Գլխավոր տեղեկություն
Համար
N 623-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.25/22(962) Հոդ.10
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
19.03.2013
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

19 մարտի 2013 թ.

N 623-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 36-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2013 թվականի մարտի 19-ի

N 623-Ն որոշման

 

 

«Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2009 թ. նոյեմբերի 18-ի N 36-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոններով սահմանվում են Երևան քաղաքի (այսուհետ՝ Երևան) կանաչ տարածքների պահպանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները։

2. Կանաչ տարածքներ են համարվում Երևանի ընդհանուր օգտագործման այն տարածքները, որոնք ունեն կանաչ տնկարկներ (բնական աճող կամ արհեստականորեն տնկված ծառերի, թփերի ու խոտաբույսերի ամբողջություն) կամ բուսածածկ հատվածներ (զբոսայգիները, պուրակները, զբոսապուրակները, այգիները, պարտեզները, ծառուղիները, ճեմելիքները կամ բուլվարները, սիզամարգերը, մայթեզրերի բուսածածկ տարածքները, ինչպես նաև կանաչապատ կամ բուսածածկ այլ տարածքները)։

3. Կանաչ տարածքներում կանաչ տնկարկների և բուսածածկի պահպանումն ու վերարտադրությունը ներառում է դրանց հաշվառումը, պահպանումը, գնահատումը, խնամքը, տեղափոխումը և վերականգնումը նոր համարժեք կանաչ տարածքների կամ բուսածածկի ստեղծման միջոցով։

4. Կանաչ տարածքների ստեղծումը, ավելացումը և պահպանումը կատարվում է Երևան քաղաքի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ կամ հատուկ ծրագրերին համապատասխան:

5. Կանաչ տարածքների թույլատրված օգտագործումն իրականացվում է իրավական ակտերով և (կամ) պայմանագրով սահմանված կարգով՝ դրանց նպատակային և գործառնական նշանակության (ներառյալ իրավունքները և սահմանափակումները) պահպանմամբ:

 

2. Սույն կանոնների նկատմամբ հսկողություն իրականացնող լիազորված մարմինը

 

6. Սույն կանոնների նկատմամբ հսկողությունը և դրանց կատարման ապահովումը իրականացնող լիազորված մարմինը կամ պաշտոնատար անձը (անձինք) սահմանվում են Երևանի քաղաքապետի կողմից (այուհետ` լիազորված մարմին):

7. Լիազոր մարմնի կողմից կանաչ տարածքների հաշվառումը նպատակ ունի ապահովելու անհրաժեշտ տեղակատվության ստեղծումը և ապահովելու կանաչ տարածքների կառավարման արդյունավետությունը, այդ թվում՝ դրանց քանակի համապատասխանեցումը քաղաքաշինական և սանիտարական նորմերին: Ընդ որում՝ կանաչ տարածքների հաշվառումը կատարվում է ըստ դրանց տեսակների կամ խմբերի:

 

3. Կանաչ տարածքների պահպանման հիմնական սկզբունքները

 

8. Երևանի կանաչ տարածքների ամբողջ համակարգը ենթակա է պարտադիր պահպանման, բացառությամբ` պետական անտառային գոտիների, որոնց պահպանումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության՝ համապատասխան մարմինների կողմից։

9. Կանաչ տարածքներում քաղաքաշինական, ձեռնարկատիրական կամ այլ գործունեությունը պետք է համապատասխանի իրավական ակտերով և (կամ) պայմանագրերով սահմանված պահպանման պահանջներին:

10. Կանաչ տարածքների օգտագործումն արգելվում է, եթե այն չի ապահովում կանաչ տարածքների բնականոն կենսագործունեությունը։

11. Կանաչ տարածքների պահպանությունը ներառում է իրավական, կազմակերպչական և տնտեսական միջոցառումների համակարգեր, որոնք ուղղված են կանաչ տարածքների ստեղծմանը, պահպանությանը և վերարտադրությանը: Կանաչ տարածքների պահպանությունը ներառում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են կանաչ տարածքները վնասատուներից և հիվանդություններից պաշտպանելուն:

 

4. Ծառերի, թփերի հատումը և (կամ) բուսաշերտի տեղահանումը

 

12. Ծառերի, թփերի հատումը և (կամ) բուսաշերտի տեղահանումը թույլատրվում է հետևյալ դեպքերում`

1) Երևանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ կամ հատուկ ծրագրերին համապատասխան մշակված, քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծի իրականացման և օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության առկայության.

2) Երևանի գլխավոր դենդրոլոգի հետ համաձայնեցնելուց հետո սանիտարական հատումների իրականացման և կանաչ գոտու վերաձևավորման և փոփոխության ենթարկման.

3) սանիտարական և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինների եզրակացության հիման վրա՝ բնակելի և ոչ բնակելի նորմատիվային լուսավորության ռեժիմի վերականգնման.

4) վթարային արտակարգ իրավիճակների վերացման, այդ թվում` կապիտալ շինությունների և ստորգետնյա կոմունիկացիաների վերանորոգման (հետագա վերականգնման պայմանով).

5) չորացած կամ տապալման ենթակա ծառերի և թփերի հեռացման:

13. Ծառերի ու թփերի հատումը, ինչպես նաև բուսաշերտի տեղահանումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության առկայության դեպքում։

 

5. Փոխհատուցվող կանաչապատում

 

14. Փոխհատուցվող կանաչապատումը պարտադիր գործողություն է վնասված կամ ոչնչացված կանաչ տարածքների վերարտադրման ու վերականգման գործընթացում։

15. Կանաչ տարածքների ոչնչացման դեպքում փոխհատուցվող կանաչապատումը կատարվում է նույն հողատարածքում կամ լիազորված մարմնի կողմից առաջարկված մեկ այլ տարածքում հաստատված կանաչապատման նախագծի համաձայն՝ որում ամրագրվում են վերականգնվող կանաչ տարածքների և բուսածածկի ծավալներն ու տեսականին:

16. Փոխհատուցվող և վերականգնվող կանաչապատման նախագծերը կազմվում և Երևանի քաղաքապետի հաստատմանն են ներկայացվում լիազոր մարմնի կողմից, որոնք պարտադիր նշագրում է Երևանի գլխավոր դենդրոլոգը։

 17. Փոխհատուցվող կանաչապատումն իրականացվում է կանաչ գոտուն վնաս հասցրած անձի կողմից և նրա միջոցների հաշվին։

 

6. Կանաչ տարածքների օգտագործման պայմանները

 

18. Կանաչ տարածքներում արգելվում է՝

1) կանաչ տնկարկների կամ բուսածածկ տարածքների վնասումը կամ ոչնչացումը.

2) տերևների, չոր խոտի այրումը և այլ հրդեհավտանգ իրավիճակ ստեղծող գործողությունների իրականացումը.

3) ավտոտրանսպորտային և այլ տեխնիկայի երթևեկությունը և կանգառը.

4) տարբեր բեռների և շինությունների պահեստավորումը, ինչպես նաև թափոնների կուտակումը.

5) ավտոտրանսպորտային միջոցների լվացումը, նորոգումը, հեղուկների և այլ վնասակար նյութերի թափումը.

6) շրջակա միջավայրի աղտոտումը.

7) կանաչ տարածքներին վնաս հասցնող իրավական ակտերով արգելված այլ գործողությունների կատարումը.

8) այնպիսի աղմուկ առաջացնելը, որը կարող է խաթարել այլոց հանգիստը:

19. Կանաչ տարածքների վարձակալները և անհատույց օգտագործողները ստանձնում են դրանց պահպանությունն ու խնամքը, ինչն ամրագրվում է համապատասխան իրավական ակտով և պայմանագրով։

 

7. Կանաչ տարածքների հատուկ նպատակներով օգտագործում

 

20. Սույն կանոնների 1-ին գլխով նախատեսված նպատակին չհամապատասխանող յուրաքանչյուր օգտագործում համարվում է հատուկ նպատակներով օգտագործում։

21. Հատուկ նպատակներով օգտագործումը կարող է իրականացնել միայն լիազորված մարմնի թույլտվությամբ։

22. Լիազորված մարմինը կարող է հատուկ նպատակներով օգտագործման թույլտվություն տալ, երբ դա բխում է հանրային շահերից։

23. Հատուկ նպատակներով օգտագործման թույլտվությունը տրվում է որոշակի ժամկետով և կարող է պարունակել վերապահումներ։

24. Հատուկ օգտագործման թույտվություն ստացողը պարտավոր է լիազոր մարմնի պահանջով իր հաշվին վերացնել հատուկ օգտագործման արդյունքում կանաչ տարածքում առաջացած վնասները։

 

8. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ընթացքում կանաչ տարածքների պահպանումը

 

25. Կանաչ տարածքներում ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է կանաչ տարածքների պահպանման պահանջներին համապատասխան։

26. Կանաչ տարածքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացվում է միայն լիազորված մարմնի կողմից տրված թույլտվությունից հետո։

27. Կանաչ տարածքներում ձեռնարկատիրական գործունեության ընթացքում արգելվում է պայթյունավտանգ, հրդեհավտանգ և թունավոր նյութերի օգտագործում, տարածքի աղտոտում և այլ գործողություններ, որոնք կարող են հանգեցնել կանաչ տարածքների վնասմանը և (կամ) ոչնչացմանը։

 

9. Վնասների հատուցում

 

28. Կանաչ տարածքներին հասցված վնասը ենթակա է հատուցման՝ բացառությամբ սույն կարգի 4-րդ գլխով նախատեսված դեպքերի:

29. Վնասի հատուցման չափը որոշվում է՝ ելնելով կանաչ տարածքի փոխհատուցվող արժեքից։

30. Բոլոր տեսակի վնասակար գործողություններից հասցված վնասի գնահատումը կատարվում է՝

1) կանաչ տարածքի անօրինական վնասման կամ ոչնչացման դեպքում.

2) ծառերի և թփերի օրինական (թույլատրված) հատման և հողաբուսաշերտերի պինդ ծածկույթով փոխարինման դեպքում։

31. Փոխհատուցումը կատարվում է գումարային կամ կանաչ տարածքը վերականգնելու ձևով:

32. Վնասի փոխհատուցումը կանաչ տարածքը վերականգնելու ձևով իրականացվում է վնաս հասցրած սուբյեկտի և լիազոր մարմնի միջև կանաչապատման աշխատանքների իրականացման վերաբերյալ պայմանագրի կնքման հիման վրա՝ սույն կանոնների 5-րդ գլխով սահմանված կարգով։

33. Վնասը համարվում է ամբողջությամբ հատուցված՝ լիազորված մարմնի կողմից կատարված աշխատանքների ընդունումից կամ գումարը Երևանի բյուջե մուտքագրվելուց հետո։

 

9. Չհատուցվող վնաս

 

34. Կանաչ տարածքներին հասցված վնասը ենթակա չէ հատուցման հետևյալ դեպքերում՝

1) սանիտարական հատումների և կանաչ տնկարկների վերաձևավորման.

2) սանիտարական և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինների եզրակացությամբ՝ բնակելի և ոչ բնակելի տարածքների նորմատիվային լուսավորության ռեժիմի վերականգնման.

3) բնական աղետների (փոթորիկ, երկրաշարժ և այլն) հետևանքներով առաջացած ավերածությունների:

35. Կանաչ տարածքներին հասցված վնասը ենթակա չէ հատուցման նաև սույն կանոնների 4-րդ գլխով սահմանված դեպքերում:

 

10. Պատասխանատվությունը սույն կանոնների խախտման համար

 

36. Սույն կանոնների խախտումն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան