Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.05/18(958) Հոդ.158
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0381/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0381/02/11
2012 թ.

Նախագահող դատավոր՝   Գ. Մատինյան

Դատավորներ՝

Լ. Գրիգորյան

 

Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Հովհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.08.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գայանե Հովհանյանի ընդդեմ Վադիմ Ավանեսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գայանե Հովհանյանը պահանջել է Վադիմ Ավանեսյանից բռնագանձել 700.000 ՀՀ դրամ, այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները` մինչև պարտավորության փաստացի կատարումը, ինչպես նաև բռնագանձել 190.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 16.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն և վճռվել է. «Վադիմ Ավանեսյանից հօգուտ Գայանե Հովհանյանի բռնագանձել 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ` որպես փոխառության գումար: Վադիմ Ավանեսյանից հօգուտ Գայանե Հովհանյանի հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսի գումարը` սկսած կետանցի օրվանից` 01.06.2009թ.-ից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.08.2012 թվականի որոշմամբ Վադիմ Ավանեսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 16.05.2012 թվականի վճիռը բեկանվել, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Հովհանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն, սխալ է գնահատել և մեկնաբանել ապացույցները:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Վադիմ Ավանեսյանը չի հիմնավորել այն հանգամանքը, որ իր կամքից անկախ պատճառներով չի կարողացել ներկայացնել փոխառության գումարը վճարված լինելու մասին հավաստող ապացույցներ:

Վերաքննիչ դատարանը, գործը նոր քննության ուղարկելու որոշման հիմքում դնելով քննիչի որոշումը, անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ ապացույցն էական նշանակություն չի կարող ունենալ գործի քննության համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.08.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 16.05.2012 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Վադիմ Ավանեսյանը 15.12.2008 թվականին տրված պարտավորագրով պարտավորվել է Գայանե Հովհանյանից 15.12.2008 թվականին փոխառությամբ վերցրած 700.000 ՀՀ դրամ գումարը վերջինիս վերադարձնել 01.06.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ.19):

2) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հ.Հովհաննիսյանի կողմից 19.05.2012 թվականին կայացվել է «Քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոց ստորագրությունը վերացնելու մասին» որոշում, որի համաձայն` Գայանե Հովհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 70-74):

3) Նշված որոշման համաձայն` Գայանե Հովհանյանը 07.09.2007 թվականին Վադիմ Ավանեսյանին պարտք տված 500.000 ՀՀ դրամին համարժեք 1.600 ԱՄՆ դոլարի համար մինչև 2010 թվականի ապրիլ ամիսը ներառյալ պահանջել և ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի` տարեկան 12 տոկոսի կրկնապատիկը գերազանցող չափով` ամսական 10 տոկոս կամ 120 տոկոս հաշվարկով 1.405.000 ՀՀ դրամ: Նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննության ընթացքում տուժողի և վկաների կողմից տրված ցուցմունքներով (հատոր 1-ին, գ.թ. 72):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանն իրավունք չունի ընդունելու նոր ապացույց և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին։ Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար։

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու չէ նոր ապացույց ընդունել, բացառությամբ այն դեպքի, երբ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ կողմերի կողմից ներկայացված նոր ապացույցը չի ներկայացվել նրանց կամքից անկախ հանգամանքներով։ Ընդ որում, այդ ապացույցը պետք է էական նշանակություն ունենա գործի լուծման համար։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով նոր ապացույցը պետք է օբյեկտիվորեն առկա լինի, սակայն կողմերի կամքից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացվի (տես՝ ըստ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հայցը ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Պապյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ՀՔԴ3/0049/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը

Սույն գործով վերաքննիչ բողոքին կից որպես նոր ապացույց ներկայացվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հ.Հովհաննիսյանի` 19.05.2012 թվականի «Քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոց ստորագրությունը վերացնելու մասին» որոշումը: Նշված ապացույցը, ըստ Վադիմ Ավանեսյանի, Դատարան չի ներկայացվել իր կամքից անկախ հանգամանքներով` պատճառաբանելով, որ այն նախաքննության մարմնի կողմից կայացվել է Դատարանի վճիռը հրապարակվելուց հետո:

Վերաքննիչ դատարանը, որոշման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Դատարանում գործի քննության ժամանակ վերը նշված ապացույցը չի ներկայացվել բողոքաբերի կամքից անկախ հանգամանքներով և պատճառաբանելով, որ այն կարող է էական նշանակություն ունենալ գործի լուծման համար, բեկանել է Դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հ.Հովհաննիսյանի` «Քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոց ստորագրությունը վերացնելու մասին» որոշումը կայացվել է 19.05.2012 թվականին, այսինքն` Դատարանի 16.05.2012 թվականի վճիռը հրապարակվելուց հետո: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հ.Հովհաննիսյանի` «Քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոց ստորագրությունը վերացնելու մասին» որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով նոր ապացույց չէ, քանի որ այն առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում օբյեկտիվորեն գոյություն չի ունեցել, որպիսի հիմքով և դրա չներկայացնելը պայմանավորված չի եղել Վադիմ Ավանեսյանի կամքից անկախ հանգամանքներով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը ոչ միայն պետք է անդրադառնար ապացույցը բողոքաբերի կամքից անկախ հանգամանքներում չներկայացնելու իրական հնարավորությանը, այլ պետք է պարզեր տվյալ գործի լուծման համար նոր ներկայացված ապացույցի էական նշանակություն ունենալու հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

Նույն օրենսգրքի 880-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին: Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության, պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը պարտատիրոջ (փոխատուի) վրա պարտականություն է դրել պարտքի կատարումն ընդունելիս պարտապանի (փոխառուի) պահանջով կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին նրան ստացական տալ, իսկ պարտապանի կողմից պարտատիրոջը, ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ տրված լինելու դեպքում պարտապանին վերադարձնել այդ փաստաթուղթը, դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշել իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Ընդ որում, այլ բան ապացուցված չլինելու դեպքում նշված փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը (տես՝ ըստ Ֆերդինանտ Առաքելյանի հայցի ընդդեմ Հարություն Պետրոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում սույն գործի լուծման համար էական նշանակություն կարող էին ունենալ փոխառուի (պարտապանի)` Վադիմ Ավանեսյանի կողմից փոխատու (պարտատեր) Գայանե Հովհանյանին փոխառությամբ ստացված գումարը վերադարձնելու պարտավորության ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարելու վերաբերյալ ապացույցները` պարտապանի մոտ գտնվող պարտքային փաստաթուղթը, պարտատիրոջ կողմից պարտքը լրիվ կամ մասնակիորեն ստանալու վերաբերյալ պարտապանին տված ստացականը կամ պարտքն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստացած լինելու փաստը պարտատիրոջ կողմից ընդունելը:

Ինչ վերաբերում է քրեական գործով նախաքննության մարմնի որոշմամբ հաստատված հանգամանքներին, ապա քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշմամբ, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, հետևաբար դատարանը տվյալ գործի շրջանակներում պարտավոր է տալ նաև այդ ապացույցների իրավական գնահատականը (տես՝ ըստ Վարթկես Հագոփյանի հայցի ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի, Ալեքսանդր Դուրգարյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռ. Առաքելյանի` Անահիտ Հակոբջանյանին և նրա ներկայացուցիչ Ալեքսանդր Դուրգարյանին 7-օրյա ժամկետում 25.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը վճարելուն պարտավորեցնելու, այլապես գումարը 7-օրյա ժամկետում չվճարելու դեպքում Պայմանագիրը լուծված համարելու, Անահիտ Հակոբջանյանի անվամբ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Ալեքսանդր Դուրգարյանի ընդդեմ Վարթկես Հագոփյանի` դրամական պարտավորությունը մասնակի կատարած համարելու և պարտքի գումարի չափը նվազեցնելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հավաստումն գործարքի ու նրա պայմանների՝ վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից:

Տվյալ դեպքում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հ.Հովհաննիսյանի` 19.05.2012 թվականի «Քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոց ստորագրությունը վերացնելու մասին» որոշմամբ հաստատված հանգամանքները հիմնվում են վկաների ցուցմունքների վրա: Մինչդեռ նշված որոշմամբ որևէ ձևով չի հաստատվել այն հանգամանքը, որ Գայանե Հովհանյանն ընդունել է Վադիմ Ավանեսյանի կողմից իրեն վիճելի իրավահարաբերությունների շրջանակներում 1.405.000 ՀՀ դրամ վճարելու փաստը:

Հետևաբար, հաշվի առնելով փոխառություն իրավահարաբերությունների վերոգրյալ առանձնահատկությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ սույն գործում առկա չէ պարտապանի` Վադիմ Ավանեսյանի կողմից պարտքը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու վերաբերյալ որևէ վերաբերելի ապացույց, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը նոր քննության ուղարկելու պարագայում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հ.Հովհաննիսյանի 19.05.2012 թվականի «Քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոց ստորագրությունը վերացնելու մասին» որոշումը չէր կարող էական նշանակություն ունենալ սույն քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.08.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան