ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2012 թվականի N 536-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոպարկի վերակառուցելու հայեցակարգը, Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների զարգացման գերակայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամից հետ վերցնել վարձակալության իրավունքով, 15 տարի ժամկետով հանձնված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող մարզադահլիճը` 978.90 քառ. մետր մակերեսով և սպասարկման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար հողամասը (այսուհետ` գույք):
2. Հավանություն տալ «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» (D-Link International Pte Ltd) հայաստանյան ներկայացուցչության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին (այսուհետ` ներդրումային ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի, և առաջարկել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ստորագրել երկարաժամկետ համագործակցության հուշագիր «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հետ` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ներդրումային ծրագիրն իրականացնելու նախապայմանով` գույքն անհատույց օգտագործման իրավունքով, 15 տարի ժամկետով հանձնել «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել «Գյումրու տնտեսական զարգացման» հիմնադրամի հետ 2010 թվականի նոյեմբերի 26-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության N 34/010 պայմանագիրը.
2) պայմանագիրը լուծելուց հետո 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության հետ կնքել գույքի իրավունքների 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման մասին պայմանագիր, որի անբաժանելի մասը կկազմի N 1 հավելվածով հաստատված ներդրումային ծրագիրը: Նախատեսել, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 4 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 536-Ա որոշման |
«Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
1. Նախաբան
«Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունը ցանցային և հեռահաղորդակցության սարքավորումների մշակման և արտադրության մեջ մասնագիտացված համաշխարհային առաջատարներից է: «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության 127 տարածաշրջանային գրասենյակներն իրականացնում են սարքավորումների վաճառք և սպասարկում ավելի քան 100 երկրներում` դարձնելով այս ընկերությունը վաճառքի ծավալներով առաջատար համանման ընկերությունների շարքում:
«Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության կողմից Հայաստանի ընտրությունը` որպես տարածաշրջանային կենտրոն, պայմանավորված է այս երկրի` տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած մեծ ներուժով, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում գրանցված հաջողություններով: Գյումրիում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների առկա ենթակառուցվածքները և Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերը, ուղղված Շիրակի մարզում այս ոլորտի զարգացմանը, ապահովում են անհրաժեշտ պայմաններ «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության տարածաշրջանային խոշոր հետազոտական կենտրոնի հիմնադրման համար: Կենտրոնի հիմնադրման ներդրումային ծրագիրը նախատեսված է առնվազն 25 տարվա համար: Այսպիսի կենտրոնի ներկայությունը Գյումրիում կնպաստի Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի տնտեսական զարգացմանը` խթանելով օտարերկրյա ներդրումների և արտահանման աճին, ստեղծելով բարձր վարձատրվող աշխատատեղեր: Գյումրիում «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2011 թվականի հուլիսից, և ընկերության հիմնադրած կենտրոնում աշխատում են 8 վերապատրաստված մասնագետներ:
2. Ծրագրի նկարագրությունը
Սույն ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հետազոտությունների և թեստավորման կենտրոն Գյումրիում: Կենտրոնը զբաղվելու է մասնագիտական կարողությունների զարգացմամբ և հետազոտությունների իրականացմամբ ցանցային և հեռահաղորդակցության ոլորտներում:
«Դ-Լինկ» հետազոտությունների կենտրոնը Գյումրիում հագեցված է լինելու ժամանակակից սարքավորումներով և հնարավորություն է տալու մշակել և թեստավորել ցանցային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում միջազգային շուկայի պահանջներին համապատասխան նորարարական արտադրանք: Հետազոտությունների հիմնական ուղղությունները կլինեն «Դ-Լինկ» «ամպային» կառուցվածքով հաշվողական համակարգերը և կառավարման ծրագրային ապահովումները: Հետազոտական աշխատանքները կարտահանվեն և կվաճառվեն միջազգային շուկաներում:
Կենտրոնի կրթական ծրագրերն իրականացվելու են Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ և ներառելու են դասընթացներ հետևյալ ուղղություններով`
● Անդրոիդ օպերացիոն համակարգ.
● Լինուքս օպերացիոն համակարգ.
● «Դ-Լինկ» «ամպային» կառուցվածքով հաշվողական համակարգեր (cloud computing):
Կենտրոնը կգործի 2013 թվականի նոյեմբերից: Ծրագրի արժեքը կազմում է 8.5 մլն ԱՄՆ-ի դոլար, որից` 1 մլն ԱՄՆ-ի դոլարը կտրամադրվի թեստավորման լաբորատորիայի հիմնադրմանը: «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունը հանձնվող տարածքում կկառուցվի նոր մասնաշենք` «Դ-Լինկ» հետազոտությունների կենտրոնի գործունեությունն ապահովելու նպատակով: Կենտրոնի տարածքը կազմելու է 870 քառ. մետր, որը ներառելու է 2 լսարան, թեստավորման և հետազոտությունների սենյակներ և հանդիպումների սենյակ:
(2-րդ կետը փոփ. 31.01.13 N 87-Ա)
3. Ակնկալվող արդյունքները
Ծրագրի իրականացման առաջին տարվա համար ակնկալվող արդյունքներն են`
● մինչև 50 աշխատատեղերի ստեղծում, այդ թվում` 35-40 ինժեներ-ծրագրավորող.
● օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանում Շիրակի մարզում.
● տարածաշրջանում իր բնույթով և ծավալներով եզակի կենտրոնի հիմնադրում Գյումրիում:
(հավելվածը փոփ. 31.01.13 N 87-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 536-Ա որոշման |
Հ Ա Մ Ա Գ Ո Ր Ծ Ա Կ Ց ՈՒ Թ Յ Ա Ն Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
քաղ. Երևան |
———— —————————- 2012 թ. |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս Հայաստանի Հանրապետության նախարար Տիգրան Դավթյանի, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա, «Դ-Լինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս——————-------, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ վերը նշված բոլոր կողմերը միասին` կողմեր կամ առանձին` կողմ):
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքները և նկատի ունենալով ընկերության հետազոտությունների և մշակման իրականացման մեծ փորձն ու միջազգային հեղինակությունը ցանցային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում` կողմերը կնքեցին սույն համագործակցության մասին հուշագիրը (այսուհետ` հուշագիր) հետևյալի մասին`
1. Կողմերը կաջակցեն «Դ-Լինկ» հետազոտությունների և մշակման կենտրոնի հիմնմանը (այսուհետ` կենտրոն) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:
2. Նախարարությունը կենտրոնի հիմնադրման ներդրումային ծրագրի իրականացման համար ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող մարզադահլիճը` 978.90 քառ. մետր մակերեսով և սպասարկման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար հողամասը:
3. Ընկերությունը կապահովի կենտրոնի շենքի կառուցումը և արդյունավետ գործունեությունը` տրամադրելով ժամանակակից սարքավորումներ, վերապատրաստելով տեղական մասնագետներին և օգտագործելով հրավիրված միջազգային մասնագետների փորձը:
4. Ընկերությունը, համագործակցելով նախարարության հետ, ուսումնական և հետազոտական ծրագրերում, կապահովի կենտրոնի փոխգործակցությունը Գյումրու տեխնոպարկի հետ և կդարձնի այն Գյումրու տեխնոպարկի անբաժանելի մասը:
5. Կողմերը կհամագործակցեն տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող միջոցառումներին համապատասխան կառույցների և ոլորտի ընկերությունների փոխադարձ իրազեկության և մասնակցության ապահովման հարցերում:
6. Սույն հուշագրի կնքման և կատարման հետ կապված կողմերի փոխհարաբերությունները բնութագրվում են միմյանց նկատմամբ ցուցաբերվող հատուկ վստահությամբ:
7. Սույն հուշագրի փոփոխություններն ու լրացումները կարող են կատարվել բացառապես կողմերի գրավոր համաձայնությամբ, որը կհանդիսանա սույն հուշագրի անբաժանելի մասը:
8. Կողմերը հաստատում են, որ սույն հուշագրի կնքումը և կատարումը լիովին բխում և համապատասխանում է իրենց շահերին:
9. Կողմերը հավաստում են, որ սույն հուշագրի կնքման պահին նրանց հայտնի չեն այնպիսի հանգամանքներ, որոնց հետևանքով իրենք իրավասու կամ ի վիճակի չեն կնքել կամ կատարել սույն հուշագիրը:
10. Սույն հուշագիրը բաղկացած է 2 էջից, կազմված է հայերենով և կնքվում է 2 հավասարազոր օրինակից՝ յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ։
11. Սույն հուշագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից ստորագրման պահից։
Կողմերի ստորագրությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Տիգրան Դավթյան —————————————————————————-
«Դ-Լինկ Ինտերնեշնլ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերություն
—————————————————————————-
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.01.2013, N 87-Ա | 12.02.2013, N 536-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|