ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
26 մարտի 2013 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 22.02.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2012 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում` երկու պետությունների զինված ուժերի միջև երկկողմ համագործակցությանը և բարեկամական կապերին նպաստելու նպատակով:
2. Համաձայնագրով սահմանված են համագործակցության սկզբունքներն ու ուղղությունները, համագործակցության ձևերը, ֆինանսական հարցերի լուծման և վնասների հատուցման կարգը:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև պաշտպանության բնագավառում հավասարության, փոխադարձության և փոխշահավետության սկզբունքներով կարգավորվող համագործակցությունն իրականացնել խրախուսելու, աջակցելու և այն զարգացնելու նպատակով` ՀՀ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան,
● հոգալ ճանապարհածախսի, աշխատավարձերի, առողջության և պատահարների ապահովագրության, ինչպես նաև իր անձնակազմի հետ կապված ցանկացած այլ ծախսեր` ազգային օրենսդրությանը համապատասխան,
● հոգալ բժշկական և ատամնաբուժական ծախսերը, ինչպես նաև այն բոլոր ծախսերը, որոնք կապված են հիվանդ, վնասված կամ վիրավորված անձնակազմի տարհանման կամ տեղափոխման հետ,
● երկկողմ համագործակցության միջոցառումների իրականացման ընթացքում բժշկական օգնություն պահանջող մյուս կողմի ցանկացած անձնակազմին ցուցաբերել առաջին շտապ բժշկական օգնություն իր զինված ուժերի բժշկական հաստատություններում` այն իրականացնելով անվճար հիմունքներով,
● օժանդակել ռացիոնալ ռազմական նշանակության արտադրանքի և դրա հետ կապված գործողությունների ընթացակարգերի նկատմամբ հսկողությանը վերաբերող ոլորտին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կոմերցիոն նախաձեռնություններին,
● երաշխավորել համաձայնագրից բխող նախաձեռնություններից առաջացած մտավոր գործունեության արդյունքների պաշտպանվածությունը` ՀՀ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան,
● օգտագործել, փոխանցել, պահպանել և հանձնել համաձայնագրի շրջանակներում փոխանակված կամ առաջացած ցանկացած դասակարգված տեղեկատվություն` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, այդ տեղեկատվությունը փոխանակել միայն ազգային անվտանգության իրավասու մարմնի կամ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության կողմից լիազորված մարմնի կողմից թույլատրված և նշված ձևով, ինչպես նաև երաշխավորել, որ դասակարգված տեղեկատվությունը կօգտագործվի միայն ըստ նախատեսված նպատակների:
4. Համաձայնագիրը սահմանում է նաև կողմերի միջև վեճերի լուծման կարգը, լրացուցիչ արձանագրություններ կազմելու, փոփոխելու և լրացնելու, ինչպես նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և գործողության դադարեցման կարգն ու պայմանները:
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության պահանջներին և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2012 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
26 մարտի 2013 թ. ՍԴՈ-1079 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|