Գլխավոր տեղեկություն
Համար
N 1152-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.04.2013-01.11.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.26/47(921) Հոդ.1047
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2012 թվականի N 1152-Ն

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի նոյեմբերի 1-ից:

(2-րդ կետը փոփ. 20.12.12 N 1604-Ն, 18.04.13 N 382-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 30-ի N 1152-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգի, ժամկետների, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) կողմից լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին», «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

4. Լիցենզիան տրամադրվում է բարդ ընթացակարգով` լիցենզավորող մարմնի կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

5. Լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք:

6. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7. Լիցենզիա ստանալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

8. Լիցենզիան տրվում է անժամկետ:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

9. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի N 1152-Ն որոշման N 2 հավելվածի.

2) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` պետական տուրքի վճարման անդորրագիրը, պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը.

3) պահնորդի և (կամ) թիկնապահի՝ համապատասխան որակավորման ստուգումը հավաստող փաստաթղթի, ինչպես նաև այդ անձանց անձնագրերի և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները:

10. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով:

11. Լիցենզիա ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

12. Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում լիցենզավորված անձը 10-օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին՝ ներկայացնելով նաև սույն կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված համապատասխան փաստաթղթերը:

 

 III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 30 օրվա ընթացքում:

14. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջներին.

3) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի իրականացնելու մասնավոր պահնորդական գործունեություն.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

15. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

16. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել «Լիցենզավորման մասին» և «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

17. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15-օրյա ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար ներկայացնել հայտ` կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի մասին:

18. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 30-ի N 1152-Ն որոշման

________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

_________________________________________________

(կազմակերպաիրավական ձևը)

___________________________________________________________

 (գտնվելու և գործունեության իրականացման վայրերի հասցեն, հեռախոսահամարը)

_________________________________________________

 (պետական գրանցման համարը)

 

Հ Ա Յ Տ

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ինձ տալ մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիա: Լիցենզավորման պայմաններին և պահանջներին ծանոթացել եմ, պարտավորվում եմ պահպանել դրանք:

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) պահնորդի և (կամ) թիկնապահի՝ համապատասխան պատրաստություն (որակավորում) անցնելը հավաստող փաստաթղթերի, ինչպես նաև այդ անձանց անձնագրերի և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները:

Հայտատու _____________ ______________________ _____________________

   (պաշտոնը)  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

  ______ _______________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 30-ի N 1152-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Սերիա – ՄՊԳ

 N _____________

 

Իրավաբանական անձի ____________________________________________

անվանումը

 ____________________________________________________

 

Գտնվելու վայրի հասցեն ___________________________________________

 ___________________________________________

 

Գործողության ժամկետը՝ _______ԱՆԺԱՄԿԵՏ_______

 

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանության պետ՝ ________________ _______________________

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

 

Կ.Տ.

______  ________________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան