Գլխավոր տեղեկություն
Համար
N 390-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.02/23(963) Հոդ.382
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2013
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
22.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2013 թվականի N 390-Ն

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՄԲՈՂՋԱՑՆԵԼՈՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայից պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանում են ներառվում`

1) անձի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, անձի մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարեթիվը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի (մինչև 16 տարեկանի դեպքում` ծննդյան վկայականի) սերիան ու համարը, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը.

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում).

4) սեռը.

5) քաղաքացիությունը.

6) վարձու աշխատողի դեպքում նաև`

ա. աշխատանքի ընդունվելու օրը, ամիսը, տարեթիվը և աշխատանքից ազատվելու օրը, ամիսը, տարեթիվը,

բ. գործատուի (գործատուների)` հարկ վճարողի հաշվառման համարը, լրիվ անվանումը, գտնվելու վայրի կամ պետական գրանցման վայրի հասցեն, պետական ռեգիստրում գրանցվելու օրը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը, առկայության դեպքում՝ գործունեությունը դադարեցնելու (օրենքով սահմանված կարգով լուծարվելու) օրը, ամիսը և տարեթիվը,

գ. պարտադիր սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարված պարտադիր սոցիալական վճարի չափը` ըստ գործատուների և ամիսների,

դ. վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարների չափերը.

7) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաև`

ա. պետական հաշվառման օրը, ամիսը և տարեթիվը, պետական ռեգիստրում հաշվառման համարը, ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը և տարեթիվը,

բ. ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնին ժամանակավորապես հանձնելու) և ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնից ստանալու) օրը, ամիսը և տարեթիվը,

գ. պարտադիր սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված պարտադիր սոցիալական վճարի չափը,

դ. վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարների չափերը, այդ գումարները վճարելու օրը, ամիսը և տարեթիվը.

8) նոտարի դեպքում նաև`

ա. պաշտոնի նշանակվելու օրը, ամիսը և տարեթիվը, պաշտոնից ազատվելու օրը, ամիսը և տարեթիվը,

բ. պարտադիր սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված պարտադիր սոցիալական վճարի չափը,

գ. վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարների չափերը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տվյալներում առկա անճշտությունները ճշտվում են (տվյալներն ամբողջացվում են)`

1) բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգում առկա տվյալների հետ համադրելու միջոցով, եթե անճշտությունները վերաբերում են սույն որոշման 1-ին կետի 1-5-րդ ենթակետերում նշված տվյալներին.

2) հարկային մարմնում առկա տեղեկատվության հետ համադրելու միջոցով, եթե անճշտությունները վերաբերում են հարկային գործակալի կողմից հաշվարկված (կատարված) սոցիալական վճարների չափին (պարտադիր սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտին).

3) իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղեկատվության հետ համադրելու միջոցով, եթե անճշտությունները վերաբերում են հարկային գործակալի պետական գրանցման (պետական հաշվառման) տվյալներին.

4) գործատուի (հարկային գործակալի) հետ տարվող աշխատանքների միջոցով, եթե անճշտությունները վերաբերում են վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքներին և սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (կատարված սոցիալական վճարի) չափին:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրվող տվյալների ցանկը՝ համաձայն հավելվածի:

4. Գործատուները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար կատարված սոցիալական վճարներին (պարտադիր սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտին) վերաբերող տվյալներն անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում ներառելու համար լիազոր մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի N 938-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրել սույն որոշման հավելվածում ներկայացված տեղեկատվությունը:

6. Սահմանել, որ սույն որոշման հիման վրա պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանում ներառված տվյալները հիմք են համարվում քաղաքացիների աշխատանքային ստաժը հաշվարկելու համար:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 18-ի N 390-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանն է տրամադրում հետևյալ տվյալները`

1) հարկային գործակալների (կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների) կողմից 2005 թվականից հետո ներկայացված՝ սոցիալական վճարների հաշվետվություններում ներառված`

ա. հարկային գործակալի ՀՎՀՀ-ն, անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը),

բ. հարկային գործակալի կողմից վարձու աշխատողներին վճարած եկամուտներից հաշվարկված սոցիալական վճարների չափը՝ ըստ հաշվետու ժամանակահատվածների, ինչպես նաև վարձու աշխատողների (որոնց համար հաշվարկվել են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ) թիվը՝ ըստ հաշվետու ժամանակահատվածների,

գ. անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի` իր համար կատարած սոցիալական վճարների չափը՝ ըստ հաշվետու ժամանակահատվածների.

2) հարկային գործակալների ներկայացրած՝ սոցիալական վճարների վերջին հաշվետվության հաշվետու ժամանակահատվածը.

3) հարկային գործակալների՝ սոցիալական վճարների գծով ժամկետանց պարտավորությունների չափը` 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ.

4) 2006-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած կամ վերսկսած հարկ վճարողների`

ա. ՀՎՀՀ-ն, կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը),

բ. գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը,

գ. գործունեությունը վերսկսելու օրը, ամիսը, տարեթիվը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան