Գլխավոր տեղեկություն
Համար
N 605-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.2013-27.09.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2013.07.10/6(53) Հոդ.597
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2013 թվականի N 605-Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ:

2. Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի տնօրինման և կառավարման գործառույթները վերապահել Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամին:

3. Հաստատել`

1) կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի տնօրինման և կառավարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սահմանել, որ Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի հիմնադրի անունից հանդես եկող կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության:

5. Մինչև հիմնադրամի խորհրդի կողմից հիմնադրամի տնօրենի ընտրությունը, հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հերմինե Արծրունի Հարությունյանին և հանձնարարել, սահմանված կարգով, ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

6. Որպես հիմնադրի գույքային ներդրում Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2013 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել հարյուր հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 6-ի N 605-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

1. Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի միջոցները կարող են ներդրվել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված, բացառապես վերադարձման բարձր հուսալիություն ունեցող հետևյալ ֆինանսական ակտիվներում`

1) Հայաստանի Հանրապետության թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում.

2) Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերում կամ բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերում` որպես բանկային ավանդ և (կամ) բանկային հաշիվ.

3) կենտրոնական բանկի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում.

4) ոսկու ստանդարտացված ձուլակտորներում.

5) բարձր վարկանիշ ունեցող պետությունների և (կամ) այդ պետությունների կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում.

6) բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում.

7) Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի խորհրդի որոշմամբ` այլ ֆինանսական ակտիվներում՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

2. Վարկանիշների թույլատրելի սահմանաչափերը և վարկանիշ սահմանող ընդունելի կազմակերպությունների ցանկը սահմանում է կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ)՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

Ընդ որում, կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն է:

3. Ֆոնդի տնօրինման և կառավարման գործառույթներն իրականացնող կազմակերպության լուծարման կամ սնանկ ճանաչվելու դեպքում ֆոնդի կառավարումն անցնելու է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամանակավոր այլ կառավարչի` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ֆոնդի հիմնական կառավարչի սահմանումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 6-ի N 605-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիություն երաշխավորող ֆոնդի կառավարումն է:

2. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Կուտակային կենսաթոշակների մասին» (այսուհետ` օրենք) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

3. Հիմնադրամի հայերեն անվանումն է` Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ:

4. Հիմնադրամի անգլերեն անվանումն է` Pension Guarantee Fund Management Foundation.

5. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 6:

6. Հիմնադրամն ունի իր անվանումը պարունակող դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացնող այլ միջոցներ:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ

 

7. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է (այսուհետ` հիմնադիր)` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է (այսուհետ` նախարարություն):

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿԸ

 

8. Հիմնադրամի գործունեության նպատակը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով (այսուհետ` երաշխավորված կուտակային վճարներ) վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) կառավարումն է:

9. Իր առջև դրված նպատակն իրագործելու համար հիմնադրամը`

1) օրենքով սահմանված պայմաններով կառավարում է ֆոնդի միջոցները.

2) միջնորդություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով սահմանված երաշխիքային վճարները չվճարած կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ներկայացրած հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստուգումներ անցկացնելու համար.

3) հավաքագրում է օրենքով սահմանված երաշխիքային վճարները.

4) իրականացնում է ֆոնդի միջոցների, երաշխավորված վճարների, կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների թվի և այլ վերլուծություններ.

5) ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն` հատուցումն օրենքով սահմանված կարգով կազմակերպելու համար.

6) լուսաբանում է կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարված կուտակային վճարների երաշխավորման և հատուցման գործընթացը.

7) կազմակերպում է հատուցման գործընթացը.

8) իրականացնում է օրենքով երաշխիքային ֆոնդի համար սահմանված այլ գործառույթներ:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Հիմնադրամը չի իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն:

11. Հիմնադրամը կարող է`

1) կնքել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և գործարքներ.

2) օրենքով սահմանված կարգով ձեռք բերել, ստանալ, վարձակալել կամ այլ պայմաններով, այդ թվում նաև` անվճար, օգտագործել անշարժ գույք, հիմնական միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք.

3) օտարել կամ վարձակալության և անվճար օգտագործման հանձնել հիմնադրամին պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք.

4) կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, իր աշխատողներին և այլ անձանց գործուղել այլ երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ.

5) ներդրումներ կատարել սույն կանոնադրության 5-րդ գլխի 16-րդ կետում նշված ֆինանսական ակտիվներում.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան անդամակցել տեղական, միջազգային և օտարերկրյա պետական և ոչ պետական կազմակերպություններին.

7) ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` ստանալ վարկեր, փոխառություններ, դրամաշնորհներ, հանգանակություններ, ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունք, տիրապետել և տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտները.

8) օրենքով սահմանված կարգով ստանալ կենսաթոշակային գաղտնիք կազմող և այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

9) հիմնադրամի կողմից կուտակային վճարների երաշխավորման և հատուցման գործընթացի լուսաբանման համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ.

10) իրականացնել օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՖՈՆԴԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

12. Հիմնադրամի գույքի սկզբնական արժեքը սույն կանոնադրությունը հաստատելու պահին կազմում է 100000 դրամ:

13. Ֆոնդի սկզբնական գույքը ձևավորվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվում կուտակվող երաշխիքային վճարների գումարներից, որոնք ֆոնդի ստեղծման պահից տասն օրվա ընթացքում փոխանցվում են ֆոնդի հաշվին: Ֆոնդի անունով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվին են փոխանցվում նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից օրենքի համաձայն փոխանցման ենթակա պարբերական վճարները: Ֆոնդն իր անունով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացում է նաև դեպո հաշիվ:

14. Ֆոնդի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել`

1) օրենքով սահմանված երաշխիքային վճարների գումարները.

2) դրանց կառավարումից ստացված եկամուտները.

3) ֆոնդի կողմից հատուցված և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ ձեռք բերած պահանջի հիման վրա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից ստացված գումարները.

4) օրենքով չարգելված այլ եկամուտներն ու միջոցները:

15. Ֆոնդի գույքի տնօրինումը և կառավարումն իրականացվում է օրենքով, կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի միջոցներ տնօրինման և կառավարման կարգով, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

16. Ֆոնդի միջոցների ներդրումը կատարվում է համաձայն կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի տնօրինման և կառավարման կարգի:

17. Հիմնադրամի ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը`

1) հիմնադրամի ծախսերն են`

ա. գործառնական ծախսերը,

բ. վարչական ծախսերը.

2) կապիտալ ներդրումների ծրագիրն իրենից ներկայացնում է`

ա. հիմնադրամի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումները,

բ. վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումները:

18. Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը հաստատվում են խորհրդի կողմից` հիմնադրամի ընթացիկ գործունեությունն ապահովելու, նրա կողմից օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

19. Վարչական ծախսերը ներառում են հիմնադրամի գործադիր մարմնի, վերստուգիչ հանձնաժողովի անդամների (վերստուգիչի), աշխատողների աշխատավարձը, խորհրդի անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերը, ինչպես նաև հիմնադրամի ընթացիկ գործունեության իրականացումն ապահովելու համար այլ ծախսեր:

20. Հիմնադրամի և ֆոնդի միջոցների հաշվառումն իրականացվում է առանձնացված: Ֆոնդի միջոցները չեն համարվում հիմնադրամի միջոցներ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ

 

21. Հիմնադրամի շահառուներն են կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

22. Հիմնադրամն ստեղծված է համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվելու պահից և գործում է անժամկետ:

 

VIII. ԽՈՐՀՈՒՐԴԸ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է:

24. Խորհուրդը կազմված է հինգ անդամից` խորհրդի նախագահ և մյուս անդամներ:

25. Խորհրդի անդամները նշանակվում են հետևյալ կարգով`

1) երկու անդամ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից.

2) մեկ անդամ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից.

3) մեկ անդամ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությամբ.

4) մեկ անդամ` մասնակիցների ռեեստր վարողից, մասնակիցների ռեեստր վարողի համաձայնությամբ:

Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամների կողմից:

26. Խորհրդի անդամները ներկայացվում են համապատասխան մարմնի ղեկավարի կողմից և հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

27. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով:

28. Խորհրդի անդամի` իր կողմից խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են` խորհրդի կողմից սահմանված կարգով:

29. Խորհրդի անդամն ազատվում է պաշտոնից օրենքով սահմանված դեպքերում:

30. Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում խորհուրդը տեղեկացնում է դրա մասին լիազորությունները դադարած անդամին ներկայացրած մարմնին, որն օրենքով սահմանված կարգով ներկայացնում է նոր խորհրդի անդամին, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

 

IX. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ

 

31. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են խորհրդի առնվազն երեք անդամ, ընդ որում, խորհրդի անդամները խորհրդի նիստերին մասնակցում են անձամբ: Խորհրդի նիստերում յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհուրդը որոշումներն ընդունում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

32. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի որոշմամբ կարող են հրավիրվել փորձագետ (փորձագետներ): Հիմնադրամի տնօրենը կարող է մասնակցել խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով:

33. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը երկու օրվա ընթացքում ստորագրվում է նիստին ներկա եղած բոլոր անդամների կողմից և պահվում է հիմնադրամում առնվազն հինգ տարի` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

34. Հիմնադրամի խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով` խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջը ներկայացնելուց 10 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային կամ կապի այլ միջոցների կիրառմամբ:

35. Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

36. Խորհրդի նիստը գումարվում է նաև հիմնադրամի տնօրենի առաջարկով, եթե`

1) տեղի է ունեցել օրենքով սահմանված հատուցման դեպք.

2) հատուցման ընթացքում առաջացել են խնդիրներ, որոնց լուծման իրավասությունը պատկանում է խորհրդին.

3) անհրաժեշտություն է առաջացել խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով փորձագետներ հրավիրել.

4) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից պարբերական երաշխիքային վճարների դադարեցման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում.

5) հիմնադրամի բնականոն գործունեության ընթացքում առաջացել է անհապաղ լուծում պահանջող խնդիրների լուծման անհրաժեշտություն.

6) սույն կետով նախատեսված հիմքերով խորհրդի նիստը գումարվում է հիմնադրամի տնօրենի կողմից առաջարկը ներկայացվելու հաջորդ օրը:

 

X. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

37. Խորհրդի անդամները, մինչև խորհրդի նիստի անցկացման օրվան նախորդող 10-րդ օրը, բացառությամբ կանոնադրության 36-րդ կետով նախատեսված դեպքերի, հիմնադրամի տնօրենին են ներկայացնում այն հարցերը և դրանց վերաբերյալ անհրաժեշտ նյութերը, որոնք պետք է ընդգրկվեն խորհրդի նիստի օրակարգում:

38. Հիմնադրամի տնօրենը, ստացված հարցերի և իր կողմից բարձրացված հարցերի հիման վրա կազմում է խորհրդի նիստի օրակարգը և կազմում խորհրդի համապատասխան որոշումների նախագծերը: Կազմված օրակարգը, որոշումների նախագծերը, կից նյութերը հիմնադրամի տնօրենը ներկայացնում է խորհրդի անդամներին, խորհրդի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

39. Խորհրդի նիստի ընթացքում, խորհուրդը հաստատում է հիմնադրամի տնօրենի կողմից ներկայացված օրակարգը կամ, անհրաժեշտության դեպքում, օրակարգում համապատասխան փոփոխություններ և լրացումներ է կատարում:

 

XI. ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

40. Խորհուրդն իրականացնում է հետևյալ լիազորությունները`

1) որոշում է ընդունում երաշխավորված կուտակային վճարների հատուցումն սկսելու մասին.

2) որոշում է ընդունում երաշխավորված կուտակային վճարների հատուցման և հատուցելը կազմակերպելու համար անհրաժեշտ միջոցների չափի մասին.

3) հաստատում է հիմնադրամի կանոնադրությունը, դրա մեջ փոփոխությունները և լրացումները.

4) հաստատում է հիմնադրամի գործունեությունը կարգավորող ներքին կարգերը.

5) հաստատում է հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը.

6) որոշում է ֆոնդի միջոցների կառավարման նպատակով ֆոնդի միջոցների ներդրման ուղենիշային պայուսակը.

7) որոշում է ընդունում հատուցման համար ֆոնդի միջոցների անբավարարության մասին.

8) հատուցման համար ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում որոշում է ընդունում անհրաժեշտ միջոցներ ներգրավելու ուղղությունների և պայմանների վերաբերյալ.

9) առնվազն եռամսյակը մեկ անգամ, իսկ հատուցման դեպք տեղի ունենալու դեպքում` ամիսը մեկ անգամ, լսում է հիմնադրամի տնօրենի հաշվետվությունները.

10) ընտրում է հիմնադրամի աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), սահմանում է վերջինիս վճարման չափը.

11) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը.

12) վերահսկում է հիմնադրամի ընթացիկ և ֆինանսատնտեսական գործունեությունը.

13) ընդունում է որոշումներ խորհրդի նախագահի, հիմնադրամի տնօրենի ընտրության և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններ ձևավորվելու մասին, սահմանում է հիմնադրամի տնօրենի վարձատրության չափը.

14) հաստատում է հիմնադրամի վարչական ծախսերը և դրա փոփոխությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունները.

15) հաստատում է հիմնադրամի աշխատողների վարձատրման, պարգևատրման և խորհրդի անդամների, իրենց կողմից խորհրդի անդամների պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման վճարման կարգը.

16) նշանակում է հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի անդամներին կամ վերստուգիչին, սահմանում է նրանց վարձատրության չափը.

17) վերահսկում է հիմնադրամի կողմից օրենքների, իրավական այլ ակտերի կատարումը.

18) գնահատում է իրականացված աուդիտորական արդյունքները, վերահսկում է բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների կատարումը.

19) ապահովում է ներքին հսկողության իրականացումը.

20) համաձայնություն է տալիս խոշոր գործարքների կնքմանը.

21) առաջարկություն է ներկայացնում խորհրդի անդամներին նշանակած մարմիններին տվյալ խորհրդի անդամին պաշտոնից ազատելու վերաբերյալ.

22) որոշում է ընդունում խորհրդին կից հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ.

23) սահմանում է վարկանիշների թույլատրելի սահմանաչափերը և վարկանիշ սահմանող ընդունելի կազմակերպությունների ցանկը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.

24) որոշում է ընդունում խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով փորձագետներ հրավիրելու վերաբերյալ.

25) որոշում է ընդունում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից պարբերական երաշխիքային վճարների դադարեցման վերաբերյալ

26) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

41. Սույն կանոնադրության իմաստով խոշոր գործարք է համարվում մեկ կամ մի քանի փոխկապակցված գործարքների կնքումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են հիմնադրամի կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի օտարման հնարավորության հետ, և որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է տվյալ տարվա համար հաստատված վարչական ծախսերի 5 տոկոս:

42. Խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

43. Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:

 

XII. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

44. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, ստորագրում է խորհրդի կողմից ընդունված որոշումները.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) կոորդինացնում է խորհրդին կից հանձնաժողովների գործունեությունը.

5) սույն կանոնադրության XI գլխի 40-րդ կետի 13-րդ ենթակետի հիման վրա ընդունված խորհրդի որոշման համաձայն հիմնադրամի անունից կնքում է հիմնադրամի և հիմնադրամի տնօրենի միջև պայմանագիրը:

45. Խորհրդի նախագահը պատասխանատվություն է կրում խորհրդի նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:

46. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է տարիքով ավագ խորհրդի անդամը:

 

XIII. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

47. Խորհրդի անդամների միջև պարտականությունների բաշխումն իրականացնում խորհուրդը` խորհրդի նախագահի առաջարկությամբ:

48. Խորհրդի անդամը կոորդինացնում է հիմնադրամի գործունեության` իրեն վերապահված կոնկրետ ոլորտի աշխատանքները և պատասխանատվություն կրում այդ ոլորտում խորհրդի կողմից իր վրա դրված պարտականությունների կատարման համար:

 

XIV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԸ

 

49. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է հիմնադրամի տնօրենը: Հիմնադրամի տնօրենը`

1) ապահովում է հիմնադրամի բնականոն գործունեությունը.

2) իր իրավասությունների սահմաններում պատրաստում է խորհրդի նիստերի օրակարգերը և որոշումների նախագծերը.

3) խորհրդի որոշած ուղենիշային պայուսակին համապատասխան կառավարում է ֆոնդի միջոցները.

4) առանց լիազորագրի հանդես է գալիս հիմնադրամի անունից, տալիս է լիազորագրեր.

5) հիմնադրամի անունից կնքում է գործարքներ, իսկ խորհրդի համաձայնության դեպքում նաև սույն կանոնադրությամբ սահմանված խոշոր գործարքներ.

6) հիմնադրամի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգերը, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

8) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

9) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի տարեկան վարչական, գործառնական ծախսերի նախահաշիվը և կապիտալ ներդրումների ծրագիրը.

10) առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, իսկ հատուցման դեպք տեղի ունենալու դեպքում` ամիսը մեկ անգամ, հաշվետվություն է ներկայացնում խորհրդին ֆոնդի գործունեության և միջոցների վերաբերյալ.

11) մոնիթորինգ է իրականացնում և խորհրդին է ներկայացնում հատուցման ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ.

12) առաջարկ է անում արտահերթ խորհրդի նիստ գումարելու վերաբերյալ.

13) հատուցման դեպք տեղի ունենալու դեպքում խորհրդի հաստատմանն է ներկայացնում հատուցումը կազմակերպելու համար անհրաժեշտ ծախսերը (այդ թվում` հատուցման համար).

14) հատուցման համար ֆոնդի միջոցները չբավարարելու դեպքում խորհրդին է ներկայացնում չբավարարող գումարի չափը, ինչպես նաև խորհրդի առջև քննարկման է ներկայացնում լրացուցիչ միջոցների ներգրավման ուղիները.

15) խորհրդի հաստատմանն է ներկայացնում տարեկան հաշվետվությունները.

16) կնքում է խորհրդի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության և հիմնադրամի միջև աուդիտորական ստուգումն իրականացնելու մասին պայմանագիրը.

17) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում է դրանց կատարումը.

18) միջոցներ է ձեռնարկում հիմնադրամի ֆինանսական տարվա ավարտից հետո օրենքով սահմանված ժամկետում հիմնադրամի գործունեության վերաբերյալ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը հրապարակելու ուղղությամբ.

19) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

50. Հիմնադրամի տնօրենն առանց խորհրդի համաձայնության չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

51. Հիմնադրամի և հիմնադրամի տնօրենի միջև կնքված պայմանագիրը կարող է ցանկացած ժամանակ լուծվել խորհրդի կողմից` տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

52. Հիմնադրամի տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև հիմնադրամի մարմիններին և այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար: Հիմնադրամի տնօրենի` օրենքին, սույն կանոնադրությանը չհակասող այլ իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունը սահմանվում են սույն գլխի 51-րդ կետում նշված պայմանագրով:

 

XV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ (ԿԱՄ ՎԵՐՍՏՈՒԳԻՉԸ).

ԴՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

53. Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) նշանակվում է խորհրդի կողմից` մինչև 3 տարի ժամկետով:

54. Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի քանակական կազմը սահմանվում է խորհրդի որոշմամբ:

55. Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) իր լիազորությունների շրջանակներում`

1) հսկողություն է իրականացնում հիմնադրամի ընթացիկ գործունեության և գործառնական ռիսկերի նկատմամբ.

2) հսկողություն է սահմանում հաշվապահական հաշվառման և հաշվետվության վարման նկատմամբ.

3) հսկողություն է իրականացնում հիմնադրամի տնօրենի և ստորաբաժանումների կողմից օրենքների, այլ իրավական ակտերի և հիմնադրամի ներքին ակտերի, տրված հանձնարարականների կատարման նկատմամբ.

4) խորհրդին հաշվետվություն է ներկայացնում օրենքներին և այլ իրավական ակտերին հիմնադրամի գործունեության համապատասխանության մասին.

5) եզրակացություններ և առաջարկություններ է տալիս խորհրդի ներկայացրած, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ.

56. Վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) ստուգում է հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ` ցանկացած ժամանակ կամ խորհրդի որոշմամբ:

57. Վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) պահանջով նրան պետք է ներկայացվեն հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները:

58. Վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) կարող է պահանջել արտահերթ խորհրդի նիստի գումարում` խորհրդի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

59. Վերստուգիչ հանձնաժողովի նիստերը գումարվում ամսական առնվազն մեկ անգամ: Արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի կամ վերստուգիչ հանձնաժողովի առնվազն երկու անդամների պահանջով:

60. Վերստուգիչ հանձնաժողովի (կամ վերստուգիչի) իրավասություններին վերաբերվող հարցերը չեն կարող փոխանցվել հիմնադրամի այլ մարմինների լուծմանը:

61. Վերստուգիչ հանձնաժողովի անդամները (կամ վերստուգիչը) չեն կարող հիմնադրամում զբաղեցնել այլ պաշտոն, կամ լինել հիմնադրամի կառավարման մարմինների հետ փոխկապակցված անձինք:

62. Վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) հաշվետու է խորհրդին: Վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) խորհրդին հաշվետվություններ է ներկայացնում խորհրդի որոշմամբ սահմանված կարգով:

63. Վերստուգիչ հանձնաժողովը (կամ վերստուգիչը) օրենքների, այլ իրավական ակտերի խախտումներ բացահայտելու դեպքում պարտավոր է դրանք ներկայացնել խորհրդին` միաժամանակ առաջարկելով այդ խախտումների վերացման և ապագայում չկրկնման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումներ:

 

XVI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

64. Հիմնադրամը կարող է լուծարվել կամ անվճարունակ (սնանկ) ճանաչվել միայն օրենքով սահմանված կարգով:

65. Ֆոնդը չի համարվում հիմնադրամի գույքը կամ նրա մի մասը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 6-ի N 605-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում կատարվող փոփոխությունները

 

(հազ. դրամ)

 

Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների նվազեցումները
նշված են փակագծերում)

1.Եկամուտների գծով

-

2.Ծախսերի գծով

(100.0)

3.Դեֆիցիտ

(100.0)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 6-ի N 605-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի աղյուսակում, N 4 հավելվածի N 1 աղյուսակում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարվող փոփոխությունները

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման
աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ելքերի ավելացումը նշված է փակագծերում)

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

-

(100.0)

(100.0)

այդ թվում`

     

Ա.Ներքին աղբյուրներ-ընդամենը

-

(100.0)

(100.0)

այդ թվում`

     

2.Ֆինանսական զուտ ակտիվներ

-

(100.0)

(100.0)

այդ թվում`

     

2.2. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում

-

(100.0)

(100.0)

Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ

-

(100.0)

(100.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

-

(100.0)

(100.0)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 6-ի N 605-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի աղյուսակում, ինչպես նաԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 3 հավելվածում կատարվող փոփոխությունները

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի նվազեցումները նշված են փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

(100.0)

(100.0)

     

այդ թվում`

     

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

-

(100.0)

(100.0)

     

այդ թվում`

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

-

(100.0)

(100.0)

     

այդ թվում`

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

-

(100.0)

(100.0)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 6-ի N 605-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի աղյուսակում, ինչպես նաԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 4 հավելվածում կատարվող փոփոխությունները

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական
դասակարգման հոդվածների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի նվազեցումները նշված են փակագծերում)

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

(100.0)

(100.0)

այդ թվում`

     

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

-

(100.0)

(100.0)

այդ թվում`

     

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

-

(100.0)

(100.0)

այդ թվում`

     

Պահուստային միջոցներ

-

(100.0)

(100.0)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 6-ի N 605-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի նվազեցումները նշված են փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

(100.0)

(100.0)

     

այդ թվում`

     

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

-

(100.0)

(100.0)

     

այդ թվում`

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

-

(100.0)

(100.0)

     

այդ թվում`

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

-

(100.0)

(100.0)

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

-

(100.0)

(100.0)

     

ՀՀ կառավարություն

-

(100.0)

(100.0)

     

որից`

     
     

Պահուստային միջոցներ

-

(100.0)

(100.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան