Գլխավոր տեղեկություն
Համար
N 156-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2013 թվականի N 156-Ա

 

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 790-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 984-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի՝

1. Հաստատել հայագիտության հարցերով խորհրդի աշխատակարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայագիտության հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 790-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) հավելվածը «Հ. Հակոբյան-ՀՀ սփյուռքի նախարար» բառերից հետո լրացնել «Ա. Անանյան-ՀՀ վարչապետի խորհրդական» բառերով.

2) հավելվածը «Ռ. Մարտիրոսյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ» բառերից հետո լրացնել «Յու. Սուվարյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (համաձայնությամբ)» բառերով.

3) հավելվածում «Վ. Բարխուդարյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար» բառերը փոխարինել «Վ. Բարխուդարյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության խորհրդական (համաձայնությամբ)» բառերով.

4) հավելվածը «Ա. Աղասյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն» բառերից հետո լրացնել «Ս. Երիցյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ (համաձայնությամբ)» բառերով.

5) հավելվածը «Ա. Իսահակյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն» բառերից հետո լրացնել «Վ. Կատվալյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

6) հավելվածում «Լ. Հովհաննիսյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն» բառերը փոխարինել «Լ. Հովհաննիսյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի խորհրդական (համաձայնությամբ)» բառերով.

7) հավելվածից հանել «Պ. Մուրադյան-պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերը.

8) հավելվածում «Մ. Գիլավյան-Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Յու. Դավթյան-Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)» բառերով.

9) հավելվածից հանել «Հ. Բարսեղյան-բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերը.

10) հավելվածում «Ա. Կարապետյան-ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «Ա. Միրզախանյան-ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի քարտուղար)» բառերով։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Հայագիտության հարցերով խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 984-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 26

 Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

փետրվարի 26-ի  N 156-Ա

 որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն աշխատակարգով սահմանվում է հայագիտության հարցերով խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) գործունեության կարգը:

2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է, և նրա որոշումները կրում են խորհրդակցական բնույթ:

3. Խորհուրդն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

4. Խորհուրդը գործում է իր աշխատակարգի համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

5. Խորհրդի հիմնական գործառույթներն են՝

1) հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ընթացքի քննարկումը.

2) հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների արդյունքների ամփոփումը և գնահատումը.

3) Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աշխատանքների քննարկումը և ուղղորդումը.

4) ժամանակակից հայագիտության խնդիրների քննարկումը.

5) հայրենիք-սփյուռք հարաբերություններում հայագիտության գերակա դերի ու նշանակության հարցերի քննարկումը:

III. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

6. Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

7. Խորհրդի կազմը բաղկացած է նախագահից, քարտուղարից և անդամներից:

8. Խորհրդի կազմը համալրվում է խորհրդի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

9. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է առցանց եղանակով և նիստերի միջոցով:

10. Առցանց եղանակով աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջև ընկած ժամանակահատվածում՝ խորհրդի նիստերն ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով:

11. Խորհրդի աշխատանքներն առցանց կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարութան աշխատակազմի սոցիալական վարչությունը, որը խորհրդի անդամների հետ հարցերի անմիջական քննարկումների, տեղեկությունների և մտքերի առցանց փոխանակման, առաջարկությունների վերաբերյալ խորհրդի անդամների կարծիքների ամփոփման հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի հսմաձայնությանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը, խորհրդի նիստի օրն ու ժամը, հրավիրվող անձանց թեկնածությունները, ինչպես նաև հարցերի քննարկման ձևաչափը (օրինակ, շնորհանդեսներ, որոշումների նախագծերի համատեղ մշակումներ և այլն):

12. Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն տարեկան մեկ անգամ:

13. Խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաև խորհրդի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ կարող են հրավիրվել նաև արտահերթ նիստեր՝ հայագիտության ոլորտին վերաբերող և հրատապ քննարկում պահանջող խնդիրների ու հարցերի առկայության դեպքում:

14. Խորհրդի անդամներին նիստի օրակարգին առնչվող նյութերը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչությունը՝ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նիստի օրվանից առնվազն 3 օր առաջ:

15. Խորհրդի նիստին, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրվել մասնագետներ և հասարակական գործիչներ՝ օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ մասնագիտական քննարկումներ կազմակերպելու նպատակով:

16. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ:

17. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրվում է խորհրդի նախագահի և խորհրդի քարտուղարի կողմից: Խորհրդի նիստերի արձանագրությունները հրապարակային են և տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում (հttp://gov.am/am/cօսոcils/):

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

18. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի որոշումները.

3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստերը.

4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը:

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

19. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ լինելուց:

20. Խորհրդի անդամը նիստին մասնակցելու անհնարինության դեպքում պետք է դրա մասին նիստի օրվանից առնվազն մեկ օր առաջ տեղեկացնի խորհրդի քարտուղարին:

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

21. Խորհրդի քարտուղարն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետն է:

22. Խորհրդի քարտուղարը`

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին, համապատասխան մարմիններին և այլ կազմակերպությունների:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան