ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2013 թվականի N 515-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր Ը
քաղ. Երևան
16 մայիսի, 2013 թ.
Ն Ա Խ Ա Բ Ա Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն ուղղված է մարտունակ և ապահով պետության կերտմանը. պետություն, որն ապահովելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինելու է պաշտպանված և ազատ` իր ապագան հայրենիքում կերտելու համար: Հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր՝ յուրաքանչյուր հայի համար:
Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ աղքատությունն ու գործազրկությունը ոչ թե ճակատագիր են, այլ ամենօրյա աշխատանքով հաղթահարվող դժվարություն: Յուրաքանչյուրը պետք է համոզված լինի, որ իր զավակների ապագան ավելի ապահով և լավն է լինելու հայրենիքում, քան օտար ափերում:
Բարեկեցիկ կյանք ապահովող վաստակ ունենալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովելու է աշխատավարձերի համակարգված աճ: Այս աճը լինելու է հետևողական և համաչափ՝ միտված եղած աշխատատեղերը պահպանելուն և նորերի ստեղծումը խթանելուն: Կրթությունը և աշխատանքը դառնալու են աղքատության դեմ պայքարի մեր հիմնական զենքը: Յուրաքանչյուր ոք կստանա որակյալ կրթություն և բժշկական օգնություն ու սպասարկում` անկախ բնակության վայրից, հանրային դիրքից և եկամտի չափից: Քայլեր կձեռնարկվեն միջին մասնագիտական կրթության ոլորտն ընդլայնելու ուղղությամբ, անապահով ընտանիքի երեխաները կունենան անվճար ուսում ստանալու հնարավորություն: Աստիճանաբար կընդլայնվի առողջության ապահովագրության համակարգը՝ ապահովելով բոլոր քաղաքացիների համար բժշկական ծառայությունների լայն տեսականու մատչելիություն:
Գործարկվելու է կուտակային կենսաթոշակային համակարգը: Ներկայիս կենսաթոշակների աճին զուգընթաց` այն հնարավորություն կտա հազարավոր քաղաքացիների տնօրինելու աշխատանքային տարիների ընթացքում իրենց կուտակած և նույնչափ պետությունից՝ որպես աջակցություն ստացած գումարները: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգը կապահովի թե՛ նվազագույն կենսաթոշակ բոլորի համար, թե՛ ավելի արդարացի աշխատանքային կենսաթոշակ՝ համակարգի մասնակիցների համար:
Նշված բոլոր փոփոխությունները հնարավոր է իրականացնել միայն տնտեսության աճի և զարգացման պայմաններում: Տնտեսական աճ կարող ենք ապահովել արդար, օրենսդրորեն հստակ կարգավորված պայմանների պահպանման և միաժամանակ տնտեսավարողին հասցեական, թափանցիկ աջակցություն ապահովելու դեպքում: Արդյունաբերական քաղաքականության շրջանակներում աշխատատեղ ստեղծող և արտահանում ապահովող ձեռնարկությունները կստանան առարկայական և թիրախային օժանդակություն: Յուրաքանչյուրը պետք է վճարի իր ունեցվածքին և եկամտին համապատասխան հարկեր: Միջոցառումների այս համախումբը կապահովի սեփականության պատասխանատու և արդյունավետ օգտագործումը, ինչն էլ տնտեսական ներուժի բացահայտման և իրագործման գրավականն է:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի լուծելու մեր հայրենիքի առջև ծառացած մի շարք խնդիրներ՝ դրանով իսկ ապահովելով շոշափելի արդյունքներ: Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության արդյունքում կկրճատվեն աղքատությունն ու գործազրկությունը, կնվազի արտագաղթը, կամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները՝ նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդմանը:
Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա փոխվելու: Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա վերափոխելու մեր երկիրը: Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա հետևողականորեն կերտելու ապահով Հայաստան՝ սերունդներին թողելով անվտանգ, արդար և ապահով պետություն:
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անվտանգ և ապահով Հայաստան
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- զինված ուժերի մարտունակության պահպանում ու բարձրացում.
- միջազգային ինտեգրացիայի խորացման միջոցով Հայաստանի Հանրապետության տնտեսական գործընկերության ընդլայնում, արտահանման տարբեր շուկաներ մուտքի հնարավորությունների մեծացում` հատկապես կարևորելով ԱՊՀ և Եվրամիություն սերտ գործընկերությունը.
- երկրի տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված համալիր ծրագրերի իրականացում.
- հայկական աշխարհի պահպանման և զորացման նպատակով սփյուռքի հետ համագործակցության ընդլայնում և համակարգում.
- աշխատատեղերի, կենսագործունեության բարենպաստ միջավայրի, ինքնաիրացման պայմանների և արդարության ապահովում՝ որպես արտագաղթի կանխարգելման արդյունավետ միջոց:
Աշխատանքին համապատասխան արդարացի վարձատրություն ապահովող աշխատատեղերի ստեղծում
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- տնտեսության տարազանման ապահովում` տնտեսության կառուցվածքում արտահանելի հատվածների տեսակարար կշռի ավելացման միջոցով.
- աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ժամանակակից արդյունաբերական և արտահանման խրախուսման քաղաքականությունների իրականացում` պետություն-մասնավոր հատվածի համագործակցության հարթակի արդյունավետ օգտագործմամբ.
- հնարավոր արտաքին շոկերի նկատմամբ տնտեսության դիմադրողականության բարձրացում.
- գործարար և ներդրումային միջավայրերի շարունակական բարելավում.
- հավասար մրցակցային պայմանների ապահովում՝ բոլորի համար.
- տնտեսական աճին միտված և պետություն - մասնավոր հատվածի սերտ գործընկերության վրա հիմնված հասանելի, կայուն, մատչելի, արտադրական ենթակառուցվածքների զարգացում.
- տնտեսությունում ստեղծվող արդյունքի որակի վերահսկման համակարգի արմատական վերափոխում և նոր ենթակառուցվածքի գործարկում.
- գործարարների, այդ թվում՝ սկսնակ և քաղաքացիների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության, մատչելիության, ֆինանսական գործիքների բազմազանության ապահովում.
- նորարարական տեխնոլոգիաների ներգրավվածության ընդլայնում.
- օտարերկրյա վերազգային ընկերությունների ներգրավում՝ ապահովելով բարձր արտադրողական աշխատատեղերի ստեղծում, նոր շուկաների բացահայտում և մրցակցության խթանում.
- գյուղատնտեսության արդիականացում և ագրոբիզնեսի զարգացմանն օժանդակում.
- տարածքային համաչափ զարգացում` Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովման և հարմարավետ գյուղի ձևավորման միջոցով:
Ազատ և արդար Հայաստան
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- անձի իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության արդյունավետության բարձրացում.
- դատական համակարգի արդյունավետության բարձրացում.
- իրավապահ մարմինների նկատմամբ հասարակության վստահության ավելացում.
- պետական կառույցներում և հասարակության մեջ արմատավորված արատի` կոռուպցիա ծնող պատճառների վերացում, այդ գործընթացում թափանցիկության բարձրացում` շեշտադրելով կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ մոտեցման գերակայությունը՝ ընդդիմության պատասխանատու մասնակցությամբ.
- պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության յուրաքանչյուր անդամի վստահության բարձրացման ապահովում` հաշվետվողականության, թափանցիկության և պատասխանատվության բարձրացմամբ:
Մարդկային կապիտալ
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- որակյալ կրթական և մշակութային ծառայությունների մատչելիության ապահովում.
- աղքատություն և անհավասարություն ծնող պատճառների վերացում՝ սոցիալապես խոցելի և աշխատունակ խավերի համար կրթության, հմտությունների զարգացման և աշխատանքի հասանելիության ապահովման միջոցով.
- առողջապահական ծառայությունների որակի, մատչելիության և հասանելիության ապահովում.
- նվազագույն աշխատավարձի աճի քաղաքականության իրականացում` աշխատող աղքատների թվի կտրուկ կրճատման նպատակով.
- նպաստավոր պայմանների ստեղծում՝ հայ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու տարածման համար.
- հասարակության միջին խավի ընդլայնում.
- հասարակության սոցիալապես խոցելի և սահմանափակ կարողություններով խմբերին ծառայությունների հասցեական մատուցում.
- ապահով ծերություն՝ հասարակության յուրաքանչյուր անդամի համար.
- մարդու գործունեության և բնության ներդաշնակության ապահովում.
- հայկական սփյուռքի ներգրավվածության մեծացում՝ մարդկային ռեսուրսների զարգացման գործընթացում։
Ինստիտուցիոնալ զարգացում
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- հանրային ինստիտուտների ամրապնդում` որակյալ մասնագետների ներգրավման, տարբեր ինստիտուտների ներքին և արտաքին փոխգործունեության կանոնակարգման, դրանց գործառույթների կրկնման բացառման, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ դինամիկ համագործակցության միջոցով.
- պետական կառավարման համակարգում «գործընթացները հստակ կանոնակարգելու և որակյալ ծառայություններ մատուցելու» սկզբունքի գերակայության ապահովում.
- պետական կառավարման համակարգում մասնագիտական որակների պահանջների բարձրացում և որակյալ մասնագետների ներգրավման հստակ կառուցակարգերի ստեղծում.
- այնպիսի հարկային, մաքսային և մրցակցության պաշտպանության համակարգերի ձևավորում, որի պայմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հավասարաչափ և անվերապահորեն կկիրառվի բոլոր տնտեսավարողների նկատմամբ:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արտաքին աշխարհի էական անորոշությունները սահմանափակում են արտաքին տնտեսությունից ռեսուրսների ներհոսքի հնարավորությունը: Առաջիկա չորս տարվա ընթացքում տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումը կունենա Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար առաջնային նշանակություն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս պայմաններում ակնկալում է արտահանման ծավալների նպատակադրված ավելացմանը հասնել հիմնականում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շնորհիվ, որը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված և արդյունավետ օգտագործում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2013-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝
● զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի միջոցով.
● ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում.
● նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում.
● նվազագույն աշխատավարձ/աղքատության գծի համեմատ առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում.
● ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի.
● 5-6 տարեկան երեխաների առնվազն 90 տոկոսի համար նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում.
● միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ առնվազն 125 տոկոսի.
● աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով.
● 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում.
● պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարեկան 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով:
Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների արդյունքային ցուցանիշները գնահատվել են առկա միտումների հիման վրա: Արտաքին ցնցումների դրսևորումները և Հայաստան ներթափանցման ուղիներն ու ազդեցությունները նկարագրված են սույն ծրագրի վերջին մասում:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ
3.1.1. Պաշտպանությունը
Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող, ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող զինված ուժեր:
Պաշտպանության ոլորտում կառավարության գործողություններն ուղղված են լինելու Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, պաշտպանության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորմանը և ապահովմանը, առկա և հավանական սպառնալիքների բացահայտմանը, զինված ուժերի արդիականացմանն ու սպառազինմանը: Գործունեության հիմքում դրվելու է «սահմանափակ ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու» սկզբունքը:
Այս նպատակների իրագործման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է՝
● շարունակել զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները.
● ռազմակրթական ոլորտն ապահովել ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերով, բանակն անհրաժեշտ մասնագետներով համալրելու նպատակով կայացնել ազգային ռազմական կրթահամակարգը՝ ապահովելով բոլոր կատեգորիաների սպայական և սերժանտական մասնագետների պատրաստումը.
● ստեղծել արժանիքների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման մրցակցային հնարավորություններ.
● զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար ապահովել պատշաճ սոցիալական ապահովության և մատչելի ու որակյալ առողջապահական ծառայությունների մատուցումը՝ ներառյալ քաղաքացիական բժշկական հաստատությունների հետ համագործակցության մեխանիզմների ներդրումը.
● հասարակության մեջ ամրապնդել պարտադիր զինվորական ծառայության ինստիտուտի նկատմամբ վստահությունը` հանցավորության կանխարգելման, սոցիալական պայմանների, թափանցիկության և վերահսկելիության մակարդակի բարելավման միջոցով.
● կառավարման որակի բարելավման և զինված ուժերում մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորման նպատակով աստիճանաբար ներդնել զինվորական կառավարման ու զինվորական առաջնորդության արդի տեսությունների վրա հիմնված արդյունավետ կառավարման ճկուն մեխանիզմներ.
● դրական հիմքով զինվորական ծառայությունից արձակվողներին, զինված ուժերից զորացրվողներին ապահովել վերապատրաստման կամ արտոնյալ ուսման հնարավորություններով՝ քաղաքացիական մասնագիտություն ձեռք բերելու, աշխատանք գտնելու և քաղաքացիական կյանքին արագ հետինտեգրվելու նպատակով.
● շարունակել զինված ուժերի՝ ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրումը՝ առաջնահերթություն տալով սեփական կամ ազգային ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը և համագործակցելով դաշնակից ու գործընկեր երկրների հետ.
● պաշտպանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում օրինակելի վարքագծի ամրապնդման նախաձեռնության, զինվորական էթիկայի և այլ հարակից տեսագործնական մեխանիզմների միջոցով բացահայտել և նվազեցնել կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության ոլորտները.
● ապահովել միջազգային անվտանգության ապահովման գործողություններին շարունակական մասնակցությունը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռեսուրսներին և կարողություններին համահունչ:
Անվտանգության համակարգերի բարեփոխման շարունակականությունն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը, արտաքին մարտահրավերների կանխարգելմանն ու համարժեք պատասխանի ապահովմանն ուղղված քայլերը ներառելու են քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական, անհրաժեշտության դեպքում՝ ռազմական և այլ համալիր միջոցառումներ:
3.1.2. Արտաքին հարաբերությունները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել միջազգային ասպարեզում պետության շահերի պաշտպանությանը, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովմանը, տնտեսական զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ստեղծմանը, տարածաշրջանային և միջազգային գործընթացներում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության և դիրքերի ամրապնդմանը:
Այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետամուտ է լինելու՝
● Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա.
● սփյուռքի հետ համատեղ ջանքերի գործադրմամբ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Հայոց ցեղասպանության` որպես մարդկության դեմ գործած ոճիրի միջազգային ճանաչմանը, դատապարտմանը, ժխտման բացառմանը և հետևանքների վերացմանը.
● միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության և դրական վարկանիշի ամրապնդմանը.
● Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի դաշնակցային, ռազմավարական գործընկերության զորացմանը.
● Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու ընդլայնմանը.
● Եվրամիության հետ մերձեցման քաղաքականության շարունակմանը, եվրոպական պետությունների հետ հարաբերությունների առավել ամրապնդմանը.
● անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը.
● Հայաստան-Թուրքիա հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման քաղաքական ուղեգծի շարունակմանը.
● ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցության շարունակմանը, ԱՊՀ մասնակից պետություների հետ ձևավորված ավանդական կապերի և գործակցության խորացմանը.
● Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ասիայի այլ երկրների, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի պետությունների հետ համագործակցության ընդլայնմանը:
Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է լինելու իր ռազմաքաղաքական անվտանգության կարևոր բաղադրիչ հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ակտիվ ներգրավվածությանը:
Հետևողական կերպով շարունակվելու է ակտիվ ներգրավվածությունը Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ), Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ), Եվրոպայի խորհրդում (ԵԽ), Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և այլ միջազգային կառույցներում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել՝
● միջազգային տնտեսական համագործակցության գործընթացներում ներգրավվածության ընդլայնմանը, արտաքին տնտեսական կապերի ամրապնդմանը, Հայաստանի Հանրապետությունում ներդրումների խրախուսման աջակցությանը, ինչպես նաև արտաքին աշխարհին կապող տրանսպորտային ուղիների բազմազանեցման, էներգակիրների տեղափոխման միջոցների անխափան գործարկման, արտաքին առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման, հայրենական արտադրանքի արտահանման նոր շուկաների որոնման և այդ շուկաներում ներգրավվածության, արտաքին ներդրումների և նոր տեխնոլոգիաների ու հմտությունների ներմուծման հարցերին.
● արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը.
● երկկողմ և միջազգային հարթություններում մշակութային համագործակցության խթանմանը.
● հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, այդ թվում՝ արտերկրում դրա պահպանման աջակցությանը:
3.1.3. Հայկական սփյուռքը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է Հայաստանի՝ որպես համայն հայության հայրենիքի և սփյուռքի դինամիկ զարգացումը, հայության բոլոր հատվածների միասնականության ապահովումը` այն նպատակաուղղելով հայոց պետության հզորացմանն ու ամրացմանը, հայապահպանությանը և հայ ինքնության ամրապնդմանը:
Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման համար աշխատանքները նպատակաուղղվելու են Հայաստանի Հանրապետությունում և հայկական սփյուռքում համապատասխան ինստիտուտների բազմազանեցմանը, արդիականացմանը, կարևորագույն խնդիրների լուծման համար ջանքերի և ռեսուրսների համադրմանը:
Օգտագործելով երկքաղաքացիության ինստիտուտը և հայրենադարձության խթանման հայեցակարգը՝ կառավարությունն ստեղծելու է Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայերի առավելագույնս ներգրավվման և ներդրումների խրախուսման նպաստավոր միջավայր, որտեղ օժանդակություն կցուցաբերվի մրցունակ և զարգացման տանող ներդրումային ծրագրերի ավելացմանը:
Կմշակվեն հայրենադարձության գործընթացի իրավական հիմքերը, կներդրվեն գործուն ու արդյունավետ կառուցակարգեր` հայրենիք վերադարձող հայերի ինտեգրումը հասարակության մեջ դյուրացնելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցելու է սփյուռքի համայնքների ինքնակառավարման մարմինների հզորացմանը, միջհամայնքային հորիզոնական կապերի հաստատմանը, շարունակելու է համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացումը, որոնք միտված են լինելու սփյուռքի և Հայաստանի առավել միասնության և համախմբվածության ապահովմանը: Սփյուռքն իր կառույցներով եղել է և կմնա Հայաստանի և Արցախի պաշտպանության և անվտանգության կարևոր գործոններից մեկը: Տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կմշակվի և կներդրվի ինտերնետային տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա արտերկրներում գտնվող մեր քաղաքացիներին էլեկտրոնային կապուղիներով ստանալու համապատասխան տեղեկատվություն Հայաստան վերադարձի հարցերի մասին, այդ թվում՝ իրենց հուզող հարցերն անմիջականորեն ուղղելով Հայաստանի պետական կառավարման մարմիններին:
Սփյուռքում հայապահպանությանն աջակցելու, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման, կիրառման, կրթական այլ ծրագրերի ընդլայնման, ինպես նաև բարոյակերտ արժեհամակարգի պահպանման և վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է ՝
● սփյուռքի հայկական դպրոցների համար ուսումնական ծրագրերի և ձեռնարկների մշակումը, ուսումնական նյութերով ապահովումը.
● Հայաստանում, սփյուռքում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը.
● սփյուռքյան երիտասարդությանը հատկացվող կրթաթոշակների ավելացումը.
● սփյուռքի կրթօջախների հետ գործակցության ծրագրերի ընդլայնումը, հայապահպանական ոլորտում համատեղ գիտական ծրագրերի իրականացումը.
● հանրային հեռուստատեսության արբանյակային հեռարձակումը, այդ ծրագրերի որակի ու բովանդակության բարելավումը.
● Հայաստան-սփյուռք գործակցության համար նպաստավոր պայմանների ապահովումը, փոխներգրավման գործուն մեխանիզմների ստեղծումը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է վիրահայության, այդ թվում՝ Ջավախքի հայկական համայնքների հայապահպանությանն ուղղված, ինչպես նաև մայրենի լեզվի, մշակույթի պահպանման աջակցության ծրագրերի իրականացումը:
● Հայաստան-սփյուռք գործակցության հզորացումն առավել կնպատակաուղղվի հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը, ազգային արժեքների քարոզմանը, հայոց պատմության կեղծարարների դեմ հակազդեցությանը, Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարին, ինչպես նաև համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ստեղծմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ակտիվորեն համագործակցելու է Հայ Առաքելական եկեղեցու սփյուռքի թեմերի հետ՝ հայ ընտանիքի բարոյական նորմերի պահպանման և նոր սերունդներին հայեցի դաստիարակություն տալու նպատակով։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակում նպաստել այլ պետություններում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությանը:
Սփյուռքը համարելով Հայաստանի Հանրապետության համար համաշխարհային ինտեգրման հուսալի և արդյունավետ կամուրջ՝ կստեղծվեն հայրենիքի ներքին կյանքին սփյուռքի ներուժի ներգրավման և նրանց աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավման նոր և հստակ մեխանիզմներ։
3.2. ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՐԴԱՐԱՑԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու մինչև այսօր իրականացված բարեփոխումների արդյունքների ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն շարունակելու է քայլերն այն բարեփոխումներն ավարտելու ուղղությամբ, որոնց իրագործումն արտաքին ցնցումների ազդեցությամբ դանդաղել էր՝ հետևողականորեն ապահովելով առարկայական և շոշափելի արդյունքներ:
2013-2017 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է լինելու պետություն-մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքի ներքո, մասնավորապես, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը նպաստելը։ Պետություն-մասնավոր հատվածի համագործակցության յուրաքանչյուր ծրագրին ցուցաբերվելու է անհատական մոտեցում, և մրցունակ ու զարգացման տանող յուրաքանչյուր ներդրումային ծրագիր ստանալու է պետության աջակցությունը:
Զարգացման քաղաքականության հիմնական նպատակը բնակչության համար արժանավայել աշխատանքի ապահովումն է ու տնտեսական աճի ձևավորմանն ուղղված աշխատուժի ընդլայնված մասնակցությունը: Հետևաբար, նոր աշխատատեղերի շարունակական ստեղծումն այսուհետ կգլխավորի կառուցվածքային և ոլորտային քաղաքականությունների նպատակների փաթեթը:
3.2.1. Գործարար և ներդրումային միջավայր
Որպես երկրի ներդրումային գրավչության բարձրացման կարևոր երաշխիքներից մեկը` բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրի կայացմանն ուղղված ջանքերը շարունակելու են լինել տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձնակի կարևորում է անհարկի պետական միջամտության բեռը վերացնելու խնդիրը, ինչպես նաև վերազգային ընկերությունների ներգրավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը:
Այս առումով`
● շարունակվելու են գործարար միջավայրի բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, մասնավորապես, պարզեցվելու են գործարարության (հատկապես` փոքր և միջին ձեռնարկությունների) համար վարչարարական ընթացակարգերը, այդ թվում՝
- էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պարզեցվելու են շինարարական թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը, և կրճատվելու են ժամկետները,
- էապես կրճատվելու են կոմունալ ծառայությունների բաժանորդագրման ժամկետները,
- փոքրացվելու է կանխիկով գործարքի կատարման շրջանակը և այլն.
● շարունակվելու են տեսչական բարեփոխումների շրջանակներում նախատեսված աշխատանքները` ամբողջությամբ ներդնելով ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ և կիսով չափ կրճատելով տեսչական մարմինների թիվը.
● «Կարգավորման Գիլյոտին» ծրագրի միջոցով վերացվելու են անտեղի վարչարարական խոչընդոտները և քաղաքացիների ու բիզնեսի համար չհիմնավորված ծախս առաջացնող կարգավորումները, ամբողջությամբ ներդրվելու է կարգավորման ազդեցության գնահատման մեխանիզմը, որը հնարավորություն կընձեռի խուսափելու լրացուցիչ բեռ առաջացնող նոր կարգավորումից.
● գործարար միջավայրի կայունության ապահովման նպատակով կշռադատված պարբերականությամբ իրականացվելու են հարկային օրենսդրության փոփոխություններ՝ տնտեսավարողներին հարմարվելու համար տրամադրելով բավարար ժամանակ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց արդյունքում էապես բարելավվելու է գործարար միջավայրը.
● վերանայվելու է ներդրումային նպատակային քաղաքականությունը, այդ թվում` դիտարկելով օրենսդրական փոփոխությունների միջոցով օտարերկրյա ներդրումների ներգրավման, Հայաստանի Հանրապետության ներդրումային ներուժի և մրցակցային առավելությունների բացահայտման ուղիները.
● ներդրումային միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների, մասնավորապես, վերազգային ընկերությունների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության ներդրումային օրենսդրությունը կներդաշնակեցվի եվրոպական չափանիշներին, կձևավորվեն և կզարգացվեն ազատ տնտեսական գոտիները.
● պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացման նպատակով կկատարելագործվեն գործող մեխանիզմները, և կիրականացվեն պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր ծրագրեր.
● արտահանման ռիսկերի նվազեցման նպատակով կստեղծվի արտահանման ֆինանսավորման ապահովագրական ընկերություն, ինչը կնպաստի նաև նոր շուկաների բացահայտմանը և արտահանման ծավալների աճին.
● ներդրվելու են արդյունավետ սեփականատիրության լավագույն նորմերը` մեր ազգային հարստության և հատկապես հողի լիարժեք և նպատակային օգտագործման նպատակով՝ կիրառելով անշարժ գույքի միասնական հարկ.
● ներդրվելու է գույքահարկի արդարացի համակարգ` ապահովելով ավելի շատ գանձումներ բարձրարժեք գույքից:
Որակի ազգային ենթակառուցվածքի` եվրոպական ու միջազգային չափորոշիչներին ներդաշնակեցման գործընթացի իրականացումը կշարունակի մնալ առանցքային բարեփոխումների շրջանակում` արդյունքում ապահովելով տեղական արտադրողի և արտահանողի համար մրցունակ արդյունք թողարկելու անհրաժեշտ նախապայմաններ, իսկ սպառողի համար` անվտանգ և որակյալ սպառում ունենալու հարթակ: Այս առումով նախատեսվում է`
● տեղական արտադրանքի եվրոպական և միջազգային չափանիշների համապատասխանության ապահովման նպատակով վերանայել ոլորտի օրենսդրությունը.
● կայացնել միջազգային գործելակերպում ընդունված չափանիշներին լիովին համապատասխանող ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման նոր ազգային մարմինները.
● վերանայել գործող տեխնիկական կանոնակարգերը՝ արտադրանքի ավելի մեծ անվտանգություն ապահովելու և սպառողների իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից:
3.2.2. Ֆինանսական միջնորդությունը
Տնտեսական զարգացման համար էական է ֆինանսական միջնորդության ավելացումը, որը հնարավորություն է տալիս ներքին խնայողություններն ուղղորդելու արդյունավետ ներդրումներին: Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ֆինանսական միջնորդության անցած տարիների ձեռքբերումների պահպանումը և ծավալների շարունակական մեծացումն առանցքային են ներքին ռեսուրսների հաշվին տնտեսական աճի ապահովման գործում: Չնայած վերջին տարիներին արձանագրված զգալի աճին՝ զարգացած տնտեսությունների համեմատ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը դեռևս փոքր է և լիարժեքորեն չի իրականացնում ներքին խնայողությունները ներդրումների փոխարկելու՝ իր հիմնական առաքելությունը: Ստվերային տնտեսության կրճատումը, ներքին խնայողությունների ձևավորումն ու ուղղորդումը ֆինանսական համակարգ հնարավորություն կտան բազմազանեցնելու և զարգացնելու ֆինանսական գործիքներն ու շուկաները՝ միաժամանակ ֆինանսական ռեսուրսներն ավելի հասանելի դարձնելով ներդրումների համար: Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և ֆինանսական միջոցներն ուղղորդելու է տնտեսության որակական կառուցվածքի բարելավմանը:
Առաջնորդվելով այս սկզբունքներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ, կառավարության գործողությունների արդյունքում`
● ընդլայնվելու է ֆինանսական ծառայությունների շրջանակը, և բարձրացվելու է դրանց հասանելիությունը (լիզինգ, արտահանման ֆինանսավորման գործիքներ, սկսնակ բիզնեսների ֆինանսավորում, նորարարական ծրագրերի ֆինանսավորում և այլն).
● ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող՝ մատչելի պայմաններով վարկավորման ծավալները, իրականացվելու են գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության ապահովման միջոցառումներ.
● պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաստելու է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում ֆինանսական համակարգի դերի մեծացմանը.
● նպատակաուղղված քաղաքականությամբ ֆինանսական շուկայում ապահովվելու է նոր մասնակիցների` ներդրումային հիմնադրամների մուտքը ֆինանսական համակարգ, որոնք հասարակությանը կմատուցեն ոչ միայն նոր ծառայություններ, այլև կստեղծեն նոր աշխատատեղեր.
● խրախուսվելու է վարկային և ապահովագրական կազմակերպությունների դերի հետագա աճը, ինչպես նաև արժեթղթերի շուկայի աշխուժացումը.
● խրախուսվելու է մատչելի բնակարանաշինությունը, ավելացվելու է հիփոթեքային վարկերի հասանելիությունը:
Այս միջոցառումների արդյունքում նախատեսվում է տարեցտարի բարձրացնել տնտեսությունում իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման աստիճանը:
3.2.3. Բյուջետային համակարգը
Բյուջետային համակարգը և դրա կառավարումը կարևոր են թե՛ արդյունավետ ծախսային քաղաքականության, թե՛ իշխանությունների հանրային հաշվետվողականության առումով:
Քանի որ զարգացող տնտեսությունը դեռևս կարիք ունի աջակցության, իսկ տնտեսության հարկաբյուջետային խթանման հնարավորությունները սահմանափակված են պարտքի կայունության խնդրով, հարկաբյուջետային քաղաքականության գերխնդիրը դրանց խելամիտ հաշվեկշռումն է։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը բյուջետային քաղաքականության առավել կարևոր ուղղություններ է համարում՝
● միջազգային շուկաներում անորոշությունների մեծացման պայմաններում տնտեսական իրավիճակին համապատասխան հարկաբյուջետային ցուցանիշների ծրագրավորումը և ճկուն հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը.
● հիմնականում ներքին ռեսուրսների օգտագործման վրա հիմնված հարկաբյուջետային քաղաքականության վարումը և դրամավարկային քաղաքականության հետ արդյունավետ կոորդինացման միջոցով թիրախային արդյունքների ապահովումը:
Մասնավորապես`
● շարունակվելու է պետական եկամուտների հավաքագրման վարչարարության արդյունավետության բարձրացումը, որը կլինի եկամտային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Դրա շնորհիվ համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական բյուջեի հարկային եկամուտների մակարդակը կավելանա տարեկան միջին հաշվով 0.3-0.4 տոկոսային կետով.
● պետական ծախսերի ֆինանսավորումը փոխառու միջոցներով իրականացվելու է շահավետ պայմաններով ներգրավված ներքին և արտաքին վարկերի հաշվին։ Պետական բյուջեի պակասուրդի արդյունավետ կառավարման շնորհիվ պետական պարտքը կպահպանվի տնտեսության զարգացման համար անվտանգ միջակայքում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է պետական միջոցներն արդյունավետ, նպատակային և թափանցիկ ծախսելը:
Այս առումով`
● ծախսերի փաստացի կատարումն իրականացվելու է սահմանված երկարաժամկետ-միջնաժամկետ ծախսային գերակայություններին համապատասխան: Բյուջետային ռեսուրսները պետք է վերաբաշխվեն դեպի առավել բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը.
● Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է ծրագրային բյուջետավորման ներդրման բարեփոխումները և պատրաստ կլինի ծրագրային բյուջետավորմանը` մասնակի անցման համար 2016 թվականից, իսկ ամբողջական անցման համար` 2018 թվականից: Արդյունքում այն կլինի իրավական հիմքերով ապահովված գործուն համակարգ.
● լիարժեք գործելու է գնումների առցանց ավտոմատ համակարգը, որը հնարավորություն է տալու հասարակությանն ու տնտեսավարողներին հսկելու գնումների վերաբերյալ հայտարարությունները և բոլոր ընթացակարգերը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը.
● պետական գնումների համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով շարունակվելու են ապրանքների և ծառայությունների գների մշտադիտարկումները՝ կանխելով չհիմնավորված բարձր գներով հնարավոր գնումները.
● Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է միջոցներ ձեռնարկել բյուջետային գործընթացների թափանցիկության և կատարման ընթացքի նկատմամբ մասնագիտական ու հանրային հսկողության աստիճանի բարձրացման համար.
● շարունակվելու է ֆինանսական կառավարման և հսկողական համակարգերի բարելավումը, մասնավորապես, ներքին աուդիտի համակարգի ամբողջական ներդրում, ֆինանսական պատասխանատվության ինստիտուտի հզորացում, ֆինանսական վերահսկողական գործառույթների կենտրոնացում և մեկ միասնական ֆինանսական տեսչության ստեղծում.
● բարձրացվելու է պետական մարմինների բյուջետային ինքնուրույնության ու պատասխանատվության աստիճանը։
3.2.4. Տնտեսության հիմնական ճյուղերը
3.2.4.1. Արդյունաբերությունը
Տնտեսության դիվերսիֆիկացման ու մրցունակության բարձրացման, կառուցվածքի որակական վերափոխման և, այդպիսով, կայուն զարգացման նախադրյալների ձևավորմանն է ուղղվելու արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության շարունակականությունն ապահովող գործողությունների համալիրը: Կշարունակվի մասնավոր հատվածի ուղղակիորեն ներգրավումը ճյուղային արդյունաբերական քաղաքականության մեջ` համատեղ ձևավորված երկխոսության միասնական հարթակի միջոցով ընդլայնելով առավել հեռանկարային ճյուղերի թիվը, որոնց յուրաքանչյուրի համար կստեղծվի առանձնահատուկ գործիքակազմ, և կսահմանվեն փոխադարձ պարտավորություններ:
Այս տեսլականի իրագործումը պահանջում է փուլային մոտեցում՝ ենթադրելով աստիճանական անցում ռեսուրսաինտենսիվ արտադրություններից դեպի ունակությունների և հմտությունների վրա հիմնված, և, այնուհետև, բարձր տեխնոլոգիական արտադրությունների:
Նշվածի անմիջական արդյունքները լինելու են մոտ հեռանկարում մրցունակ արդյունաբերական համակարգի ձևավորումը, ներմուծման նկատմամբ առաջանցիկ արդյունաբերական արտահանման աճի խորացումը, վճարային հաշվեկշռի ցուցանիշների բարելավումը, արտահանման մասնագիտացումը, արտահանելի արդյունաբերական ապրանքների ու շուկաների ընդլայնումն ու զարգացումը:
Նշված արդյունքները ձեռք բերելու նպատակով՝
● կապահովվի արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ ընտրված ոլորտների՝ արդեն իսկ հաստատված ոլորտային ռազմավարությունների իրականացման միջոցառումների ծրագրերի կատարումը, զուգահեռաբար կիրականացվի առանձին ռազմավարությունների ձևավորումը՝ մնացած ոլորտների համար.
● կշարունակվի ոլորտային ռազմավարության պլանավորման, որոշումների կայացման, իրականացման և արդյունքների գնահատման գործընթացներում հիմնական շահագրգիռ կողմերի (գործարար միություն, ոլորտային և մասնագիտական ասոցիացիա, կրթական և հետազոտական կազմակերպություն, ընկերություն և այլն) ներգրավումը.
● կշարունակվի պետական ուղղակի աջակցության գործիքակազմի ներդրումը և տրամադրվող աջակցության ընդլայնումը.
● կապահովվեն արտոնությունների տրամադրման շարունակականությունն այն խոշոր ներդրումային ծրագրերի համար, որոնք կպարունակեն տեխնոլոգիական նորարարություններ, կունենան արտահանման ուղղվածություն և կստեղծեն աշխատատեղեր:
3.2.4.2. Գյուղատնտեսությունը և գյուղը
Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության առանցքային փոփոխություններից է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակադրում է, բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ՝ յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար, այն գիտակցումով, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարմարավետ գյուղի: Առանձնակի ուշադրություն է դարձվելու բարձրլեռնային և սահմանամերձ շրջաններին:
Այս առումով`
● իրականացվելու են միջոցառումներ՝ ուղղված գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների, հողային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը.
● շարունակվելու է բուսաբուծության ճյուղի արդյունավետության բարձրացման նպատակով սերմնաբուծության համակարգի զարգացման պետական աջակցության ծրագրերի իրականացումը։ Բարձր վերարտադրությամբ սերմեր մատակարարելով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին՝ արդյունքում բուսաբուծության և անասնակերերի ավելացված ծավալների միջոցով կբարձրանա անասնապահության ճյուղերի գործունեության արդյունավետությունը.
● շարունակվելու են գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների` հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի, տարբեր մշակաբույսերի բարձր վերարտադրության սերմերի, մատչելիության մակարդակի բարձրացման ծրագրերը` գների մասնակի սուբսիդավորման և ապրանքային վարկերի միջոցով.
● առնվազն եռապատկվելու են ժամանակակից ջերմոցային տնտեսությունների տարածքները, որի արդյունքում էապես կմեղմվեն մի շարք գյուղմթերքների գների սեզոնային տատանումները, ինչպես նաև շեշտակիորեն կավելանան դրանց արտահանման ծավալները, և կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր.
● անասնապահության ճյուղի զարգացման նպատակով իրականացվելու են գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշների բարելավման և մթերատվության բարձրացման ծրագրերը` տոհմային երինջների ներկրմամբ և սելեկցիայի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Ծրագրեր կիրականացվեն տավարի մսի արտադրության ծավալների ավելացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով տավարի մսի ինքնաբավության մակարդակը բարձրացնել 10 տոկոսային կետով.
● իրականացվելու են գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման, պետական աջակցությամբ իրականացվող անասնաբուժական կանխարգելիչ և ախտորոշիչ համակարգի բարելավման և անասնաբուժական սպասարկումների մեխանիզմների կատարելագործման ծրագրեր.
● ձկնաբուծության ոլորտում աստիճանաբար ներդրվելու են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաները, եռապատկվելու են արտադրության և արտահանման ծավալները.
● բնական կերահանդակների համաչափ և արդյունավետ օգտագործման նպատակով իրականացվելու են միջոցառումներ՝ լեռնային արոտների ջրարբիացման, ճանապարհների վերականգնման, բնական կերահանդակների համատեղ օգտագործման, արոտների վերականգնման և բարելավման համար.
● ապահովվելու է գյուղատնտեսական տեխնիկայի ու տեխնոլոգիաների շարունակական արդիականացումը: Գյուղատնտեսական ժամանակակից տեխնիկան և սարքավորումները ձեռք են բերվելու մատչելի ֆինանսավորման և սպասարկման ճկուն մեխանիզմների ներդրման շնորհիվ.
● իրականացվելու են գյուղատնտեսության համար առավել անբարենպաստ, հատկապես, սահմանամերձ և բարձրլեռնային գոտիներում հողի մշակության համար նպատակային ծրագրեր.
● կատարելագործվելու է գյուղատնտեսության ոլորտի խորհրդատվության համակարգը` նպաստելով գյուղատնտեսությամբ զբաղվողների աշխատանքի արտադրողականության աճին.
● իրականացվելու են միջոցառումներ բուսաբուծական և անասնապահական մթերքների իրացման համակարգի բարելավման և կատարելագործման ուղղությամբ: Առանձնակի ուշադրություն կդարձվի գյուղատնտեսական մթերքներ արտադրողների և վերամշակողների փոխշահավետ պայմանագրային հարաբերությունների հաստատմանը.
● ներդրվելու են սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանության նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ, որպեսզի հայկական մթերք սպառողը վստահ լինի, որ այն անվտանգ է և բարձրորակ.
● միջոցառումներ են իրականացվելու մասնատված հողակտորների համատեղ օգտագործման, կոոպերացիայի խթանման համար.
● իրականացվելու է գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառում (գույքագրում)՝ դրանց առավել արդյունավետ օգտագործման նպատակով.
● ստեղծվելու են նախադրյալներ՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար.
● նվազեցվելու են բնության կողմից հասցվող հնարավոր վնասները` հակակարկտային ժամանակակից համակարգերի ներդրման և աշխարհագրության ընդլայնման միջոցով.
● համապատասխան ինստիտուտների ձևավորման միջոցով նախադրյալներ են ստեղծվելու կարևորագույն գյուղատնտեսական մթերքների երաշխավորված գների համակարգին անցնելու համար:
Միջոցառումների այս համախումբը նպաստելու է նաև Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է հանդիսանալու նաև հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի բարելավումը՝ համապատասխան պետական ծրագրերի իրականացման միջոցով:
Գյուղում կյանքի որակի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերն ուղղվելու են՝
● գյուղական աղքատության կրճատմանը.
● մատուցվող պետական ծառայությունների որակի կտրուկ բարձրացմանը.
● գյուղական համայնքների կարողությունների զարգացմանը` հնարավորինս հասանելի դարձնելով խմելու ջուրը, գազը, էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, համացանցը, բժշկական ծառայությունները.
● գյուղական ճանապարհների ու տրանսպորտային ժամանակակից ցանցերի բարելավմանը:
3.2.4.3. Քաղաքաշինությունը
Քաղաքաշինության բնագավառի զարգացումը պահանջում է իրականացնել համապատասխան ռազմավարություն` թիրախավորելով քաղաքաշինական խնդիրների համալիր լուծումը:
Այդ առումով կարևորվում են`
● Հայաստանի Հանրապետության բնակարանային ֆոնդի գույքագրման եղանակով հաշվառումը, որը թույլ կտա առավել արդյունավետ դարձնել առկա բնակարանային ֆոնդի կառավարումը, գնահատել շենքերի տեխնիկական վիճակը, վնասվածության աստիճանը, սեյսմազինվածության մակարդակը, տվյալների վերլուծության հիման վրա մշակել և հետևողականորեն իրականացնել բնակչության անվտանգության ապահովմանը, շենքերի վերականգնմանն ու ուժեղացմանը նպատակաուղղված ծրագրեր.
● բազմաբնակարան բնակարանային ֆոնդի պահպանմանն ու շահագործմանը վերաբերող խնդիրները: Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ նպատակով խորացնելու է կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումները, քայլեր է ձեռնարկելու երկրի համար առանցքային նշանակություն ունեցող այդ ակտիվի պահպանումն ու անվտանգ շահագործումը կանոնակարգելու համար.
● ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելը՝ սոցիալական բնակարանային ֆոնդի ինստիտուտի ներդրման միջոցով` պետություն - մասնավոր հատված գործընկերության գործիքների կիրառմամբ.
● շինարարության ոլորտում` շինարարական օբյեկտների, դրանց կառուցման մեթոդների, շինարարական աշխատանքների վերաբերյալ ժամանակակից տեխնիկական չափորոշիչների (ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի, տեխնիկական մասնագրերի) սահմանումը.
● պետական նպատակային ծրագրի մշակումը, որը կներառի առկա շենք-շինությունների տվյալների բազայի ստեղծումը, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ առանձին ներդրումային առաջարկների փաթեթի ձևավորումը և ֆինանսավորման մեխանիզմները.
● շինարարական աշխատանքները ժամանակին, ամբողջական ծավալով և որակով իրականացնելու նպատակով քաղաքաշինության ոլորտում ապահովագրական մեխանիզմների ներդրումը, որը կապահովի կապալառուների և կառուցապատողների պատասխանատվության աստիճանի բարձրացումը.
● շինարարության ոլորտում գնագոյացման նոր մեխանիզմների մշակումը, որը հնարավորություն կընձեռի կառուցապատումը դարձնելու ավելի մատչելի, անվտանգ և ապահով:
3.2.4.4. ՓՄՁ-ին պետական աջակցությունը
Տնտեսության մրցունակության բարձրացման և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականությունն անհնար է իրագործել առանց տնտեսության ճկունությունն ապահովող ՓՄՁ-ների աջակցության: Տնտեսության մեջ ՓՄՁ-ների դերի բարձրացումը նաև հասարակության միջին խավի ձևավորման, աղքատության հաղթահարման, զբաղվածության ապահովման կարևոր պայման է: Ելնելով նշվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է ՓՄՁ-ների համար ոչ միայն նպաստավոր գործարար միջավայրի ստեղծման, այլ նաև ուղղակի աջակցության քաղաքականությունը, մասնավորապես`
● ապահովելու է ֆինանսների հասանելիություն գործող և սկսնակ ձեռնարկություններին` վարկային երաշխավորությունների և ուղղակի վարկավորման տրամադրման միջոցով, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների ներդրման համար.
● ապահովելու է ձեռնարկատիրական կրթության մատչելիություն, հատկապես սկսնակ գործարարների համար գործարար պլանավորման և գործարար հմտությունների փոխանցման միջոցով.
● աջակցելու է գործող և սկսնակ ձեռնարկություններին` շուկաների հասանելիություն ապահովելու համար.
● նպաստելու է փոքր ձեռնարկությունների ձևավորմանը համայնքներում՝ տեղական տնտեսական ներուժի օգտագործմամբ.
● նպաստելու է արտադրական փոքր ձեռնարկությունների ձևավորմանը՝ օրինակելի բիզնես-մոդելների միջոցով.
● ապահովելու է տեղեկատվական աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին: Իրավական, հարկային, պետական կառավարման տարբեր ոլորտներին և հիմնահարցերին առնչվող խորհրդատվություն և տեղեկատվություն կստանան ՓՄՁ-ները ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում:
3.2.4.5. Զբոսաշրջությունը
Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության նեդրումն ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացում` պայմանավորված ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությունների թվի աճով, զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ:
Ոլորտում իրականացվող Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը կուղղվի`
● հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը` ծառայությունների որակի բարելավմանը, մրցակցային գնային միջավայրի ձևավորմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանն ու ոլորտը պահանջարկին համապատասխանող մասնագետներով ապահովելուն նպաստելու միջոցով.
● ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ նաև հյուրանոցային ցանցի ընդլայնմանը, միջազգային հեղինակավոր բրենդային ցանցերի ներգրավմանը, զբոսաշրջային տների համակարգի զարգացմանը նպաստելով.
● հայրենական զբոսաշրջային արդյունքի դիվեսիֆիկացմանը, Հայաստանում զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը.
● միջազգային շուկայում «Հայաստանը՝ զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկիր» նկարագրի պատշաճ ներկայացմանը և շարունակական ամրապնդմանը.
● Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային կենտրոնների (Ծաղկաձոր, Ջերմուկ, Տաթև, Հյուսիսային դարպաս, Գորիս) և այլ զբոսաշրջավայրերի զարգացմանը, դրանց նկարագրերի ձևավորմանը, բրենդավորմանը և համաշխարհային ու ներքին շուկայում պատշաճ ներկայացմանը.
● զբոսաշրջային գործունեության՝ հանրապետության մարզեր ապակենտրոնացմանը.
● գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, գյուղերում նաև ոչ գյուղատնտեսության ոլորտի աշխատատեղերի ստեղծմանը նպաստելուն.
● երկրի տրանսպորտային հասանելիության և մուտքի-ելքի մատչելիության բարելավմանը նպաստելուն:
3.2.5. Միջազգային ինտեգրացիան և արտաքին տնտեսական քաղաքականությունը
Այսօր արտաքին շուկաներ դուրս գալու համար գոյություն ունեն տեղեկատվական, ենթակառուցվածքային, կադրային և այլ խոչընդոտներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է օգտագործել արտաքին առևտրի կարգավորման հնարավոր բոլոր միջոցները, արտաքին աշխարհի տնտեսություններին ինտեգրվելու բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան մեր արտադրողներին ունենալ մասշտաբի էֆեկտը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
● կշարունակի ակտիվ համագործակցությունը ԱՊՀ անդամ գործընկեր երկրների հետ, միջոցներ կձեռնարկի ԱՊՀ մի շարք անդամ երկրների հետ ստորագրված բազմակողմ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի կիրարկման համար.
● կշարունակի ԵվրԱզԵս-ի հետ համագործակցությունը՝ ապահովելով տնտեսական ինտեգրման ավելի բարձր մակարդակ.
● կակտիվացնի եվրոպական ինտեգրման ուղղությամբ ընթացող աշխատանքները, մասնավորապես, կշարունակվեն ակտիվորեն իրականացվել Գործընկերության և համագործակցության համաձայնագրի դրույթները.
● ավարտին կհասցնի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները.
● կակտիվացնի համագործակցությունը տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ՝ ապահովելով հայկական ապրանքների համար այդ երկրներ մուտք գործելու առավել բարենպաստ պայմաններ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կշարունակի միջազգային տնտեսական համագործակցության համար համապատասխան իրավապայմանագրային դաշտի ստեղծման, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման ու ամրապնդման, ինչպես նաև դեպի ծով ելք չունեցող երկրների համար տարանցիկ փոխադրման համագործակցության մասով նոր գլոբալ համակարգերին ինտեգրման աշխատանքները:
3.2.6. Տարածքային համաչափ զարգացումը
Տարածքային զարգացման անհամաչափությունների հաղթահարումը կարևոր է երկրի ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև երկրի կայուն ու անվտանգ առաջընթացի համար: Հայաստանի Հանրապետության կառավարության գործողություններն այս ոլորտում իրականացվելու են հետևյալ ուղղություններով՝
● իրականացվելու է Երևանի բեռնաթափման համալիր ծրագիրը՝ պետական, կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ իրականացնելով հանրապետության մյուս տարածքներում, բարձրացնելով այլ քաղաքների դերը հանրային գործընթացներում.
● պետական աջակցության տարբեր ձևերի կիրառմամբ, պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ, նպատակային ծրագրերի մշակմամբ և իրագործմամբ խրախուսվելու են սոցիալ-տնտեսական առումով առանձնահատուկ նշանակություն ունեցող համայնքների զարգացման տեմպերի արագացումը և ներդրումային ակտիվությունը.
● մշակվելու է տարածքային համաչափ զարգացման նոր գործիքակազմ.
● Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպաստելու է համայնքներում մրցակցային առավելությունների վրա հիմնված տնտեսական զարգացման տարբեր մոդելների ներդրմանը.
● սահմանամերձ և սոցիալապես խոցելի համայնքների համար իրականացվելու են հատուկ օժանդակության ծրագրեր:
3.2.7. Ենթակառուցվածքները
Երկրի մրցունակության բարձրացումը պահանջում է ենթակառուցվածքներում ներդրումների շարունակական իրականացում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակադրում է տնտեսական աճին միտված և պետություն – մասնավոր հատված սերտ գործընկերության վրա հիմնված ենթակառուցվածքների զարգացումը:
3.2.7.1. Էներգետիկան
Էներգետիկայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած քաղաքականությունը միտված կլինի հետևյալ միջոցառումների իրականացմանը՝
● երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացում.
● վերականգնվող էներգետիկայի նպատակային զարգացմանն ուղղված քաղաքականության վարում, այդ թվում` առկա հիդրոներուժի օգտագործման արդյունավետության բարձրացում.
● էներգախնայողության միջոցառումների ներդրմանը նպաստող քաղաքականության վարում.
● էներգահամակարգի հետևողականորեն վերազինում` բարձրացնելով էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշները և մատակարարման հուսալիությունը.
● Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում, որը Հայաստանի Հանրապետությունից հարևան երկրներով էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորություն կստեղծի:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը, և կկատարվեն աշխատանքներ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ:
3.2.7.2. Ջրամատակարարումը
Ջրամատակարարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարիմ է մնալու բնակչությանը կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարման, ջրի որակի ապահովման, ինչպես նաև շուրջօրյա ջրամատակարարման աստիճանական ապահովման քաղաքականությանը։
Ջրահեռացման բնագավառում կարևորվում են քաղաքների ու խոշոր բնակավայրերի կոյուղացման համակարգի վերակառուցումը և հեռացվող կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը:
Ջրային տնտեսության ոլորտում բարեփոխումների երկարաժամկետ ծրագրի իրականացմամբ բարձրացվելու են համակարգի շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը, ինչպես նաև ապահովվելու է տրամադրվող պետական օժանդակության հասցեականությունը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ջրային տնտեսության կառավարման բարեփոխումների շարունակականության և զարգացման ապահովումը, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության խորացումը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է՝
● հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարում, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացում, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովում, գյուղական բնակավայրերում կենտրոնացված ջրամատակարարման սպասարկման ընդգրկվածության ավելացում, ծառայությունների որակի բարձրացում.
● գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ոռոգման ներդրումային ծրագրերի իրականացում.
● կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում.
● ջրային համակարգերի կառավարման բարեփոխումների խորացում.
● նոր ջրամբարների (Կապսի, Եղվարդի, Վեդու և Մաստարայի) շինարարության միջոցով ոռոգման համակարգերի սպասարկման տարածքում ընդգրկված և լրացուցիչ ոռոգելի հողերի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի քանակի ապահովման հնարավորությունների ստեղծում.
● ինքնարժեքի նվազեցման քաղաքականության իրականացում` ինքնահոս համակարգերի, հեռացնող ջրանցքների և ջրատարների կառուցմամբ ու նորոգմամբ.
● առկա ենթակառուցվածքների արդիականացում, առանցքային հիդրոտեխնիկական կառուցվածքների պատշաճ պահպանման, նորոգման և ամրապնդման աշխատանքների իրականացում.
● համակարգում առկա և նոր գործարկվող հզորությունների պատշաճ շահագործում ու պահպանում.
● ոռոգման ինստիտուցիոնալ բարեփոխումների խորացում, մասնակցային կառավարման ամրապնդում, վարչական խորհուրդների ակտիվացում, ջրօգտագործողների հետ առավելագույնս թափանցիկ և նոր որակի հարաբերությունների ներդրում:
3.2.7.3. Տրանսպորտային ենթակառուցվածքները
Տրանսպորտի կայուն և արդյունավետ զարգացումը դիտարկվում է որպես անհրաժեշտ պայման՝ երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի, ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման, բնակչության կենսապայմանների բարձրացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման և մրցունակության համար։
Առաջնահերթություն կտրվի ճանապարհային ցանցի առավել ինտենսիվ, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող հատվածներում իրականացվող ներդրումներին։
Այսպես՝
● կշարունակվի, միջազգային չափանիշներին համապատասխան, «Հյուսիս-հարավ» առաջին արագընթաց ճանապարհի կառուցումը, որը կունենա տարածաշրջանային նշանակություն.
● պետություն - մասնավոր հատված համագործակցության արդյունքում կմշակվեն «Հարավային երկաթուղի» և «Հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու նախագծանախահաշվային փաստաթղթերը.
● կավելացվեն Երևանի ավտոճանապարհների և հանգույցների շինարարության ծավալները, ինչի արդյունքում կթեթևանա Երևան քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Այլ քաղաքներում ևս ավելացվելու է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի իրականացման տեմպը.
● ավելացվելու են միջպետական, հանրապետական և տեղական նշանակության (այդ թվում՝ գյուղական համայնքները սպասարկող) ավտոճանապարհների ու տրանսպորտային օբյեկտների պահպանման ու հիմնանորոգման նպատակով հատկացվող պետական ներդրումների ծավալները.
● նորացվելու և արդիականացվելու է հասարակական տրանսպորտը: Հիմնովին վերափոխվելու է միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտի կառավարման համակարգը, որը կմեծացնի նաև սոցիալական ծառայությունների հասանելիությունը և աշխատուժի շարժունակությունը, այդ թվում՝ նաև հաշմանդամների և այլ սակավաշարժուն խմբերի համար.
● շարունակաբար ընդլայնվելու են քաղաքացիական ավիացիայի ոլորտում երկկողմանի միջազգային հարաբերությունները.
● ապահովվելու են հավասար մրցակցային պայմաններ՝ Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն օդային փոխադրումներ իրականացնող հայկական և օտարերկրյա ավիափոխադրողների համար.
● քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության մակարդակները համապատասխանեցվելու են եվրոպական և միջազգային ստանդարտներին:
3.2.7.4. Տեղեկատվական տեխնոլոգիաները
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի պետական քաղաքականության նպատակն է Հայաստանը դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեծ հավելյալ արժեք ստեղծող նորարարական, հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ առաջարկող և արտահանող երկիր, առնվազն կրկնապատկել ոլորտում աշխատողների թիվը, արտադրողականությունը և արտահանման ծավալները:
Ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը կուղղվի`
● դեպի Հայաստան ՏՏ-ի ոլորտի վերազգային կազմակերպությունների ներգրավմանը և դրանց հետ համատեղ տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրականացմանը.
● պետություն - մասնավոր հատված համագործակցության հենքով համապատասխան նորարարական էկոհամակարգի` հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների, աքսելերատորների և այլ ենթակառուցվածքային միավորների ձևավորմանը.
● տարածաշրջանում ՏՏ-ի ոլորտի համար առավելագույն բարենպաստ գործարար միջավայրի ձևավորմանը և տեխնոլոգիական ձեռներեցությունը խթանող ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում` ֆինանսավորման մեխանիզմների ձևավորմանը.
● տնտեսության բոլոր ոլորտներում, ինչպես նաև անվտանգության և բանակաշինության բնագավառում ՏՏ-ի նորարարական լուծումների ներդրման և օգտագործման մակարդակի բարձրացմանը, էլեկտրոնային առևտրի ենթակառուցվածքների ձևավորմանը:
3.2.7.5. Հեռահաղորդակցությունը
Հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպաստելու է ծառայությունների աշխարհագրության ընդլայնմանն ու նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանությանը և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովմանը։ Այս նպատակների իրականացման առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովելու է բնակչության առնվազն 60 տոկոսի կողմից համակարգիչների միջոցով համացանցի օգտագործման հնարավորությունը: Էլեկտրոնային առևտրի կազմակերպման նպատակով կստեղծվի համապատասխան ենթակառուցվածք:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման թվայնացման քաղաքականությունը: Հեռահաղորդակցության ու փոստային կապի ոլորտներում որակյալ ծառայություններ մատուցելու համար ներդրվելու են միջազգային լավագույն չափորոշիչներ:
Կիրականացվեն աշխատանքներ՝ սեփական արբանյակի թողարկման և այն Հայաստանին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու ուղղությամբ:
3.3. ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ
3.3.1. Ազատություն, արդարություն և հասարակական կարգ
Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրությունը կենտրոնանալու է անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության համար պատշաճ շրջանակային պայմանների ապահովման վրա: Այս առումով անհրաժեշտ է գործուն երաշխիքներ ստեղծել կենսունակ, արդյունավետ գործող՝ հանրության առջև հաշվետու և յուրաքանչյուրի համար մատչելի անկախ դատարանների համար՝ ապահովելով իրական արդարադատություն:
Այս բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, համաձայն իրավական և դատական բարեփոխումերի ռազմավարության, նախատեսում է՝
● առավել խիստ պահանջներ սահմանել դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և դրա կազմակերպման նկատմամբ.
● ստեղծել գործուն երաշխիքներ՝ դատարանների ներքին անկախության համար: Բարձրացնել դատավորների ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը.
● դատական և դատախազության համակարգերում մասնագետների պատրաստման նպատակով գործարկել արդարադատության ակադեմիան.
● ապահովել դատական իշխանության և դատախազության մասնագետների համալրման օբյեկտիվ ու թափանցիկ ընթացակարգեր` անձի ոչ միայն մասնագիտական գիտելիքների գնահատման, այլև որպես դատավոր կամ դատախազ՝ գործելու ունակության և բարոյական հատկանիշների հաշվառման հիման վրա.
● խստացնել դատավորների վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը և բարձրացնել նրանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգերի արդյունավետությունն ու թափանցիկությունը.
● ներդնել դատավորների գնահատման ու առաջխաղացման օբյեկտիվ չափանիշներ և ընթացակարգեր.
● կրճատել դատարանների կողմից գործերի քննության ժամկետները.
● վերջնականապես ներդնել դատարանների համապարփակ էլեկտրոնային կառավարման համակարգը, այդ թվում՝ հնարավոր դարձնելով էլեկտրոնային եղանակով հայցադիմումներ ներկայացնելը.
● ներդնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների հետևանքով անձին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի ներպետական հատուցման կառուցակարգեր.
● ընդարձակել քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի և տուժողի կողմից իրենց իրավաչափ շահերը պաշտպանելու գործիքակազմը.
● խթանել արտադատական կարգով վեճերի լուծման այլընտրանքային ընթացակարգերը.
● որակապես ընդլայնել կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների շրջանակը և հստակեցնել նախնական կալանքի կիրառման չափանիշները.
● ապահովել արդարադատությանը վերաբերող վիճակագրական համապարփակ տվյալների հասանելիությունը համացանցում՝ դրանով իսկ ավելացնելով համապատասխան համակարգերի հաշվետվողականությունը և հանրային վերահսկողությունը վերջիններիս նկատմամբ.
● ազատազրկված անձանց պահման պայմանները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի բարձր մակարդակով ապահովելու նպատակով կառուցել նոր՝ ժամանակակից տեխնիկական համակարգերով հագեցած քրեակատարողական հիմնարկներ.
● պատիժների և հարկադրանքի կիրառման քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում ստեղծել պրոբացիոն ծառայություն:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է աշխատանքները՝ բազմակարծության, քաղաքական ազատությունների, խոսքի և մամուլի ազատության, ժողովրդավարության սկզբունքների հիման վրա ազգային և սոցիալական համերաշխության հաստատման և ամրապնդման համար:
Որպես կայուն և առողջ քաղաքական համակարգի կարևոր նախապայման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն անընդհատ աջակցելու է քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը: Որոշումների կայացման գործընթացում պահպանվելու և ավելի է խորացվելու հասարակական քննարկումների շրջանակը:
Էապես կարևորվում է նաև իրավապահ մարմինների գործունեության մեջ արդարության և մարդու իրավունքների հարգման հրամայականի արմատավորումը:
Ոստիկանություն, դատախազություն և այլ իրավապահ մարմիններ
Ոստիկանության, դատախազության և այլ իրավապահ մարմինների գործունեությունը պետք է նպատակաուղղվի հասարակությունում սոցիալական խաղաղության ու համերաշխության հաստատմանը, իսկ նրանց գործելաոճը պետք է միտված լինի առավելապես բանակցային և իրավիճակի սրումը կանխարգելող այլ եղանակներով սոցիալական հակամարտությունների առաջացման կանխմանը կամ դրանց խաղաղ լուծմանը, անձ - իրավապահ մարմին հարաբերությունում անձանց իրավունքների և ազատությունների լիարժեք ապահովմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն էապես խստացնելու է իրավապահ մարմինների ծառայողների կողմից անձի իրավունքների խախտման համար պատասխանատվությունը և ապահովելու է դրա անխուսափելիության գործնական երաշխիքները:
Ոստիկանության, դատախազության և դատարանների գործունեությունը կոչված է լինելու ապահովել յուրաքանչյուր անձի իրավունքների և շահերի համակողմանի պաշտպանությունը, երաշխավորել հասարակության յուրաքանչյուր անդամի համար արդարադատության մատչելիությունը և յուրաքանչյուր վեճի արդարացի լուծումը, որի համար դատական իշխանությունը պետք է լինի արդյունավետ և հանրությանը հաշվետու: Այդ նպատակով իրականացվելու են դատաիրավական բարեփոխման հայեցակարգով նախատեսված միջոցառումներ:
3.3.2. Կոռուպցիայի դեմ պայքարը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է միջոցառումներ իրականացնել հակակոռուպցիոն ռազմավարության կիրարկումը և կոռուպցիայի դեմ պայքարի կարողությունները մեծացնելու համար, առանց որի երկրի ինստիտուցիոնալ կայացումը վտանգված է:
Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է՝
● ուժեղացնել էթիկայի հանձնաժողովի դերը, օրենսդրության մեջ վերացնել այն կարգավորումները, որոնք կոռուպցիոն ռիսկերի դրսևորման համար ստեղծում են բարենպաստ միջավայր.
● ստեղծել անհրաժեշտ երաշխիքներ՝ քաղաքացի - գործադիր իշխանություն փոխհարաբերություններում մարդկանց սահմանադրական իրավունքները հարգելու և ապահովելու համար.
● ապահովել հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը.
● գործուն քայլեր կատարել բիզնեսը և քաղաքականությունը սահմանազատելու, պետական կառավարման ապարատը բիզնեսից տարանջատելու ուղղությամբ:
3.4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ
Սոցիալական քաղաքականության առանցքում դրվելու է մարդկային կապիտալը` միտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներուժի լիարժեք և ամբողջական դրսևորմանը:
3.4.1. Սոցիալական քաղաքականությունը
Սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով կենսաթոշակային բարեփոխումները, ռիսկերի կառավարման (զսպման) միջոցով պետական նպաստների հասցեականության մեծացումը, հաշմանդամների, տարեցների, գործազուրկների, ընտանիքի, կանանց և երեխաների, ինչպես նաև սոցիալական պաշտպանության կարիք ունեցող այլ խմբերի սոցիալական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացման պայմանների ստեղծումը, բնակչության արդյունավետ զբաղվածության և արժանապատիվ վաստակի, անհատական աշխատանքային հարաբերությունների կատարելագործման և աշխատանքի վարձատրության պետական երաշխիքների ապահովումը, շարունակելու է պետության որդեգրած քաղաքականության իրականացումը:
Սոցիալական քաղաքականության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրում է իրականացնել՝
● աշխատանքային հարաբերությունների ծագման, այդ հարաբերությունների կարգավորման մեխանիզմների հստակեցում և համապատասխանեցում միջազգային պայմանագրերով ամրագրված պահանջներին.
● աշխատողների իրավունքների պաշտպանության նպատակով արտադրական դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրության համակարգի ներդրում.
● աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնների ու նորմերի սահմանում և կիրառման ապահովում.
● բնակչության եկամուտների աճի ապահովում` բաշխման առավել արդար մեխանիզմների կիրառմամբ, աշխատողի արժանապատիվ աշխատանքի իրավունքի, աշխատանքի արտադրողականության և արդյունավետության աճին համապատասխանող իրական աշխատավարձի մակարդակի հետևողական բարձրացման ապահովում: Միջազգային պայմանագրերով նախատեսված նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմների հետևողական ներդրում և կիրառման ապահովում.
● զբաղվածության ռազմավարությամբ նախանշված քաղաքականության նոր մոդելի իրավական, գործառնական, ինստիտուցիոնալ հիմքերի ամբողջական ապահովում և գործարկում.
● աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության խնդիրների լուծման միջոցառումներ.
● սոցիալական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ամբողջական և լիարժեք ներդրում՝ սոցիալական համալիր ծառայությունների տրամադրում «Մեկ պատուհանի» սկզբունքով.
● ԽՍՀՄ խնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակական ծրագրեր.
● սոցիալապես անապահով անձանց (ընտանիքների) սոցիալական կացարանի (բնակարանի) տրամադրման ծրագրեր.
● զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված շարունակական աշխատանքներ.
● պետություն – մասնավոր հատված, այդ թվում՝ առևտրային բանկերի հետ համագործակցությամբ սոցիալապես խոցելի խավերի համար լրացուցիչ սոցիալական ծառայությունների մատուցում.
● բնակչության սոցիալապես խոցելի և սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հասցեական և նպատակային ծառայությունների մատուցում.
● խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովում, կյանքի որակի բարելավում, խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների ներդրում.
● հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման նպատակով մատչելի միջավայրի և հավասար պայմանների ու հնարավորությունների ապահովման ուղղությամբ շարունակական միջոցառումների իրականացում կյանքի բոլոր բնագավառներում.
● հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային ծառայությունների մատչելիության ապահովում.
● հաշմանդամների վերականգնման արդյունավետության բարձրացման ուղղությամբ միջոցառումներ.
● երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացմանը, երեխաների սոցիալական պաշտպանությանը, երեխաների խնամքն անմիջականորեն ընտանիքում իրականացնելու առաջնահերթությանը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությանն ու հասարակության մեջ նրանց ինտեգրմանն ուղղված շարունակական քաղաքականություն.
● գենդերային քաղաքականության ներդրման` կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների շարունակական ապահովում, ինչպես նաև բռնության և թրաֆիքինգի երևույթի կանխարգելման ծրագրեր.
● շարունակական ծրագրեր՝ կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նախ՝ նվազեցնելու, ապա իսպառ բացառելու ուղղությամբ.
● կենսաթոշակների շարունակական աճ, որի արդյունքում ակնկալվում է միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակը հասցնել աղքատության գծի առնվազն 125 տոկոսին, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման աշխատանքների իրականացում, որը երաշխավորելու է ապահով և արժանապատիվ ծերություն: Քաղաքացիների կենսաթոշակային-կուտակային հաշիվների միջոցները պետությունը կրկնապատկելու է՝ խրախուսելով խնայողությունների առաջացումը և կրճատելով աշխատավարձերի վճարման գործում առկա ստվերայնությունը.
● կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման շարունակական աշխատանքներ, այդ թվում` «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի միջոցով.
● սոցիալական պաշտպանության ոլորտի ամբողջական ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ներդրում և շահագործում.
● շարունակվելու է մայրական կապիտալի համակարգի ներդրման միջոցով ծնելիության խթանումը:
3.4.2. Առողջապահությունը
Ոլորտում իրականացվող բարեփոխումները շարունակելու են շեշտադրել առողջապահական ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունն ու որակի բարձրացումը։ Միաժամանակ, առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականության փոփոխությունն ուղղված է լինելու հիվանդությունների կանխարգելմանը՝ առողջ կենսակերպի համար պայմաններ ստեղծելու միջոցով: Սպորտի մասսայականացման, առողջ և անվտանգ սննդի երաշխավորման, ծխելու դեմ պայքարի հարցերը մշտապես լինելու են պետության օրակարգում: Այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
● ապահովելու է հիվանդությունների ճշգրիտ և վաղ ախտորոշումը, որակյալ բուժումը, ինչպես նաև հետվիրահատական վերականգնողական շրջանի գրագետ վարումը.
● հետևողականորեն իրականացնելու է բժիշկների պարտադիր վերապատրաստում, այդ թվում՝ աշխարհի լավագույն առողջապահական կենտրոններում.
● երաշխավորելու է սրտի անհետաձգելի վիրահատությունը՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար.
● կառուցելու է եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխան արյունաբանության հիվանդանոց.
● հիմնելու է ուռուցքաբանական կենտրոն, որը կընձեռի ժամանակակից գիտական մեթոդներով նորագոյացությունների հայտնաբերման, ախտորոշման և որակյալ բուժման հնարավորություն.
● շարունակելու է մարզային բժշկական հաստատությունները վերակառուցելու և վերազինելու ծրագրի իրականացումը` հանրապետության ամբողջ տարածքում հասանելի դարձնելով ժամանակակից բժշկական ծառայությունները.
● ներդնելու է մեխանիզմներ մարզային բժշկական կազմակերպությունները որակյալ մասնագետներով ապահովելու և բուժաշխատողների աշխատանքը մարզերում խրախուսելու համար.
● շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել ոլորտի հաստատությունների՝ նորագույն սարքավորումներով վերազինմանը.
● հատուկ կարևորելու է բնակչության անապահով և սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացման խնդիրը՝ նրանց համար հիվանդությունների հիմնական խմբերի գծով ապահովելով կանխարգելիչ, ախտորոշիչ և բժշկական օգնության ծառայությունների հնարավորինս լայն շրջանակ.
● ներդնելու է առողջապահության ֆինանսավորման նոր մեխանիզմներ և մոտեցումներ.
● վերանայվելու է պետական պատվերի տրամադրման ընթացակարգը, ինչպես նաև որոշ հիվանդությունների տեսակների և սոցիալապես անապահով խավերի համար աստիճանաբար ներդրվելու է բժշկական ապահովագրության ինստիտուտը.
● շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել դեղերի բնագավառում իրականացվող քաղաքականությանը, բժշկական կրթական համակարգի բարեփոխումներին և առողջապահության համակարգում անհրաժեշտ տեղեկատվական բազաների ստեղծմանն ու ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործմանը.
● ապահովելու է հասանելի, մատչելի, անվտանգ և արդյունավետ դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում.
● աջակցություն է ցուցաբերելու եզակի դեղանյութերի և դեղամիջոցների ստեղծման, արտադրման և արտահանման գործընթացին.
● իրականացնելու է առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներ.
● բժշկական ծառայությունների որակի կառավարման նպատակով փուլ առ փուլ ներդնելու է ապացուցողական բժշկության վրա հիմնված բժշկական օգնության տրամադրման չափորոշիչները և հիվանդների տվյալների բազայի վարման արձանագրությունները:
3.4.3. Կրթությունը և գիտությունը
Մրցունակ պետություն՝ նշանակում է մրցունակ կրթական և գիտական համակարգ, որը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու ունակությունը: Ըստ այդմ՝
● բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության հենքը՝ միավորելով գիտությունը, դասավանդումը և նորարարական արտադրությունը.
● երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից պետք է անցում կատարվի երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ՝ մասնագիտական) կրթությանը.
● կրթությունը հասանելի դարձնելու նպատակով անվճար կրթություն է ապահովվելու սոցիալապես անապահով խավերի համար (ներառյալ բարձրագույն կրթությունը).
● յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտի անվճար տրամադրվելու է համակարգիչ.
● ընդլայնվելու է նախադպրոցական կրթության հասանելիությունը.
● կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր խոցելի խմբերի երեխաներին ընձեռվելու են որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորություններ.
● ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար ընդլայնվելու է որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունը.
● բարելավվելու է հանրակրթական առարկայական ծրագրերի և դասագրքերի բովանդակային որակը.
● ներդրվելու են կրթության արդյունքային ցուցանիշների վրա հիմնված ֆինանսավորման և արդյունավետության գնահատման գործիքներ.
● ուսումնական հաստատություններում ապահովվելու է համացանցի ամբողջական և որակյալ ծածկույթ.
● վերանայվելու է ընդունելության քննությունների համակարգը՝ դյուրացնելով դիմորդների մուտքը բուհ, սակայն խստացվելու են առաջադիմության և ավարտական հմտություններին վերաբերող պահանջները.
● բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գործակալությանը անդամագրվելու և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ռեգիստրում գրանցվելու, ինչպես նաև որակի ապահովման եվրոպական չափորոշիչների համաձայն բուհերի հավատարմագրման միջոցով ապահովվելու է Հայաստանում շնորհված որակավորումների միջազգային ճանաչումը.
● եռապատկվելու են հայալեզու էլեկտրոնային կրթական ռեսուրսների ծավալները.
● բուհերում սահմանվելու է ուսման վարձի վերին շեմ.
● Բոլոնիայի հռչակագրի սկզբունքներին համապատասխան՝ մեծացվելու է բուհերի ինքնուրույնությունը, այդ թվում` ապահովելով պետական բուհերի կազմակերպաիրավական կարգավիճակների բազմազանությունը.
● բարձրագույն տեխնոլոգիական կրթության ոլորտում, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, հիմնվելու է ժամանակակից լաբորատորիաների ցանց.
● էապես բարելավվելու է հանրակացարանային ցանցը՝ եվրոպական համալսարանական ավանների ձևաչափով.
● առաջնային ուշադրություն է դարձվելու հայագիտության զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում.
● բուհերում ուժեղացվելու է գիտահետազոտական բաղադրիչը, ներդրվելու են գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ, առաջնային ուշադրություն է դարձվելու հայագիտության զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում.
● համալսարանների և գիտատեխնիկական լաբորատորիաների հետ համատեղ շարունակվելու են իրականացվել պետական ներդրումներ՝ նորարարությունների և հետազոտությունների համար ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման նպատակով.
● աջակցություն է ցուցաբերվելու գիտնականների՝ վերջին տարիներին գրանցած հաջողությունների հետագա զարգացմանը.
● ներդրվելու են նոր մեխանիզմներ գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման գործում.
● ընդլայնվելու են երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ծավալները.
● ստեղծվելու են նպաստավոր պայմաններ՝ գիտական պետական կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև առավել սերտ ու փոխշահավետ համագործակցության համար:
3.4.4. Բնապահպանությունը
Բնապահպանական և տնտեսական օգուտների ու վնասների հետազոտման միջոցով հավասարակշռված բնապահպանական միջավայրի ապահովումը, մարդու առողջության պահպանումը և կյանքի որակի բարձրացումը բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության առանցքն են: Այս նպատակով նախատեսվում է`
● շարունակել ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ՝ օդի, ջրի որակի, կանաչ տարածքների, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ.
● հիմնանորոգել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանները և կառուցել նորերը.
● շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացումը.
● ապահովել անտառապատման և անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանումը, մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության կանխարգելմանը, կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը, ինչպես նաև օզոնային շերտի պահպանմանն ուղղված քայլերի, ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը.
● ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և կատարելագործել դրանց կառավարման մեխանիզմները.
● մշակել և կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում.
● ուժեղացնել ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը.
● մշտապես ուշադրության կենտրոնում պահել բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը՝ ներառյալ գոյություն ունեցող մշտադիտարկումների ցանցի կատարելագործումն ու ընդլայնումը.
● բնապահպանական տեսակետից նախընտրելի տեխնոլոգիաների և ծրագրերի ֆինանսավորման, բնապահպանության ոլորտում կառավարման կատարելագործման նպատակով մշակել կանաչ տնտեսության ներդրման սկզբունքները, խրախուսել մասնավոր ու հանրային հատվածների համագործակցության մեխանիզմների և նորերի ներդրման շարունակական զարգացումը:
3.4.5. Մշակույթը
Մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի ստեղծագործական կարողությունների խթանմանը, նրա ձևավորմանն ու հանրայնացմանը, ազգային հոգևոր, բարոյական, մշակութային արժեհամակարգի վրա հիմնված, քաղաքացիական բարձր գիտակցությամբ ու հայրենասիրությամբ օժտված հասարակության զարգացման գործընթացների ապահովմանը: Այդ նպատակով՝
● ստեղծվելու են նպաստավոր պայմաններ հայ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ավանդույթների վերարտադրման համար.
● շարունակվելու է արտերկրում հայկական մշակութային արժեքների և պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, հաշվառման գործընթացը, որի նպատակն է հայկական մշակութային ժառանգության թվայնացման խթանումը և միասնական տեղեկատվական շտեմարանի ձևավորումը.
● ամրապնդվելու է մշակույթի ոլորտի աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը.
● ապահովվելու է մշակութային զբոսաշրջության արդյունավետ կազմակերպումը` միջգերատեսչական ծրագրերի մշակման և իրականացման միջոցով.
● պետական պատվերի տեղադրումը նպաստելու է երաժշտության, ֆիլմերի, թատերական ներկայացումների, հեռուստահաղորդումների, գրքերի միջոցով ազգային և համամարդկային արժեքների տարածմանը.
● ծրագրվում է ազգային երգ ու պարի դասավանդում դպրոցում, ինչպես նաև ազգային ավանդույթների ու մշակույթի դասընթացների ներմուծում կրթական ծրագրերում.
● կարևորվելու է մանուկների ու պատանիների մշակութային կրթության շարունակականությունը` ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցվելու, նրանց կրթության և ստեղծագործական ունակությունների բացահայտման, զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների բարելավման միջոցով.
● կատարելագործվելու է արհեստավարժ մասնագետների պատրաստման համակարգը՝ նոր մասնագիտացված ենթակառուցվածքների ստեղծմամբ, և ապահովվելու է մշակութային կրթության փուլերի շարունակականությունը.
● Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համակարգված ծրագրերը նպաստելու են արվեստի միջոցով ցեղասպանության հիմնախնդրի հանրայնացմանը և միջազգային ճանաչման շարունակականության ապահովմանը.
● հանրապետության ամբողջ տարածքում ապահովվելու են մշակութային ծառայությունների բազմազանությունը, մատչելիությունը և հասանելիությունը բոլոր սոցիալական խավերի համար.
● լայնորեն տարածվելու է շարժական մշակույթի կիրառումը, որը կապահովի մայրաքաղաքային մշակույթի մուտքը մարզեր (շարժական կինոթատրոն, գրադարան, թանգարան, գրախանութ և այլն).
● մշակութային տների արդյունավետ օգտագործման միջոցով մարզերում ակտիվացվելու է մշակութային խմբակների գործունեությունը, ապահովվելու է մշակութային և կրթական ծրագրերի ներդաշնակեցումը.
● ձևավորվելու է «մշակութային կազմակերպություն-դպրոց» ուղիղ կապի համակարգը.
● խրախուսվելու են արվեստի փորձարարական և նորարարական ձևերը.
● ստեղծվելու են լրացուցիչ հնարավորություններ՝ ազգային փոքրամասնությունների էթնիկ ինքնության պահպանման և մշակույթի լիարժեք դրսևորման համար.
● Հայաստանի Հանրապետության կառավարությունն ակտիվորեն համագործակցելու է Հայ Առաքելական եկեղեցու հետ՝ հայ ընտանիքի բարոյական նորմերի պահպանման, մատաղ սերնդին անցանկալի ազդեցություններից զերծ պահելու և հայեցի դաստիարակություն տալու նպատակով.
● շարունակվելու է տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրումը մշակութային ծառայությունների ոլորտում.
● զարգացվելու են մշակութային ժամանակակից ենթակառույցները և համապատասխանեցվելու են միջազգային չափանիշներին.
● խթանվելու է ստեղծագործական արդյունաբերությունը (հուշանվերների պատրաստում, ազգային խոհանոցի տարածում, ազգային տարազի կիրառում, կիրառական արվեստի ճյուղերի զարգացում և տարածում):
3.4.6. Ժողովրդագրությունը, երիտասարդությունը և սպորտը
3.4.6.1. Ժողովրդագրությունը
Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում բնակչության ծերացման միտումները մեղմելը, ապա նաև` կանխելը, առողջ սերնդի վերարտադրությունը խթանելը, երկրից երիտասարդների արտահոսքը կանխարգելելը, հայրենիք վերադառնալուն պատրաստ երիտասարդներին սատարելը:
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով մշակվելու է ժողովրդագրական քաղաքականության ազգային ծրագիր, որն իրականացվելու է հետևյալ կարևորագույն հենքերի վրա`
● ծնունդների սոցիալական խրախուսում` երեխաներ ունենալու և մեծացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով.
● երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական տարիքային կառուցվածքի աստիճանական բարելավում.
● բազմազավակ ընտանիքների` որպես հասարակության կարևորագույն օղակի, աջակցության ծրագրերի իրականացում.
● երիտասարդ ընտանիքներին աջակցություն.
● երեխաների առողջություն:
Նրանք, ովքեր նոր են ամուսնացել, ստանալու են արտոնյալ վարկեր` բնակարան ձեռք բերելու համար: Նրանք, ովքեր արդեն ունեն երկու երեխա, ստանալու են 1 մլն դրամ` երրորդ և չորրորդ երեխայի, և 1.5 մլն դրամ` հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ: Նրանք, ովքեր ունեն մինչև 10 տարեկան երեխա, ստանալու են հավաստագրեր՝ բոլոր տեսակի առողջապահական ծառայությունները, այդ թվում` երեխայի հիվանդանոցային բուժումն անվճար ապահովելու համար: Սոցիալապես անապահով նորաստեղծ ընտանիքներին առաջին երեխայի ծնվելու կապակցությամբ տրամադրվելու է պետական աջակցություն:
3.4.6.2. Երիտասարդությունը
Երիտասարդության համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր կձեռնարկի՝ ստեղծելու սոցիալ-տնտեսական, իրավական, քաղաքական, հոգևոր, մշակութային, կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ՝ նրանց սոցիալական կայացման և ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության լիարժեք օգտագործելու համար։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը մատչելի բնակարանային ֆոնդի ազգային ծրագրի շրջանակներում ավելացնելու է «Մատչելի բնակարան» և «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրերի ծավալները: Երիտասարդների համար ներդրվելու են պետության կողմից սուբսիդավորվող նոր ֆինանսական գործիքներ:
Երիտասարդական պետական քաղաքականության նպատակներն են`
● «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի պայմանների շարունակական բարելավումը.
● ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագրի իրականացումը.
● աջակցությունը մարզաբնակ երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը.
● հանրապետության երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակությանը, ազգային և մշակութային արժեքների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
● միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման ծրագրերի և միջոցառումների իրականացումը:
3.4.6.3. Սպորտը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակներն է համարում`
● ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով բնակչության առողջության ամրապնդմանը, անհատի ներդաշնակ զարգացմանը, աշխատունակության ու երկարակեցության ապահովմանն ուղղված պայմանների ստեղծումը.
● տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունն ու ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությունը.
● հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստվածության ապահովումը.
● նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում մարզական զանգվածային միջոցառումների անցկացումը.
● դպրոցական և ուսանողական սպորտի հետագա զարգացման միջոցառումների իրականացման միջոցների ձեռնարկումը.
● բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ու մարզիկների արդյունավետ մասնակցության ապահովումը.
● մարզական խմբակներում և մարզադպրոցներում ընդգրկվածության ընդլայնումը՝ դրանք հասանելի ու մատչելի դարձնելու միջոցով.
● մանկապատանեկան մարզադպրոցների աշխատակազմերի սոցիալական վիճակի բարելավումը.
● զանգվածային, հանրապետական և մարզային միջոցառումների անցկացումը.
● հաշմանդամային սպորտին, մարզական–հասարակական կազմակերպություններին պետական աջակցությունը.
● ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացումն ապահովելու նպատակով ֆինանսավորման նոր մոդելի կիրառումը, մարզադպրոցների նյութատեխնիկական և ֆինանսավորման ապահովվածության մակարդակի բարձրացումը, մարզադպրոցների՝ որպես լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցող հաստատությունների կարգավիճակի վերանայումը, մարզական հերթափոխի պատրաստման նկատմամբ նոր պահանջներ ներկայացնելը, մարզադպրոցների կառավարման մոդելի վերանայումը և արդիականացումը:
Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստմանը, բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովմանը, Հայաստանի Հանրապետությունում գործող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի սոցիալական վիճակի բարելավմանը, նրանց վերապատրաստմանը, ֆիզկուլտուրային-առողջարարական զանգվածային, հանրապետական և մարզային միջոցառումների անցկացմանը, հաշմանդամային սպորտին, մարզական հասարակական կազմակերպություններին պետական աջակցությանը, մարզադպրոցների՝ անհրաժեշտ մարզագույքով ապահովմանն ուղղված ծրագրեր:
3.5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Հասարակության զարգացման հիմնարար գործոններից մեկն արդյունավետ ինստիտուտների, դրանց քաղաքական, տնտեսական, սոցիալական հարաբերությունները կարգավորող կայուն համակարգի առկայությունն է: Ինստիտուտներն ազդում են ֆիզիկական, մարդկային կապիտալում և տեխնոլոգիաներում ներդրումների արդյունավետ տեղաբաշխման, առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման, հետևաբար տնտեսական ներուժի առավելագույնս օգտագործման և աճի վրա: Այս ոլորտում բարեփոխումները պետք է ուղղվեն այնպիսի ինստիտուտների կայացմանը, որոնք ապահովում են հավասարապես բոլորի համար գործող արդար խաղի կանոններ և լրացուցիչ ծախսեր չեն առաջացնում տնտեսության մասնակիցների համար: Արդյունավետ ինստիտուտները խթաններ են ստեղծում մարդկանց կարողությունների լիարժեք իրագործման համար: Այս ոլորտում բարեփոխումները կարևորվում են նաև այն հանգամանքով, որ ինստիտուտները ոչ միայն ուրվագծում են տնտեսության աճի ներուժը, այլև պայմանավորում տարբեր անձանց և սոցիալական խմբերի միջև տնտեսական օգուտների արդար բաշխումը:
3.5.1. Պետական կառավարումը և տեղական ինքնակառավարումը
3.5.1.1. Կառավարման համակարգի բարեփոխումները
Պետական կառավարման ոլորտում, վարչարարության արդյունավետության բարձրացմանը զուգահեռ, հսկողական գործառույթներից անցում է կատարվելու դեպի անձանց որակյալ, մրցունակ պետական ծառայություններ մատուցելուն: Ժամանակն է, որ մատուցվեն մասնավոր ծառայություններին համադրելի որակով պետական ծառայություններ։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է՝
● սահմանել պետական կառավարման համակարգի բոլոր ճյուղերում պաշտոնյաների վարձատրության միասնական և արդարացի համակարգ, որը հաշվի կառնի յուրաքանչյուր աշխատողի արտադրողականությունը և աշխատանքի արդյունավետությունը.
● պետական աշխատանքը գրավիչ դարձնելու նպատակով շարունակել սոցիալական երաշխիքների ներդրման քաղաքականությունը, միաժամանակ բարելավել մասնագետների ընտության, վերապատրաստման և որակավորման գործընթացները.
● հստակեցնել պետական կառավարման մարմինների գործառույթները. մասնավորին պատվիրակել գործակալական, սպասարկման կամ մասնագիտական այն ծառայությունները, որոնք կարող են առավել արդյունավետ իրականացվել մասնավորի կողմից.
● վերացնել այն գործառույթները, որոնք ստեղծում են բյուրոկրատական անհարմարություններ ու քաշքշուկ՝ բիզնեսի և քաղաքացիների համար: Ուժեղացնելով պետության կարգավորիչ դերը՝ խաղի կանոնների սահմանման առումով՝ նվազագույնի հասցնել միջամտությունը տնտեսավարողի գործերին.
● պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով մշակել և իրականացնել պետական գույքի կառավարման միասնական քաղաքականություն.
● ավարտին հասցնել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրումը, որը կդյուրացնի բոլոր քաղաքացիների համար հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրոնային ծառայություններից օգտվելը.
● շարունակել էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման աշխատանքները՝ առաջնահերթ համարելով այն ոլորտները, որտեղ դրանց կիրառումն առավել արդյունավետ է՝ բնակչության և գործարարների կողմից ժամանակային ծախսերի կրճատման, կառավարման թափանցիկության ու վերահսկելիության ավելացման առումով.
● նոտարական ծառայությունների ոլորտում ներդնել էլեկտրոնային համակարգ՝ նպատակ ունենալով ծառայությունները մատուցել «Մեկ պատուհանի» սկզբունքով.
● իրականացնել հանրային ռեգիստրների հետագա բարեփոխում՝ որպես անձանց գույքային իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմ, ապահովելով միասնական սպասարկման կենտրոնների կողմից մի շարք հանրային ռեգիստրների՝ «Մեկ պատուհանի» սկզբունքով ծառայությունների մատուցումը.
● Հայաստանի Հանրապետության արխիվային գործի բնագավառում իրականացնել բարեփոխումներ, այդ թվում՝ ներդնել արխիվային ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգ:
3.5.1.2. Տեղական ինքնակառավարումը
Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը միտված է պետության բոլոր մակարդակներում արդյունավետ կառավարման ներուժի զարգացմանը: Ըստ այդմ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է՝
● բարձրացնել համայնքների ֆինանսական հնարավորությունները՝ ապահովելով նրանց բյուջեների մուտքերի կայունությունը.
● շարունակել ապակենտրոնացման գործընթացը, ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների տեսականին՝ միաժամանակ բոլոր համայնքներում բարձրացնելով դրանց որակը.
● ստեղծել խթաններ՝ դեպի համայնքներ ներդրումների հոսքի և համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծման համար.
● ներդնել գործուն մեխանիզմներ՝ մարզերում երիտասարդների աշխատանքի և կենցաղի գրավչությունն ավելացնելու համար, այդ թվում՝ համայնքային ծառայության ոլորտում.
● ապահովել համայնքի ղեկավարի կողմից ընդունվող որոշումների ու գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ.
● բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը.
● իրականացնել համատիրությունների լիարժեք կայացման ռազմավարություն.
● մշակել և իրականացնել պիլոտային ծրագրեր՝ բնակչությանը մրցակցային սկզբունքով կոմունալ ծառայություններ մատուցելու և դրանց որակը բարձրացնելու համար.
● բնակչությանը մատուցվող ծառայությունների մատչելիության և որակի էական բարելավման նպատակով իրականացնել համայնքների խոշորացում և խորացնել միջհամայնքային գործակցությունը՝ դրանցում առկա կարողությունների ավելացման ու արդյունավետ օգտագործման միջոցով.
● Երևանին վերադարձնել իր ճարտարապետական շունչը` օրենքով բացառելով Երևանի կենտրոնում մայրաքաղաքի պատմությանն ու նկարագրին անհարիր կառուցապատումները.
● համայնքների խոշորացմանը զուգահեռ՝ շարունակել ավագանու ինստիտուտի կատարելագործմանն ու դերի բարձրացմանն ուղղված քայլերը, ավագանու ձևավորման գործընթացում ավելացնել քաղաքական բաղադրիչը.
● ներդնել ֆինանսական համահարթեցման նոր համակարգ՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիաների առավել արդյունավետ մեխանիզմ, որի արդյունքում տրամադրվող դոտացիաները կդառնան ավելի հասցեական.
● մշակել և ընդունել «Անշարժ գույքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենք, որի համաձայն անցում կկատարվի միասնական հարկման նոր համակարգի.
● համայնքներում ներդնել առևտրային բանկերից և այլ ֆինանսական կառույցներից փոխառությունների ներգրավման արդյունավետ մեխանիզմներ.
● իրականացնել տեղական մակարդակում որոշումների ընդունմանը և հանրային կառավարմանը քաղաքացիների մասնակցության խթանումն ապահովող միջոցառումներ.
● խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացումը, համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորումը:
3.5.2. Հարկային և մաքսային համակարգերը
Հարկային և մաքսային համակարգերը պետք է գործեն՝ ելնելով արդարության սկզբունքից, պետք է համապատասխան կարողություններ ունենան ստվերային տնտեսության կրճատման համար և լինեն միջազգայնորեն մրցունակ` նպաստելով բիզնես միջավայրի բարելավմանը: Այս առումով հարկային և մաքսային համակարգերի կատարելագործման կարևոր ուղղություններն են լինելու`
● հարկեր/ՀՆԱ հարաբերակցության տարեցտարի ավելացման շարունակումը` հատկապես տնտեսական գործունեության ստվերային և ոչ ֆորմալ հատվածի կրճատման միջոցով.
● հարկային հսկողության արդյունավետության բարձրացումը՝ ռիսկային տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ տարբերակված մոտեցումների կիրառմամբ.
● պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակների ընդլայնումը՝ հարկային խախտումների մասին տեղեկությունների փոխանակման նպատակով.
● մաքսային համակարգի տեխնիկական և մասնագիտական կարողությունների շարունակական ընդլայնումը, եվրոպական երկրներում կիրառվող սահմանների համալիր կառավարման համակարգի լավագույն սկզբունքներին համահունչ պետական սահմանի անցման կետերում մաքսային ընթացակարգերի մշակումը և ներդրումը` հաշվի առնելով նաև «Մեկ կանգառ/մեկ պատուհան» սկզբունքը.
● բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների համար պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառման համակարգի մշակման և ներդրման աշխատանքների իրականացումը` անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմք ստեղծելով «Լիազորված տնտեսավարող օպերատորների» համակարգի ներդրման և կիրառման համար.
● փոքր ու միջին բիզնեսի համար պարզեցված հարկային դաշտի ապահովումը և հարկային բեռի շարունակաբար տեղափոխումը դեպի խոշոր հարկատուներ.
● հարկային վարչարարության պարզեցումը, էլեկտրոնային հաշվետվական համակարգի կատարելագործումը՝ նպատակ ունենալով ապահովելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնելու լայնամասշտաբ կիրառումը.
● հարկային և մաքսային ծառայություններում աշխատողների սեփական բիզնես շահերի բացառումը, բոլորի համար հավասար դաշտի երաշխավորումը.
● հարկ վճարողների շահերի պաշտպանությունը և նրանց սպասարկման որակի բարձրացումը, որով հարկման հարաբերություններում կընդլայնվեն ինքնագնահատման համակարգի կիրառման մոտեցումները.
● ստվերի դեմ պայքարի մեխանիզմների կիրառումը՝ հարկերի վճարումից խուսափելու, ապօրինությունների և ստվերային շրջանառությունների դեմ պայքարի ազգային ծրագրի ներդրմամբ.
● պետական կառավարման այլ մարմինների, տնտեսավարող սուբյեկտների և հասարակության հետ մաքսային մարմինների փոխհամագործակցության զարգացումը` ապահովելով փոխվստահության և տեղեկատվության արագ ապահովման բարձր մակարդակ.
● հարկային և մաքսային մարմինների տեխնիկական ապահովվածության մակարդակի, ինչպես նաև այդ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմների բարելավումը` ստեղծելով տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնելու գործուն տեղեկատվական համակարգ.
● սահմանային անցակետերի, առաջին հերթին մաքսային տեղամասերի՝ ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացումը:
3.5.3. Մրցակցության պաշտպանության համակարգը
Գործարար կարողությունների ազատ դրսևորումն ու ներդրումների աճն անհնար են առանց արդար մրցակցային դաշտի առկայության: Հայաստանի Հանրապետությունում գերիշխող դիրքը պարբերաբար չարաշահող խոշոր բիզնեսների կողմից մրցակցության խաթարումը տնտեսության կայուն աճի խոչընդոտներից մեկն է: Առանց մրցակցության ոլորտում արմատական փոփոխությունների՝ անհնար է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական ծրագրի արդյունավետ իրագործումը: Այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է՝
● էապես ուժեղացնել տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավասություններն ու գործիքակազմը` հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա.
● իրականացնել հսկողություն մենաշնորհային և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեության նկատմամբ և կանխարգելել չարաշահումները՝ անպատիժ չթողնելով ոչ մի հակամրցակցային գործողություն.
● վերացնել շուկա մուտք գործելու խոչընդոտներն ինչպես ներքին արտադրողների, այնպես էլ ներմուծողների համար՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար.
● հայտնաբերել և կանխարգելել անբարեխիղճ տնտեսավարողների կողմից սպառողների շահերը վնասելու փորձերը.
● շարունակել կրճատել պետության այնպիսի գործառույթները, որոնք կարող են վնասել ազատ շուկայական մրցակցային հարաբերությունների բնականոն զարգացմանը:
3.5.4. Արտակարգ իրավիճակների կանխարգելումը
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, սեյսմիկ պաշտպանության, հրդեհային և տեխնիկական անվտանգության, հիդրոօդերևութաբանության ու մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության և պետական ռեզերվների ձևավորման ու կառավարման բնագավառներում իրականացվող Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերը նպատակաուղղված են լինելու աղետներից ու հնարավոր պատերազմների հետևանքներից մարդու կյանքին, առողջությանը, ունեցվածքին և շրջակա միջավայրին հասցվող վնասների նվազեցմանն ու բացառմանը: Գիտակցելով, որ հանրապետությունը պետք է կայուն զարգանա, աղքատությունը նվազեցվի և մյուս առաջնահերթությունները պետք է անխուսափելիորեն իրականացվեն աղետների ռիսկերի կառավարման համատեքստում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է`
● ուժեղ և կայուն ինստիտուցիոնալ ազգային բազայի հիման վրա նվազեցնել տարերային ու տեխնածին ռիսկերը և բարձրացնել աղետներին դիմակայելու կարողությունները.
● բազմակողմանիորեն բացահայտել ու գնահատել ռիսկերը, զարգացնել աղետների վաղ ազդարարման համակարգը.
● նվազեցնել ռիսկային գործոնները, մշակել և իրականացնել գիտատեխնիկական ու նպատակային ծրագրեր.
● զարգացնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի հնարավորությունները և ապահովել ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու պատրաստականությունը.
● զարգացնել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հնարավորությունները` այն դարձնելով արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մասնագետների պատրաստման ու վերապատրաստման տարածաշրջանային և մերձավորարևելյան կենտրոն.
● ապահովել մարդուն հրատապ օգնություն ցուցաբերելու համապետական համակարգի «911» դիսպետչերական ծառայության կայացումը՝ այն հաշվով, որպեսզի մարդն օգնության համար դիմի և ստանա միջազգային չափանիշներին համահունչ բազմակողմանի աջակցություն.
● կատարելագործել և զարգացնել պետական փրկարարական համակարգը՝ այն համապատասխանեցնելով ընդունված ժամանակակից պահանջներին, զուգահեռաբար պետական փրկարարական կառույցի շուրջ ձևավորելով հասարակական և կամավորական փրկարարական ուժեր.
● կատարելագործել և զարգացնել պետական նյութական պահուստի համակարգը.
● շենքերի, շինությունների նախագծման, բնակավայրերի տարաբնակեցման և զարգացման ծրագրերում հաշվի առնել ինչպես դրանց հնարավոր անվտանգ վայրի ընտրությունը, այնպես էլ սեյսմիկ անվտանգությունը.
● հատուկ ուշադրություն դարձնել բնական և տեխնածին աղետների դեպքում կամ ռազմական դրության ժամանակ բնակչության զանգվածային տեղաշարժերի կանոնակարգման հարցերին` մշակելով բնակչության տարահանման պլաններ` բազմակողմանի կենսաապահովման միջոցառումներ իրականացնելու համար:
3.6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՌԻՍԿԵՐԸ
Ներկայումս համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ զարգացած աշխարհը՝ Եվրոպան, Ճապոնիան և ԱՄՆ-ն, դեռևս չի գտնում տնտեսության խորքային խնդիրների լուծման միասնական ճիշտ մոտեցումներ: Տարածաշրջանային այլ երկրներում հիմնականում ռիսկերը կդրսևորվեն՝ նշված երկրներում ու Եվրամիությունում զարգացման հնարավոր բացասական սցենարներից ածանցվելով։
Տնտեսական հիմնախնդիրների հետ մեկտեղ՝ աշխարհը թևակոխել է նաև տարածաշրջանային ռազմական հակամարտությունների, ներքաղաքական անկայունությունների, ինչպես նաև հարևանների հետ քաղաքական հակադրությունների փուլ: Ընդ որում, եթե դրանք խիստ ընդգծված են արաբական աշխարհի երկրների համար, ապա երրորդ գործոնի առկայությունը նաև ներհատուկ է մեր տարածաշրջանի համար: Նշված գործոնների շարունակական դրսևորումները ևս էական ռիսկեր են առաջացնում՝ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից:
Ինչպես ցույց տվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, համաշխարհային տնտեսության վատթարացումը չի կարող անմասն թողնել ցանկացած, հատկապես բաց տնտեսություն ունեցող երկրի։ Այս առումով Հայաստանում ևս արտաքին տնտեսական միջավայրի վատթարացումը կարող է որոշակի ճշգրտումներ մտցնել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսներում և գործընթացներում՝ վտանգելով թիրախային ցուցանիշների հասանելիությունը։
Համաշխարհային տնտեսական աճի բացասական դրսևորումները Հայաստանի տնտեսության վրա կարող են ազդել հետևյալ ուղիներով՝
- գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերի դանդաղումը կհանգեցնի մեր երկրի՝ արտահանման ենթակա ապրանքների նկատմամբ պահանջարկի շարունակական անկման, ինչպես նաև մետաղների գների շարունակական անկման, հետևաբար Հայաստանի արտահանման աճի տեմպերի դանդաղումը կզսպի ՀՆԱ-ի աճի տեմպերը.
- Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը՝ կախված գլոբալ տնտեսության բացասական զարգացումներից, կարող են դանդաղել: Արդյունքում դեպի Հայաստան ներհոսող կապիտալ ներդրումները, գործոնային եկամուտները և տրանսֆերտները կկրճատվեն` հանգեցնելով նաև ՀՆԱ-ի աճի՝ ծրագրում ներկայացված սցենարից ավելի ցածր մակարդակի ձևավորմանը.
- էներգակիրների ներմուծման գների հնարավոր բարձրացումը միջնաժամկետում Հայաստանի տնտեսավարողների համար կհանգեցնի ծախսերի աճի, որն էլ միջնաժամկետում կարող է զսպող ազդեցություն ունենալ թողարկման ծավալների, հետևաբար նաև ՀՆԱ-ի աճի տեմպերի վրա:
Նշված ռիսկերի նյութականացման և ՀՆԱ-ի՝ նպատակադրվածից ցածր ցուցանիշների ձևավորման դեպքում կկրճատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության ռեսուրսները ծրագրային թիրախներն ապահովելու գործում: Ընդ որում, ՀՆԱ-ի՝ կանխատեսվածից ցածր մակարդակի ձևավորման չափը կախված կլինի ինչպես այն բանից, թե նշված ռիսկերից որոնք կիրականանան, այնպես էլ դրանց դրսևորման չափից: Ուստի Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանքերը կկենտրոնացնի Հայաստանի տնտեսության կայունության պահպանման և ներքին ռեսուրսների առավել օպտիմալ օգտագործման միջոցով տնտեսական զարգացման ապահովման վրա: Այդ դեպքում, հավանական է, որ առաջարկվող նոր լուծումները կարող են տարբերվել թե՛ արդեն իսկ գոյություն ունեցող ինստիտուցիոնալ լուծումներից, թե՛ այլ երկրներում համանման լուծումներից և կարող են բխել Հայաստանի տվյալ ոլորտում այդ պահին առկա յուրահատկություններից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԲԱՆ
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ
3.1.1. Պաշտպանությունը
3.1.2. Արտաքին հարաբերությունները
3.1.3. Հայկական սփյուռքը
3.2. ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՐԴԱՐԱՑԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
3.2.1. Գործարար և ներդրումային միջավայրը
3.2.2. Ֆինանսական միջնորդությունը
3.2.3. Բյուջետային համակարգը
3.2.4. Տնտեսության հիմնական ճյուղերը
3.2.4.1. Արդյունաբերությունը
3.2.4.2. Գյուղատնտեսությունը և գյուղը
3.2.4.3. Քաղաքաշինությունը
3.2.4.4. ՓՄՁ-ին պետական աջակցությունը
3.2.4.5. Զբոսաշրջությունը
3.2.5. Միջազգային ինտեգրացիան և արտաքին տնտեսական քաղաքականությունը
3.2.6. Տարածքային համաչափ զարգացումը
3.2.7. Ենթակառուցվածքները
3.2.7.1. Էներգետիկան
3.2.7.2. Ջրամատակարարումը
3.2.7.3. Տրանսպորտային ենթակառուցվածքները
3.2.7.4. Տեղեկատվական տեխնոլոգիաները
3.2.7.5. Հեռահաղորդակցությունը
3.3. ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ
3.3.1. Ազատություն, արդարություն և հասարակական կարգ
3.3.2. Կոռուպցիայի դեմ պայքարը
3.4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ
3.4.1. Սոցիալական քաղաքականությունը
3.4.2. Առողջապահությունը
3.4.3. Կրթությունը և գիտությունը
3.4.4. Բնապահպանությունը
3.4.5. Մշակույթը
3.4.6. Ժողովրդագրությունը, երիտասարդությունը և սպորտը
3.4.6.1. Ժողովրդագրությունը
3.4.6.2. Երիտասարդությունը
3.4.6.3. Սպորտը
3.5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
3.5.1. Պետական կառավարումը և տեղական ինքնակառավարումը
3.5.1.1. Կառավարման համակարգի բարեփոխումները
3.5.1.2. Տեղական ինքնակառավարումը
3.5.2. Հարկային և մաքսային համակարգերը
3.5.3. Մրցակցության պաշտպանության համակարգը
3.5.4. Արտակարգ իրավիճակների կանխարգելումը
3.6. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի իրագործման արտաքին ռիսկերը
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|