Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1090
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2013.04.26/15(23) Հոդ.430
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

30 ապրիլի 2013 թ.

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013 թվականի ապրիլի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության (այսուհետ` Պայմանավորվող կողմեր) միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 29-ին` Երևանում:

Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում օդային հաղորդակցությունների երթուղիների մասին հավելվածը:

 

2. Համաձայնագրի նպատակն է հաստատել օդային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի` որպես Չիկագոյի 1944 թվականի դեկտեմբերի 7-ի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի մասնակից երկրների տարածքների միջև և դրանց սահմաններից դուրս:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան` համագործակցել Համաձայնագրի մյուս կողմի հետ օդային հաղորդակցության բնագավառում,

 Համաձայնագրի մյուս կողմին տրամադրել Համաձայնագրով նախատեսված իրավունքներ` նպատակ ունենալով սահմանելու և իրականացնելու ավիաձեռնարկությունների կողմից նշանակված միջազգային օդային հաղորդակցություններ այն երթուղիներով, որոնք սահմանված են Հավելվածի համապատասխան բաժնում,

 Համաձայնագրի դրույթների համաձայն, սահմանված երթուղիներով պայմանավորված հաղորդակցություններ իրականացնելիս, Համաձայնագրի մյուս կողմի նշանակած ավիաձեռնարկություններին տրամադրել Համաձայնագրով նախատեսված արտոնություններ, ինչպիսիք են` Հայաստանի Հանրապետության տարածքի վրայով անվայրէջք թռիչք կատարելը, նշված տարածքում կանգառներ կատարելը ոչ առևտրային նպատակներով, նշված տարածքում կանգառներ կատարել` ուղևորներ, բեռ և փոստ օդանավ վերցնելու և իջեցնելու նպատակով,

 որպես արտոնություններ տրամադրող կողմ` անհապաղ տրամադրել Համաձայնագրի մյուս կողմի նշանակած ավիաձեռնարկությանը կամ ավիաձեռնարկություններին համապատասխան շահագործման լիազորություններ,

 ապահովել, որպեսզի Համաձայնագրի մյուս կողմի տարածք ժամանման, տարածքից մեկնման կամ այդ տարածքում գտնվելու ժամանակ Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաձեռնարկության կողմից պահպանվեն օդանավերի շահագործման և օդանավավարական ծառայություններին վերաբերող օրենքները, կանոնները և ընթացակարգերը,

 Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օդանավերի շահագործման լիազորությունները չեղյալ հայտարարելը կամ Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքները կասեցնելը իրականացնել միայն Համաձայնագրի մյուս կողմի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է իրականացնել անհապաղ միջոցառումներ՝ կանխելու համար օրենքների և կանոնների հետագա խախտումները,

 իր տարածքում երաշխավորել կալանքի արգելքը` կապված դատական գործերով արգելանքի կամ օդանավերին վերաբերող սեփականության իրավունքների որևէ այլ սահմանափակումների, ինչպես նաև Համաձայնագրի մյուս կողմի նշանակած ավիաձեռնարկությանը կամ ավիաձեռնարկություններին պատկանող սեփականության հետ,

 Համաձայնագրի մյուս կողմի հարցման դեպքում տրամադրել անհրաժեշտ օժանդակություն` օդանավերի ապօրինի զավթման, օդանավերի, դրանց ուղևորների ու անձնակազմի, օդանավակայանների ու օդագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք կանխելու նպատակով,

 վավեր ճանաչել Համաձայնագրի մյուս կողմի տրված կամ վավեր ճանաչված` դեռևս ուժի մեջ գտնվող թռիչքային պիտանության վկայագրերը և հավաստագրերը, պայմանով, որ այդ վկայագրերը և հավաստագրերը համապատասխանում կամ գերազանցում են Չիկագոյի 1944 թվականի դեկտեմբերի 7-ի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով սահմանված նվազագույն չափանիշներին,

 Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օդանավակայանների օգտագործման համար Համաձայնագրի մյուս կողմի նշանակած ավիաձեռնարկության կամ ավիաձեռնարկությունների օդանավի համար սահմանված տուրքերը և այլ վճարները չնախատեսել ավելի բարձր, քան այլ պետությունների օդանավերի համար սահմանված գանձումների ու վճարների չափերը,

 բացառությամբ սպասարկման ծառայության դիմաց գանձումների` մաքսատուրքերից, հարկերից և գանձումներից ազատել Հայաստանի Հանրապետության տարածքում վերցված օդանավի պաշարները՝ Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինների կողմից սահմանված թույլատրելի քանակի սահմաններում, նախատեսված Համաձայնագրի մյուս կողմի նշանակած ավիաձեռնարկության կամ ավիաձեռնարկությունների կողմից պայմանագրային հաղորդակցություններում շահագործվող օդանավում օգտագործելու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք ներկրված պահեստամասերը` Համաձայնագրի մյուս կողմի նշանակած ավիաձեռնարկության կողմից պայմանագրային հաղորդակցություններում շահագործվող օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար,

 Համաձայնագրի մյուս կողմի նշանակած ավիաձեռնարկության կամ ավիաձեռնարկությունների կողմից պայմանագրային հաղորդակցությունների վրա շահագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց հաշվեցուցակային գույքը, օդանավերում գտնվող վառելիքի և քսայուղերի պաշարները, օդանավում առկա պաշարները (ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները և ծխախոտային արտադրանքը) ազատել բոլոր տեսակի մաքսատուրքերից, հարկերից և գանձումներից Հայաստանի Հանրապետության տարածք ժամանելու ընթացքում` պայմանով, որ այդ գույքը, նյութերը և պաշարները մնում են օդանավում մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից մեկնելու պահը,

 երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով ուղիղ տարանցումով անցնող ուղևորները, որոնք չեն հեռանում օդանավակայանում այդ նպատակով հատկացված տարածքից, կենթարկվեն համեմատաբար հեշտացված վերահսկողության` բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են Համաձայնագրի 7-րդ հոդվածով վերապահված անվտանգության կանոնները, ինչպես նաև ուղղված են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներկրումը կանխելուն,

 ուղիղ տարանցումով փոխադրվող բեռներն ու ուղեբեռներն ազատել մաքսատուրքից և այլ գանձումներից,

 համաձայն Հայաստանի Հանրապետության արժութային կարգավորման նորմերի և կանոնների` Համաձայնագրի մյուս կողմի նշանակած ավիաձեռնարկությանը կամ ավիաձեռնարկություններին տրամադրել նրանց ծախսերը գերազանցող եկամուտների գումարների ազատ փոխանցումների իրավունք,

 ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության ավիաձեռնարկության կողմից առնվազն 45 օր առաջ Համաձայնագրի մյուս կողմի հաստատմանը ներկայացվի իր ենթադրյալ հաղորդակցությունների չվացուցակը` նշելով հաճախականությունը, օդանավի տեսակը, ժամերը, նստատեղերի դասավորությունը և քանակը, ինչպես նաև չվացուցակի գործողության ժամկետը,

 Համաձայնագրի մյուս կողմի նշանակած ավիաձեռնարկություններին տրամադրել Համաձայնագրի հավելվածում սահմանված երթուղիներով օդային հաղորդակցությունների իրականացման հավասար հնարավորություն,

 համաձայնեցված հաղորդակցությունների իրականացման նպատակով փոխադարձության հիմունքով` երաշխավորել Համաձայնագրի մյուս կողմի նշանակած ցանկացած ավիաձեռնարկության իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում ունենալ իրենց ներկայացուցչությունները` վարչական, առևտրային և տեխնիկական անձնակազմով և այլն:

 

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրով կարևորվում է ավիաձեռնարկությունների և դրանց ծառայությունից օգտվող անձանց շահերի հարաբերական հավասարակշռվածության ապահովումը, ինչը, մասնավորապես, արտահայտված է այն հիմնավորմամբ, որ թեև սակագները սահմանելու իրավունքը վերապահված է ավիաձեռնարկությանը, սակայն այդ իրավունքը սահմանափակված է «ընդունելի մակարդակով» և շահույթի «հիմնավորված» լինելու պահանջներով (հոդվ. 14, կետ 1)։

Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով երաշխավորվել է ավիաձեռնարկությունների կողմից անընդունելի սակագների բացառման հնարավորությունը, որոնք անհիմն խտրական են, ոչ պատշաճ չափով բարձր կամ սահմանափակող են` «գերիշխող դիրքի չարաշահման բերումով», կամ արհեստականորեն ցածր են կամ հանգեցնում են գնի անկման (հոդվ. 14, կետ 2):

 

5. Օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված համաձայնագրերի գործողության իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունն օդային հաղորդակցության վերաբերյալ ստորագրել է երեք տասնյակից ավելի երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր, որոնք կազմում են պետությունների միջև կանոնավոր օդային հաղորդակցության հաստատման, Պայմանավորվող կողմերի միջև երթևեկության իրավունքների փոխանակման, օդագնացության, տնտեսական և կազմակերպական հարցերի կարգավորման իրավական հիմքը:

Միաժամանակ, իրավակիրառական պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից կնքված այդ համաձայնագրերը գրեթե չեն գործել և ՀՀ օդային հաղորդակցության բարելավման հարցում անհրաժեշտ դերակատարում չեն ունեցել: Նման համաձայնագրերի կնքումը չի կարող ձևական բնույթ ունենալ, ուստի դրանց վավերացման շրջանակներում առանձնահատուկ ուշադրության առարկա պետք է լինի դրանց նպատակահարմարության և այս ոլորտում առկա իրավիճակի համակողմանի գնահատման հարցը:

 

6. Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը, միացած լինելով Միջազգային օդային փոխադրումներին վերաբերող որոշ կանոնների միասնականացման մասին 1929 թվականի հոկտեմբերի 12-ի, Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի, Օդանավերում կատարվող հանցագործությունների և մի շարք այլ ակտերի մասին 1963 թվականի սեպտեմբերի 14-ի Տոկիոյի, Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին 1970 թվականի դեկտեմբերի 16-ի Հաագայի, Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին 1971 թվականի սեպտեմբերի 23-ի Մոնրեալի կոնվենցիաներին, Միջազգային օդային տրանզիտ հաղորդակցությունների մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի պայմանագրին, Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի փոփոխմանը վերաբերող 1977 թվականի սեպտեմբերի 30-ի և 1984 թվականի մայիսի 10-ի Մոնրեալի, Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին 1988 թվականի փետրվարի 24-ի Մոնրեալի արձանագրություններին, ստեղծել է միջազգային իրավական պատշաճ հիմք երկկողմ արդյունավետ պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար։

Սահմանադրական դատարանը միաժամանակ նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է նաև Չիկագոյի 1944 թվականի դեկտեմբերի 7-ի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի մի շարք հավելվածների, լրացումների և փոփոխությունների արձանագրությունների (1994 և 1996 թթ.)։ Քանի որ համաձայնագրում «կոնվենցիա» եզրույթը ներառում է և՛ հիշատակված կոնվենցիան, և՛ դրա բոլոր հավելվածներն ու փոփոխությունները, ապա կարևոր է դրանց նկատմամբ Համաձայնագրում արված այն վերապահումը, ըստ որի` «այդ հավելվածները կամ փոփոխություններն ընդունելի են երկու Պայմանավորվող կողմերի համար» (հոդվ. 1, կետ ա)։

Նշված միջազգային պայմանագրերը ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են հանդիսանում, և քննության առարկա Համաձայնագրում ամրագրված դրույթները չեն հակասում միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

30 ապրիլի 2013 թ.

ՍԴՈ-1090