ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2013 թվականի N 274-Ն
ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 80 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգումը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 9-ի «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը հաստատելու մասին» N 80 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 274-Ն որոշման |
ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն դասակարգումը Հայաստանի Հանրապետության ընդերքօգտագործման ոլորտում սահմանում է`
1) պինդ օգտակար հանածոների պաշարների խմբավորման, գնահատման և պետական հաշվառման միասնական սկզբունքները` ըստ դրանց ուսումնասիրվածության աստիճանի, արժողության և մշակման նախապատրաստվածության փուլերի.
2) շահագործման համար հետախուզված հանքավայրերի (տեղամասերի) նախապատրաստվածության աստիճանը որոշող պայմանները` կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից և հանքային հումքի արժողության աստիճանից.
3) պինդ օգտակար հանածոների կանխատեսումային պաշարների գնահատման սկզբունքները:
2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
1) հանքային հումք` ընդերքից արդյունահանված բնական միներալային նյութեր, որոնք հանդիսանում են արդյունաբերության համար անհրաժեշտ մետաղներ կամ այլ տարրեր կորզելու հանքաքարեր կամ օգտագործվում են էներգետիկայի (ածուխ), շինարարության, քիմիական արդյունաբերության, էլեկտրատեխնիկայի կամ այլ ճյուղերի կարիքների համար.
2) երկրաբանահետախուզական աշխատանքներ` երկրաբանական ուսումնասիրությունների տարբեր մասնագիտացված և այլ աշխատանքների համալիր, որը կատարվում է օգտակար հանածոների հանքավայրերի հայտնաբերման, գնահատման և շահագործման նախապատրաստման համար.
3) որոնողագնահատողական աշխատանքներ` համարվում են օգտակար հանածոների հանքավայրերի որոնողականից հետախուզմանն անցման փուլ, որի հիմնական նպատակը հանքավայրերի հնարավոր արդյունաբերական նշանակության վերաբերյալ գնահատական տալն է, արդյունաբեության համար ոչ հեռանկարային երևակումների խոտանումն ու նախնական հետախուզման համար օբյեկտների ընտրությունն է.
4) մանրամասն հետախուզություն` երկրաբանահետախուզական աշխատանքների փուլ, որը կատարվում է պինդ օգտակար հանածոների և ստորերկրյա ջրերի հանքավայրերում` դրանք շահագործման նախապատրաստելու նպատակով.
5) հանքային հանգույց` մետաղական հանքավայրերի կենտրոնացման առանձնացված տեղամաս, որը մյուս տեղամասերից բաժանված է ոչ հանքային տարածությամբ.
6) հանքային շրջան` երկրաբանորեն և աշխարհագրորեն առանձնացված տարածք, որի սահմաններում զետեղված են որևէ հանքային ֆորմացիայի հանքավայրեր.
7) հանքային դաշտ` տարածականորեն մերձեցված մետաղական հանքավայրերի ամբողջություն, որը միավորում է հանքավայրերն ըստ ծագման և երկրաբանական կառուցվածքի միասնականության.
8) հանքամարմին` հանքաքարի բոլոր կողմերից սահմանափակված բնական կուտակում, որը կապված է որոշակի երկրաբանակառուցվածքային տարրի հետ.
9) արտարկում` տվյալ երկրաբանական կառուցվածքում հանքամարմնի որոշակի մասի վերաբերյալ տվյալների տարածումը նրա մնացած մասերի վրա.
10) հաշվարկային բլոկ` հանքամարմնի առանձնացված` մյուսներից անկախ մշակվող զանգված, որում կատարվում է պաշարների քանակական գնահատում.
11) սահմանային խորություն` տվյալ հանքամարմնի տեղադրման խորությունը, որը մատչելի է շահագործման համար.
12) հանքային ֆորմացիաներ՝ մետաղական հանքավայրերի խմբեր, որոնք միավորվում են երկրի ընդերքում կամ մակերևույթին նման երկրաբանական և ֆիզիկաքիմիական պայմաններում առաջացած և միներալային հումքի մոտիկ կազմ ունեցող հանքավայրերը.
13) օգտակար հանածոյի կանխատեսումային պաշարներ՝ օգտակար հանածոյի ենթադրվող կուտակումներ, որոնց քանակը, որակը և տարածքային դիրքը գնահատված են ուղղակի և անուղղակի տվյալների, ինչպես նաև ընդհանուր երկրաբանական նախադրյալների հիման վրա:
3. Երկրաբանահետախուզական աշխատանքների և հանքավայրերի լրահետախուզման և շահագործական հետախուզման արդյունքում պինդ օգտակար հանածոների պաշարները գնահատում է ընդերքօգտագործողը: Լիազոր մարմինը դրանց արժանահավատությունը գնահատելուց հետո հաշվառում է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում: Պաշարների վերաբերյալ տվյալներն օգտագործվում են երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման ռազմավարության և նպատակային ծրագրերի մշակման, օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի, շինարարության և հանքավայրերի շահագործման կամ դրանց առանձին տեղամասերի ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման, երկրաբանահետախուզական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների ծրագրերի կազմման ժամանակ:
4. Պինդ օգտակար հանածոների կանխատեսումային պաշարները, որոնց առկայությունը ենթադրվում է ընդհանուր երկրաբանական պատկերացումների, նախադրյալների, տարածաշրջանային երկրաբանական, երկրաֆիզիկական և երկրաքիմիական հետազոտությունների արդյունքների հիման վրա, գնահատվում են հանքային ավազանների, հանքային շրջանների, հանքային հանգույցների, հանքային դաշտերի և առանձին հանքավայրերի սահմաններում: Կանխատեսումային պաշարների վերաբերյալ տվյալներն օգտագործվում են որոնողագնահատողական և երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրերի կազմման համար:
5. Պաշարները գնահատվում և հաշվառվում, իսկ կանխատեսումային պաշարները գնահատվում են ըստ պինդ օգտակար հանածոների առանձին տեսակների և դրանց օգտագործման հնարավոր ուղղությունների:
6. Համալիր հանքավայրերում գնահատման ու հաշվառման են ենթակա հիմնական և դրանց հետ համատեղադրված օգտակար հանածոների, ինչպես նաև դրանց օգտակար բաղադրիչների (մետաղների, միներալների, քիմիական տարրերի և վերջիններիս միացությունների) պաշարները, որոնց արդյունաբերական օգտագործման նպատակահարմարությունը որոշված է հանքային հումքի հաստատված կոնդիցիաներով:
7. Պինդ օգտակար հանածոների և դրանց արդյունաբերական նշանակության բաղադրիչների պաշարները գնահատվում ու հաշվառվում են ընդերքում դրանց առկա քանակներով` հաշվի չառնելով արդյունահանման և վերամշակման ժամանակ առաջացող կորուստներն ու աղքատացումը:
8. Հարստացման գործընթացի ապրանքային խտանյութերում կամ մետալուրգիական վերամշակման արտադրանքներում կուտակվող ուղեկից բաղադրիչների պաշարները վերագնահատվում են ընդերքօգտագործողի կողմից: Լիազոր մարմինը դրանց արժանահավատությունը գնահատելուց հետո հաշվառում է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում, ինչպես ընդերքում, այնպես էլ կորզվող միներալներում:
9. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կանխատեսումային պաշարների քանակական գնահատումը նույնպես կատարվում է համալիր: Այս դեպքում օգտագործվում են պինդ օգտակար հանածոների որակին ու տեխնոլոգիական հատկություններին համանման հայտնի հանքավայրերի համար հաստատված կոնդիցիաներով նախատեսված պահանջները` հաշվի առնելով մոտակա հեռանկարում նշված պահանջների համապատասխան ճշգրտումներն ու հնարավոր փոփոխությունները:
10. Պինդ օգտակար հանածոների որակը գնահատվում է հաստատված կոնդիցիաներին, Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին (չափանիշներին), տեխնիկական պայմաններին համապատասխան` դրանց օգտագործման հնարավոր ուղղությունների, ինչպես նաև արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիաների հաշվառմամբ, որոնք ապահովում են արդյունահանված բնական տեսքով միներալային հումքի համալիր օգտագործումը կամ դրանից արդյունաբերական նշանակության բաղադրիչների կորզումը: Միաժամանակ որոշվում են օգտակար և վնասակար բաղադրիչների պարունակությունները և դրանց գոյաձևերը:
11. Պինդ օգտակար հանածոների պաշարները գնահատում ու հաշվառվում, կանխատեսումային պաշարները գնահատվում են զանգվածի կամ ծավալի միավորներով:
12. Կոնդիցիաների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորման և պաշարների գնահատման նյութերի՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից կատարվող պետական ընդերքաբանական փորձաքննության հիման վրա հաստատվում են կոնդիցիաների պարամետրերը և պինդ օգտակար հանածոների շահագործական պաշարները:
II. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ
13. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերը ստորաբաժանվում են բնածին (երկրակեղևում երկրաբանական համալիր գործընթացների հետևանքով առաջացած) և տեխնածին (հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված) հանքավայրերի: Վերջիններս երկրի մակերևույթի վրա կամ լեռնային փորվածքներում միներալային նյութի կուտակումներ են` լեռնային, հարստացման, մետալուրգիական, էներգետիկական և այլ արտադրությունների արտադրական լցակույտերի տեսքով:
14. Հանքավայրերը և դրանց տեղամասերն ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության և պինդ օգտակար հանածոյի որակի փոփոխականության աստիճանի ստորաբաժանվում են հետևյալ խմբերի`
1) 1-ին խումբ: Պարզ երկրաբանական կառուցվածքով հանքավայրեր (տեղամասեր)`
ա. հստակորեն դրսևորված են օգտակար հանածոյի տարածական տեղաբաշխումը պայմանավորվող շերտագրական և (կամ) լիթոլոգիական, կառուցվածքային (ստրուկտուրային), երկրաձևագիտական (երկրամորֆոլոգիական) գործոնները,
բ. հանքակուտակի զուգահեռ երկրաբանական կտրվածքները նույնատիպ են և բնութագրվում են շերտագրական միավորների, ինչպես նաև լիթոլոգիական տարատեսակների սահմանափակ քանակով,
գ. պինդ օգտակար հանածոների գերակշիռ մասը պարփակված է պարզ եզրագծեր ունեցող հանքային մարմիններում,
դ. պինդ օգտակար հանածոյի մարմինների առաջնային տեղադիրքը գործնականում խախտված չէ երկրաբանական խախտումներով, ինչը, նշված գործոնների հաշվառմամբ, ապահովում է հետախուզական հատումների և կտրվածքների հուսալի համադրումը,
ե. պինդ օգտակար հանածոյի մարմինների ներքին կառուցվածքը պարզ է, հզորությունները և հումքի որակը` կայուն, օգտակար բաղադրիչների բաշխումը` հավասարաչափ,
զ. պինդ օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տարբեր տիպերը և տեսակները տարածականորեն տարազատված են և հեշտությամբ կարող են սահմանագծվել (երկրաչափացվել),
է. առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի (որակ, հզորություն) փոփոխականության գործակիցը մինչև 40 տոկոս է.
2) 2-րդ խումբ: Բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրեր (տեղամասեր)՝
ա. պինդ օգտակար հանածոյի մարմինների տարածական տեղաբաշխումը պայմանավորող գործոնները դրսևորված են բավականաչափ հստակ, սակայն հետախուզական հատումների և կտրվածքների համադրումը կարող է դժվարանալ ծալքավոր և խզումնային խախտումներով: Երկրաբանական կտրվածքները տարատիպ են,
բ. պինդ օգտակար հանածոների պաշարների գերակշիռ մասը պարփակված է օգտակար հանածոյի բարդացված եզրագծերով մարմիններում,
գ. հանքամարմինների ներքին կառուցվածքը բարդ է, ձևաչափական պարամետրերը (հզորություն, որակ)` փոփոխական, օգտակար բաղադրիչների բաշխումը` անհավասարաչափ,
դ. պինդ օգտակար հանածոյի տարբեր տիպերը (տեսակները) տարածականորեն հստակ տարազատված չեն, ինչը դժվարացնում է դրանց միանշանակ եռաչափ երկրաչափական մարմինների առանձնացումը, որը պետք է հիմք հանդիսանա հանքային մարմնի ծավալի հաշվարկման համար,
ե. առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի (որակ, հզորություն) փոփոխականության գործակիցը 40-100 տոկոս է.
3) 3-րդ խումբ: Շատ բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրեր (տեղամասեր)`
ա. պինդ օգտակար հանածոյի մարմինների տարածական տեղաբաշխումը պայմանավորող գործոնները հնարավորություն են տալիս որոշելու դրանց տեղադրման միայն ընդհանուր օրինաչափությունները: Հատկանշական է տարբեր կարգի խզումնային խախտումների լայն տարածմամբ պայմանավորված «բլոկային» կառուցվածքը, ինչն էականորեն դժվարացնում է հետախուզական հատումների և կտրվածքների համադրումը և պայմանական դարձնում դրանց միջև հանքամարմինների եզրագծերի կապակցումը: Երկրաբանական կտրվածքները խիստ տարատիպ են,
բ. պինդ օգտակար հանածոյի պաշարները տարակենտրոնացված են բազմաթիվ հանքամարմիններում, որոնց ձևաբանությունը և չափերը բազմազան են,
գ. հանքամարմինների ներքին կառուցվածքը շատ բարդ է, ձևաչափական պարամետրերը և օգտակար բաղադրիչների բաշխումը` խիստ փոփոխական ու անհավասարաչափ,
դ. պինդ օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տիպերի (տեսակների) առանձնացումը պայմանական բնույթ ունի,
ե. առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի (որակ, հզորություն) փոփոխականության գործակիցը 100-160 տոկոս է.
4) 4-րդ խումբ: Չափազանց բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրեր (տեղամասեր)`
ա. շերտագրական և (կամ) լիթոլոգիական, կառուցվածքային, երկրաձևագիտական գործոնները պայմանավորում են օգտակար հանածոյի տարածական բաշխման միայն ամենաընդհանուր օրինաչափությունները,
բ. պինդ օգտակար հանածոյի մարմինները բնութագրվում են չափազանց խախտված տեղադրմամբ, ինչպես նաև հզորության, ներքին կառուցվածքի ու միներալային հումքի որակի չափազանց փոփոխականությամբ,
գ. պինդ օգտակար հանածոյի մարմինների երկրաչափացումն իրականացվում է միայն մշակման ընթացքում,
դ. առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի (որակ, հզորություն) փոփոխականության գործակիցը 160 տոկոսից ավելի է:
III. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ
15. Պինդ օգտակար հանածոների հաշվարկային բլոկների պաշարներն ըստ ուսումնասիրվածության աստիճանի ստորաբաժանվում են հետախուզված A, B, C1 կարգերի ու նախնական գնահատված C2 կարգի:
16. Կանխատեսումային պաշարներն ըստ հիմնավորվածության աստիճանի ստորաբաժանվում են P1, P2 , P3 կարգերի:
17. Հաշվարկային բլոկների A կարգի պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
1) որոշված են օգտակար հանածոյի մարմինների ձևը, հզորությունը, տեղադրման պայմանները, ուսումնասիրված են դրանց ձևաբանության և ներքին կառուցվածքի բնույթն ու փոփոխականության օրինաչափությունները, օգտակար հանածոյի մարմիններում առանձնացված ու եզրագծված են չհանքայնացված և ոչ կոնդիցիոն մասերը, խզվածքային խախտումների առկայության դեպքում որոշված է դրանց դիրքը և շեղման ամպլիտուդը.
2) որոշված են օգտակար հանածոյի բնական տարատեսակները, առանձնացված ու եզրագծված են հանքային հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը և տեսակները, որոշված են վերջիններիս կազմը, հատկությունները, միներալներում օգտակար ու վնասակար բաղադրիչների բաշխումը, արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների որակը բնութագրված է կոնդիցիաներով նախատեսված բոլոր ցուցանիշներով.
3) օգտակար հանածոյի տեխնոլոգիական հատկություններն ուսումնասիրված են դրա արդյունաբերական նշանակության բաղադրիչների համալիր կորզմամբ հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.
4) հանքավայրի ջրա-ինժեներա-լեռնաերկրաբանական և այլ բնական պայմաններն ուսումնասիրված են դրա շահագործման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.
5) հաշվարկային բլոկի օգտակար հանածոյի պաշարների եզրագիծը որոշված է կոնդիցիաների հաստատված պարամետրերի պահանջներին համապատասխան` հորատանցքերով և (կամ) լեռնային փորվածքներով.
6) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը մինչև ±10 տոկոս է:
18. Հաշվարկային բլոկների B կարգի պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
1) որոշված են օգտակար հանածոյի մարմինների հզորությունը, դրանց ձևի, ներքին կառուցվածքի և տեղադրման պայմանների հիմնական առանձնահատկություններն ու փոփոխականությունը, օգտակար հանածոյի մարմիններում չհանքայնացված և ոչ կոնդիցիոն մասերի տարածական դասավորվածությունը, խզվածքային խոշոր խախտումների դիրքը և շեղման ամպլիտուդը, իսկ փոքրամպլիտուդ խզվածքային խախտումները բնութագրված են ընդհանուր գծերով.
2) որոշված են պինդ օգտակար հանածոյի բնական տարատեսակները, առանձնացված ու հնարավորության դեպքում եզրագծված են հանքային հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը, եզրագծման անհնարինության դեպքում բացահայտված են օգտակար հանածոյի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների տարածական բաշխման ու քանակական հարաբերակցության օրինաչափությունները և օգտակար ու վնասակար բաղադրիչների գոյաձևերը, արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների որակը բնութագրված է կոնդիցիաներով նախատեսված բոլոր ցուցանիշներով.
3) օգտակար հանածոների տեխնոլոգիական հատկություններն ուսումնասիրված են արդյունաբերական նշանակություն ունեցող բաղադրիչների համալիր օգտագործումն ապահովող վերամշակման սկզբունքային տեխնոլոգիական սխեմայի ընտրության համար անհրաժեշտ աստիճանով: A կարգի պաշարների հետախուզում չպահանջող հանքավայրերում օգտակար հանածոյի հատկությունների տեխնոլոգիական ուսումնասիրվածության աստիճանը պետք է համապատասխանի A կարգի պաշարներին ներկայացվող պահանջներին.
4) հանքավայրի ջրա-ինժեներա-լեռնաերկրաբանական և այլ բնական պայմաններն ուսումնասիրված են այնպիսի ամբողջականությամբ, որը հնարավորություն կընձեռի որակապես ու քանակապես բնութագրելու վերջիններիս հիմնական ցուցանիշները և հանքավայրի բացման ու մշակման վրա դրանց ազդեցությունը: A կարգի պաշարների հետախուզում չպահանջող հանքավայրերում բնական պայմանները պետք է ուսումնասիրվեն հանքավայրի շահագործման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.
5) հաշվարկային բլոկի օգտակար հանածոյի պաշարների եզրագիծը որոշված է կոնդիցիաների հաստատված պարամետրերի պահանջներին համապատասխան` հորատանցքերով և (կամ) լեռնային փորվածքներով` ներառելով (օգտակար հանածոյի մարմինների հզորության և որակի կայունության դեպքում) երկրաբանական չափանիշներով և երկրաֆիզիկական ու երկրաքիմիական հետազոտությունների տվյալներով հիմնավորված արտարկման (էքստրապոլյացիա) սահմանափակ գոտի.
6) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±10-ից մինչև ±25 տոկոս է:
19. Հաշվարկային բլոկների C1 կարգի պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
1) պարզված են օգտակար հանածոյի մարմինների հզորությունը և բնորոշ ձևերը, տեղադրման պայմանների և ներքին կառուցվածքի հիմնական առանձնահատկությունները, գնահատված են դրանց փոփոխականությունը և հնարավոր ընդհատությունը, իսկ շերտային հանքավայրերի և շինարարական ու երեսապատման քարերի հանքավայրերի համար` նաև փոքրամպլիտուդ տեկտոնական խախտումներով խիստ արտահայտված մակերեսների առկայությունը.
2) որոշված են օգտակար հանածոյի բնական տարատեսակները և արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը, դրանց տարածական տեղաբաշխման և արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու տեսակների քանակական հարաբերակցության, օգտակար ու վնասակար բաղադրիչների միներալային գոյաձևերի ընդհանուր օրինաչափությունները, արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների որակը բնութագրված է կոնդիցիաներով նախատեսված բոլոր ցուցանիշներով.
3) պինդ օգտակար հանածոյի տեխնոլոգիական հատկությունները բնութագրված են հետախուզված պաշարների արդյունաբերական արժողության հիմնավորման համար բավարար աստիճանով: A և B կարգերի պաշարների հետախուզում չպահանջող հանքավայրերում օգտակար հանածոյի հատկությունների տեխնոլոգիական ուսումնասիրվածության աստիճանը պետք է համապատասխանի A կարգի պաշարներին ներկայացվող պահանջներին.
4) հանքավայրի ջրա-ինժեներա-լեռնաերկրաբանական և այլ բնական պայմաններն ուսումնասիրված են դրանց հիմնական ցուցանիշների նախնական բնութագրումն ապահովող ամբողջականությամբ: A և B կարգերի պաշարների հետախուզում չպահանջող հանքավայրերում բնական պայմանները պետք է ուսումնասիրվեն հանքավայրի շահագործման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.
5) հաշվարկային բլոկի օգտակար հանածոյի պաշարների եզրագիծը որոշված է կոնդիցիաների պահանջներին համապատասխան` հորատանցքերով և (կամ) լեռնային փորվածքներով, երկրաֆիզիկական ու երկրաքիմիական հետազոտությունների տվյալների և երկրաբանորեն հիմնավորված արտարկման հաշվառմամբ.
6) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±25-ից մինչև ±40 տոկոս է:
20. Այս կամ այն կարգի հաշվարկային բլոկների նվազագույն չափերը որոշվում են նվազագույն քանակի հետախուզական հատումների, վերջիններիս միջև եղած հեռավորությունների հիման վրա:
21. Հաշվարկային բլոկների C2 կարգի պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
1) օգտակար հանածոյի մարմինների հզորությունը, ձևը, ներքին կառուցվածքը և տեղադրման պայմանները գնահատված են երկրաբանական և երկրաֆիզիկական տվյալներով ու հաստատված են փոքրաթիվ հորատանցքերի և (կամ) լեռնային փորվածքների առանձին հատումներով.
2) օգտակար հանածոյի որակը և տեխնոլոգիական հատկությունները որոշված են շարքային և փոքրաթիվ փորձանշումների հետազոտությունների արդյունքներով կամ գնահատված են տվյալ հանքավայրի ավելի ուսումնասիրված տեղամասերի կամ էլ ուրիշ հանքավայրի համանմանությամբ.
3) հանքավայրի ջրա-ինժեներա-լեռնաերկրաբանական և այլ բնական պայմանները գնահատված են հետախուզական փորվածքներում կատարված դիտարկումներով, դրա այլ տեղամասերի առկա տվյալներով և տվյալ տարածքում հայտնի հանքավայրերի համանմանությամբ.
4) հաշվարկային բլոկի` օգտակար հանածոյի պաշարների եզրագիծը որոշված է կոնդիցիաների պահանջներին համապատասխան` փոքրաթիվ հորատանցքերի, լեռնային փորվածքների, բնական մերկացումների կամ դրանց համախմբության հիման վրա, երկրաֆիզիկական ու երկրաքիմիական հետազոտությունների և երկրաբանական կառուցվածքների հաշվառմամբ, ինչպես նաև ավելի բարձր կարգի պաշարների գնահատման դեպքում որոշված պարամետրերի` երկրաբանորեն հիմնավորված արտարկման միջոցով.
5) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±40-ից մինչև ±60 տոկոս է:
22. Համալիր հանքաքարերի և դրանց հիմնական բաղադրիչների պաշարները գնահատվում են միևնույն կարգերով: Արդյունաբերական նշանակության ուղեկից բաղադրիչների պաշարները գնահատվում են հիմնական բաղադրիչների պաշարների հաշվարկի եզրագծերում և գնահատվում են ըստ կարգերի` դրանց ուսումնասիրվածության աստիճանին, բաշխման բնույթին, գոյաձևերին և կորզման տեխնոլոգիային համապատասխան:
23. P1 կարգի կանխատեսումային պաշարները հաշվի են առնում պաշարների հավելաճի հնարավորությունը` ի հաշիվ C2 կարգի պաշարների հաշվարկի եզրագծերից դուրս օգտակար հանածոյի մարմինների տարածման մակերեսների ընդլայնման կամ հետախուզված և հետախուզվող հանքավայրերում օգտակար հանածոյի նոր մարմինների բացահայտման, ինչպես նաև որոնողագնահատման աշխատանքների ժամանակ հանքավայրերի հայտնաբերման: Այս կարգի պաշարների քանակական գնահատման համար օգտագործվում են հանքավայրի արդյունաբերական տիպի մասին պատկերացումները:
24. P1 կարգի կանխատեսումային պաշարների գնահատումը հիմնվում է օգտակար հանածոյի հնարավոր տարածման մակերեսների երկրաբանական, երկրաֆիզիկական և երկրաքիմիական հետախուզությունների արդյունքների վրա, ինչպես նաև հանքավայրի առավել ուսումնասիրված մասի օգտակար հանածոյի մարմինների ձևի և կառուցվածքի, հումքի միներալային կազմի ու որակի (օգտակար բաղադրիչների պարունակության), արդյունաբերական հետաքրքրություն ներկայացնող օգտակար հանածոյի մակերեսն ու խորությունը պայմանավորող կառուցվածքային առանձնահատկությունների, լիթոլոգիական և շերտագրական նախադրյալների մասին եղած տվյալների երկրաբանական արտարկման վրա:
25. P2 կարգի կանխատեսումային պաշարները հաշվի են առնում հանքային ավազանում, շրջանում, հանգույցում, դաշտում օգտակար հանածոյի նոր հանքավայրերի հայտնաբերման հնարավորությունը, որոնց ենթադրյալ առկայությունը հիմնվում է խոշորամասշտաբ երկրաբանական հանույթի և որոնողական աշխատանքների ժամանակ բացահայտված օգտակար հանածոյի երևակումների, ինչպես նաև երկրաֆիզիկական և երկրաքիմիական անոմալիաների դրական գնահատականի վրա, որոնց բնույթն ու հնարավոր հեռանկարայնությունը հաստատված են հատուկենտ փորվածքներով:
26. Ենթադրյալ հանքավայրերի պաշարների քանակական գնահատումը, օգտակար հանածոյի մարմինների ձևի, միներալային կազմի ու որակի մասին պատկերացումները հիմնվում են նույն կազմավորության (ֆորմացիայի) և ծագումնաբանության տիպերի հայտնի հանքավայրերի հետ նմանակության (համանմանության) վրա:
27. P3 կարգի կանխատեսումային պաշարները հաշվի են առնում միայն օգտակար հանածոների այս կամ այն տեսակի հանքավայրերի ձևավորման և արդյունաբերական տեղայնացման ներուժային (պոտենցիալ) հնարավորությունը` գնահատվող տարածքում կատարված միջին և փոքրամասշտաբ երկրաբանական հանույթների, օդատիեզերական լուսանկարների վերծանումների ժամանակ բացահայտված բարենպաստ շերտագրական, լիթոլոգիական, տեկտոնական և հնաշխարհագրական նախադրյալների, ինչպես նաև երկրաֆիզիկական և երկրաքիմիական հետազոտությունների արդյունքների վերլուծության հիման վրա:
28. P3 կարգի կանխատեսումային պաշարների քանակական գնահատումը կատարվում է ենթադրվող պարամետրերով` առավել ուսումնասիրված հանքային ավազանների, շրջանների, տարածքների հետ նմանակության հիման վրա, ուր կան նույն ծագումնաբանական տիպի հետախուզված հանքավայրեր:
IV. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
29. Պինդ օգտակար հանածոների և դրանց օգտակար բաղադրիչների պաշարներն ըստ տնտեսական նշանակության ստորաբաժանվում են տարանջատ գնահատման և հաշվառման ենթակա երկու խմբի`
1) հաշվեկշռային, որոնց օգտագործումը հաստատված կոնդիցիաների համաձայն տնտեսապես նպատակահարմար է հանքային հումքի արդյունահանման և վերամշակման առկա կամ արդյունաբերության կողմից կիրառվող առաջադիմական տեխնիկայի ու տեխնոլոգիայի դեպքում` ընդերքի արդյունավետ շահագործման և շրջակա միջավայրի պահպանության պահանջների հաշվառմամբ.
2) արտահաշվեկշռային, որոնց օգտագործումը հաստատված կոնդիցիաների, բնության և շրջակա միջավայրի պահպանության պահանջների համաձայն ներկայումս տնտեսապես նպատակահարմար չէ, բայց որոնք հետագայում կարող են վերածվել հաշվեկշռայինի:
30. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարները, արժողության գործակցին համապատասխան, որը 1 տ (1 մ3) օգտակար հանածոյի կորզվող արժողության հարաբերությունն է դրա արդյունահանման ու վերամշակման բերված ծախսերին, ստորաբաժանվում են հետևյալ ենթախմբերի (աղյուսակ 1):
Աղյուսակ 1
Հաշվեկշռային պաշարները |
Արտահաշվեկշռային պաշարները | |||
ենթախմբեր |
արժողության |
ենթախմբեր |
արժողության |
հաշվեկշռային |
IՀ. հատկապես |
≥1.5 |
IԱ. առանձնակի |
(0.7-1.0) |
≤15 |
IIՀ. արժեքավոր |
(1.2-1.5) |
IIԱ. հեռանկարային |
(0.5-0.7) |
15-30 |
IIIՀ. նորմատիվ |
(1.0-1.2) |
IIIԱ. քիչ |
(0.3-0.5) |
30-50 |
31. Բնակավայրերի, կապիտալ կառույցների, գյուղատնտեսության օբյեկտների, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների, խոշոր ջրամբարների և ջրահոսքերի ապահովիչ բնամասերում գտնվող պինդ օգտակար հանածոների պաշարները վերագրվում են հաշվեկշռային կամ արտահաշվեկշռայինի` հատուկ տեխնիկատնտեսական հաշվարկների հիման վրա, որոնցում հաշվի են առնվում կառույցների տեղափոխման ծախսերը կամ պաշարների մշակման հատուկ եղանակները:
32. Արտահաշվեկշռային պաշարները գնահատում է ընդերքօգտագործողը, իսկ լիազոր մարմինը դրանց արժանահավատությունը գնահատելուց հետո հաշվառում է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում այն դեպքում, եթե կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ապացուցված է հետագա կորզման համար դրանց ընդերքում պահպանելու հնարավորությունը կամ ապագայում օգտագործելու համար այդ պաշարների պահեստավորման ու պահպանման նպատակահարմարությունը:
33. Պինդ օգտակար հանածոների կանխատեսումային պաշարները ժամանակակից կամ մոտակա հեռանկարում սպասվող գիտատեխնիկական առաջադիմության մակարդակի պայմաններում գնահատվում են մինչև շահագործման համար նպատակահարմար խորությունը` օգտակար հանածոյի արժողության գործակցի մոտավոր մեծության հաշվառմամբ: Կանխատեսումային պաշարների գնահատման ժամանակ օգտագործված կոնդիցիաներն ընդունվում են համանմանության հիման վրա` համապատասխան ճշգրտումներով:
V. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԿՈՐԶՎՈՂ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ
34. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման և օգտակար հանածոյի արդյունահանման համալիրի նախագծման փուլերում որոշվում են`
1) կորզվող պաշարները` արդյունահանման գործընթացում օգտակար հանածոյի բոլոր տեսակի կորուստների հանուրդով հաշվեկշռային պաշարներն են.
2) շահագործական պաշարները` կորզվող պաշարների և արդյունահանման ընթացքում խառնվող դատարկ ապարների ու ոչ կոնդիցիոն օգտակար հանածոյի հանրագումար քանակներն են:
35. Կորզվող և շահագործական պաշարները որոշվում են ըստ հաշվարկային բլոկների, օգտակար հանածոյի մարմինների, տեղամասերի և ամբողջ հանքավայրի:
VI. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
36. Պինդ օգտակար հանածոների պաշարներն ըստ արդյունահանման նախապատրաստվածության աստիճանի ստորաբաժանվում են բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ խմբերի:
37. Բացված պաշարներին են վերագրվում հանքավայրի հաշվեկշռային պաշարների այն մասերը, որոնց մշակման համար կառուցված է բացող (գլխավոր և օժանդակ) և ուրիշ անհրաժեշտ լեռնակապիտալ փորվածքների ամբողջ համալիրը:
38. Հանքափողերի, տրանսպորտային ուղիների, մակերևույթի շենքերի և այլ կառույցների ապահովիչ բնամասերի օգտակար հանածոյի պաշարները հաշվառվում են առանձին և վերագրվում են բացվածների` պահպանվող օբյեկտների վերացման դեպքում:
39. Նախապատրաստված են համարվում բացված պաշարների այն մասերը, որոնց մշակման համար անցկացված են նախապատրաստման ընդունված սխեմայով նախատեսված բոլոր նախապատրաստական փորվածքները:
40. Հանելու պատրաստ են համարվում հանութամասերի, բլոկների, պանելների նախապատրաստված պաշարների այն մասերը, որտեղ անցկացված են արդյունահանման աշխատանքների ընդունված տեխնոլոգիայով նախատեսված բոլոր կտրման փորվածքները:
41. Ժամանակավոր բնամասերում (միջխցային, վերշտրեկային, ենթաշտրեկային և այլն) օգտակար հանածոյի պաշարները համարվում են հանելու պատրաստ` դրանց կորզման համար նախագծով նախատեսված դատարկությունների վերացումից և այլ աշխատանքների իրականացումից հետո:
VII. ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ
42. Դուրսգրման ենթակա են հիմնական և համատեղադրված օգտակար հանածոների ու դրանց օգտակար բաղադրիչների հաստատված հաշվեկշռային և արտահաշվեկշռային հետևյալ պաշարները`
1) արդյունահանված և սպառողներին ու վերամշակման ուղարկված.
2) արդյունահանման գործընթացում կորսված՝ չպոկված վիճակում ընդերքում թողնված, ընդերքից հանված և արտադրական լցակույտեր տեղափոխված, ինչպես նաև տեղափոխման, բարձման ու բեռնաթափման ժամանակ և պահպանման տեղերում կորսված.
3) արդյունաբերական նշանակությունը կորցրած` կապված նոր հաստատված կոնդիցիաներին դրանց անհամապատասխանության, ջրա-ինժեներա-երկրաբանական և այլ պայմանների բարդացման հետ.
4) չարդարացված` հանքավայրի հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների և մշակման ժամանակ օգտակար հանածոների քանակի, որակի ու տեղադրման պայմանների վերաբերյալ նոր տվյալների ստացման արդյունքներով հիմնավորված:
VIII. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
43. Շահագործման համար նախապատրաստված հանքավայրերի (տեղամասերի) ուսումնասիրվածության նպատակահարմար աստիճանը որոշվում է դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությամբ, հումքի որակի և օգտակար հանածոյի մարմնի հզորության փոփոխականությամբ, ինչպես նաև տնտեսական գործոններով. երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման համար պահանջվող միջոցների ու ժամանակի ծախսումներով, բնության և շրջակա միջավայրի պահպանության պահանջներով, օգտակար հանածոյի արժողությամբ և հանքավայրի շահագործման դեպքում կապիտալ ներդրումների հետգնման ակնկալվող ժամկետներով:
44. Հետախուզված հանքավայրերը (տեղամասերը) շահագործման համար նախապատրաստված են համարվում, եթե պահպանվել են հետևյալ պայմանները՝
1) հիմնական և համատեղադրված օգտակար հանածոների և դրանց արդյունաբերական նշանակության օգտակար բաղադրիչների հաշվեկշռային պաշարները սահմանված կարգով հաստատվել են գործակալության կողմից.
2) սահմանված կարգով հաստատված օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարները, որոնք օգտագործվում են հանքարդյունաբերական ձեռնարկության նախագծման ժամանակ` կախված հանքավայրի (տեղամասի) երկրաբանական կառուցվածքի բարդության խմբից, արժողության գործակցից և հանքարդյունաբերական ձեռնարկության` պաշարներով ապահովվածության ժամկետից, ըստ կարգերի ապահովում են հետևյալ նորմատիվները (աղյուսակ 2).
Աղյուսակ 2
Հանքա- |
Պաշարների |
Պաշարներով հանքարդյունաբերական | ||||||||
մինչև 10 |
10-25 |
25-ից ավելի | ||||||||
օգտակար հանածոյի արժողության գործակիցը | ||||||||||
>1.5 |
1.2-1.5 |
1.0-1.2 |
>1.5 |
1.2-1.5 |
1.0-1.2 |
>1.5 |
1.2-1.5 |
1.0-1.2 | ||
հետախուզված պաշարների նորմատիվները (տարի) | ||||||||||
I |
A |
- |
- |
0-2 |
- |
- |
0-2 |
- |
- |
0-2 |
B |
- |
0-3 |
2-4 |
- |
0-3 |
3-5 |
- |
0-3 |
4-6 | |
C1 |
մինչև 10 |
մինչև |
մինչև |
10-25 |
7-25 |
7-22 |
>25 |
>22 |
>17 | |
II |
B |
- |
0-3 |
2-4 |
- |
0-3 |
3-5 |
- |
0-3 |
4-6 |
C1 |
մինչև 10 |
մինչև |
մինչև |
10-25 |
7-25 |
7-22 |
>25 |
>22 |
>19 | |
III |
C1 |
մինչև 4 |
մինչև |
մինչև 7 |
4-5 |
5-7 |
7-8 |
5-6 |
6-8 |
8-10 |
C2 |
մինչև 6 |
մինչև |
մինչև 3 |
6-21 |
5-20 |
3-18 |
>20 |
>17 |
>15 | |
IV |
C1 |
3 |
3-4 |
4-5 |
4 |
4-5 |
5-6 |
5 |
5-6 |
6-8 |
C2 |
մինչև 7 |
մինչև 6-7 |
մինչև 5-6 |
6-21 |
6-21 |
5-20 |
>20 |
>19 |
>17 |
I և II խմբերի հանքավայրերում (տեղամասերում) A և B կարգերով, իսկ III և IV խմբերի հանքավայրերում (տեղամասերում) C1 կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (կամ դրան հավասարեցված) միջոցների հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցումը 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, աննպատակահարմար է:
I և II խմբերի հանքավայրերում (տեղամասերում) հաստատվում են նաև C2 կարգի պաշարները:
2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում բոլոր խմբերի նոր հետախուզված հանքավայրերի (տեղամասերի) շահագործման հնարավորությունը սահմանում է գործակալությունը` պաշարների հաստատման ժամանակ` պաշարների գնահատման նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության հիման վրա.
3) բացի հանքավայրի ընդհանուր պաշարների գնահատումից, տրված է P1 կարգի կանխատեսումային պաշարների գնահատականը, նշված են այն մակերեսները, որտեղ բացակայում են օգտակար հանածոների հանքակուտակները, և կարող են տեղաբաշխվել արտադրական և քաղաքացիական-բնակարանային նշանակության օբյեկտները, դատարկ ապարների և օգտակար հանածոների արտադրական լցակույտերը.
4) օգտակար հանածոյի նյութական կազմը և տեխնոլոգիական հատկություններն ուսումնասիրված են դրա արդյունաբերական նշանակություն ունեցող բաղադրիչների համալիր կորզմամբ հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.
5) հանքավայրի ջրա-ինժեներա-լեռնաերկրաբանական և այլ բնական պայմաններն ուսումնասիրված են հանքավայրի (տեղամասի) մշակման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.
6) հանքավայրը ջրակալող (հեղեղող) ստորերկրյա ջրերում որոշված է օգտակար և վնասակար խառնուրդների առկայությունը (բացակայությունը), տրված է ջրամատակարարման համար դրանց հնարավոր օգտագործման կամ այդ ջրերից արժեքավոր բաղադրիչների կորզման և հանքավայրի շրջանի գործող ջրառների վրա դրանց ցամաքուրդի հնարավոր ազդեցության գնահատականը.
7) մանրամասն հետախուզման արդյունքներով տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ նախանշված հանքավայրի առաջնահերթ մշակման ենթակա տեղամասերը և հորիզոնները հետախուզված են տվյալ խմբի համար առավել բարձր կարգերով.
8) հիմնական օգտակար հանածոների հետ համատեղադրված այլ օգտակար հանածոների պաշարներն ուսումնասիրված ու գնահատված են դրանց որակի, քանակի և օգտագործման հնարավոր ուղղությունների որոշման համար բավարար աստիճանով: Սպառողի առկայության դեպքում այդ պաշարները մանրամասն հետախուզվել ու գնահատվել են օգտակար հանածոների համապատասխան տեսակների համար նախատեսված պահանջների համաձայն.
9) ուսումնասիրված է միներալային հումքի վերամշակման առաջարկվող սխեմայով ստացվող արտադրական լցակույտերի օգտագործման հնարավորությունը.
10) ներկայացված են առաջարկություններ ընդերքի պահպանության, շրջակա միջավայրի աղտոտման կանխման և (կամ) արտադրական լցակույտերի օգտահանման, ինչպես նաև խախտված հողերի վերականգնման միջոցառումների մշակման վերաբերյալ:
IX. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
45. Օգտակար հանածոյի համալիրի նախագծման ժամանակ հաշվի են առնվում սույն դասակարգման 44-րդ կետի համաձայն հաստատված հաշվեկշռային պաշարները:
46. Օգտակար հանածոյի համալիրի շինարարության և վերակառուցման նախագծման ժամանակ պետք է`
1) հաշվի առնվեն ինչպես բոլոր կարգերի հաշվեկշռային, այնպես էլ արտահաշվեկշռային պաշարները և P1 կարգի կանխատեսումային պաշարները, ինչպես նաև մշակման սահմանային խորությունը և մակերեսները, բացման եղանակը և բացող փորվածքների տեղերը, բացհանքի հնարավոր վերջնական եզրագծերը, լեռնային ապարների ու երկրի մակերևույթի տեղաշարժը և փլուզման գոտիները, շենքերի, կառույցների, մոտեցման ուղիների կառուցապատման և դատարկ ապարների ու արտադրական լցակույտերի տեղադրման մակերեսները.
2) նախատեսվեն հիմնական օգտակար հանածոների հետ համատեղադրված ուղեկից օգտակար հանածոների արդյունահանման, օգտագործման կամ դրանց ժամանակավոր առանձին պահեստավորման աշխատանքներ, դիտարկվեն հաշվեկշռային պաշարների հետ մեկտեղ հանքավայրի (տեղամասի) հաստատված արտահաշվեկշռային պաշարների արդյունահանման և վերամշակման հնարավորությունն ու նպատակահարմարությունը կամ նախատեսվեն արտահաշվեկշռային պաշարների պահպանման միջոցառումներ` ապագայում դրանք օգտագործելու համար.
3) նախատեսվեն օգտակար հանածոների մարմինների երկրաբանական ուսումնասիրությունը` բացող, նախապատրաստական, կտրման փորվածքների և մաքրման աշխատանքների կատարման ժամանակ, երկրաբանական և մարկշեյդերական համապատասխան փաստագրում` պաշարների բացման, նախապատրաստման և ավելի բարձր կարգերի դրանց վերագրման նպատակով:
47. Շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) հանքային հումքի կոնդիցիաները և պաշարները ենթակա են վերահաստատման ոչ ուշ, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:
48. Կոնդիցիաների պարամետրերը և պինդ օգտակար հանածոների պաշարները ենթակա են վերահաստատման, եթե`
1) շահագործական հետախուզության ընթացքում բացահայտվել են նոր հանքատեսակներ կամ տիպեր, ինչպես նաև հիմնական և ուղեկից օգտակար հանածոների օգտագործման նոր ուղղություններ.
2) փոփոխվել են հանքային հումքի որակին ներկայացվող ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջները.
3) պաշարների հավելաճը գործակալության` նախկինում հաստատված պաշարների համեմատությամբ կազմել է 50 և ավելի տոկոս.
4) դուրս է գրվել հանքավայրի լրահետախուզման արդյունքներով չարդարացված կամ արդյունաբերական նշանակությունը կորցրած` հաստատված հաշվեկշռային պաշարների ավելի քան 30 տոկոսը.
5) փոփոխվել են հանքավայրի բնական պայմանների մասին պատկերացումները, բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պահանջները, սոցիալ-տնտեսական իրադրությունը, շուկայի պահանջարկը, հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիաները և այլ օբյեկտիվ պայմաններ հանգեցնելով շահույթի 20 և ավելի տոկոսով աճի (նվազման):
49. Շահագործվող հանքավայրերում պաշարների շարժի հաշվառումն իրականացնում է ընդերքօգտագործողը և այդ հաշվառման տվյալները յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում են լիազոր մարմին:
50. Շահագործվող հանքավայրերում պետք է իրականացվեն լրահետախուզում և շահագործական հետախուզում:
51. Լրահետախուզումը հանքավայրի անբավարար ուսումնասիրված մասերում (թևերում, խոր հորիզոններում, տարանջատ տեղամասերում) պետք է իրականացվի հաջորդականորեն` օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների զարգացման և պաշարների մշակման նախապատրաստման պլանների հետ փոխկապակցված:
52. Կատարված աշխատանքների արդյունքներով իրականացվում է ցածր կարգերի պաշարների ավելի բարձր կարգերի վերագրում և նոր բացահայտված պաշարների գնահատում:
53. Շահագործական հետախուզումն իրականացվում է լեռնանախապատրաստական ու կտրման փորվածքների աշխատանքների կատարմանը զուգընթաց, նախքան մաքրման աշխատանքների կատարումը, և պետք է ճշգրտի մանրամասն հետախուզման ժամանակ օգտակար հանածոյի մարմինների ձևաբանության, ներքին կառուցվածքի, տեղադրման պայմանների ու հանածո հումքի որակի մասին ստացված տվյալները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |