Գլխավոր տեղեկություն
Համար
N 270-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2013-23.07.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.03/17(957) Հոդ.269
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2013 թվականի N 270-Ն

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրով նախատեսված ենթածրագրերին՝ համաձայն հավելվածի:

2. Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի համար մշակված հատուկ վարկային ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում տրամադրված վարկերի տոկոսագումարները 2 կամ 3 տոկոսային կետով համաֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2013 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 21,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել փոխըմբռնման հուշագիր.

2) համաձայն «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտերի՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել ծրագրի շրջանակներում համագործակցության համար ընտրված բանկերին` կենտրոնական գանձապետարանի կողմից ուղղակի վճարման եղանակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 27

Երևան 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 14-ի N 270-Ն որոշման

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐ

 

1. Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ենթածրագիր

 

1. Բարձրագույն կրթությունը Հայաստանի տնտեսության զարգացման և մրցունակության բարձրացման համար առավել կարևոր նշանակություն է ստանում` հատկապես գիտելիքահեն տնտեսություն ունենալու նպատակին հասնելու տեսանկյունից: Վերջին տասնամյակի ընթացքում արձանագրվել է բարձրագույն կրթության ընդգրկվածության էական և շարունակական աճ: Սակայն, այս ոլորտը դեռ լուրջ բացեր ունի` ինչպես ֆինանսական կենսունակության, այնպես էլ` մրցունակության տեսանկյուններից:

2. Բարձրագույն կրթության ընդլայնմանը խոչընդոտող արգելքներից մեկը մատչելի ֆինանսների բացակայությունն է: Հարկավոր է վերանայել պետության դերը բարձրագույն կրթության ֆինանսավորման մեջ և գտնել ֆինանսավորման նոր այլընտրանքներ: Այսօր ընդունված և լայն կիրառում ունեցող լուծումներից են ուսանողական վարկերը:

3. Սույն ենթածրագրի շրջանակներում «ուսանողական վարկ» հասկացությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառող ուսանողի ուսման վճարի պարտավորության մարման (ամբողջությամբ կամ մասնակի) նպատակով տրամադրված սպառողական վարկի իմաստը:

 

1.1. Ենթածրագրի իրականացման անհրաժեշտությունը

 

4. Ուսանողական վարկերի անհրաժեշտությունը՝ որպես կրթության համամասնական ֆինանսավորման գործիք, պայմանավորված է հավասար մատչելիության ապահովման պահանջով` ուսման վճարների և ծախսերի բեռի աճման դեպքում: Հայաստանում բարձրագույն կրթության նկատմամբ պահանջարկն աճում է, և այդ միտումը կարող է շարունակվել ապագայում: Պետական բուհերի ուսանողների թիվը վերջին տարիների ընթացքում շարունակաբար ավելացել է, սակայն համախառն ընդգրկվածության ցուցանիշը դեռևս համարվում է ցածր, և առաջարկվում է այն բարձրացնել:

5. Բարձրագույն կրթությունը դժվարամատչելի է հատկապես բնակչության սոցիալապես անապահով խմբերի համար. աղքատ բնակչության ընդգրկվածության ցուցանիշը մոտավորապես 5 անգամ, իսկ ծայրահեղ աղքատներինը` մոտավորապես 8 անգամ ցածր է ոչ աղքատ բնակչության ընդգրկվածության ցուցանիշից: Պետական բուհական համակարգի հետագա զարգացումը և ընդլայնումը պահանջում են որակական բարեփոխումներ և կրթության ոլորտում կատարվող միավոր ծախսերի բարձրացման քաղաքականություն:

6. Ուսանողական վարկերի` որպես ֆինանսավորման այլընտրանքի, ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է թե՛ Հայաստանի ներկայիս ռազմավարական զարգացման և գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու, և թե՛ բարձրագույն կրթության ոլորտի ընդլայնման ու զարգացման լրացուցիչ ֆինանսավորման և ֆինանսավորման դիվերսիֆիկացման ապահովման նպատակներով:

7. Տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման արդյունքում`

1) կբարելավվեն բարձրագույն կրթության ոլորտում հասարակության բոլոր սոցիալական խմբերի համար հավասարության և ֆինանսական հասանելիության պայմանները.

2) վարկային միջոցների նպատակային օգտագործումը կխթանի կրթության որակի բարձրացմանը, արժեքավոր և եկամտաբեր գիտելիքների ու կարողությունների ձեռքբերմանը և կիրառմանը.

3) մարդկային ռեսուրսների զարգացման ֆինանսավորման մշակույթի ձևավորումը կապահովի առավել հստակ և կանխատեսելի կապ՝ կատարվող ծախսերի և ակնկալվող օգուտների միջև:

 

1.2. Ենթածրագրի հիմնական նպատակը

 

8. Ենթածրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառող ուսանողներին աջակցելը և գիտելիքահեն ներուժի զարգացմանը նպաստելն է:

9. Ենթածրագիրը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ուսանողների համար:

 

1.3. Ենթածրագրի բովանդակությունը

 

10. Ուսանողներին ուսումնական վարկերի տրամադրումը բովանդակային առումով ներառում է հետևյալ դրույթները՝

1) ենթածրագրի իրականացման ծավալը՝ ենթածրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառող ուսանողների համար. յուրաքանչյուր ուսանողի հաշվով առավելագույնը 1.800.000 դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը 4 անընդմեջ մասնաբաժնով, ընդ որում, յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավելի, քան 450 հազ. դրամ` կախված յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված ուսման վարձավճարի չափից.

2) ենթածրագրի իրականացման ժամկետները՝

ա. ենթածրագրի իրականացումն սկսվում է 2013 թվականի փետրվար-մարտ ամիսներից,

բ. վարկերը կտրամադրվեն 10 տարի մարման ժամկետով` սահմանելով արտոնյալ ժամկետ՝ ուսումնառության ընթացքում առավելագույնը 4 տարվա համար (կմարվեն միայն տոկոսագումարները).

3) ենթածրագրի մասնակիցները՝

ա. Հայաստանի Հանրապետության պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ուսանողներ,

բ. Հայաստանի Հանրապետության պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ,

գ. Հայաստանի Հանրապետությունում գործող բանկեր (այսուհետ` կազմակերպություն),

դ. «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն),

ե. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.

4) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանները՝

ա. ուսանողներին ուսումնական վարկերը կտրամադրվեն 12 տոկոս տարեկան դրույքաչափով,

բ. ուսանողներին 12 տոկոս տարեկան դրույքաչափով տրամադրված ուսումնական վարկերից պետության կողմից սուբսիդավորվելու է տոկոսադրույքի 2 տոկոսային կետին համարժեք մասը,

գ. ուսանողներին 12 տոկոս տարեկան դրույքաչափով տրամադրված ուսումնական վարկերից մեկ ուսումնական տարվա արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած բոլոր ուսանողների համար պետության կողմից սուբսիդավորվելու է տոկոսադրույքի 3 տոկոսային կետին համարժեք մասը,

դ. ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկի միջնորդավճար չի նախատեսվում,

ե. ուսանողներին ուսումնական վարկերը տրամադրվում են անկանխիկ. վարկի գումարը փոխանցվում է անմիջապես ուսումնական հաստատություններին,

զ. ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի ապահովությունն ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությունն է,

է. ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մարման եղանակն ամսական անուիտետային վճարներն են,

ը. տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն,

թ. սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան