Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1086
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.08/24(964) Հոդ.395
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.04.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 ապրիլի 2013 թ.

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 20 մարտի 2013թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2012թ. մայիսի 30-ին` Աշգաբատում:

Համաձայնագրի նպատակն է միավորել ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման և կատարելագործման համար անհրաժեշտ հնարավորությունները և ջանքերը:

Սույն նպատակի իրականացման համար մասնակից պետությունները համագործակցում են այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ ինժեներական ապահովման հարցերում փոխգործակցությունը, ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման կազմակերպչական և տեխնիկական հարցերի լուծման ուղղությամբ ընդհանուր մոտեցումների մշակումը, ինժեներական ապահովման միջոցների գիտական մշակումների իրականացման, նախագծման, պատրաստման, ձեռքբերման և ներդրման առնչությամբ գործունեության համաձայնեցումը և այլ ուղղություններով:

Համաձայնագիրը նպատակ ունի նաև աջակցել` ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման՝ համատեղ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական գործունեության զարգացմանը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի հումանիտար գործունեության զարգացմանը:

Համաձայնագրով նախատեսված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 1-ին և 9-րդ հոդվածների պահանջներին և չեն վտանգում ՀՀ ինքնիշխան իրավունքները: Դրանք են.

- հարգել և պահպանել ընդունված որոշումների մշակման և իրականացման հարցում պետությունների իրավահավասարության սկզբունքը,

- ապահովել ինժեներական ապահովման առաջադրանքների կատարման ընթացքում կողմերի միջև ծագած խնդիրների համընդհանուր քննարկման և լուծման սկզբունքը,

- ապահովել ազգային շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքի սկզբունքը,

- մշակել ինժեներական զորքերի գործադրման և նրանց կողմից ինժեներական ապահովման խնդիրների իրականացման համաձայնեցված մոտեցումներ,

- տեղեկատվություն փոխանակել և դրա պաշտպանությունն իրականացնել ԱՊՀ մասնակից պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան,

- Համաձայնագրի իրականացման ընթացքում ստացված տեղեկատվությունը չօգտագործել ի վնաս Համաձայնագրի մյուս կողմերի շահերի և այլն:

Համաձայնագրի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ միջպետական գաղտնիքների հետ վարման կարգը և դրանց պաշտպանությունն անհրաժեշտ է իրականացնել «Միջպետական գաղտնիքների պաշտպանության փոխադարձ ապահովման մասին» 1993թ. հունվարի 22-ի համաձայնագրով և գաղտնի տեղեկատվության (պետական գաղտնիքների) փոխադարձ պաշտպանության (պահպանության) մասին երկկողմ համաձայնագրերով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 1993թ. հունվարի 22-ի համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել ստորագրման պահից, Հայաստանի Հանրապետությունն ստորագրել է:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

 

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

23 ապրիլի 2013 թ.

ՍԴՈ-1086