Գլխավոր տեղեկություն
Համար
N 538-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.05/29(969) Հոդ.546
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2013 թվականի N 538-Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 21-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված, գրադարանների կամ ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 23-ի N 538-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այսուհետ` սեփականատեր) սեփականությունը համարվող գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցում (այսուհետ` պետական աջակցություն) տրամադրելու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

2. Ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված, ոչ պետական սեփականություն համարվող գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի պետական աջակցություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը (այսուհետ` նախարարություն) նախատեսված «Գրադարանային ծառայություններ» ծրագրի շրջանակներում:

3. Ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված, ոչ պետական սեփականություն համարվող գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի պետական աջակցություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին (այսուհետ` նախարար) կից ստեղծվում է առնվազն 5 անդամից կազմված հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում են նախարարի հրամանով:

4. Հանձնաժողովը քննարկում է սույն կարգի համաձայն իրեն ներկայացված փաստաթղթերը և նախարարին տրամադրում առաջարկություն ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված, ոչ պետական սեփականություն համարվող գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի պետական աջակցություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ:

5. Ոչ պետական սեփականություն համարվող գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը հանձնաժողովի կողմից տրվում է սեփականատիրոջ հայտի համաձայն, որի ձևը հաստատվում է նախարարի հրամանով:

6. Սեփականատիրոջը պետական աջակցություն կարող է տրամադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 19-Ն որոշմամբ հաստատված կարգով ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված գրավոր հուշարձանների և փորձաքննությամբ արժևորված փաստաթղթերի համար:

7. Սեփականատերերին պետական աջակցություն կարող է տրամադրվել ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված գրադարանային փաստաթղթի`

1) վերականգնման կամ ամրակայման,

2) հիմնական և ժամանակավոր ցուցադրությանը մասնակցության,

3) թվանշանային գրադարանում ընդգրկելու և (կամ) կատալոգի հրատարակության համար:

8. Պետական աջակցություն ստանալու համար սեփականատերը հայտին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

1) տեղեկանք ազգային գրադարանային հավաքածուի կազմում իր սեփականությունը համարվող գրադարանային փաստաթղթի ընդգրկվածության մասին.

2) սույն կարգի 7-րդ կետում նշված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ` ակնկալվող պետական աջակցության չափը` նախահաշվով:

9. Հայտն ու կից փաստաթղթերն ընդունում և գրանցում է նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանում)` էլեկտրոնային եղանակով` համաձայն գործող օրենսդրության: Կառուցվածքային ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք: Եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա կառուցվածքային ստորաբաժանումը սեփականատիրոջն առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն:

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետում սեփականատիրոջ կողմից փաստաթղթերի թերությունները չվերացվելու կամ ներկայացված փաստաթղթերը սույն կարգի պահանջներին չհամապատասխանեցվելու դեպքում կառուցվածքային ստորաբաժանումը հայտը վերադարձնում է:

11. Կառուցվածքային ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սեփականատիրոջ ներկայացրած փաստաթղթերը և երկու աշխատանքային օրվա ընթացքում նախարարին գրավոր տեղեկացնում է հանձնաժողովի նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին` կցելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը:

12. Նախարարը 10 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի նիստ:

13. Հանձնաժողովը քննարկում է սույն կարգի 7-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պետական աջակցություն տրամադրելու հարցը և աջակցության չափը:

14. Հանձնաժողովն աջակցության չափը որոշում է համապատասխան գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպության եզրակացության հիման վրա:

15. Հանձնաժողովի կողմից հայտը մերժվում է, եթե՝

1) այն չի բավարարում սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերի պահանջները.

2) հիմնական և ժամանակավոր ցուցադրությանը մասնակցության համար ներկայացված ազգային գրադարանային հավաքածուի ցուցադրումն անհնարին է գրադարանային փաստաթղթի ֆիզիկական պահպանվածության ոչ բավարար վիճակի կամ վերականգնման ընթացքում գտնվելու պատճառով, ինչը հաստատված է փորձագետի կամ մասնագետի եզրակացությամբ.

3) մասնագիտացված կազմակերպությունը տվել է բացասական եզրակացություն:

16. Հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի առաջարկությունն ստանալուց հետո կառուցվածքային ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է սեփականատիրոջը ծանուցելու վերաբերյալ գրություն, դրան կցում է հանձնաժողովի առաջարկության պատճենը և ներկայացնում նախարարին՝ ստորագրման:

17. Հայտը բավարարելու մասին հանձնաժողովի առաջարկության հիման վրա պետական աջակցության չափը ներառվում է նախարարության վերականգնման, ցուցահանդեսների կազմակերպման, հրատարակչական բյուջետային հայտում, իսկ ֆինանսական միջոցների հատկացման հնարավորության հարցը սահմանված կարգով քննարկվում է տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

18. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում պետական աջակցության չափը ներառելու դեպքում սեփականատիրոջ հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

19. Պետական աջակցություն ստացած սեփականատերը նախարարություն է ներկայացնում պետական աջակցության ժամանակահատվածում իր կողմից իրականացված գործունեության մասին տեղեկույթ (ոչ ֆինանսական, բովանդակային): Տեղեկույթի ձևերը հաստատվում են նախարարի հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան