Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.20/10(950) Հոդ.106
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2013 թվականի N 89-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից ստուգման ենթակա աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնության հաշվարկման և գնահատման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 7-ի N 89-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Սույն իրավական ակտով կարգավորվում են աուդիտ իրականացնող անձանց կողմից «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, աուդիտորական գործունեությանը վերաբերող նորմեր պարունակող այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած այլ իրավական ակտերի (այսուհետ` աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտեր) պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության (այսուհետ` տեսչություն) կողմից հսկողություն իրականացնելու նպատակով կազմակերպվող և անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի հետ կապված հարաբերությունները:

2. Ռիսկի վրա հիմնված ստուգման ենթակա աուդիտ իրականացնող անձանց ընտրությունն իրականացվում է աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար պատասխանատվության կիրառման անխուսափելիության, աուդիտ իրականացնող անձանց հավասարության և ստուգման ենթակա աուդիտ իրականացնող անձանց ընտրության արդարության սկզբունքների հիման վրա:

3. Աուդիտ իրականացնող անձանց ռիսկը նրանց գործունեության արդյունքում պետության և ֆիզիկական ու իրավաբանական անձանց գույքային շահերին վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:

4. Աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնությունը որոշող չափանիշներն են`

1) նախորդ տարվա արդյունքներով աուդիտի ենթարկված սուբյեկտների թիվը.

2) նախորդ տարվա արդյունքներով աուդիտորական ծառայությունների մատուցումից ստացված հասույթի տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ.

3) աուդիտորական կազմակերպության հիմնադիրների կազմում աուդիտորների թիվը.

4) նախորդ տարվա արդյունքներով մատուցված աուդիտի դիմաց վճարի միջին չափը` ըստ պայմանագրի (հազ. դրամ` առանց ավելացված արժեքի հարկի).

5) նախորդ տարվա ընթացքում աուդիտորական կազմակերպությունում հիմնական աշխատող հանդիսացող որակավորված աուդիտորների թիվը.

6) նախորդ տարվա ընթացքում աուդիտորական կազմակերպությունում համատեղությամբ աշխատող որակավորված աուդիտորների թիվը.

7) նախորդ տարվա արդյունքներով աուդիտորական կազմակերպության մեկ աուդիտորին բաժին ընկնող աուդիտների թիվը.

8) նախորդ տարվա արդյունքներով աուդիտորական կազմակերպության կողմից պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպություններում անցկացված աուդիտների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ.

9) նախորդ տարվա արդյունքներով աուդիտորական կազմակերպության կողմից ռիսկային համարվող ոլորտներում (շահումով խաղերի, վիճակախաղի կազմակերպիչներ, խաղատներ և շինարարություն) իրականացված աուդիտների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ.

10) աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների (բացառությամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների) խախտումների թիվը` նախորդ երեք տարիների արդյունքներով.

11) աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների (բացառությամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների) խախտումների պարբերականությունը` նախորդ երեք տարիների արդյունքներով.

12) աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների (բացառությամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների) խախտումների վերացմանն ու տրված հանձնարարականների կատարմանն ուղղված գործողությունները` նախորդ երեք տարիների կտրվածքով.

13) աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի խախտումները շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքերի թիվը` նախորդ երեք տարիների արդյունքներով.

14) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների խախտումների թիվը` նախորդ երեք տարիների արդյունքներով.

15) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների խախտումների պարբերականությունը` նախորդ երեք տարիների արդյունքներով.

16) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների խախտումների վերացմանն ու տրված հանձնարարականների կատարմանն ուղղված գործողությունները` նախորդ երեք տարիների կտրվածքով:

5. Ռիսկի վրա հիմնված ստուգման ենթակա աուդիտ իրականացնող անձանց ընտրությունն իրականացնելու նպատակով աուդիտ իրականացնող անձինք սանդղակավորվում են ըստ ռիսկայնության աստիճանի: Ռիսկայնության աստիճանը որոշվում է ռիսկայնությունը որոշող չափանիշների համար սահմանված բալային միավորների տեսակարար կշիռների հանրագումարով: Ըստ ռիսկայնության աստիճանի նվազման` ռիսկերի բալային միավորները դասակարգվում են հետևյալ միջակայքերում` բարձր ռիսկայնության գոտի, միջին ռիսկայնության գոտի, ցածր ռիսկայնության գոտի: Եթե ռիսկայնությունը որոշող միավորների հանրագումարը մինչև 30 միավոր է, ապա համարվում է, որ աուդիտ իրականացնող անձը գտնվում է ցածր ռիսկայնության գոտում: Եթե ռիսկայնությունը որոշող միավորների հանրագումարը գերազանցում է 30 միավորը, սակայն ցածր է 70 միավորից, ապա համարվում է, որ աուդիտ իրականացնող անձը գտնվում է միջին ռիսկայնության գոտում, իսկ եթե ռիսկայնությունը որոշող միավորների հանրագումարը գերազանցում է 70 միավորը, ապա համարվում է, որ աուդիտ իրականացնող անձը գտնվում է բարձր ռիսկայնության գոտում:

6. Սույն իրավական ակտի 4-րդ կետով սահմանված աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնությունը որոշող չափանիշների սահմանները, դրանց համար բալերի և տեսակարար կշիռների չափերը, բալերի և տեսակարար կշիռների բաշխումն ըստ ռիսկայնության միջակայքերի և դրանց հիման վրա ռիսկայնության աստիճանի հաշվարկման ու գնահատման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան