«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մայիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 ապրիլի 2013 թ. |
թիվ 104-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ստեղծել նպաստավոր պայմաններ ներդրումային ֆոնդերի կառավարման ադմինիստրատիվ գործառույթների արդյունավետության բարձրացման և ծախսատարության նվազման համար,
հաշվի առնելով, որ այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2012 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունվել էր պաշտոնական պարզաբանում, ըստ որի այն ուժի մեջ է մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համապատասխան կանոնակարգի ընդունումը,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 5-րդ մասը, 54-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերը, 55-րդ հոդվածի 3-րդ մասը, 56-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 57-րդ հոդվածի 2-րդ մասը, 58-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 3-րդ և 4-րդ մասերը, 60-րդ հոդվածի 2-րդ մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը, 62-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ը (այսուհետ` Կանոնակարգ) լրացնել 2.8-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.8. Կառավարիչը կարող է միաժամանակ իրականացնել իր կողմից կառավարվող ֆոնդերի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) թողարկած արժեթղթերի պահառություն, որի համար Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված թույլտվությունը համարվում է բոլոր կառավարիչներին տրված: Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված լրացուցիչ ծառայության վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված դրույթները կիրառվում են այլ անձանց կողմից կառավարվող ֆոնդերի փայերի կամ բաժնետոմսերի՝ կառավարչի կողմից պահառության իրականացման նկատմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. ապրիլի 18 Երևան |