Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1085
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.08/24(964) Հոդ.394
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.04.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 ապրիլի 2013 թ.

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ` ՈՐՊԵՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի սեպտեմբերի 2-ին Վիեննայում ստորագրված` Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի` որպես միջազգային կազմակերպության, հիմնադրման վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 20.03.2013թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի` որպես միջազգային կազմակերպության, հիմնադրման վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերի 2-ին` Վիեննայում:

Համաձայնագրի նպատակը կոռուպցիան կանխելուն և հաղթահարելուն արդյունավետ կերպով նպաստելն է` ապահովելով հակակոռուպցիոն կրթություն և մասնագիտական վարժանք, նախաձեռնելով և նպաստելով կոռուպցիայի տարրերի ուսումնասիրությանը, ապահովելով կոռուպցիայի դեմ պայքարում տեխնիկական աջակցության այլ ձևեր, խրախուսելով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջազգային համագործակցությունն ու կապերի հաստատումը:

 

2. Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. մարտի 8-ին: 2013թ. փետրվարի 15-ի դրությամբ Համաձայնագրի կողմ են հանդիսանում 34 պետություն և 3 միջազգային կազմակերպություն:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 նշանակել ներկայացուցիչ` որպես Կողմերի ժողովի անդամ հանդես գալու համար, որը կունենա մեկ քվե,

 մյուս կողմերին տեղյակ պահել և խորհրդակցել Համաձայնագրի ներքո իրենց համագործակցության առնչությամբ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ` Ժողովի գումարումների ընթացքում կամ այլ պատեհ առիթներով և այլն:

 

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում անմիջական ֆինանսական պարտավորություններ:

 

5. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2010 թվականի սեպտեմբերի 2-ին Վիեննայում ստորագրված` Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի` որպես միջազգային կազմակերպության, հիմնադրման վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

23 ապրիլի 2013 թ.

ՍԴՈ-1085