Գլխավոր տեղեկություն
Համար
N 115-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2013-10.08.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.27/11(951) Հոդ.121
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2013 թվականի N 115-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 19

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 7-ի N 115-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) բժշկական հաստատության (այսուհետ` բժշկական հաստատություն) գործունեության և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

2. Բժշկական հաստատությունում ծառայությունը կարգավորվում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

3. Բժշկական հաստատության, այդ թվում` իր կազմում գործող հիմնարկների կառուցվածքն ու հաստիքացուցակը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

4. Բժշկական հաստատության և դրա կազմում գործող հիմնարկների`

1) փրկարարական ծառայողների պաշտոնի նշանակման, պաշտոնից ազատման և ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

2) քաղաքացիական անձնակազմի պաշտոնի նշանակման, պաշտոնից ազատման և աշխատանքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

5. Բժշկական հաստատության գործունեության հիմնական ուղղություններն են`

1) լիազոր մարմնի բժշկական հաստատության բուժսպասարկման ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող մարմինների (ծառայողների) ամբուլատոր-պոլիկլինիկական և ստացիոնար բուժապահովումը.

2) փրկարարական ծառայողների ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունների, այդ թվում` նաև բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացումը.

3) փրկարարական ծառայության ընդունվողների ու փրկարարական ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունը և, փրկարարական ծառայողների առողջական վիճակին ներկայացվող պահանջներից ելնելով, նրանց ծառայողական պիտանիության որոշումը.

4) փրկարարական ծառայողների, լիազոր մարմնի այլ աշխատողների ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրումը.

5) լիազոր մարմնի ստորաբաժանումներում Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջների իրականացման ներքին (գերատեսչական) հսկողությունը, հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.

6) այլ բժշկական հիմնարկների հետ մշտական կապի և համագործակցության ապահովումը, առանձին դեպքերում հետազոտության ու բուժման նպատակով փրկարարական ծառայողներին նշված հիմնարկներ ուղեգրման ներկայացնելը.

7) փրկարարական ծառայողների հիվանդացության ցուցանիշների, ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունների արդյունքների ընդհանրացումը.

8) քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցումը:

6. Բժշկական հաստատությունում, լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով և պայմաններով, անվճար բժշկական օգնության ու սպասարկման իրավունքից օգտվում են`

1) փրկարարական ծառայողները, այդ թվում` կադրերի ռեզերվում գտնվողները.

2) լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում ուսանողները.

3) փրկարարական ծառայության ընդունվելու կապակցությամբ սահմանված կարգով եռամսյա փորձաշրջան կամ վերապատրաստում անցնողները.

4) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ` սահմանված կարգով փրկարարական ծառայությունից արձակված անձինք.

5) լիազոր մարմնի համակարգի քաղաքացիական ծառայողները և այլ քաղաքացիական անձնակազմը` անկախ զբաղեցրած պաշտոնից.

6) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց ընտանիքների անդամներից`

ա. 18 տարին չլրացած երեխաները, անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան` առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակները, ինչպես նաև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.

բ. ծնողները, ամուսինը.

գ. սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան` առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող քույրը և եղբայրը, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

7) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած), ինչպես նաև կերակրողին կորցնելու կապակցությամբ նպաստ ստացող ծառայողների ընտանիքների անդամները:

7. Բժշկական հաստատության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են`

1) լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով կատարված հատկացումների հաշվին.

2) բժշկական հաստատության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցների հաշվին.

3) ապահովագրական ընկերություններից ստացված միջոցների հաշվին.

4) օրենքով չարգելված միջոցների հաշվին:

8. Բժշկական հաստատության ծառայությունից կարող են օգտվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քրեակատարողական ծառայության և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.08.2024, N 1236-Ն 10.08.2024, N 115-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան