Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.03/17(957) Հոդ.274
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.12.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԱՔԴ/0138/06/12

Գործ թիվ ԵԱՔԴ/0138/06/12

 
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

   

Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ պաշտպան

Ս. ՍԱՖԱՐՅԱՆԻ

 

2012 թվականի դեկտեմբերի 5-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման դեմ մեղադրյալ Դավիթ Գրիգորի Ալիխանյանի պաշտպան Ս.Սաֆարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2012 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 90153012 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2012 թվականի օգոստոսի 14-ին Դավիթ Ալիխանյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի 2012 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ Դ.Ալիխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2012 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ Դ.Ալիխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

2. 2012 թվականի սեպտեմբերի 5-ին մեղադրյալ Դ.Ալիխանյանի պաշտպան Ս.Սաֆարյանը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով Դ.Ալիխանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով` գրավի չափ սահմանելով 600.000 ՀՀ դրամը:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ պաշտպանի միջնորդությունը մերժվել է:

3. Պաշտպան Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 19-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Դ.Ալիխանյանի պաշտպան Ս.Սաֆարյանը:

Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Դ.Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ թիվ 29500 զորամասի պարեկային ծառայության պարեկ, կոչումով ենթասպա, 2012թ. օգոստոսի 3-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի ՌՈ բաժնի կողմից իրականացվող միջոցառման /Շրջայց/ ժամանակ` իր իշխանական դիրքը և գերակայությունը ցուցադրելու անձնական շահագրգռվածությունից դրդված, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, ՀՀ ՊՆ թիվ 13516 զորամասի բուժկետի մոտակայքում ծեծի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Պարույրի Հայրապետյանին, որով ֆիզիկական ցավ է պատճառել նրան, խաթարվել է զինվորական ծառայության բնականոն ընթացքը, զինվորական ծառայության կրման կարգը ու զորամասի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, ոտնահարվել է ռազմական ոստիկանի բարի համբավը` պատճառելով էական վնաս» (տե՛ս նյութեր, թերթ 53-54):

6. Մեղադրյալ Դ.Ալիխանյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասին իր որոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Մինչդատական վարույթի նյութերով մեղադրյալի առնչությունը դեպքին հիմնավորված է, այսինքն` առկա է հիմնավոր կասկած, որ Դավիթ Ալիխանյանն առնչվում է մեղսագրվող արարքին (…):

Միջնորդությունը մերժելիս դատարանը հաշվի է առնում նաև այն, որ ազատության մեջ մնալով` մեղադրյալը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել» (տե՛ս նյութեր, թերթ 67-68):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է. «Առաջին ատյանի դատարանը, մերժելով պաշտպան Ս.Սաֆարյանի միջնորդությունը` մեղադրյալ Դ.Ալիխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ, ապահովել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը` քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելը, քանի որ սահմանված մյուս խափանման միջոցներով տվյալ դեպքում հնարավոր չէ ապահովել օրենսդրության նշված պահանջը» (տե՛ս նյութեր, թերթ 95-103):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Դ.Ալիխանյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչելով անթույլատրելի, թույլ են տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջների խախտում:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը շեշտել է, որ Առաջին ատյանի դատարանը որպես գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու միակ փաստարկ վկայակոչել է այն, որ մեղադրյալը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, մինչդեռ նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ, որը հիմք կտար նման եզրահանգում անելու: Ավելին, մեղսագրվող հանցանքի կատարումից հետո Դ.Ալիխանյանն ազատվել է աշխատանքից և զրկված է զորամասի տարածք մուտք գործելու, տուժողի կամ վկաների վրա ներազդելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունից:

9. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` մեղադրյալ Դ.Ալիխանյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչելով թույլատրելի:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Դ.Ալիխանյանին գրավի կիրառմամբ կալանքից ազատելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն օրենքով սահմանված կարգով և (…) դեպքերում (…): Մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն`

«1. Գրավը (…) հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:

2. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից (…)»:

Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ա.Ճուղուրյանի և Ա.Ավետիսյանի գործերով կայացված որոշումներում:

12. Ա.Ճուղուրյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է: Այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը: ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

(…)

[ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի] բովանդակությունից հետևում է, որ կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ» (տե՛ս Արամ Սեյրանի Ճուղուրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը):

Ա.Ավետիսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքից գրավով ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն: Մեղադրյալի անձը հայտնի չլինելը, մշտական բնակության վայր չունենալը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձը կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը» (տե՛ս Ասլան Հովհաննեսի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 36-րդ կետը):

13. Զարգացնելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ իր եզրահանգումները դատարանը պետք է հիմնավորի գործի նյութերում առկա փաստական տվյալներով: Այլ խոսքով՝ անհրաժեշտ է կիրառել դատական ակտի պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ` կալանքը գրավով փոխարինելը մերժելու մասին դատարանի հետևությունները հիմնավորել գործի փաստական տվյալներով և ոչ թե բավարարվել ՀՀ քրեադատավարական օրենքով նախատեսված հիմքերի պարզ շարադրանքով:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Դ.Ալիխանյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասին իր որոշումը պատճառաբանել է երկու հանգամանքով. առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Դ.Ալիխանյանը կատարել է իրեն վերագրվող հանցանքը և մնալով ազատության մեջ` մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ Առաջին ատյանի դատարանն ապահովել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

15. Սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 14-րդ կետում մեջբերված՝ սույն գործով ստորադաս դատարանների եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը որևէ փաստական տվյալով չի հիմնավորել իր եզրահանգումն այն մասին, որ ազատության մեջ մնալով` մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի վերոշարադրյալ եզրահանգումը հիմնավորող փաստական տվյալներ գործի նյութերում չկան, դրա փոխարեն առկա են տվյալներ այն մասին, որ Դ.Ալիխանյանն իրեն վերագրվող արարքը կատարելուց հետո ազատվել է աշխատանքից ռազմական ոստիկանությունում, ինչն էականորեն նվազեցնում է նրա կողմից գործին մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու և ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու հավանականությունը:

16. Անդրադառնալով մեղադրյալ Դ.Ալիխանյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգմանն առ այն, որ առկա է հիմնավոր կասկած, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող հանցանքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Գևորգյանի գործով որոշման համաձայն՝ «(…) Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը, որի առկայությունը հավաստելուց հետո միայն հնարավոր է անդրադառնալ կալանավորման հիմքերին: Ավելին, եթե առկա չէ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված՝ կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է (…)» (տե՛ս Վահրամ Ռուդիկի Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-րդ կետը): Վ.Գևորգյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը համադրելով սույն որոշման 12-րդ կետում մեջբերված՝ Ա.Ավետիսյանի գործով որոշման մեջ առկա այն դիրքորոշման հետ, որ «(…) գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, (…)»՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել կալանավորման պայմանի, այն է՝ հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում: Այլ խոսքով՝ եթե առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ անձը հանցանք է կատարել, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել, հետևաբար՝ չի կարող քննարկման առարկա դառնալ նաև գրավի՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի կիրառման թույլատրելիության հարցը: Հետևաբար, հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածը չի կարող հիմք հանդիսանալ անձին կալանքից գրավով ազատ արձակելն անթույլատրելի ճանաչելու համար:

17. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Դ.Ալիխանյանին գրավի կիրառմամբ կալանքից ազատելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն: Առաջին ատյանի դատարանը չպատճառաբանված որոշում է կայացրել մեղադրյալ Դ.Ալիխանյանին կալանքից գրավով ազատելու անթույլատրելիության վերաբերյալ, իսկ Վերաքննիչ դատարանը, իր հերթին, անհիմն եզրահանգման է եկել Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ:

Արդյունքում ստորադաս դատարանները սույն գործով թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների էական խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների իմաստով՝ հիմք է Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Դավիթ Գրիգորի Ալիխանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան
 

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան