ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2013 թվականի N 363-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման N 1 հավելվածի 69-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 104-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) 2015 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակում հաստատել հուշարձանների պետական կադաստրի ներդրումն ապահովող` տվյալների շտեմարանի կառուցվածքը, հուշարձանների դասակարգիչները (ըստ նպատակային ու գործառնական նշանակության, ստեղծման (կառուցման) ժամանակաշրջանի, տեխնիկական վիճակի) և դիտանցման չափորոշիչները:».
2) որոշման հավելվածի՝
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հուշարձանների պետական կադաստրը տեղեկությունների համակարգ է, որը պարունակում է սույն կարգի 13-րդ կետով սահմանված` հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերում ներառված տեղեկությունները:»,
բ. 6-րդ կետի 2-րդ ենթակետում «փոխկապակցումն ու փոխհամաձայնեցումը» բառերը փոխարինել «հետ համատեղելի ծրագրային ու տեխնիկական ապահովման միջոցների օգտագործումը» բառերով,
գ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով.
«4) տվյալների շտեմարանի գրաֆիկական ու տեքստային մասերի պահպանումը տվյալների միասնական համակարգում.
5) տեղեկատվական համակարգի բաց լինելը՝ դրանից օգտվողների համար (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի).
6) հուշարձանների մոնիթորինգի արդյունքում տվյալների շտեմարանի տվյալների թարմացումը և փոփոխությունների հաշվառումը (փոփոխությունների պատմության ստեղծում).
7) ֆունկցիոնալ և կառուցվածքային առումով ընդլայնման հնարավորություն ապահովող մոդուլային համակարգի կիրառումը.
8) այլ երկրատեղեկատվական համակարգերի հետ համատեղելի ծրագրային ու տեխնիկական ապահովման միջոցների օգտագործումը:»,
դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական կադաստրի վարումը ներառում է`
1) հուշարձանների մասին տվյալների և ցուցանիշների սկզբնական հավաքումը, հաշվառումն ու դասակարգումը.
2) սկզբնական հաշվառման նյութերի և ցուցանիշների մուտքագրումը հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում և հուշարձանների անձնագրերում.
3) հուշարձանների վերաբերյալ սկզբնական հաշվառման տվյալների և ցուցանիշների (տեքստային նյութեր, աղյուսակներ, քարտեզագրական և գրաֆիկական այլ նյութեր) էլեկտրոնային տարբերակների ձևավորումը՝ տեղեկությունների պահպանման և փոխանակման միասնական ցանցի և ծրագրային ապահովման շրջանակներում.
4) հուշարձանների ընթացիկ հաշվառումը, ինչը ներառում է հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում, հուշարձանների անձնագրերում և տվյալների շտեմարանում ներառված տեղեկությունների` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից սահմանված պարբերականությամբ թարմացումը` դրանց հավաստիությունը և արդիականությունն ապահովելու նպատակով.
5) հուշարձանների վերաբերյալ տեղեկությունների` սահմանված կարգով տրամադրումը:»,
ե. 10-րդ և 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հուշարձանների կադաստրի ծրագրային և տեխնիկական ապահովման, ինչպես նաև տվյալների փոխանակման համար անհրաժեշտ միջոցների կազմն ու տեխնիկական բնութագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը` համաձայնեցնելով բազային և թեմատիկ երկրատեղեկատվական համակարգեր և բազմաֆունկցիոնալ կադաստր վարող շահագրգիռ պետական մարմինների հետ:
11. Հուշարձանների կադաստրի համակարգի կադրերի վերապատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցված մեթոդական ծրագրերի և ուղեցույցների հիման վրա։»,
զ. 12-րդ կետը «առանձին» բառից հետո լրացնել «, իսկ հուշարձանային համալիրների դեպքում` ինչպես համալիրի, այնպես էլ դրա կազմում գտնվող յուրաքանչյուր միավորի համար:» բառերով,
է. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերով.
«11) պատմավավերագրական, հնագիտական ուսումնասիրությունները, գիտական հրապարակումները.
12) հուշարձանների լուսանկարները, հուշարձանների մասին տեսաֆիլմերը.
13) հուշարձանների օգտագործման նկատմամբ սահմանափակումների և սերվիտուտների վերաբերյալ սահմանված կարգով գրանցված տվյալները.
14) հուշարձանների պահպանական պարտավորագրերը:»,
ը. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերով.
«20. Հուշարձանների կադաստրի վարման ծրագրային ապահովումը պետք է բավարարի հետևյալ պայմանները`
1) համակարգի տեղադրման, կարգաբերման և շահագործման մատչելիությունը.
2) տարածական տեղեկատվության պահպանման, մշակման և արտապատկերման հնարավորությունները.
3) տարբեր ֆորմատների գրաֆիկական տվյալների մշակման և մի ֆորմատից մեկ այլ ֆորմատի փոխակերպման ֆունկցիոնալ հնարավորությունները.
4) թեմատիկ քարտեզների և գծագրերի ստեղծման, տպագրման և արտապատկերման հնարավորությունները.
5) տարածական տեղեկատվության կառավարման, խմբագրման, որոնման և արտապատկերման հնարավորությունները.
6) ինտերնետ/ինտերնետ միջավայրում աշխատելու հնարավորությունները.
7) Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կադրերի առկայությունը և կադրերի ուսուցման մատչելիությունը.
8) ֆունկցիոնալ հնարավորություն-գին հարաբերությունը:
21. Հուշարձանների կադաստրի վարման տեխնիկական ապահովման համար անհրաժեշտ միջոցներն են`
1) տվյալների շտեմարանի հիմնական և պահուստային սերվերները` ներառյալ տեղեկատվության պահպանման արտաքին սարքերը.
2) ինտերնետի հիմնական և պահուստային սերվերները.
3) տեղեկատվական կենտրոնի տեղային ցանցի սարքավորումները.
4) համակարգի անվտանգության ապահովման սարքավորումները.
5) աշխատանքային տեղերի համակարգիչները.
6) տարբեր ֆորմատի տպիչները, տեսաներածիչները:
22. Տվյալների փոխանակման համակարգը պետք է բավարարի հետևյալ պայմանները`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար տվյալների շտեմարանի հասանելիություն.
2) Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության ենթակառուցվածքի առկա հնարավորություններին համապատասխանություն.
3) տեղեկատվության հավաստիություն և ամբողջականություն.
4) տվյալների շտեմարանի անվտանգություն:»,
թ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակության նոր՝ IV գլխով.
«IV. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
23. Հուշարձանների պետական կադաստրի վերաբերյալ փաստաթղթերը պահվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության` հուշարձանների պետական կադաստր վարող կազմակերպությունում։
24. Հուշարձանների պետական կադաստրի տվյալների շտեմարանի էլեկտրոնային տարբերակի բոլոր փաստաթղթերի պահուստային տարբերակները (կրկնօրինակները) պահպանվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում:
25. Հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթն օգտագործողներ են`
1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիները.
2) օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձինք և քաղաքացիները` միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
26. Հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթը, բացի պետական գաղտնիք պարունակող տեղեկույթից, բաց է և տրամադրվում է ցանկացած շահագրգիռ անձի, որը տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում։
27. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթի տրամադրումն անվճար է, և այդ գործառույթի համար անհրաժեշտ միջոցները ներառվում են հուշարձանների պետական կադաստրի վարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող հատկացումներում:
28. Անշարժ գույքի և բազմաբնույթ կադաստր (քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլն) վարող պետական այլ մարմիններին հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթը տրամադրվում է էլեկտրոնային կապով` համապատասխան պետական մարմնի հետ համաձայնեցնելով տեղեկույթի բնույթն ու տրամադրման ժամկետները:
29. Բազմաբնույթ կադաստր չվարող պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթը տրամադրվում է թղթե կամ էլեկտրոնային կրիչներով կամ էլեկտրոնային կապով:
30. Սույն կարգի 29-րդ կետում նշված մարմինները կամ անձինք մանրամասն և ամբողջական տեղեկույթ ստանալու համար հուշարձանների պետական կադաստր վարող իրավասու կազմակերպությանը ներկայացնում են հայտ, որում նշվում են`
1) այն տեղեկույթը, որը ցանկանում են ստանալ (տեղեկույթի տեքստային և (կամ) գրաֆիկական մասը).
2) տեղեկույթի ձևը (թղթե կամ էլեկտրոնային կրիչով կամ ուղղակի մուտքով տվյալների բանկ)։
31. Տեղեկույթը տրամադրվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում հայտը ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում` համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:
32. Հուշարձանների պետական կադաստրի փաստաթղթերի բնօրինակների տրամադրումը, բացի օրենքով նախատեսված դեպքերից, չի թույլատրվում։ Օրենքով նախատեսված դեպքերում փաստաթղթի բնօրինակի տրամադրման ժամանակ այն պատճենահանվում և պահվում է հուշարձանների պետական կադաստր վարող կազմակերպությունում` մինչև բնօրինակը վերադարձնելը։ Բնօրինակը տրամադրելու ժամանակ դրա պատճենի վրա նշվում է, թե բնօրինակը ում, երբ, ինչ նպատակով է տրամադրվում և երբ է վերադարձվելու և այն ստորագրվում է բնօրինակը տրամադրող պաշտոնատար անձի կողմից, իսկ եթե գործընթացն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, ապա նշումները կատարվում են էլեկտրոնային կարգով:
33. Տեղեկույթը տրամադրվում է հուշարձանների պետական կադաստրի տվյալների շտեմարանի փաստաթղթերի պատճենների կամ դրանցից կատարված քաղվածքների տեսքով:
34. Տեղեկույթի տեքստային նյութերը հայտատուին տրամադրվում են բնօրինակի լեզվով:
35. Հուշարձանների պետական կադաստրի տեղեկատվական շտեմարանի՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանման և օգտագործման կարգը սահմանվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
36. Հուշարձանների պետական կադաստրի տեղեկատվական շտեմարանի փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, անփույթ պահպանելու, ինչպես նաև փաստաթղթերում պարունակվող պետական, ծառայողական և առևտրային գաղտնիքները կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները հրապարակելու դեպքում պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»։
2. Հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի կազմման և ներդրման կարգը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Տ. Սարգսյան 2013 թ. ապրիլի 16 Երևան
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ` հուշարձաններ) պետական կադաստրի կազմման ու ներդրման հետ կապված հարաբերությունները:
2. Հուշարձանների պետական կադաստրի կազմումը համակարգի ձևավորման և գործունեության ապահովման համար անհրաժեշտ նախապայմանների, ցուցանիշների և բաղադրիչների սահմանումն է:
3. Հուշարձանների պետական կադաստրը կազմվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջնաժամկետ և տարեկան ծրագրերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Հուշարձանների պետական կադաստրի կազմումը ներառում է`
1) հուշարձանների վերաբերյալ միասնական տվյալների (տարածական և հատկանիշային) շտեմարանի ստեղծումը, վերլուծությունը, դասակարգումը և վարումը.
2) տվյալների հավաքագրման, պահպանման և թարմացման անընդհատության ապահովումը.
3) հուշարձանների վերաբերյալ տեղեկատվության կառավարման և տրամադրման գործընթացների ավտոմատացումը:
5. Հուշարձանների պետական կադաստրի կազմման համար որպես ելակետային տվյալների և տեղեկատվության հիմք են հանդիսանում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի N 104-Ն որոշմամբ հասատատված կարգի 13-րդ կետով սահմանված` հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերը.
2) այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձանների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.
3) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը։
6. Հուշարձանների կադաստրի ներդրումը կադաստրի վարումն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների և դրանց փուլերի սահմանումն ու իրականացումն է:
7. Հուշարձանների կադաստրի ներդրման փուլերն են`
1) կադաստրի վարումն ապահովող նորմատիվ իրավական ակտերի, կազմակերպամեթոդական փաստաթղթերի, տեղեկատվության տրամադրման ստանդարտների, հուշարձանների դասակարգիչների մշակումը.
2) տվյալների շտեմարանների սկզբնական հաշվառման նյութերի հավաքագրումը, դասակարգումը և ընդգրկումը գրանցամատյաններում.
3) կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ծրագրային, տեխնիկական և տեխնոլոգիական ապահովման մշակումն ու ներդրումը.
4) սկզբնական հաշվառման նյութերի ներածումը կադաստրի վարման ավտոմատացված համակարգ, համակարգի գործարկում:
8. Հուշարձանների կադաստրի ներդրման հիմնական միջոցառումներն են՝
1) իրավական ակտերի մշակման ապահովումը.
2) տվյալների շտեմարանի ձևավորումը.
3) ծրագրային ապահովումը.
4) տեխնիկական ապահովումը.
5) տվյալների փոխանակման համակարգի գործարկումը.
6) կադրերի պատրաստումը (վերապատրաստումը):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |