Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.06/13(953) Հոդ.170
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4585/05/10

2012 թ.   

Վարչական գործ թիվ ՎԴ/4585/05/10

Նախագահող դատավոր՝  Գ. Ղարիբյան

Դատավորներ`                Ա. Աբովյան

                    Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ալբերտ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.06.2012 թվականի որոշման դեմ` ըստ Ալբերտ Խաչատրյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձինք Վանյա Խաչատրյանի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Երևանի տարածքային ստորաբաժանման` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշումն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու և որպես հետևանք` Վանյա Խաչատրյանի անվամբ 05.08.2010 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը` 300քմ մակերեսով հողամասի մասով, անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ալբերտ Խաչատրյանը պահանջել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել Քաղաքապետի 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշումը և որպես հետևանք` անվավեր ճանաչել Վանյա Խաչատրյանի անվամբ 05.08.2010 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը` 300քմ մակերեսով հողամասի մասով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 30.01.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել Քաղաքապետի 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշումը և որպես հետևանք` անվավեր ճանաչել Վանյա Խաչատրյանի անվամբ նշված որոշման հիման վրա 05.08.2010 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` 300քմ մակերեսով հողամասի մասով: Քաղաքապետի 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2012 թվականի որոշմամբ Վանյա Խաչատրյանի և Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարվել են` որոշվել է բեկանել Դատարանի 30.01.2012 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը` բավարարված մասով, մերժել: Մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալբերտ Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վանյա Խաչատրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (վերնագիրը փոփոխվել է 27.04.2010 թվականի թիվ ՀՕ-50-Ն օրենքով) 3-րդ հոդվածի 4-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ, 63-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ, 20-րդ, 53-րդ, 55-րդ, 57-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 70-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից Դատարանի օրինական վճիռը բեկանելու հիմքում դրված եզրահանգումներն անհիմն են և զուրկ են որևէ իրավական հիմնավորումից:

Այսպես` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճարկվող որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) 27.10.2008 թվականի թիվ Ել-1758 գրությունը, որի համաձայն` ըստ կադաստրային գործի տվյալների` Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6 հասցեում Վանյա Խաչատրյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված է 94,7քմ մակերեսով շինություն, 272քմ մակերեսով հողամաս և 300քմ մակերեսով զավթած պետական սեփականություն հանդիսացող հողամաս:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, խեղաթյուրելով գործի փաստերը, հաշվի չի առել, որ Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի տեղակալի 25.09.2008 թվականի թիվ 28/02-Խ-151/157 և Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 29.04.2011 թվականի թիվ 25/02-Խ-57 տեղեկանքներով հաստատվում և ապացուցվում է այն փաստը, որ Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6 հասցեում գտնվող անօրինական զբաղեցրած 300քմ մակերեսով հողամասը տնօրինվել է նշված տան բոլոր բնակիչների, այդ թվում` Ալբերտ Խաչատրյանի կողմից: Այսինքն` Քաղաքապետն իր որոշման հիմքում դրել է մի գրություն, որում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Նման պայմաններում Քաղաքապետի 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշմամբ խախտվել են Ալբերտ Խաչատրյանի` անօրինական զբաղեցրած 300քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վանյա Խաչատրյանի հետ հավասար պայմաններով սեփականության իրավունք ձեռք բերելու օրենքով ամրագրված իրավունքները:

Մասնավորապես` մինչև 05.06.2010 թվականը գործող խմբագրությամբ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Երևանի վարչական տարածքում մինչև 15.05.2001 թվականը տիրապետվող և նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա` քաղաքացիներին պատկանող` բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասերին կից ավել օգտագործվող մինչև 300քմ մակերեսով սահմանազատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) դրանց վրա կառուցված բնակելի տները և (կամ) բնակելի նշանակության օժանդակ շինություններն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, որի (որոնց) սեփականությունը համարվող հողամասին կից է ավել օգտագործվող հողամասը և (կամ) շինությունները, և ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Տվյալ դեպքում սույն գործում առկա 13.03.1993 թվականի սեփականության թիվ 6792 վկայականով հաստատվում է, որ Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6 հասցեի գույքի 3/5 մասի նկատմամբ սեփականության իրավունքը նոտարի կողմից հաստատված 12.03.1993 թվականի բնակելի տան մասի նվիրատվության թիվ 1-1401 պայմանագրով փոխանցվել է Ալբերտ Խաչատրյանին:

Այսինքն` Ալբերտ Խաչատրյանը մինչև 15.05.2001 թվականը Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6 հասցեում ունեցել է սեփականության իրավունքով իրեն պատկանող օրինական հողամաս, որին էլ կից` որպես սեփական գույք, ընտանիքի մյուս անդամների հետ միասին տիրապետել է ավել օգտագործվող 300քմ մակերեսով հողամասը:

Այսպիսով, վիճելի 300քմ մակերեսով հողամասի նկատմամբ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով պետք է ճանաչվի նաև Ալբերտ Խաչատրյանի սեփականության իրավունքը, իսկ Քաղաքապետի 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշմամբ այդ հողամասի նկատմամբ վերականգնվել է միայն Վանյա Խաչատրյանի հողօգտագործման իրավունքը` ճանաչելով դրա նկատմամբ միայն նրա սեփականության իրավունքը:

Վերոգրյալից հետևում է, որ Քաղաքապետի 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշումը կայացվել է «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 37-րդ հոդվածների պահանջների խախտմամբ, որի արդյունքում խախտվել է «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով ամրագրված Ալբերտ Խաչատրյանի` սեփականության իրավունքը վերականգնելու և (կամ) ձեռք բերելու իրավունքը:

Հետևաբար, վիճարկվող ակտն անվավեր` ոչ իրավաչափ վարչական ակտ է, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ տվյալ դեպքում «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միակ հիմքը Քաղաքապետի որոշումն է, որն իրավաչափ չէ, իսկ դրա ոչ իրավաչափ` անվավեր լինելու պայմաններում անվավեր է նաև 300քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վանյա Խաչատրյանի սեփականության իրավունքի գրանցումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.06.2012 թվականի որոշման` հայցը բավարարելու մասով Դատարանի 30.01.2012 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ նշված վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

«Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ մինչև 15.05.2001 թվականը տիրապետվող և նշված օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա քաղաքացիներին պատկանող` բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասերին կից ավել օգտագործվող` մինչև 300քմ մակերեսով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նախ պետք է սահմանազատված լինի, ավել օգտագործվող հողամասը պետք է լինի քաղաքացու սեփականությունը համարվող հողամասին կից և նրա կողմից այդ գույքը պետք է տիրապետվի` որպես սեփական գույք:

Տվյալ դեպքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2007 թվականի թիվ 07-2985 վճռով Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6 հասցեի ընդհանուր սեփականություն հանդիսացող 600քմ մակերեսով հողամասից 328քմ մակերեսով հողամասն առանձնացվել է և սեփականության իրավունքով թողնվել է Ալբերտ Խաչատրյանին, իսկ 272քմ մակերեսով հողամասը` Վանյա Խաչատրյանին: Ալբերտ Խաչատրյանին սեփականության իրավունքով թողնված հողամասին և բնակելի տան մասին տրվել է «Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6/1» հասցեն: Արդեն առանձնացված հողամասերը սահմանազատվել էին, և Վանյա Խաչատրյանի սեփական` 272քմ մակերեսով հողամասին կից 300քմ մակերեսով զավթված հողամասը նույնպես սահմանազատված է եղել վերջինիս կողմից, ինչի մասին է վկայում նաև 24.12.2008 թվականի հողամասի գլխավոր թիվ 197-2009 հատակագիծը և Կադաստրի 27.10.2008 թվականի թիվ Ել-1758 գրությունը:

Այսինքն` Քաղաքապետի 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշումը կայացնելու ժամանակ Վանյա Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6 հասցեում գտնվող անօրինական զբաղեցված 300քմ մակերեսով հողամասը տնօրինվել է վերջինիս կողմից, ինչի վերաբերյալ ապացույցներն էլ այդ ժամանակ ներկայացվել էին Քաղաքապետարան:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Քաղաքապետի 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշմամբ վերականգնվել է Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6 հասցեում Վանյա Խաչատրյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 272քմ մակերեսով հողամասին կից 300քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Նույն որոշման համաձայն` հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վանյա Խաչատրյանի դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 575քմ, որից Վանյա Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանում է 272քմ մակերեսով հողամաս: Օրինական հողամասին կից օգտագործվող 303քմ մակերեսով հողամասից օրենքի ուժով 300քմ մակերեսով հողամասը կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 3քմ մակերեսով հողամասը կարող է օտարվել ուղղակի վաճառքի միջոցով:

Նույն որոշումը կայացնելիս հաշվի է առնվել, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1956 թվականը, Կադաստրի 27.10.2008 թվականի թիվ Ել-1758, Քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲԸ-ի 02.12.2008 թվականի թիվ 20/2 Ե/355 գրությունները, Քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՊՓԲԸ-ի 18.11.2008 թվականի թիվ 20-Ել-1360 եզրակացությունը, որի համաձայն` Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:

Նույն որոշման կայացման համար որպես իրավական հիմք է հանդիսացել «Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ Կառավարության 29.12.2005 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 17):

2) Կադաստրի 27.10.2008 թվականի թիվ Ել-1758 գրությամբ հայտնվել է, որ ըստ կադաստրային գործի` Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6 տան սեփականատեր Վանյա Խաչատրյանի անվամբ հաշվառված է 94,7քմ մակերեսով շինություն, 272քմ մակերեսով օրինական հողամաս և 300քմ մակերեսով ինքնակամ զբաղեցրած հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 116):

3) Քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲԸ-ի 02.12.2008 թվականի թիվ 20/2 Ե/355 գրությամբ ներկայացվել է Երևանի վարչական տարածքում քաղաքացիների կողմից փաստացի զբաղեցված շենք-շինություններին և հողամասերին (անշարժ գույքին) տրամադրված թվով 9 հասցեների ցուցակը (հատոր 1-ին, գ.թ. 118):

4) «Քաղաքաշինություն» ՊՓԲԸ-ի 18.11.2008 թվականի թիվ 20-Ել-1360 գրությամբ Քաղաքապետարանին հասցեագրված Վանյա Խաչատրյանի դիմումի` Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6 հասցեում վերջինիս պատկանող բնակելի տան կարգավիճակի վերաբերյալ հայտնվել է, որ հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Կադաստրի 27.10.2008 թվականի թիվ Ել-1758 և 09.07.2008 թվականի թիվ 779 գրությունները: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ նշված հասցեում հողամասի մակերեսը փաստացի կազմում է 575քմ, որից 272քմ մակերեսը` ըստ փաստաթղթերի, 303քմ մակերեսը` առանց փաստաթղթերի (հատոր 1-ին, գ.թ. 26):

5) 13.03.1993 թվականի սեփականության թիվ 6792 վկայականի համաձայն` Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող գույքը` 26,2քմ բնակելի, 22,2քմ օժանդակ և 45,7քմ այլ մակերեսներով, 3/5 մասով պատկանում է Ալբերտ Խաչատրյանին:

Նույն վկայականում որպես հողամասի մակերես է նշված` 600քմ (հատոր 1-ին, գ.թ. 18):

6) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ 07-2985 գործով 15.10.2007 թվականին կայացրած վճռով Ալբերտ Խաչատրյանի հայցը բավարարվել է` վճռվել է Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6 տան ընդհանուր սեփականություն հանդիսացող 600քմ հողամասից, ըստ Կադաստրի կողմից 08.05.2007 թվականին տրված տեխնիկական եզրակացության և կից հատակագծի «Ա» տարբերակի, առանձնացնել և Ալբերտ Խաչատրյանին սեփականության իրավունքով թողնել 328քմ մակերեսով հողամաս փաստացի օգտագործվող «Ա» մուտքով, իսկ Վանյա Խաչատրյանին` 272քմ մակերեսով հողամաս գոյություն ունեցող «Բ» մուտքով, և որպես հողամասերը առանձնացնող բաժանարար սահման ընդունել գոյություն ունեցող ցանկապատը` հատակագծում նշված «Գ» տառով (հատոր 1-ին, գ.թ. 11-14):

7) Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի տեղակալի 25.09.2008 թվականի թիվ 28/02-Խ-151/157 տեղեկանքի համաձայն` Ալբերտ Խաչատրյանին Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6/1 հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից առկա ինքնակամ հողատարածքը զբաղեցվում է 1967 թվականից (հատոր 1-ին, գ.թ. 19):

8) Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 29.04.2011 թվականի թիվ 25/02-Խ-57 տեղեկանքի համաձայն` Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6/1 տանը կից անօրինական զբաղեցված հողամասն օգտագործվում է նշված տան բոլոր բնակիչների, այդ թվում նաև Ալբերտ Խաչատրյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 79):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վիճելի իրավահարաբերության ծագման` Քաղաքապետի 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշումը կայացնելու պահին գործող խմբագրությամբ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը տիրապետվող և սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում)` քաղաքացիներին պատկանող` բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասերին կից ավել օգտագործվող` մինչև 300 քառակուսի մետր սահմանազատված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) դրանց վրա կառուցված բնակելի տները և (կամ) բնակելի նշանակության օժանդակ շինությունները, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա սույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, որի (որոնց) սեփականությունը համարվող հողամասին կից է ավել օգտագործվող հողամասը և (կամ) շինությունները, և ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հողամասերի նկատմամբ անձանց սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է որոշակի պայմանների միաժամանակյա առկայություն: Մասնավորապես` Երևանի վարչական տարածքում մինչև 15.05.2001 թվականը տիրապետվող և «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին` 19.07.2008 թվականի դրությամբ առկա, քաղաքացիներին պատկանող` բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասերին կից ավել օգտագործվող` մինչև 300քմ մակերեսով սահմանազատված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը համարվում են այն ֆիզիկական անձանց սեփականությունը, որոնց սեփականությունը համարվող հողամասին կից է ավել օգտագործվող հողամասը, և ովքեր տիրապետում են այդ գույքը` որպես սեփականը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Ալբերտ Խաչատրյանը մինչև 15.05.2001 թվականը Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6 հասցեում ունեցել է սեփականության իրավունքով պատկանող օրինական հողամաս, որին էլ կից որպես սեփական գույք տիրապետել է ավել օգտագործվող 300քմ մակերեսով հողամասը: Հետևաբար, առկա են բոլոր պայմանները «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով ավել օգտագործվող 300քմ մակերեսով հողամասի նկատմամբ Ալբերտ Խաչատրյանի սեփականության իրավունքը վերականգնելու համար: Այսպիսով, նշված օրենքի ուժով վիճելի 300քմ մակերեսով հողամասի նկատմամբ ծագում է նաև Ալբերտ Խաչատրյանի սեփականության իրավունքը: Մինչդեռ, Քաղաքապետի 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշմամբ այդ հողամասի նկատմամբ վերականգնվել է միայն Վանյա Խաչատրյանի հողօգտագործման իրավունքը` ճանաչելով դրա նկատմամբ միայն նրա սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքները բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Դատարանի եզրահանգումներն անհիմն են, քանի որ Քաղաքապետի 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշումը կայացվել է օրենքի դրույթներին համապատասխան, իսկ այդ որոշման հիմքում ընկած Կադաստրի 27.10.2008 թվականի թիվ Ել-1758 գրությունը հաստատում է, որ Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6 հասցեում Վանյա Խաչատրյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված է 94,7քմ մակերեսով շինություն, 272քմ մակերեսով հողամաս և 300քմ մակերեսով զավթած պետական սեփականություն հանդիսացող հողամաս:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Այսպես, սույն գործի փաստերի համաձայն` 13.03.1993 թվականի սեփականության թիվ 6792 վկայականով հաստատվում է, որ Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող գույքը` 26,2քմ բնակելի, 22,2քմ օժանդակ և 45,7քմ այլ մակերեսներով, 3/5 մասով պատկանում է Ալբերտ Խաչատրյանին, միաժամանակ Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի տեղակալի 25.09.2008 թվականի թիվ 28/02-Խ-151/157 տեղեկանքով հաստատվում է, որ Ալբերտ Խաչատրյանին Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6/1 հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից առկա ինքնակամ հողատարածքը զբաղեցվում է 1967 թվականից, իսկ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 29.04.2011 թվականի թիվ 25/02-Խ-57 տեղեկանքով հաստատվում է, որ Երևանի Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 6/1 տանը կից անօրինական զբաղեցված հողամասն օգտագործվում է նշված տան բոլոր բնակիչների, այդ թվում նաև Ալբերտ Խաչատրյանի կողմից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված ապացույցներով հաստատվում է այն փաստը, որ վիճելի 300քմ մակերեսով հողամասն օգտագործվում է նաև Ալբերտ Խաչատրյանի կողմից, և նրա մասով այն համապատասխանում է «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին, այն է` Ալբերտ Խաչատրյանը վիճելի 300քմ մակերեսով հողամասը տիրապետում է 1967 թվականից, այդ հողամասը գտնվում է վերջինիս սեփականությունը համարվող հողամասին կից և նա տիրապետում է դա` որպես սեփականը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի 300քմ մակերեսով հողամասը «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով արդեն իսկ համարվում է նաև Ալբերտ Խաչատրյանի սեփականությունը:

Մինչդեռ, սույն գործով վիճարկվող Քաղաքապետի 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշմամբ վիճելի 300քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչվել է միայն Վանյա Խաչատրյանի սեփականության իրավունքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը վարչական մարմնին պարտավորեցնում է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետը, սույն գործով վիճարկվող 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշմամբ վիճելի 300քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչելով միայն Վանյա Խաչատրյանի սեփականության իրավունքը և անտեսելով, որ այդ նույն հողամասը «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով համարվում է նաև Ալբերտ Խաչատրյանի սեփականությունը, չի ապահովել գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում` խախտելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի իմպերատիվ պահանջը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի տեղակալի 25.09.2008 թվականի թիվ 28/02-Խ-151/157 և Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 29.04.2011 թվականի թիվ 25/02-Խ-57 տեղեկանքները տրվել են մեկ վարչական մարմնի կողմից մյուս վարչական մարմին ներկայացնելու նպատակով, իսկ Քաղաքապետարանը, գնահատելով բոլոր ներկայացված փաստաթղթերն իր իրավասության սահմաններում, իրականացրել է համապատասխան վարչարարություն և կայացրել է վիճարկվող որոշումը, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պատճառաբանությունն ամբողջությամբ անհիմն է, քանի որ վերոգրյալ տեղեկանքները մեկ վարչական մարմնի կողմից մյուս վարչական մարմին ներկայացնելու նպատակով տրված լինելու հանգամանքը որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ դրանց ապացուցողական ուժի վրա:

Այսպես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները, իսկ նույն օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի համար Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի տեղակալի 25.09.2008 թվականի թիվ 28/02-Խ-151/157 և Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 29.04.2011 թվականի թիվ 25/02-Խ-57 տեղեկանքները վերոգրյալ նորմերի հիման վրա հանդիսանում են գրավոր և վերաբերելի ապացույցներ, քանի որ դրանցով ավելի հավանական է դառնում սույն վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող փաստերի գոյությունը, քան դրանք կլինեին առանց այդ ապացույցների: Հետևաբար, նշված ապացույցների ապացուցողական ուժի մասով Վերաքննիչ դատարանի արած հետևությունն անհիմն է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող Քաղաքապետի 24.12.2008 թվականի թիվ 6240-Ա որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ՀՀ վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերոգրյալ հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀՀ վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.06.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 30.01.2012 թվականի վճռին:

2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Ալբերտ Խաչատրյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան