Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.9
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.04.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2221/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2221/02/10

2013 թ.

Նախագահող դատավոր՝

Դատավորներ՝

Ն. Տավարացյան

Ս. Միքայելյան

 

Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Պաստիչերիա Քեյք» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2012 թվականի որոշման դեմ` ըստ «Դոուլ Ֆուդ Քամփընի» ինք. ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) հայցի ընդդեմ Ընկերության, երրորդ անձ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` Գործակալություն)` Ընկերության անվամբ թիվ 12544 «DOLE» (Դոլ) և թիվ 13301 «DOLE & SUN Design» (Դոլ ընդ Սան դիզայն) ապրանքային նշանների գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության անվամբ թիվ 12544 «DOLE» (Դոլ) և թիվ 13301 «DOLE & SUN Design» (Դոլ ընդ Սան դիզայն) ապրանքային նշանների գրանցումները` որպես նրա կողմից կատարված անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 18.07.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.10.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.07.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» փարիզյան կոնվենցիայի 10-bis հոդվածը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, չի կիրառել «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ պարբերությունը, 219-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործում առկա 12.07.2012 թվականով թվագրված փաստաթուղթը չի վերաբերում «Ջենեռովա» ընկերությանը: Բացի այդ, քանի որ գործը վերաբերում է ապրանքային նշանի մասին վեճին, «ներկայացուցիչ» տերմինը պետք է մեկնաբանվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի կամ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի իմաստով, ինչի արդյունքում ակնհայտ կլինի, որ «Ջենեռովա» ընկերությունը Կազմակերպության ներկայացուցիչը չի հանդիսանում: Ավելին, Վերաքննիչ դատարանի որոշումից հնարավոր չէ հասկանալ, թե նշված փաստն ինչ նշանակություն ունի գործի համար և ինչպես է ապացուցում Ընկերության` անբարեխիղճ մրցակցության գործողություն կամ վարքագիծ ցուցաբերելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանն ըստ էության չի պատճառաբանել, թե ինչու է Ընկերության կողմից ապրանքային նշանի գրանցման հայտի ներկայացումը հանդիսանում անբարեխիղճ մրցակցության գործողություն, այդ թվում նաև` ինչպես են Ընկերության կողմից խախտվել բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության, ինչպես նաև անաչառության սկզբունքներն ու գործարար շրջանառության սովորույթները: Ավելին, ինչ վերաբերում է վերջինիս խախտման մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, ապա այն ևս զուրկ է իրավական և փաստական հիմքերից: Մասնավորապես` որպեսզի խոսք լինի գործարար շրջանառության որևէ սովորույթի մասին, առնվազն պետք է հաստատված լինի, որ տվյալ կանոնը ձեռնարկատիրական գործունեության որևէ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի կանոն է: Մինչդեռ, սույն գործով այդպիսի քննություն, հետազոտում կամ գնահատում իրականացված չէ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործում առկա չէ որևէ փաստական հանգամանք կամ որևէ ապացույց այն մասին, որ Ընկերությունը վիճարկվող ապրանքային նշանների գրանցման համար դիմելիս իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի իմաստով: Հետևաբար, սույն գործով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածները կիրառելի չեն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Գործակալությունը պարտավոր է մերժել ապրանքային նշանի գրանցման ցանկացած հայտ, եթե հայտատուն հայտը ներկայացնելիս դրսևորեր անբարեխիղճ մրցակցության գործողություն (վարքագիծ), խախտեր բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և անաչառության սկզբունքները, ինչպես նաև գործարար շրջանառության սովորույթները, և եթե վիճարկվող ապրանքային նշանները գրանցվել են, ապա դա նշանակում է, որ նշված մերժման հիմքերը բացակայում են: Այսինքն` գրանցելով ապրանքային նշանները` Գործակալությունը նաև հավաստում է, որ հայտատուն անբարեխիղճ մրցակցության գործողություն ու վարքագիծ չի ցուցաբերել: Հետևաբար, եթե նույնիսկ Կազմակերպությունն ունի հիմնավորված պահանջ, ապա այդ պահանջը կարող է ուղղված լինել բացառապես ապրանքային նշանը գրանցած պետական մարմնին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ վիճարկվող ապրանքային նշանների օգտագործումը դադարեցնելու պահանջ ներկայացված չի եղել և սույն գործով քննության չի առնվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.10.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով դատաքննության ժամանակ ո՛չ Ընկերության և ո՛չ էլ Դատարանի կողմից «Ջենեռովա» ընկերության և Կազմակերպության հարաբերություններին առնչվող հարց չի դրվել, և այդ պատճառով էլ վերջիններիս միջև եղած պայմանագրերը չեն ներկայացվել, քանի որ Դատարանի կողմից դրանք չեն պահանջվել` բավարար համարելով ներմուծումը հաստատող մաքսային փաստաթղթերը: Ավելին, գործի կոնտեքստում որևէ նշանակություն չունի, թե Կազմակերպությունն ինչպես է իրականացնում տնտեսական շրջանառություն, այսինքն` օգտագործում իրեն պատկանող «DOLE» ապրանքային նշանը:

Սույն գործով Կազմակերպության պահանջն է եղել անվավեր ճանաչել թիվ 12544 «DOLE» (Դոլ) և թիվ 13301 «DOLE & SUN Design» (Դոլ ընդ Սան դիզայն) ապրանքային նշանների գրանցումներն Ընկերության անվամբ` որպես Ընկերության կողմից կատարված անբարեխիղճ մրցակցության գործողություն, և դատաքննությունն էլ ծավալվել է հենց այդ վեճի առարկայի շուրջ:

Ընկերությունը, յուրացնելով Կազմակերպությանը պատկանող «DOLE» և «DOLE & SUN Design» ապրանքային նշանները, ինչպես նշել է Վերաքննիչ դատարանը, հենվելով օրենսդրության համապատասխան նորմերի վրա, կարող է սպառողի մոտ առաջացնել շփոթություն ապրանքն արտադրողի վերաբերյալ, մոլորեցնել հասարակությանը և հասցնել վնաս Կազմակերպության համբավին ու վարկարժեքին (անբարեխիղճ մրցակցության տեսակներ): Այսինքն` վիճարկվող ապրանքային նշանների գրանցումները խախտել են և դեռ կարող են խախտել բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և անաչառության սկզբունքները: Իսկ ինչ վերաբերում է գործարար շրջանառության սովորույթներին, ապա մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ «հենության» կանխումը ձևավորված և լայնորեն կիրառվող կանոն է, ինչն էլ և կիրառել է Դատարանը:

Ընկերության փաստարկները` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի վերաբերյալ, անհիմն են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Գործակալությունը 27.02.2008 թվականին «DOLE» (Դոլ) ապրանքային նշանը թիվ 12544 հերթական համարի տակ գրանցել է Ընկերության անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 128-129):

2) Գործակալությունը 07.10.2008 թվականին «DOLE & SUN Design» (Դոլ ընդ Սան դիզայն) ապրանքային նշանը թիվ 13301 հերթական համարի տակ գրանցել է Ընկերության անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 126-127):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական խնդիրներին, թե`

1) ապրանքային նշանի գրանցումը որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացված լինելու դեպքում որ փաստերն են կազմում գործով ապացուցման առարկան,

2) ում դեմ պետք է ներկայացվի նման պահանջը:

 

1) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է նույն օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ցանկացած կեղծ կամ անհիմն հայտարարություն, որը վարկաբեկում է կամ կարող է վարկաբեկել տնտեսվարող սուբյեկտին, նրա գործունեությունը կամ առաջարկած ապրանքները, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը շփոթություն առաջացնելուց անկախ վնասում է կամ կարող է վնասել տնտեսվարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը (ոչ նյութական ակտիվը), համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարար շրջանառության սովորույթ է համարվում ձեռնարկատիրական գործունեության որևէ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի կանոնը, անկախ դրա` որևէ փաստաթղթում ամրագրման հանգամանքից:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ձեռնարկատիրական գործունեության ընթացքում իրականացվող ցանկացած գործողությունը կամ վարքագիծը, որը հակասում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության, այն է` ազնվության, արդարության, ճշմարտության և անաչառության սկզբունքները, համարվում է անբարեխիղճ մրցակցություն, որն արգելված է օրենքի ուժով:

Անբարեխիղճ մրցակցության գործողություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում դրսևորվող ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը`

1. առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, կամ

2. մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, կամ

3. շփոթություն առաջացնելուց անկախ վնասում է կամ կարող է վնասել տնտեսվարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը (ոչ նյութական ակտիվը),

4. իրենից ներկայացնում է ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ցանկացած կեղծ կամ անհիմն հայտարարություն, որը վարկաբեկում է կամ կարող է վարկաբեկել տնտեսվարող սուբյեկտին, նրա գործունեությունը կամ առաջարկած ապրանքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տնտեսական ընկերակցություններ և ընկերություններ են համարվում իրենց հիմնադիրների (մասնակիցների)` բաժնեմասերի բաժանված կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ունեցող առևտրային կազմակերպությունները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` տնտեսական ընկերությունները կարող են ստեղծվել սահմանափակ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության կամ բաժնետիրական ընկերության ձևով:

Վերոգրյալ դրույթների վերլուծությունից հետևում է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեության ձեռնարկատիրական բնույթը որոշելու համար անհրաժեշտ է ոչ միայն գնահատել այդպիսի գործունեության առանձին հատկանիշները, այլև հաշվի առնել տնտեսվարող սուբյեկտի կազմակերպաիրավական ձևը: Կազմակերպաիրավական ձևը կանխորոշում է տնտեսվարող սուբյեկտի գործունեության բնույթը: Մասնավորապես` տնտեսական ընկերությունները և ընկերակցություններն իրենց ստեղծմամբ հետապնդում են շահույթ ստանալու նպատակ` տնտեսության որոշակի ոլորտում գործունեություն ծավալելով: Հետևաբար, եթե քաղաքացու կողմից իրականացվող գործունեության ձեռնարկատիրական բնույթի պարզման համար, ի թիվս այլ հատկանիշների, անհրաժեշտ է հաշվի առնել նաև շահույթ (եկամուտ) ստանալու նպատակը (իրավական հիմնավորումները տե'ս Նունե Սահակյանն ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի թիվ 3-1161(ՏԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի որոշումը), ապա տնտեսական ընկերությունների կամ ընկերակցությունների դեպքում այդպիսի նպատակը կանխորոշված է նրանց կազմակերպաիրավական ձևով: Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Նունե Սահակյանն ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի գործով գործունեության ձեռնարկատիրական բնույթը պարզելու վերաբերյալ արտահայտած իր դիրքորոշումը, մասնավորապես` այն, որ այդպիսի գործունեությունը, բացի շահույթ ստանալու նպատակ հետապնդելուց, պետք է կրի նաև պարբերական բնույթ և կատարվի անձի նախաձեռնությամբ (ռիսկով):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված բոլոր հատկանիշներն էլ վերաբերելի են տնտեսական ընկերակցություններին կամ ընկերություններին: Այդուհանդերձ, այլ է խնդիրը, երբ տնտեսվարող սուբյեկտը, ունենալով համապատասխան կազմակերպաիրավական ձև, փաստացի չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման փաստի ապացուցումը կարող է իրականացվել հարկային մարմինների կողմից ընկերության գործունեության կասեցման վերաբերյալ ներկայացված համապատասխան ապացույցով:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Ընկերության կողմից «DOLE» (Դոլ) և «DOLE & SUN Design» (Դոլ ընդ Սան դիզայն) ապրանքային նշանների գրանցման և իրավական պահպանություն ստանալու հայտը Գործակալություն ներկայացնելն իրենից ներկայացնում է անբարեխիղճ մրցակցության գործողություն (վարքագիծ), որով Ընկերությունը կարող է խախտել բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և անաչառության սկզբունքները, ինչը հակասում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին: Ավելին, անբարեխիղճ մրցակցությունից պաշտպանության վերաբերյալ դրույթներ են սահմանված նաև «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» փարիզյան կոնվենցիայի 10-bis հոդվածում, որի պահանջներին չեն համապատասխանում Ընկերության գործողությունները, որպիսի պայմաններում Կազմակերպության իրավունքները ենթակա են պաշտպանության:

Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ Ընկերության կողմից իրականացված որևէ գործողության կամ վարքագծի անբարեխիղճ մրցակցություն (անբարեխիղճ մրցակցության գործողություն) համարվելու համար նախ անհրաժեշտ էր, որպեսզի այն դրսևորվեր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս, ինչպես նաև պարունակեր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով անբարեխիղճ մրցակցությանը (անբարեխիղճ մրցակցության գործողությանը) ներկայացվող պարտադիր տարրերը: Նշված փաստերն էլ կազմում են սույն գործով ապացուցման առարկան, մինչդեռ որևէ ապացույց առ այն, որ Ընկերությունն օգտագործել է վիճարկվող ապրանքային նշանը ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, Կազմակերպության կողմից չի ներկայացվել: Հետևաբար, զուտ ապրանքային նշանի գրանցման փաստը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով չի համարվում իրավաբանական անձի կողմից թույլ տրված անբարեխիղճ մրցակցության գործողություն: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համատեքստում գործողության կամ վարքագծի` որպես անբարեխիղճ մրցակցություն համարվելու համար անհրաժեշտ էր նախ և առաջ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի հաստատումը:

Վերը նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-15-րդ հոդվածները, ինչն ազդել է գործի ելքի վրա:

 

2) Անդրադառնալով Ընկերության դեմ պահանջ ներկայացնելու իրավաչափության խնդրին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են ապրանքային նշանների գրանցման հայտերի ընդունումը և քննարկումը, դրանց փորձաքննության անցկացումը, ապրանքային նշանների պետական գրանցումը, պետության անունից գրանցման վկայագրերի հանձնումը:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է նույն օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա:

Նշված դրույթների վերլուծությունից հետևում է, որ ապրանքային նշանների պետական գրանցման իրականացման գործառույթը վերապահված է բացառապես պետական լիազոր մարմնին (Գործակալությանը): Պետական լիազոր մարմնի կողմից ապրանքային նշանի պետական գրանցում իրականացնելու պահից տվյալ նշանի նկատմամբ ծագում է այդ նշանի իրավատիրոջ իրավունքը, և քանի դեռ ապրանքային նշանի գրանցման փաստը «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 22-րդ կամ 23-րդ հոդվածներով սահմանված կարգով չի վիճարկվել կամ իրավատերը չի հրաժարվել ապրանքային նշանի նկատմամբ իրավունքից, գործում է այդ ակտի իրավաչափության կանխավարկածը: Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերահաստատել Կարեն Մնացականյանն ընդդեմ Սեդա Ներսիսյանի և այլոց գործով արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ վարչական մարմնի կողմից իրավունքի գրանցման վերաբերյալ ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված ակտն իրավաչափ է, և որևէ անձ, այդ թվում՝ պետական մարմին, չի կարող կասկածի տակ դնել այդ ակտի իրավաչափությունը (տե'ս Կարեն Մնացականյանն ընդդեմ Սեդա Ներսիսյանի և այլոց թիվ ԱՎԴ1/0098/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության կողմից ապրանքային նշանների գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի ներկայացումը ենթադրում է հենց վարչական ակտի (ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի պետական գրանցման) վիճարկում: Մինչդեռ, նման պահանջ չի կարող ներկայացվել ապրանքային նշանի իրավատիրոջ` Ընկերության դեմ, քանի որ ապրանքային նշանների գրանցումն իրականացնում է Գործակալությունը: Փաստերի դասավորվածության նման պայմաններում գործում է Ընկերության անվամբ թիվ 12544 «DOLE» (Դոլ) և թիվ 13301 «DOLE & SUN Design» (Դոլ ընդ Սան դիզայն) ապրանքային նշանների գրանցումների իրավաչափության կանխավարկածը:

Վերոգրյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս ատյանները խախտել են «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 7-րդ հոդվածները, որպիսի խախտումն էլ ազդել է սույն գործի ելքի վրա:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2012 թվականի որոշումը և այն փոփոխել. «Դոուլ Ֆուդ Քամփընի» ինք. ընկերության հայցը մերժել:

2. «Դոուլ Ֆուդ Քամփընի» ինք. ընկերությունից հօգուտ «Պաստիչերիա Քեյք» ՍՊԸ-ի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար, և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան