյան Ս. Օհանյան |