«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2004 թվականի N 408-Ն
«ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ`
ա) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումն ու դրա շարունակականության ապահովումն է.
բ) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`
հանրակրթական դպրոցները ժամանակակից համակարգչային սարքավորումներով համալրելը,
հանրակրթական դպրոցների միջև համընդհանուր համակարգչային ցանցի ներդրումը,
հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապի ներդրումը,
հանրակրթական դպրոցներում համակարգչային ուսումնական կենտրոնների ստեղծումը,
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառի բոլոր ծրագրերի համակարգումը,
ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով նրանց վերապատրաստումը,
հանրակրթական դպրոցների ինտերնետային համալիր էջի ստեղծումը և դրա շահագործումը,
համակարգչային ուսումնական նյութերի և ծրագրային փաթեթների մշակումը, հրատարակումն ու տրամադրումը հանրակրթական դպրոցներին,
համակարգիչների վարձակալության գործընթացի և շրջանառու հիմնադրամի կառավարումը,
կրթական տեղեկատվական և հաղորդակցման միջավայրի ստեղծումը` համակարգչային համընդհանուր ցանցում աստիճանաբար ներառելով միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները.
նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական կրթությունն իրականացնող հաստատությունների վիճակագրական տեղեկատվության պահպանման, վերլուծման և տարածման գործընթացների ապահովումը, տեղեկատվության միասնական հիմնապաշարի (բազա) ստեղծումը,
կրթության ոլորտի կառավարման, ռազմավարական և այլ ծրագրերի մշակման, կրթության ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով համապատասխան վերլուծական տեղեկատվության մշակումը և տրամադրումը շահագրգիռ կազմակերպություններին և քաղաքացիներին,
կրթության ոլորտին վերաբերող ցուցանիշների հրապարակումը.
գ) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող է հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք` բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի:
(3-րդ կետը լրաց. 22.05.08 N 485-Ն)
4. Թույլատրել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) հրատարակչական գործ.
բ) ծրագրային ապահովման մշակում և խորհրդատվություններ այդ բնագավառում,
գ) տվյալների մշակում,
դ) տվյալների հիմնապահեստների (բազաներ) հետ կապված գործունեություն,
ե) տվյալների փոխանակման ծառայությունների մատուցում.
զ) տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վերապատրաստումների կազմակերպում և անցկացում:
(4-րդ կետը խմբ., լրաց. 11.04.13 N 357-Ն)
5. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Երևանի Վրացյան 73 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկն ամրացնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում`
ա) իրականացնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը,
բ) ապահովել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմի հաստատումը:
8. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված «Կրթության որակի և համապատասխանության» առաջարկված ծրագրի` նախապատրաստման կանխավճար նամակ-համաձայնագրի (N ՊՊՖ Ք-339-0 ԱՄ) հաշվին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ինչպես նաև կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Կազմակերպության հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
5. Կազմակերպությունը պատասխանատու չէ իր հիմնադրի պարտավորությունների համար: Կազմակերպության հիմնադիրը պատասխանատու չէ կազմակերպության պարտավորությունների համար:
6. Կազմակերպությունը ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
7. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, իր անունից կնքում է պայմանագրեր, ձեռք բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում հանդես գալիս որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կարող է բանկերում (այդ թվում նաև օտարերկրյա) բացել հաշիվներ ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով: Բանկային հաշիվների գումարներին ավելացած տոկոսները և արտոնությունները պատկանում են կազմակերպությանը:
9. Կազմակերպության անվանումն է`
հայերեն լրիվ` | «ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ |
հայերեն կրճատ` | «ԿՏԱԿ» ՊՈԱԿ |
ռուսերեն լրիվ` | ԳՈՍՈՒԴԱՌՍՏՎԵՆՆԱՅԱ ՆԵԿՈՄՄԵՌՉԵՍԿԱՅԱ ՕՌԳԱՆԻԶԱՑԻՅԱ «ՆԱՑԻՈՆԱԼՆԻՅ ՑԵՆՏՌ ՕԲՌԱԶՕՎԱՏԵԼՆԻԽ ՏԵԽՆՈԼՈԳԻՅ» |
ռուսերեն կրճատ` | ԳՆԿՈ «ՆՑՈՏ» |
անգլերեն լրիվ` | «ՆԱՏԻՕՆԱԼ ՍԵՆՏՐ ՖՕՐ ԷԴՈՒԿԱՏԻՕՆԱԼ ՏԵԿՆՈԼՈՋԻՍ» ՍՏԱՏԵ ՆՈՆ ՏՐԱԴԵ ՕՐԳԱՆԻԶԱՏԻՕՆ |
անգլերեն կրճատ` | «ՆՍԵՏ» ՍՆՏՕ: |
10. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375070, Ս. Վրացյան 73:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
11. Կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումն ու դրա շարունակականության ապահովումն է:
12. Կազմակերպության գործունեության նպատակներն են`
ա) հանրակրթական դպրոցները ժամանակակից համակարգչային սարքավորումներով համալրելը.
բ) հանրակրթական դպրոցների միջև համընդհանուր համակարգչային ցանցի ներդրումը.
գ) հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապի ներդրումը.
դ) հանրակրթական դպրոցներում համակարգչային ուսումնական կենտրոնների ստեղծումը.
ե) կրթական տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառի ծրագրերի համակարգումը.
զ) ուսուցիչների վերապատրաստումը համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով.
է) հանրակրթական դպրոցների ինտերնետային համալիր էջի ստեղծումը և դրա շահագործումը.
ը) համակարգչային ուսումնական նյութերի և ծրագրային փաթեթների մշակումը, հրատարակումն ու տրամադրումը հանրակրթական դպրոցներին.
թ) համակարգիչների վարձակալության գործընթացի և շրջանառու հիմնադրամի կառավարումը.
ժ) կրթական տեղեկատվական և հաղորդակցման միջավայրի ստեղծումը` համակարգչային համընդհանուր ցանցում աստիճանաբար ներառելով միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները:
ժա) նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական կրթությունն իրականացնող հաստատությունների վիճակագրական տեղեկատվության պահպանման, վերլուծման և տարածման գործընթացների ապահովումը, տեղեկատվության միասնական հիմնապաշարի (բազա) ստեղծումը.
ժբ) կրթության ոլորտի կառավարման, ռազմավարական և այլ ծրագրերի մշակման, կրթության ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով համապատասխան վերլուծական տեղեկատվության մշակումը և տրամադրումը շահագրգիռ կազմակերպություններին և քաղաքացիներին.
ժգ) կրթության ոլորտին վերաբերող ցուցանիշների հրապարակումը:
(12-րդ կետը լրաց. 22.05.08 N 485-Ն)
13. Կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) հրատարակչական գործ.
բ) ծրագրային ապահովման մշակում և խորհրդատվություններ այդ բնագավառում.
գ) տվյալների մշակում.
դ) տվյալների հիմնապահեստների (բազաներ) հետ կապված գործունեություն.
ե) տվյալների փոխանակման ծառայությունների մատուցում.
զ) տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վերապատրաստումների կազմակերպում և անցկացում:
(13-րդ կետը խմբ., լրաց 11.04.13 N 357-Ն)
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը (Հայաստանի Հանրապետություն)` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, նրա լիազորած պետական մարմինը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, գործադիր մարմինը` ի դեմս տնօրենի, և կոլեգիալ կառավարման մարմինը` ի դեմս խորհրդի:
15. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
ա) կազմակերպության հիմնադրումը.
բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
դ) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխություններ կատարելը.
ե) կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի վերջնական լուծումը` բացառությամբ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
16. Լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է, որը`
ա) կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
բ) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության գործունեության նկատմամբ.
գ) հիմնադրի անունից կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` 4 տարի ժամկետով.
դ) գործադիր մարմնի նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
զ) հաստատում է կազմակերպության կառուցվածքը.
է) նշանակում է կազմակերպության լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.
ը) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
թ) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրա գործունեության վերստուգման արդյունքները.
ժ) իրականացնում է վերահսկողություն կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
ժա) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ.
ժբ) համաձայնություն է տալիս կազմակերպության` գույքի ձեռքբերման հետ կապված որոշ գործարքների կնքման համար.
ժգ) հաստատում է կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության սակագները.
ժդ) ստեղծում է հիմնարկներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան.
ժե) սահմանում է կազմակերպության գործադիր մարմնի աշխատանքների նկարագրությունը.
ժզ) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
17. Կազմակերպության գործադիր մարմինը տնօրենն է, որը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) մասնակցում է կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.
ժ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մինչև 20 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված գործարքներ կատարելու մասին.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
18. Կազմակերպության գործադիր մարմնի թեկնածուներն առաջադրվում են մրցութային կարգով, իսկ ընտրությունը կատարում է կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը:
19. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ), որը`
ա) լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ` օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` կազմակերպության գործունեության բնագավառին, առարկային և նպատակներին համապատասխան.
բ) իրականացնում է ընթացիկ վերահսկողություն կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ.
գ) հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագիրը, վաղաժամկետ դադարեցնում է նրա լիազորությունները, սահմանում գործադիր մարմնի վարձատրության կարգն ու պայմանները.
դ) սահմանում է կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունները.
ե) հաստատում է կազմակերպության գործունեությունը կանոնակարգող, ներքին փաստաթղթերը.
զ) հաստատում է իր աշխատակարգը.
է) իր կազմից ընտրում է խորհրդի նախագահին և քարտուղարին.
ը) հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ.
թ) հաստատում է կազմակերպության գործունեության տարեկան պլանը և դրա կատարման ժամկետները.
ժ) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը.
ժա) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվապահական և ընթացիկ գործունեության մասին հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.
ժբ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին.
ժգ) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.
ժդ) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
20. Խորհուրդը կազմված է 11 անդամից`
ա) մեկ անդամ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից,
բ) 3 անդամ` պետական հանրակրթական դպրոցներից,
գ) 2 անդամ` ոչ պետական հանրակրթական դպրոցներից,
դ) մեկ անդամ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից,
ե) մեկ անդամ` «Կրթական բարեփոխումների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունից,
զ) մեկ անդամ` «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից,
է) 2 անդամ` կազմակերպության աշխատավորական կոլեկտիվից:
Բացառությամբ սույն կետի «է» ենթակետում նշվածների` մնացած ենթակետերում նշված խորհրդի անդամների թեկնածուներն առաջադրվում են տվյալ հաստատությունների ղեկավար մարմինների կողմից` առաջին անգամ 2 տարի ժամկետով, այնուհետև` 4 տարի ժամկետով: Սույն կետի «է» ենթակետում նշված անդամներին ընտրում է կազմակերպության աշխատողների ընդհանուր ժողովը` առաջին անգամ` 2 տարի ժամկետով, այնուհետև` 4 տարի ժամկետով:
21. Լիազորված պետական մարմնի ղեկավարը միաժամանակ չի կարող լինել խորհրդի նախագահ:
22. Խորհրդի արձանագրությունները և որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
23. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի, որոնք գումարվում են յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ, կամ իր անդամների հարցման միջոցով:
24. Խորհրդի նախագահը`
ա) նախագահում է խորհրդի նիստերը, իսկ նրա բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ խորհրդի անդամներից մեկը.
բ) իր նախաձեռնությամբ և (կամ) ստացված առաջարկությունների հիման վրա սահմանում է խորհրդի նիստերի օրակարգերը, կազմակերպում խորհրդի գործունեությունը:
25. Խորհրդի քարտուղարն արձանագրում է խորհրդի նիստերը, կազմակերպում խորհրդի գործավարությունը:
26. Խորհուրդն իր արտահերթ նիստերի օրակարգի և ժամկետի մասին առնվազն 3 աշխատանքային օր առաջ գրավոր տեղեկացնում է իր անդամներին:
27. Խորհրդի նիստերի քվորումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է նրա անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցությունը: Խորհրդի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:
28. Խորհրդի որոշմամբ նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով` օգտվելով համաշխարհային համակարգչային ցանցից` ինտերնետից: Խորհրդի որոշումներն ընդունվում են, եթե դրանց կողմ է քվեարկել նիստի օրակարգի մասին ինտերնետի միջոցով 10 օր առաջ տեղեկացված և 7 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների պարզ մեծամասնությունը:
29. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:
30. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
31. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:
32. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
33. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
34. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
35. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:
36. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:
37. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:
38. Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:
39. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և հանձնելու անհատույց օգտագործման:
40. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
41. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
42. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
43. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
44. Կազմակերպության լուծարմամբ դադարում է կազմակերպության գործունեությունը` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
45. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
46. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
47. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(հավելվածը լրաց. 22.05.08 N 485-Ն, խմբ., լրաց. 11.04.13 N 357-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.04.2023, N 559-Ն | 22.04.2023, N 408-Ն | |
02.04.2020, N 458-Ն | 17.04.2020, N 408-Ն | |
25.06.2015, N 1009-Ն | 25.09.2015, N 408-Ն | |
24.07.2014, N 783-Ն | 14.08.2014, N 408-Ն | |
11.04.2013, N 357-Ն | 26.04.2013, N 408-Ն | |
22.05.2008, N 485-Ն | 05.06.2008, N 408-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|