Գլխավոր տեղեկություն
Համար
N 62-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.04.02/10(454) Հոդ.84
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
06.03.2013
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 մարտի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013103

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

6 մարտի 2013 թ.

ք. Երևան

N 62-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ՝ Կանոններ) 2-րդ գլխում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«13. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը (այսուհետ՝ նոր սպառման համակարգ) էլեկտրական ցանցին միացման ծախսերը (ներառյալ նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների ձեռքբերման և տեղակայման, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների տեղակայման, շինարարական, կարգաբերման և թողարկման, ինչպես նաև նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման ծախսերը) իրականացնում է մատակարարը:»:

2) Կանոնների 13.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«13.1 Մատակարարը նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար գանձում է Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշմամբ հաստատված միացման վճարներ: Բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման համար դիմում ներկայացնում, մատակարարի հետ միացման պայմանագիր կնքում և միացման վճարները վճարում է կառուցապատողը: Նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար միացման վճարներ չեն գանձվում, երբ էլեկտրական ցանցին միացված սպառողի սպառման համակարգից առանձնացված նոր սպառողի սպառման համակարգը միացվում է էլեկտրական ցանցին` առանց սպառման համակարգի հզորության փոփոխության: Այդ դեպքում առանձնացած նոր սպառողի առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման և տեղակայման աշխատանքներն իրականացնում է մատակարարը՝ անվճար:

Միացման պայմանագրի և Պայմանագրի կնքումն իրականացվում է անվճար: Մատակարարն իրավունք չունի նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար պահանջել վճարել սույն կանոններով չսահմանված վճարներ կամ տրամադրել հատուցում:»:

3) Կանոնների 13.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«13.2 Նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է նոր սպառողի կամ կառուցապատողի, կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) գրավոր դիմումի հիման վրա, կամ համաձայն սույն կանոնների N 3 հավելվածի` էլեկտրոնային եղանակով: Դիմող անձի՝ էլեկտրական ցանցին միացման դիմումը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.

1) կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, գտնվելու վայրը, սպառման համակարգի միացման հասցեն, կազմակերպության ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց կողմից լիազորված անձի հեռախոսահամարը, կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ՝ հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը։

Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում ներկայացվում են նաև կազմակերպության ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց կողմից լիազորված անձի անձնագրի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն,

2) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, ինչպես նաև` Դիմող անձի հայեցողությամբ, էլեկտրամատակարարման պահուստային սնուցման ապահովման անհրաժեշտության մասին իր պահանջները,

3) շինության էսքիզը կամ տարածքի հատակագիծը` նշելով նոր սպառման համակարգի միացման կետը կամ կետերը,

4) 35 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցին միանալու դեպքում նոր սպառման համակարգի տեխնիկական բնութագրերը:

Մատակարարն իրավունք չունի Դիմող անձից պահանջել ներկայացնելու սույն կետով չսահմանված փաստաթղթեր կամ տեղեկատվություն:»:

4) Կանոնների 13.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«13.3 Մատակարարը, Դիմող անձի դիմումն ստանալուց հետո, սույն կանոնների 13.4 կետում սահմանված ժամկետներում.

1) մշակում է տեխնիկական պայմանները և 6 (10) կՎ և բարձր լարման ցանցերին միացման դեպքում այն համաձայնեցնում սպառողի հետ,

2) մշակում է անհրաժեշտ նախագծային և նախահաշվային փաստաթղթերը, իսկ պարզեցված միացման դեպքում՝ միացման տեխնիկական նկարագիրը,

3) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ անձանց հետ,

4) Դիմող անձին է ներկայացնում միակողմանի կնքված միացման պայմանագիրը (հավելված N 2), որով սահմանվում են միացման աշխատանքների ավարտի ժամկետը, միացման վճարի չափը և վճարման կարգը:»:

5) Կանոնների 13.7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«13.7 Դիմող անձը կնքված Պայմանագրի հետ մեկտեղ մատակարարին է ներկայացնում էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, իսկ 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում՝ նաև պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը)՝ էլեկտրամատակարարումն սկսելու համար:»:

6) Կանոնները լրացնել 13.8 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«13.8 Հանձնաժողովը, սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով՝ առանձին դեպքերում, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատակարարին տրամադրվող իրավունքների, թույլտվությունների, եզրակացությունների կամ այլ փաստաթղթերի պատճառով սույն կանոնների 13.4 և 13.5 կետերում նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար սահմանված ժամկետների պահպանման անհնարինության դեպքում` մատակարարի կամ Դիմող անձի դիմումի հիման վրա, կարող է ընդունել էլեկտրական ցանցին միացման անհատական որոշումներ: Սույն կետում նշված դեպքերում մատակարարը պարտավոր է դիմել Հանձնաժողով՝ դրանք ի հայտ գալու պահից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում` ներկայացնելով նաև համապատասխան հիմնավորող փաստաթղթեր: Մատակարարը պարտավոր է այդ մասին նույն ժամկետում իրազեկել նաև Դիմող անձին:»։

7) Կանոնները լրացնել 13.9 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«13.9 Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում, առաջադրանք տվող իրավասու մարմինը էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմում է մատակարարին՝ կից ներկայացնելով սույն կանոնների 13.2 կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:»:

8) Կանոնների 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14. Ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումն ստանալուց հետո մատակարարը մշակում և ներկայացնում է տեխնիկական պայմանները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, III ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 10 աշխատանքային օրվա ընթացքում, IV և V ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 15 աշխատանքային օրվա ընթացքում:»:

9) Կանոնների 14.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14.1 Ճարտարապետահատակագծային առաջադրանք ստացած կառուցապատողը սույն կանոնների 13.2 կետով նախատեսված դիմումի հետ մեկտեղ մատակարարին է ներկայացնում նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքին կից տրված տեխնիկական պայմանները:»:

10) Կանոնների 14.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14.2 Սույն գլխում նշված բոլոր ծանուցումները, առաջարկները և համաձայնեցումները մատակարարի կողմից իրականացվում են գրավոր: Դրանք Դիմող անձին կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի ներկայացնելու ծախսերը կրում է մատակարարը:»:

11) Կանոնների 14.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14.3 Սույն գլխի դրույթները՝ բացառությամբ 13.2 կետի, չեն կիրառվում, երբ`

1) նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է ժամանակավոր (շինարարություն, սեզոնային առևտուր և այլն),

2) նախատեսվում է նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնել 6 (10) կՎ (միայն համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս), 35 կՎ կամ 110 կՎ լարմամբ, և Դիմող անձը՝ իր հայեցողությամբ, ցանկություն է հայտնել նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնել մատակարարից տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով,

3) էլեկտրական ցանցին միացվում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի նոր սպառման համակարգը:»:

12) Կանոնների 14.4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14.4 Սույն կանոնների 14.3 կետում սահմանված դեպքերում Դիմող անձի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է մատակարարից տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով: Այդ նպատակով Դիմող անձը մատակարարին է ներկայացնում սույն կանոնների 13.2 կետով պահանջվող փաստաթղթերը` իր դիմումի մեջ կատարելով համապատասխան նշում տեխնիկական պայմաններ տրամադրելու վերաբերյալ: Մատակարարը՝ Դիմող անձի դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, մշակում և Դիմող անձին է ներկայացնում վերջինիս նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանները: Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի, եթե դրանցում այլ ժամկետ չի նախատեսված: Տեխնիկական պայմաններով երկրորդ անկախ սնում տրվում է, եթե դա նախատեսված է Դիմող անձի նոր սպառման համակարգի նախագծով: Տեխնիկական պայմանները տրամադրելու համար մատակարարը Դիմող անձից գանձում է 2000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ծառայության վճար, որը վերադարձման ենթակա չէ: Պայմանագիր կնքելու նպատակով Դիմող անձը մատակարարին է ներկայացնում էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, իսկ 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում՝ նաև պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը): Մատակարարը՝ Դիմող անձից այդ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղակայում է Դիմող անձի առևտրային հաշվառքի սարքերը և վերջինիս հետ կնքում է Պայմանագիր: Առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերումը, դրանց տեղակայումը և Պայմանագրի կնքումն իրականացվում են մատակարարի կողմից՝ անվճար:»:

13) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 14.5 և 14.6 կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի ապրիլի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան