Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.03/17(957) Հոդ.279
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.12.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում 

Գործ թիվ ԵԿԴ/0112/11/12

ԵԿԴ/0112/11/12

 

Նախագահող դատավոր՝   Գ. Ավետիսյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

 

 Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ
դիմողի ներկայացուցիչ

Ա. Գրիգորյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 5-ին

Երևան քաղաքում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի օգոստոսի 22-ի որոշման դեմ դիմող Գևորգ Մեսրոպի Ճղլյանի ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2012 թվականի հուլիսի 19-ին Գևորգ Ճղլյանի ներկայացուցիչ Ա.Գրիգորյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Նազարյանի 2012 թվականի մայիսի 22-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի բողոքը մերժվել է:

2. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել դիմող Գ.Ճղլյանի ներկայացուցիչ Ա.Գրիգորյանը, որը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

3. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Գ.Ճղլյանի ներկայացուցիչ Ա.Գրիգորյանը:

Վճռաբեկ դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

4. Դատական նիստի արձանագրման համառոտագրումից և լազերային սկավառակի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի օգոստոսի 3-ին հրապարակել է որոշման եզրափակիչ մասը (տե՛ս նյութեր, թերթ 20-23):

5. Նյութերում առկա ուղեկցական գրության պատճենից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 3-ի որոշումը դիմող Գ.Ճղլյանին հանձնվել է 2012 թվականի օգոստոսի 6-ին (տե՛ս նյութեր, թերթ 28):

6. Դիմող Գ.Ճղլյանի ներկայացուցիչ Ա.Գրիգորյանն Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 3-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել փոստի միջոցով: Վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա է փոստային ծառայության դրոշմակնիքը, որի համաձայն` ծրարը փոստային ծառայությունում մուտք է եղել 2012 թվականի օգոստոսի 16-ին (տե՛ս նյութեր, թերթ 39):

7. Վերաքննիչ դատարանն Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Բողոքարկվող որոշումը (…) գործն ըստ էության չլուծող դատական ակտ է, որի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 3-ի վերոհիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի վերջին օրը 2012 թվականի օգոստոսի 14-ն էր, սակայն բողոքն ուղարկվել է 2012 թվականի օգոստոսի 16-ին, հետևաբար բողոքը ժամկետանց է (…)» (տե՛ս նյութեր, թերթ 40-41):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ինչի արդյունքում խախտվել է դիմող Գ.Ճղլյանի արդար դատաքննության իրավունքը:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը նշել է, որ 2012 թվականի օգոստոսի 3-ին Առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվել է դատական ակտի միայն եզրափակիչ մասը, իսկ որոշման ամբողջական տեքստը դիմողին է հանձնվել 2012 թվականի օգոստոսի 6-ին, հետևաբար Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման ժամկետի ընթացքը պետք է հաշվվեր այդ օրվանից սկսած:

Ըստ բողոքաբերի` այս պայմաններում հիմնազուրկ է նաև Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, թե դիմողը չի օգտվել բողոքարկման ժամկետը վերականգնելու ընթացակարգից:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 22-ի որոշումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի համատեքստում անձին դատական պաշտպանության արդյունավետ միջոց տրամադրելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. դիմող Գ.Ճղլյանի ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողնելով առանց քննության` Վերաքննիչ դատարանը սահմանափակե՞լ է արդյոք Գ.Ճղլյանի դատական պաշտպանության իրավունքը:

12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Վերաքննիչ բողոք բերվում [է] առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատություններում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: (…)»:

 ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2000 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 36 որոշմամբ պարզաբանվել է, որ բողոքարկման բաց թողած ժամկետների վերականգնման վերաբերյալ դիմումները քննության առնելիս պետք է մանրամասն հետազոտվեն ժամկետների բաց թողնման պատճառները: Եվ բոլոր այդ դեպքերում, երբ ժամկետը բաց է թողնվել բողոք բերողի կամքից անկախ պատճառներով (հիվանդություն, անհաղթահարելի ուժ, դատական ակտերի կայացման մասին անտեղյակ լինելը ոչ իր մեղքով և այլն), ժամկետի բացթողումը պետք է ճանաչել հարգելի:

Դատարանների նախագահների խորհուրդը պարզաբանել է նաև, որ որպես կանոն բողոքարկման բաց թողնված ժամկետը պետք է դիտվի հարգելի և վերականգնվի նաև այն դեպքում, երբ ժամկետը բաց է թողնվել դատարանի կողմից դատական ակտի պատճենը օրենքով նախատեսված ժամկետից ավելի ուշ հանձնելու պատճառով:

Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Տ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) ՀՀ քրեադատավարական օրենքն առաջին ատյանի դատարանի` անձին ազատությունից զրկելու մասին (կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման, անձին բժշկական հաստատությունում տեղավորելու մասին) գործն ըստ էության չլուծող որոշումների բողոքարկման համար սահմանում է հնգօրյա, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս դատական ակտերի համար` տասնօրյա ժամկետ` բողոքարկման ժամկետի սկիզբ համարելով դատական ակտի հրապարակման պահը: Նման կարճ ժամկետների սահմանումը պայմանավորված է անձի իրավունքների և ազատությունների անօրինական կամ անհամաչափ սահմանափակումները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելու օրենսդրի կամքով: Մյուս կողմից, սակայն, բողոքարկման ժամկետների սկիզբը դատական ակտի հրապարակման պահից համարելու պայմաններում նման կարճ ժամկետները կարող են խոչընդոտել շահագրգիռ անձի` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացմանը:

Անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման, մասնավորապես` իր շահերին առնչվող դատական ակտի դեմ հիմնավոր բողոք բերելու համար անհրաժեշտ է, որ անձն իր ձեռքի տակ ունենա վիճարկվող դատական ակտը: Մինչդեռ, դատական ակտը հրապարակելուց հետո մինչև շահագրգիռ անձի կողմից այն փաստացի ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, ինչը կարող է անձի կամքից անկախ հանգամանքներում հանգեցնել սահմանված ժամկետից ուշ կամ ակնհայտ անհիմն, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող բողոքի ներկայացմանը:

Հետևաբար, (…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առկա՝ «հրապարակման պահից» բառակապակցությունը պետք է մեկնաբանվի որպես դատական ակտն ստանալու պահը, և ժամկետների հաշվարկման ելակետ պետք է համարել որոշումը շահագրգիռ անձին հանձնելու պահը:

(…) առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի հաշվարկն սկսվում է դատական ակտը շահագրգիռ անձին հանձնելու և ոչ թե այն դատական նիստերի դահլիճում հրապարակելու պահից» (տե՛ս Տիգրան Վարազդատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 23-24-րդ կետերը):

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից 2012 թվականի օգոստոսի 3-ին հրապարակվել է որոշման միայն եզրափակիչ մասը (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը), իսկ ամբողջական որոշումը դիմող Գ.Ճղլյանին է հանձնվել 2012 թվականի օգոստոսի 6-ին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Դիմող Գ.Ճղլյանի ներկայացուցիչ Ա.Գրիգորյանը հիշատակված որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել 2012 թվականի օգոստոսի 16-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման հրապարակման պահից հաշվելով դատական ակտի բողոքարկման ժամկետի ընթացքը, որպես վերաքննիչ բողոք բերելու վերջին օր է դիտել 2012 թվականի օգոստոսի 14-ը և Ա.Գրիգորյանի բողոքը թողել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

14. Սույն որոշման 13-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 12-րդ կետում և համապատասխանաբար նաև Տ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը Գ.Ճղլյանի կողմից այն փաստացի ստանալու պահից` 2012 թվականի օգոստոսի 6-ից, հաշվելու պարագայում ստացվում է, որ Գ.Ճղլյանի ներկայացուցչի 2012 թվականի օգոստոսի 16-ի վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված տասնօրյա ժամկետի պահպանմամբ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Գ.Ճղլյանի ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողնելով առանց քննության` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Գ.Ճղլյանի դատական պաշտպանության իրավունքը՝ թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածների խախտում: Նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր` քննության ուղարկելու համար:

Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա՝ սույն գործով Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Գևորգ Մեսրոպի Ճղլյանի ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

 

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան