Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-12-Ո-19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.08/24(964) Հոդ.424
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.04.2013
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԽ-12-Ո-19

2013 թ.

 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՍՏՂԻԿ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՄՐԱՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի
   

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

Վ. Աբելյանի, Կ. Բաղդասարյանի,

Ռ. Բարսեղյանի, Գ. Խանդանյանի,

Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի,

Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի,

Ս. Օհանյանի

   

մասնակցությամբ` դատավորներ

Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի,
Ա. Պետրոսյանի

 

 

ՀՀ արդարադատության նախարարի

պաշտոնակատար


Հ. Թովմասյանի

քարտուղարությամբ`

Շ. Վարդանյանի

 

2013 թվականի ապրիլի 12-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ա. Խառատյանին, Կ. Չիլինգարյանին և Ա. Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ արդարադատության նախարարի 08.12.2011 թվականի թիվ 209-Ա հրամանով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի և Ա. Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Անի Թորոսյանի դիմումը` հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2008թ. վճռի համաձայն` Հովհաննես Մինասյանի` քաղաքացուն անգործունակ ճանաչելու պահանջի մասին դիմումը մերժվել է (նշված դիմումով Հովհաննես Մինասյանը խնդրել էր անգործունակ ճանաչել իր հարազատ եղբայր Արմեն Մինասյանին): Դիմումի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արմեն Մինասյանը Հովհաննես Մինասյանի ընտանիքի անդամը չի հանդիսանում և հետևաբար, իրավասու չէ անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնել:

Հովհաննես Մինասյանը 02.04.2008թ. դիմել է Արաբկիր համայնքի ղեկավարին, որպեսզի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից եղբորը` Արմեն Մինասյանին, անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացվի դատարան:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Ս. Արամյան) 19.09.2008թ. վճռի համաձայն` քաղաքացի Արմեն Մինասյանին անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը բավարարվել է: Նշված վճռում, մասնավորապես, նշվել է «…Ըստ փորձաքննության արդյունքների Ա. Մինասյանը տառապում է «սակավամտություն, դեբիլություն» հոգեկան հիվանդությամբ: Սակավամտությունն արտահայտված է փորձաքննվողի մոտ այն աստիճան, որ զրկում է նրան իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից:….Տվյալ դեպքում դատարանը հաստատված է համարում, որ Ա. Մինասյանը, իրոք տառապում է հոգեկան հիվանդությամբ և հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք…»:

Այսինքն` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Ա. Մինասյանը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել այն: Նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 19.10.2008թ.:

Սակայն մինչ վճռի օրինական ուժի մեջ մտնելը Հ. Մինասյանը Ա. Մինասյանից վերցրել է լիազորագիր, որպեսզի վաճառի Ա. Մինասյանին պատկանող Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Ա. Խաչատրյան 19 շենքի թիվ 35 բնակարանի բաժնեմասը, որի հիման վրա 16.10.2008թ. կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Ուստի Հ. Մինասյանը, քաջատեղյակ լինելով եղբոր` իր գործողությունները հասկանալու և ղեկավարելու ունակության բացակայության մասին, ստացել է վերջինիցս լիազորագիր և կնքել է առուվաճառքի պայմանագիր:

Ա. Մինասյանի խնամակալի ներկայացուցչի միջոցով 19.10.2009թ. ներկայացվել է հայցադիմում` Ա. Մինասյանի կողմից Հ. Մինասյանին 01.10.2008թ. տրված լիազորագիրը անվավեր ճանաչելու պահանջի մասին: Որպես հայցապահանջի իրավական հիմնավորում հայցվորը նշել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307-րդ և 311-րդ հոդվածները:

Ա. Մինասյանի խնամակալի ներկայացուցչի կողմից 13.04.2010թ. հայցապահանջն ավելացնելու վերաբերյալ դիմում է ներկայացվել, մասնավորապես, կիրառել գործարքի անվավերության հետևանքները` անվավեր ճանաչել մի կողմից Ա. Մինասյանի, Հ. Մինասյանի և մյուս կողմից Ա. Մարգարյանի միջև 16.10.2008թ. կնքված Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Ա. Խաչատրյան 19 շենքի թիվ 35 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը, անվավեր ճանաչել մի կողմից Ա. Մարգարյանի և մյուս կողմից Գ. Գևորգյանի և Ա. Սարգսյանի միջև Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Ա. Խաչատրյան 19 շենքի թիվ 35 բնակարանի վերաբերյալ կնքված առուվաճառքի գործարքը:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ռ. Վարդազարյան) 10.06.2010թ. վճռի համաձայն` 19.10.2009թ. ներկայացված հայցը մերժվել է:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.06.2010թ. վճռի համաձայն հայցը մերժվել է այն հիմնավորմամբ, որ «….Դատարանը գտնում է, որ գործում բացակայում է այն ապացույցը, որը թույլ կտար դատարանին եզրակացնել, որ Արմեն Մինասյանի կողմից Հովհաննես Մինասյանին 01.10.2008թ. լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը չէր կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք»:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նշված եզրահանգման է եկել այն պարագայում, երբ գործում առկա 21.07.2008թ. տրված բժշկական տեղեկանքում հստակ նշված է եղել, որ «…Վերոգրյալի հիման վրա հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ Արմեն Մինասյանը տառապում է «սակավամտություն, դեբիլություն» հոգեկան հիվանդությամբ: Սակավամտությունն արտահայտված է փորձաքննվողի մոտ այն աստիճան, որ զրկում է նրան իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Ուստի Արմեն Մինասյանին հարկ է ճանաչել անգործունակ»: Ավելին, գործում առկա է նաև ՀՀ ԱՆ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի նախագահի գրությունն այն մասին, որ Արմեն Մինասյանը մանկուց տառապում է սակավամտությամբ և կատարված փորձաքննությունից 2-3 ամիս անց չէր կարող նոտարական գրասենյակում գործարք կնքել, քանի որ նա չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք: Հարկ է նկատել նաև, որ քննության պահին արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է եղել այն հանգամանքը, որ Ա. Մինասյանը անգործունակ է:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.06.2010թ. վճռի պատճառաբանական մասում նշվել է նաև. «…Մինչդեռ, տվյալ դեպքում, Արմեն Մինասյանը ճանաչվել է անգործունակ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 19.09.2008թ. վճռով, որը մտել է օրինական ուժի մեջ 19.10.2008թ., այսինքն` 01.10.2008թ. լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված չէր:

Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի կողմից որպես ապացույց ներկայացված ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008թ. թիվ 206/08 բժշկական եզրակացությանը, դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ եզրակացության մեջ մանրամասն նկարագրված է Արմեն Մինասյանի հիվանդությունը, այնուամենայնիվ այնտեղ բացակայում է «իր գործողությունների նշանակությունը չհասկանալու կամ դրանք չղեկավարելու» հանգամանքը և արտահայտությունը: Հետևաբար, դատարանը գտնում է, որ դատահոգեբուժական փորձաքննության 21.07.2008թ. եզրակացությունը թույլ չի տալիս կատարելու այնպիսի եզրահանգում, որ 01.10.2008թ. լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը ընդունակ չէր հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք…»:

Վերը նշված վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Դատարանի 08.12.2010թ. որոշմամբ մերժվել է: Մասնավորապես, նշված որոշման պատճառաբանական մասում նշված է. «…Կոնկրետ դեպքում Արմեն Մինասյանը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 19.09.2008թ. թիվ ԵԱՔԴ/1240/02/08 վճռով ճանաչվել է անգործունակ: Այդ վճիռն օրինական ուժի մեջ է մտել 19.10.2010թ., ուստի 01.10.2008թ.` լիազորագիրը տալու պահին, Արմեն Մինասյանը ճանաչված չէր անգործունակ, հետևաբար վերջինիս կողմից 01.10.2008թ. տրված լիազորագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկներին, որ Արմեն Մինասյանը լիազորագիրը տալու պահին չի հասկացել իր գործողությունների նշանակությունը և չի ղեկավարել դրանք, ապա դրանք անհիմն են, քանզի դրանք հիմնավորող որևէ պատշաճ ապացույց բողոք բերած անձի կողմից չի ներկայացվել դատարանին, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր ոք պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը»:

Վերը նշված որոշման դեմ 10.01.2011թ. ներկայացվել է վճռաբեկ բողոք, որն էլ 16.02.2011թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:

ՀՀ վճռաբեկ դատարանը 01.04.2011թ. որոշմամբ բեկանել է Դատարանի 08.12.2010թ. որոշումը և գործն ուղարկել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` գործունակ, սակայն գործարքի կնքման պահին այնպիսի վիճակում գտնվող քաղաքացու կնքած գործարքը, երբ նա ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, դատարանով կարող է անվավեր ճանաչվել այդ քաղաքացու կամ այն անձանց հայցով, որոնց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը խախտվել են այդ գործարքը կնքելու հետևանքով: Հետագայում անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել նրա խնամակալի հայցով, եթե ապացուցված է, որ գործարքը կնքելու պահին քաղաքացին ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով, անբավարար է համարել քաղաքացիական գործում առկա ապացույցները, որոնք կարող են հիմք հանդիսանալ (այն անձի կողմից, ով գործարքի կնքման ժամանակ չի հասկացել իր գործողությունների նշանակությունը և չի ղեկավարել դրանք) գործարքի անվավերության համար այն պարագայում, երբ քաղաքացիական գործում առկա են եղել համապատասխան ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը, ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի նախագահի գրությունը և քաղաքացիական գործի քննության պահին արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած 19.09.2008թ. վճիռը (Ա. Մինասյանը ճանաչվել է անգործունակ):

Այսինքն` առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն նշվել է, որ հայցվորի կողմից չեն ներկայացվել ապացույցներ, որոնց համաձայն Ա. Մինասյանը լիազորագրի տրման պահին չէր կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք:

Դատարանը, քննության առնելով վերաքննիչ բողոքը, նույնպես հանգել է այն եզրահանգման, որ քաղաքացիական գործում հայցի բավարարման համար բավարար ապացույցներ չեն եղել և արձանագրել է, որ ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական նորմերի խախտումներ թույլ չեն տրվել:

Դատարանի դատավորներ Ա. Խառատյանը, Կ. Չիլինգարյանը և Ա. Պետրոսյանը ՀՀ արդարադատության նախարարին 26.12.2011թ. ներկայացված իրենց բացատրությունների մեջ նշել են, որ գտնում են` կարգապահական վարույթի հիմքեր չկան այն հիմնավորմամբ, որ գործում եղած ապացույցները բավարար չեն եղել և առկա ապացույցներով չի հիմնավորվել այն փաստը, որ լիազորագիր տալու պահին Ա. Մինասյանը չի հասկացել իր գործողությունների նշանակությունը և չի կարողացել դրանք ղեկավարել, ինչի արդյունքում Դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման:

Գտնում եմ, որ Դատարանի դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի և Ա. Պետրոսյանի բացատրություններն անհիմն են այն պատճառաբանությամբ, որ Դատարանը, հաստատված համարելով, որ կատարել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, անտեսել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 13.10.2009թ. թիվ 253-10-09 գրությունը, ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008թ. թիվ 206/08 բժշկական եզրակացությունը, ինչպես նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2008թ. և 19.09.2008թ. վճիռները:

Դատարանի դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի և Ա. Պետրոսյանի կողմից լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություններ` լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին, չեն ներկայացվել:

Ելնելով վերոգրյալից` գտնում եմ, որ Դատարանի դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի և Ա. Պետրոսյանի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ են տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ, որոնց արդյունքում խախտվել են նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք), նշված կոնվենցիայի փոփոխված 11-րդ արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության), ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջները:

Նշված նորմերի պահանջների խախտման հետևանքով խախտվել են անգործունակ քաղաքացու ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արդար դատաքննության և սեփականության իրավունքը, խոչընդոտվել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, նշված խախտումներն ազդել են քաղաքացիական գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը»:

 

3. Դատավորների բացատրություններում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Դատավորներ Ա. Խառատյանը, Կ. Չիլինգարյանը և Ա. Պետրոսյանը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել են բացատրություններ:

Դատավոր Ա. Խառատյանն իր կողմից ներկայացված բացատրությունում մասնավորապես նշել է.

«Իմ խորին համոզմամբ առաջին և վերաքննիչ ատյաններն օգտվել են իրենց հայեցողական լիազորությունից և դատական ակտեր կայացրել` համոզված լինելով այն մասին, որ գործարք կնքելու պահին անձը դեռևս անգործունակ ճանաչված չի եղել օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն` «հետագայում անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքը դատարանի կողմից կարող է անվավեր ճանաչվել նրա խնամակալի հայցով, եթե ապացուցված է, որ գործարքը կնքելու պահին քաղաքացին ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք»: Հետևաբար, այդ նախապայմանների բացակայության պարագայում Դատարանը եկել է համոզման, որ առաջին ատյանի դատարանի վճիռը ճիշտ է: ՀՀ արդարադատության նախարարի կարծիքն այն մասին, որ առաջին և վերաքննիչ ատյանների կողմից թույլ են տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխված 11-րդ արձանագրության 1-ին հոդվածի և ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի խախտումներ, չեն համապատասխանում իրականությանը, Դատարանն ակնհայտ և կոպիտ խախտում թույլ չի տվել, այլ ապացույցների գնահատմամբ եկել է համոզման, որ առաջին ատյանի դատարանի վճիռը ճիշտ է, ուստի խնդրում եմ Դատարանի դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի և Ա. Պետրոսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել»:

Ըստ դատավոր Ա. Պետրոսյանի կողմից ներկայացված բացատրության`

ՀՀ վճռաբեկ դատարանը 01.04.2011թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակի` բեկանել է Դատարանի որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության, ինչը նշանակում է, որ գործում եղած ապացույցները ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բավարար չեն համարվել գործի լուծման վերաբերյալ հետևությունների հանգելու համար, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Դատարանին վերագրված դատավարական նորմերի խախտումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չի որակվել և չի կարող համարվել որպես ակնհայտ և կոպիտ խախտում:

Սույն քաղաքացիական գործով հայցի հիմքում դրվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմը, համաձայն որի` հետագայում անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքը դատարանի կողմից կարող է անվավեր ճանաչվել նրա խնամակալի հայցով, եթե ապացուցված է, որ գործարքը կնքելու պահին քաղաքացին ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք:

Վիճարկվող գործարքը` լիազորագիրը, կնքվել է 01.10.2008թ., իսկ գործարքի կողմը անգործունակ է ճանաչվել 20.09.2008թ. օրինական ուժի մեջ մտած վճռով, այսինքն` գործարքը կնքվել է անձին անգործունակ ճանաչելուց հետո մոտ 10 օր անց:

Վերը հիշատակված հոդվածի տառացի մեկնաբանությունը ինձ` որպես գործը քննող դատական կազմում ընդգրկված դատավորներից մեկի, հնարավորություն է տվել եզրակացնել, որ (վերը նշված հոդվածի իմաստով) քաղաքացու կողմից կնքված գործարքը պետք է նախորդի (հետագայում) անգործունակ ճանաչելու գործընթացին, և այդ գործարքը կնքելու պահին (այսինքն` մինչև անգործունակ ճանաչվելը) քաղաքացին նույնպես ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք (այսինքն` գործարք կնքող անձը հիվանդության պատճառով չի հասկացել և չի ղեկավարել իր գործողությունները, սակայն այդ հանգամանքը հայտնի է դարձել և հաստատվել հետագայում, այն է` անգործունակ է ճանաչվել հետագայում` գործարքը կնքելուց հետո):

Կարծում եմ գործի փաստական հանգամանքները չեն համապատասխանում, ավելին, հակասում են իրավական հիմքերին և տվյալ նորմը կարող է կիրառվել միայն վիճարկվող գործարքի կնքման պահին ժամանակագրական առումով վերաբերելի և հիշատակված նորմում նկարագրված քաղաքացու վիճակը հաստատելու առումով թույլատրելի ապացույցների առկայության պայմաններում:

Մինչդեռ քաղաքացիական գործում առկա են դատահոգեբանական փորձագիտական հանձնաժողովի` 21.07.2008թ. թիվ 206/08 եզրակացությունը (տվյալ ժամանակահատվածում քաղաքացու անգործունակ լինելու վերաբերյալ) և այդ հանձնաժողովի նախագահ Ա. Գևորգյանի` 13.10.2009թ. գրությունը, որոնք էլ հետազոտվել և գնահատվել են: Այդ ապացույցները, որով հաստատվում է 21.07.2008թ. դրությամբ անձի որոշակի հոգեվիճակը, ժամանակագրական առումով վերաբերելի չեն 01.10.2008թ. դրությամբ (գործարքը կնքելու պահին) այդ անձի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններին համապատասխան` նույնպիսի հոգեկան վիճակը և գործունակությունը կամ անգործունակությունը հաստատելու համար, և այդ ապացույցները վերաբերելի ու թույլատրելի չդիտարկելը, ըստ իս, ճիշտ է և որևէ ազդեցություն չի ունեցել գործի ելքի վրա:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, ես քվեարկել եմ բողոքարկված վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելու օգտին` նշելով, որ բողոք բերած անձի (հայցվորի) կողմից Դատարանին պատշաճ (այսինքն` թույլատրելի և վերաբերելի) ապացույցներ չեն ներկայացվել:

Վերոգրյալը ինձ հիմք է տալիս կարծելու, որ առկա չեն բավարար հիմքեր դատական կազմի կողմից դատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տված լինելու հանգամանքը հաստատելու համար, ուստի լիահույս եմ, որ սույն բացատրությունը կնպաստի ճիշտ գնահատել կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք ծառայած հանգամանքները և Ձեզ մոտ կձևավորի կարծիք կարգապահական վարույթը կարճելու մասին»:

Ըստ դատավոր Կ. Չիլինգարյանի կողմից ներկայացված բացատրության`

Թիվ ԵԱՔԴ/2566/02/09 քաղաքացիական գործով 10.01.2011թ. ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված վճռաբեկ բողոքի հեղինակը խնդրել էր բեկանել Դատարանի 08.12.2010թ. որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը 01.04.2011թ. որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի` բեկանել է Դատարանի որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության, ինչը նշանակում է, որ տվյալ գործով ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն չեն տվել ՀՀ վճռաբեկ դատարանին` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ փոփոխելու Դատարանի 08.12.2010թ. որոշումը և կայացնելու հայցը բավարարելու մասին դատական ակտ, կամ որ նույնն է, գործում եղած ապացույցները ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բավարար չեն համարվել գործի լուծման վերաբերյալ հետևությունների հանգելու համար:

Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011թ. որոշումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307-րդ և 311-րդ հոդվածների առանձնահատկությունների վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ պարունակելով հանդերձ, չի պարունակում որևէ հետևություն` Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասը խախտված լինելու վերաբերյալ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման առնչությամբ էլ սոսկ արձանագրվել է, որ Դատարանն անտեսել է գործում եղած որոշ ապացույցներ Դատարանի կողմից համակցության մեջ չգնահատվելու հանգամանքը, ընդ որում, Դատարանին վերագրված` դատավարական օրենքի վերը նշված նորմի խախտումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չի որակվել որպես ակնհայտ և կոպիտ խախտում:

ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011թ. որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործը ուղարկել է նոր քննության՝ ակնկալելով, որ դրա շրջանակներում նորից պետք է հետազոտվեն և իրենց համակցության մեջ գնահատվեն որոշման մեջ նշված ապացույցները, այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն հետևության, որ հայցի իրավական հիմքում դրված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության հարցը հնարավոր չէ լուծել, քանի դեռ նշված ապացույցները գործի նոր քննության շրջանակներում իրենց համակցության մեջ չեն գնահատվել, և հենց այդ պատճառով էլ, ըստ իս, ՀՀ վճռաբեկ դատարանը ձեռնպահ է մնացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի խախտում արձանագրելուց կամ այդպիսի խախտման առկայությունը հերքելուց:

Թիվ ԵԱՔԴ/2566/02/09 քաղաքացիական գործով հայցի իրավական հիմքում դրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմը, ըստ որի` հետագայում անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքը դատարանի կողմից կարող է անվավեր ճանաչվել նրա խնամակալի հայցով, եթե ապացուցված է, որ գործարքը կնքելու պահին քաղաքացին ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք: Ընդգծված արտահայտությունից ակնհայտ է, որ տվյալ նորմը կարող է կիրառվել միայն վիճարկվող գործարքի կնքման պահին ժամանակագրական առումով վերաբերելի և քաղաքացու` վերը նշված նորմում նկարագրված վիճակը հաստատելու առումով թույլատրելի ապացույցների առկայության պայմաններում:

Թիվ ԵԱՔԴ/2566/02/09 քաղաքացիական գործում առկա և հետագայում կարգապահական վարույթի հարուցման առիթ ծառայած միջնորդությունում նշված ապացույցները երկուսն են.

1. ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008թ. թիվ 206/08 բժշկական եզրակացությանը (այսուհետ` Եզրակացություն),

2. ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Ա. Գևորգյանի` 13.10.2009թ. թիվ 253-10-09 գրությունը (այսուհետ` Գրություն):

Վերը նշված երկու ապացույցն էլ հետազոտվել և գնահատվել են առաջին ատյանի դատարանի 10.06.2010թ. վճռով: Ճիշտ է, եզրակացությունը գնահատելիս առաջին ատյանի դատարանը թույլ է տվել սխալ` անտեսելով այն փաստը, որ Եզրակացությունը պարունակում է հետևություն` հայցվորի խնամարկյալի` իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված լինելու մասին: Այդուհանդերձ, կարծում եմ, որ այդ ապացույցը, որը հավաստվում է 21.07.2008թ. դրությամբ (վիճահարույց գործարքը կնքելու պահին) այդ անձի նույնպիսի հոգեվիճակի առկայությունը հավաստելու համար, և այն ապացույցների կազմից հանելը, թեկուզև սխալ պատճառաբանությամբ, ըստ էության ճիշտ է ու որևէ ազդեցություն չի ունեցել գործի ելքի վրա:

Ինչ վերաբերում է Գրությանը, ապա այն թույլատրելի ապացույց չէ խնդրո առարկա փաստը հաստատելու համար, քանի որ տվյալ փաստի հաստատումը պահանջում է բժշկության բնագավառի հատուկ գիտելիքների կիրառում և կարող է հաստատվել միայն փորձաքննության եզրակացությամբ, որը պետք է հստակ հետևություններ պարունակի կոնկրետ գործարքի կնքման պահի դրությամբ անձի հոգեվիճակի մասին: Այս կապակցությամբ նույնաբովանդակ հիմնավորումներ են բերվել նաև առաջին ատյանի դատարանի 10.06.2010թ. վճռում:

Վերը շարադրված նկատառումներով էլ ես, որպես առաջին ատյանի դատարանի 10.06.2010թ. վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննող դատական կազմում ընդգրկված Դատավորներից մեկը, հանգել եմ այն հետևության, որ ապացույցների հետազոտման և գնահատման հարցում առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել այնպիսի դատական սխալ, որն ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա, քանի որ գործի ելքը կախված է եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության հարցի լուծումից, իսկ այդ հարցի բացասական լուծումն էլ պայմանավորված է եղել վիճարկվող գործարքի կնքման պահի դրությամբ անձի` տվյալ նորմում նկարագրված հոգեվիճակը հաստատող թույլատրելի և վերաբերելի ապացույցների բացակայությամբ, ինչի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի հետևությունը ըստ էության ճիշտ է:

Ըստ այդմ էլ, ես, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասով, քվեարկել եմ բողոքարկված վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելու օգտին, և այդ որոշումը պարունակում է պատճառաբանություն այն մասին, որ բողոք բերած անձի (հայցվորի) կողմից առաջին ատյանի դատարանին պատշաճ (այսինքն` թույլատրելի և վերաբերելի) ապացույցներ չեն ներկայացվել:

Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե 10.06.2010թ. վճիռը կայացրած դատավորի կողմից չի գնահատվել հայցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի հիմքով ներկայացված լինելու հանգամանքը, և առաջին ատյանի դատարանը, անտեսելով ներկայացված հայցի հիմքը, հանգել է սխալ եզրահանգման: Առաջին ատյանի դատարանի 10.06.2010թ. վճռի բովանդակությունից ակնհայտ է, որ առաջին ատյանի դատարանը հայցի հիմնավորվածության հարցը գնահատել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմի տեսանկյունից և այդ կապակցությամբ վճռում ամրագրվել է իր հետևությունները: Այսպիսով, կարծում եմ, որ տվյալ դեպքում հիմքերը բավարար չեն Դատավորների կողմից դատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տրված լինելու փաստ արձանագրելու համար, առավել ևս, որ այդպիսին, ըստ իս, առկա չէ ընդհանրապես:

Հուսով եմ, որ Դուք կնախընտրեք կիրառել ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի երկու կետերից առաջինը` որոշում կայացնելով կարգապահական վարույթը կարճելու մասին»:

Դատավոր Կ. Չիլինգարյանը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ Խորհրդին ուղարկել է պատասխան, որում, բացատրության մեջ արդեն իսկ ներառված փաստարկներից զատ, Խորհրդի ուշադրությունը հրավիրել է նաև հետևյալ հանգամանքների վրա.

1. Եզրակացության` «Դատավորների բացատրություններ» վերնագրի ներքո զետեղված պարբերությունն ընթերցողի մոտ այնպիսի թյուր կարծիք է առաջացնում, թե Դատավորները պարզապես հայտարարել են, որ «գտնում են կարգապահական վարույթի հիմքեր չկան այն հիմնավորմամբ, որ գործում եղած ապացույցները բավարար չեն եղել և առկա ապացույցներով չի հիմնավորվել այն փաստը, որ լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը չի հասկացել իր գործողությունների նշանակությունը և չի կարողացել դրանք ղեկավարել, ինչի արդյունքում Դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման», և որևէ այլ փաստարկ չեն ներկայացրել:

Մինչդեռ իմ կողմից Նախարարին ներկայացված բացատրությունը, ի թիվ Նախարարի կողմից վկայակոչված ապացույցներից յուրաքանչյուրին ըստ էության տրված գնահատականների, պարունակել է նաև հարուցված կարգապահական վարույթը կարճման ենթակա լինելու մասին իմ դիրքորոշման հիմնավորմանն ուղղված մի շարք փաստարկներ, որպիսիք Նախարարի կողմից անհիմն համարվելու պարագայում, թերևս, Եզրակացության մեջ պետք է հերքվեին համապատասխան պատճառաբանությամբ, սակայն ոչ միայն որևէ գնահատականի չեն արժանացել, այլև ընդհանրապես չեն արտացոլվել Եզրակացության մեջ:

2. Հրամանով Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է միայն մեկ` արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տրված լինելու հիմքով: Սակայն Եզրակացությամբ Դատավորներին վերագրվել են նաև նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, ինչը չի բխում Հրամանի ձևակերպումներից և տրամաբանությունից (տվյալ դեպքում տարակուսանք է հարուցում այն հարցը, թե արդյո՞ք կարող է դատավորը կարգապահական պատասխանատվության ենթարկվել մի հիմքով, որը նախատեսող նորմը` ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, չի վկայակոչվել ո՛չ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելիս, ո՛չ էլ հետագայում):

3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմի կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ քաղաքացին վիճարկվող գործարքը կնքելու պահին նույնպես գտնվել է իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու ընդունակությունից զրկող կամ այդ ընդունակությունը էապես սահմանափակող հոգեվիճակում, ինչը կարելի է անել միայն գործարքի կնքման պահի դրությամբ քաղաքացու հոգեվիճակը պարզելու համար իրականացվող փորձաքննության միջոցով, և այդպիսի փորձաքննության եզրակացությունը միայն կարող է արտոնել կամ բացառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի իրավաչափ կիրառումը:

4. Նախարարի եզրակացության մեջ վկայակոչված ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008թ. թիվ 206/08 բժշկական եզրակացությունը, ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Ա. Գևորգյանի` 13.10.2009թ. թիվ 253-10-09 գրությունը, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 19.09.2008թ. և 02.04.2008թ. վճիռները որպես ապացույց չեն հաստատում վիճարկվող գործարքի կնքման պահի դրությամբ Արմեն Մինասյանի այնպիսի հոգեվիճակի առկայության փաստը, որը զրկել է նրան սեփական գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու ընդունակությունից, ինչն էլ հանգեցնում է այն եզրակացության, որ միայն այդ ապացույցների առկայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի չէ, և այդ նորմի չկիրառումը չի կարող որակվել որպես դատական սխալ:

5. Եզրակացության մեջ չեն պահպանվել ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջները: Մասնավորապես, ըստ նշված նորմի, եթե վարույթ հարուցող անձը որոշում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ դիմել Արդարադատության խորհրդին, ապա նա պետք է կազմի կարգապահական խախտման մասին եզրակացություն, որը պետք է նկարագրի դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարք, ներկայացնի այդ արարքի կատարած լինելը հիմնավորող ապացույցներ, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները, այդ թվում կատարված արաքում դատավորի մեղքի առկայությունը և դրա տեսակը: Տվյալ դեպքում կարգապահական վարույթը հարուցած անձի` Նախարարի կողմից կազմվել է կարգապահական խախտման մասին Եզրակացություն, սակայն այդ Եզրակացությունն ակնարկ անգամ չի պարունակում Դատավորներին վերագրվող արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումների (Եզրակացության մեջ պետք է բերվեին հիմնավորումներն այն հետևության, որ նյութական և դատավարական նորմերի` Դատավորներին վերագրվող խախտումները ոչ միայն առկա են, այլև ակնհայտ և կոպիտ բնույթ են կրում, այլապես դրանք չեն կարող որակվել որպես կարգապահական խախտում) և կատարված արարքում Դատավորների մեղքի առկայության ու դրա տեսակի մասին («մեղք» բառը Եզրակացության մեջ ընդհանրապես օգտագործված չէ):

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008թ. թիվ 206/08 բժշկական եզրակացության համաձայն` Արմեն Մինասյանը տառապում է «սակավամտություն, դեբիլություն» հոգեկան հիվանդությամբ: Սակավամտությունն արտահայտված է փորձաքննվողի մոտ այն աստիճան, որ զրկում է նրան իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Ուստի Արմեն Մինասյանին հարկ է ճանաչել անգործունակ:

2) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1240/02/08 քաղաքացիական գործով 19.09.2008թ. վճռով Արմեն Մինասյանը ճանաչվել է անգործունակ: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 20.10.2008թ.:

3) Երևան քաղաքի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի 26.11.2008թ. թիվ 159 որոշմամբ Սեդա Մկրտումյանը նշանակվել է Արմեն Մինասյանի խնամակալ:

4) 01.10.2008թ. նոտարական վավերացմամբ լիազորագրի համաձայն` Արմեն Մինասյանը լիազորել է Հովհաննես Մինասյանին լինելու իր ներկայացուցիչը անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում, վաճառելու Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Ա. Խաչատրյան փողոցի 19-րդ շենքի թիվ 35 բնակարանի` իրեն պատկանող մասը, ստորագրելու առուվաճառքի պայմանագիրը, ստանալու վաճառքի գումարը և կատարելու այն բոլոր գործողությունները, որոնք կապված են տվյալ հանձնարարության հետ:

5) ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի նախագահի 13.10.2009թ. թիվ 253-10-09 գրության համաձայն` Արմեն Մինասյանը մանկուց տառապում է սակավամտությամբ, 17.10.1979թ. /12 տարեկան/ հաշվառման է վերցվել ՀԲԿ-ի Ավանի հոգեբուժական կլինիկայի դիսպանսերային բաժնում` «Սակավամտություն, դեբիլություն» ախտորոշմամբ, 21.07.2008թ. ենթարկվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության և վերոնշյալ ախտորոշմամբ ճանաչվել է անգործունակ: Հետևաբար, փորձաքննությունից 2-3 ամիս անց Արմեն Մինասյանը չէր կարող նոտարական գրասենյակում գործարք կնքել, քանի որ նա չէր կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք:

6) Դիմելով դատարան` Սեդա Մկրտումյանը պահանջել է անվավեր ճանաչել Արմեն Մինասյանի կողմից 01.10.2008թ. Հովհաննես Մինասյանի անվամբ տրված լիազորագիրը և կիրառել գործարքի անվավերության հետևանքները:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԱՔԴ/2566/02/09 քաղաքացիական գործով 10.06.2010թ. վճռով հայցը մերժվել է:

7) Դատարանի 08.12.2010թ. որոշմամբ Սեդա Մկրտումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Առաջին ատյանի դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

8) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.04.2011թ. որոշմամբ ներկայացված վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, որի արդյունքում բեկանվել է Դատարանի 08.12.2010թ. որոշումը, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

9) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 18.08.2012թ. վճռով թիվ ԵԱՔԴ/2566/02/09 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, քանի որ հայցվորի ներկայացուցիչը հրաժարվել է հայցից:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով Դատարանի դատավորներ Ա. Խառատյանին, Կ. Չիլինգարյանին և Ա. Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի զեկույցը, դատավորների բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված իրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ «...ներքին համոզումը հիմնված է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ և անմիջական հետազոտման վրա և ոչ մի դեպքում չի կարող ընկալվել որպես դատարանի կողմից կամայականության դրսևորում:

Ապացույցների հետազոտման բազմակողմանիությունը նշանակում է, որ ապացույցներ հետազոտելիս և գնահատելիս դատարանը, հանդես գալով անկախ արբիտրի դիրքերից, պետք է հավասարապես հաշվի առնի և հետազոտի և՛ հայցվորի, և՛ պատասխանողի կողմից ներկայացված ապացույցները:

Ապացույցների հետազոտման օբյեկտիվությունը նշանակում է, որ ապացույցների գնահատման գործընթացում դատարանը պետք է զերծ մնա շահագրգիռ, կողմնակալ և կանխակալ մոտեցում ցուցաբերելուց:

Ապացույցների լրիվ հետազոտումը ենթադրում է նախ` գործով վեճի լուծման համար բավարար ապացույցների առկայություն, երկրորդ` դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների վերլուծություն...» (տե՛ս Խորհրդի 21.01.2011 թվականի թիվ ԱԽ-1-Ո-4 որոշումը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ա. Խառատյանին, Ն. Տավարացյանին և Դ. Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը մեկնաբանելիս ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս «ԱՎԱ» ՍՊԸ-ն ընդդեմ Սերգեյ և Վիոլետա Գաբրիելյանների թիվ 3-89(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի գործով կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին՝ որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից: Դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը` հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի թիվ 3-81 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Այսպիսով, այն հարցը, թե դատական նիստում հետազոտված ապացույցներից որն է հիմնավոր, հավաստի, թույլատրելի, վերաբերելի կամ ոչ, դատարանը որոշում է իր ներքին համոզմամբ, որը ձևավորվում է բոլոր ապացույցների ամբողջական հետազոտման և գնահատման արդյունքում:

Այս հարցի կապակցությամբ առկա է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) հետևյալ մեկնաբանությունը: Կրասկան ընդդեմ Շվեյցարիայի գործով կայացված վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը դատարանին «պարտավորեցնում է» կատարել կողմերի ներկայացրած բացատրությունների, փաստարկների և ապացույցների պատշաճ հետազոտում, առանց խոչընդոտելու դատարանի՝ ապացույցների վերաբերելիությունը գնահատելու իր հայեցողությանը (տե՛ս Կրասկան ընդդեմ Շվեյցարիայի, գանգատ թիվ 13942/88 ՄԻԵԴ 1993 թվականի ապրիլի 4-ի վճիռը, կետ 30):

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով թիվ ԵԱՔԴ/2566/02/09 քաղաքացիական գործով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը, պատճառաբանել է, որ Արմեն Մինասյանը 01.10.2008թ.` լիազորագիր տալու պահին, անգործունակ ճանաչված չէր: Բացի այդ, Դատարանը նշել է, որ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել այն փաստը, որ լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը չի հասկացել իր գործողությունների նշանակությունը և չի կարողացել դրանք ղեկավարել:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին, որոնցում մասնավորապես նշել է. «Յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին» (տե՛ս Կարեն Թովմասյանն ընդդեմ Մարիյա Խաչատրյանի, թիվ ԵՄԴ/0178/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):

ՀՀ վերաքննիչ դատարանների կողմից վերաքննիչ բողոքը մերժելու, չպատճառաբանված դատական ակտերն օրինական ուժի մեջ թողնելու և դրանք պատճառաբանելու վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն է հայտնել նաև ՀՀ սահմանադրական դատարանը համապատասխան օրենսդրական ակտերում պարունակվող նորմերը հակասահմանադրական ճանաչելու մասին 15.06.2010թ. թիվ ՍԴՈ-896 որոշմամբ:

Մասնավորապես ՀՀ սահմանադրական դատարանը վերը նշված որոշմամբ արձանագրել է, որ «(…) օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում»:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական արդյունքը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը, որն էլ իր հերթին պետք է արտացոլվի դատական ակտի հիմնավորման մեջ:

Մինչդեռ Դատարանը, որոշման հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել այն փաստը, որ լիազորագիր տալու պահին Արմեն Մինասյանը չի հասկացել իր գործողությունների նշանակությունը և չի կարողացել դրանք ղեկավարել, անտեսել և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել բողոք բերող անձի կողմից ներկայացված և գործի նյութերում առկա հետևյալ ապացույցները` ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 21.07.2008թ. թիվ 206/08 բժշկական եզրակացությունը, ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի նախագահի 13.10.2009թ. թիվ 253-10-09 գրությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չենթարկելով բողոք բերող անձի կողմից ներկայացված և գործի նյութերում առկա վերը նշված ապացույցները, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի ակնհայտ և կոպիտ խախտում:

Միաժամանակ Խորհուրդը հարկ չի համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 307-րդ և 311-րդ հոդվածների առանձնահատկություններին, քանի որ դրանք արդեն իսկ մեկնաբանվել են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից` կարգապահական վարույթի հիմքում ընկած թիվ ԵԱՔԴ/2566/02/09 քաղաքացիական գործով 01.04.2011թ. կայացված որոշմամբ:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավորներ Ա. Խառատյանը, Կ. Չիլինգարյանը և Ա. Պետրոսյանը արդարադատություն իրականացնելիս թույլ են տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ա. Խառատյանին, Կ. Չիլինգարյանին և Ա. Պետրոսյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ռ. Բարսեղյան

Կ. Բաղդասարյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Գ. Խանդանյան
Մ. Մարտիրոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան