Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1095
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.29/28(968) Հոդ.514
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
20.05.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

20 մայիսի 2013 թ.

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լ. Հունանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2013թ. ապրիլի 22-ի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2013թ. հունվարի 25-ին:

Համաձայնագրի հիմնական նպատակը ձեռներեց կանանց համար բարելավված բարենպաստ միջավայրին աջակցելն է:

 

2. Համաձայնագրի համաձայն` Ասիական զարգացման բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ Ասիական զարգացման բանկի Հատուկ հիմնադրամի միջոցներից, տարբեր արժույթներով` տասներեք միլիոն երեսունհինգ հազար Փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումարի չափով (ՓՀԻ 13.035.000 համարժեք)` կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագրի շրջանակներում:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) համաձայնագրի II հոդվածով նախատեսված պայմաններով մարել վարկի գումարը` վճարումներն իրականացնելով սահմանված դրույքաչափերին և վարկային համաձայնագրի 2-րդ առդիրում նկարագրված մարման ժամանակացույցին համապատասխան.

բ) տոկոսները և վարկի մասով մյուս բոլոր վճարները կատարել կիսամյակներով` յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին.

գ) ապահովել վարկային միջոցների օգտագործումը Ծրագրի ծախսերի ֆինանսավորման նպատակով.

դ) կատարել վարկային համաձայնագրի 4-րդ առդիրում նկարագրված պարտավորությունները կամ ապահովել դրանց կատարումը.

ե) կիրառել 2006թ. հունվարի 1-ով թվագրված` ԱԶԲ-ի Հատուկ գործառնությունների վարկային կանոնակարգի բոլոր դրույթները սույն համաձայնագրի նկատմամբ:

 

4. Համաձայնագրի ստորագրման ամսաթվին հաջորդող 90-րդ օրը սահմանվում է որպես վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ:

 

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի երկրորդ մասում ամրագրված սկզբունքներից, քանի որ կոչված են նպաստելու տնտեսական գործունեության ազատությանն ու ազատ տնտեսական մրցակցությանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

20 մայիսի 2013 թ.

ՍԴՈ-1095