Գլխավոր տեղեկություն
Համար
N 1372-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.04.2013-08.08.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2006.02.08/1(20) Հոդ.1416
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 1372-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՔԻՄԻԱԿԱՆ ՃՅՈՒՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 30
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1372-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՔԻՄԻԱԿԱՆ ՃՅՈՒՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Գազաքիմիական ճյուղն ավանդաբար եղել է Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի համակարգաստեղծ տարր: Ճյուղը ձևավորող խոշորագույն կազմակերպությունները հիմնադրվել են 20-րդ դարի առաջին կեսում՝ ԽՍՀՄ նավթաքիմիական համալիրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի համակարգաստեղծ կազմակերպություն է «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը, որը տիրապետում է ավելի քան 20 մակնիշի քլորոպրենային կաուչուկների և լատեքսների արտադրության տեխնոլոգիաների՝ ինչպես ացետիլենային տեխնոլոգիայի (ացետիլենի ստացման համար որպես հումք օգտագործելով բնական գազը), այնպես էլ՝ բութադիենային: Գործարանն ունի սեփական գիտահետազոտական համալիր, որի հիմքերը դրվել են խորհրդային տարիներին՝ պոլիմերային արտադրանքների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ստեղծմամբ, որը ԽՍՀՄ-ում քլորոպրենային կաուչուկների գծով գլխամասային կազմակերպություն էր: Առավելագույն արտադրողականության ժամանակաշրջանում (1987 թ.) «Նաիրիտ» գործարանի արտադրանքը կազմում էր քլորոպրենային կաուչուկի համաշխարհային շուկայի 15 տոկոսը:

2. Ճյուղի անկումն սկսվեց այն բանից հետո, երբ 1989 թվականին արտադրությունն ամբողջությամբ փակվեց՝ բնապահպանական նկատառումներով: Գործարանի աշխատանքը մասնակիորեն վերականգնվեց 1993 թվականից, սակայն արտադրության ծավալները կտրուկ նվազել էին՝ պայմանավորված ԽՍՀՄ փլուզման հետևանքով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տնտեսական վիճակով, որոնք արտադրանքի հիմնական սպառողներ էին, ինչպես նաև համաշխարհային արտադրողների հետ մրցակցության ի հայտ գալով, տարածաշրջանի աշխարհաքաղաքական լարված իրավիճակով և Հայաստանի տնտեսական շրջափակմամբ:

3. Ճյուղում իրադրության վիճակի հերթական վատացումը վրա հասավ 2009 թվականին՝ կապված համաշխարհային ճգնաժամի հետ. արտադրության ծավալներն զգալիորեն կրճատվեցին: Այդ նույն տարում գործարանը տեխնոլոգիական պարապուրդի մեջ էր, իսկ 2010 թվականին լիովին կանգնեցվեց, ինչով և բացատրվում է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում քիմիական արտադրության զգալի անկումը: Մինչև 2011 թվականի օգոստոս ամիսը «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը կոնսերվացված է: Ըստ ֆինանսական հաշվետվության տվյալների՝ կուտակված վնասները մոտենում են կազմակերպության տեխնիկական անկարողության մակարդակին, բարձր է հիմնական ֆոնդերի մաշվածությունը: Չնայած խորացող ճգնաժամային երևույթներին՝ գազաքիմիական ճյուղը պահպանում է ռազմավարական արժեքը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի համար: Առաջին հերթին՝ դա կապված է գործարանի ահռելի սոցիալական նշանակության հետ. վերջինս նույնիսկ արտադրության անկման պայմաններում ավելի քան 2700 մարդկանց գործատու է: Սոցիալական իրավիճակը ճյուղում բնութագրվում է լուրջ լարվածությամբ, որը կապված է աշխատավարձի անկանոն վճարումների հետ և այն փաստով, որ աշխատողների մեծ մասը գտնվում է հարկադիր արձակուրդում: Սոցիալական խնդիրներն իրենց արտացոլումն են գտել մի շարք բողոքի զանգվածային ակցիաներում, որոնք կազմակերպվել էին գործարանի աշխատողների կողմից՝ 2010 թվականի նոյեմբեր և 2011 թվականի հունիս ամիսներին:

4. Այն մեծ արժեքը, որն ունի «Նաիրիտ» գործարանը քիմիական արդյունաբերության և տնտեսության հարակից ճյուղերի համար, թույլ է տալիս խոսել, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսությունում գործարանի համակարգաստեղծ դերի մասին: Այսպես, գործարանն իր գործունեության ժամանակաշրջանում Հայաստանում էլեկտրաէներգիայի խոշորագույն սպառողներից մեկն էր, ապրանքաշրջանառության մեջ ուներ զգալի մասնաբաժին, ապահովում էր արտահանումների զգալի մասը: Արտադրական հզորությունների անմիջական արդիականացումն ու գործարկումը թույլ կտային լուծել տնտեսական և սոցիալական խնդիրների մի ամբողջ համալիր, սակայն հիմնական դրական արդյունքը կարող է պայմանավորված լինել ինտեգրացնող կապերի ստեղծմամբ (վերականգնմամբ), բազմապատկման էֆեկտի գործարկմամբ, արդյունաբերության հարակից ճյուղերի և ծառայություններ մատուցող կազմակերպությունների բեռնվածության ավելացմամբ:

5. 1-4-րդ կետերում ներկայացված անբարենպաստ միտումները, որոնք ձևավորվել են գազաքիմիական ճյուղում, կանխորոշում են առկա հիմնախնդրի բարդությունն ու համակողմանիությունը: Միևնույն ժամանակ, հիմնախնդրի լուծումը բացառապես տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ: Ճյուղի կառուցվածքաստեղծ կազմակերպության՝ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության բարեփոխումներին անհրաժեշտ է համակարգային մոտեցում` սոցիալական և նորարարական հիմնախնդիրների և, իհարկե, քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոնների համատեքստում:

6. Գազաքիմիական ճյուղի վերակառուցման օպտիմալ ռազմավարություն կարելի է համարել միջգերատեսչական կլաստերի զարգացումը` հիմնված «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տեխնոլոգիական բազայի վրա: Կլաստերային ռազմավարության հիման վրա գազաքիմիական ճյուղի վերակառուցման օպտիմալ ռազմավարության մշակումն ու իրականացումը թույլ կտա ապահովել՝

1) արդյունաբերական հզորությունների վերականգնումը և զարգացումը, ինչպես նաև համակարգաստեղծ կազմակերպության ընդունելի շահութաբերությունը.

2) միջգերատեսչական կլաստերի համալիր զարգացումը, որում բուն «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը հանդես կգա որպես խարսխային ձեռնարկություն, կլաստերի զարգացման լոկոմոտիվ.

3) գազաքիմիական ճյուղի արտադրական տեսականու ընդլայնումը` կլաստերի մասնակիցների միջև ռիսկերի բաշխման նպատակով.

4) նորարարության ուղղվածության ուժեղացումը՝ նորարարության ենթակառուցվածքների, հարակից ճյուղերում փոքր կազմակերպությունների գոտու և «սպինոֆֆ» տիպի բազմաթիվ փոքր կազմակերպությունների ստեղծման հաշվին` առկա տեխնոլոգիական պոտենցիալի դինամիկ առևտրայնացման համար.

5) տարածաշրջանի երկրների հետ ավանդական կապերի ակտիվացումը` իրացման ավանդական շուկաներում դիրքերի ամրապնդման, հումքային ռեսուրսների կայուն մատակարարման ապահովման և միջպետական կապերի վրա հիմնված ենթակառուցվածքային օբյեկտների զարգացման համար:

 

II. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ՝ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԵԹՈԴՈՎ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

7. Ներկայումս հնարավոր չէ արդյունավետորեն լուծել Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի վերակառուցման հիմնախնդիրները՝ միայն գործող շուկայական մեխանիզմների օգտագործման հաշվին: Դա կարող է իրականացվել ծրագրային-նպատակային մեթոդի հիմքի վրա, որի արդյունավետությունը պայմանավորված է դրա համակարգային, ինտեգրացիոն բնույթով, ինչը թույլ կտա ռեսուրսները կենտրոնացնել գազաքիմիական կազմակերպությունների և հարակից ճյուղերի վերականգնման ու զարգացման առաջնային ուղղությունների վրա:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

8. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի ցուցանիշների լավացումն է` արտահանմանն ուղղված գազաքիմիական ճյուղի զարգացման և ներմուծվող պատրաստի արտադրանքի մասնակի փոխարինման հաշվին:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՈՒԾՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Ծրագրի իրականացման ընթացքում լուծվող հիմնական խնդիրը միջոցառումների համալիր իրականացումն է, որը կապահովի ճյուղային կլաստերի արդյունավետ զարգացումը` «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տեխնոլոգիական հիմքի վրա, ինչը կնպաստի՝

1) համաշխարհային գազաքիմիական արդյունաբերության շուկաներում Հայաստանի դիրքի վերականգնմանը` երկրի համար ավանդական քլորոպրենային կաուչուկի և զուգակցող արտադրանքի հատվածում.

2) ներմուծման մասնակի փոխարինմանը և գազաքիմիական կազմակերպությունների ու հարակից ճյուղերի արտահանման ուղղվածության ուժեղացմանը.

3) բնապահպանական հիմնախնդիրների լուծման նոր մոտեցումների զարգացմանը` կապված ճյուղերի կազմակերպությունների գործունեության հետ.

4) սոցիալական հիմնախնդիրների լուծմանը` պայմանավորված համակարգաստեղծ կազմակերպությունների ընթացիկ հիմնախնդիրներով:

 

V. ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

10. Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ միջոցառումները՝

1) ճյուղի ֆինանսական առողջացման միջոցառումներ՝ ներառյալ՝

ա. միջազգային կազմակերպությունների հանդեպ Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի համակարգաստեղծ կազմակերպությունների պարտավորությունների կարգավորումը,

բ. ճյուղի կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի պարտքերի կարգավորումը,

գ. հումք և էներգառեսուրսներ մատակարարողների հանդեպ Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի համակարգաստեղծ կազմակերպությունների պարտավորությունների կարգավորումը,

դ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճյուղի ֆինանսական առողջացման արտակարգ միջոցառումների կարճաժամկետ պլանների մշակումը,

ե. ճյուղի առանցքային կազմակերպությունների ֆինանսական առողջացման միջնաժամկետ պլանների և զարգացման ռազմավարական պլանների համաձայնեցումը.

2) գազաքիմիական ճյուղի կարգավորման պետական մեխանիզմների բարելավում՝ ներառյալ՝

ա. ճյուղի վերակառուցման ծրագրի համար հատկացվող միջոցների նպատակային օգտագործման հսկողության մեխանիզմների մշակումը,

բ. գազաքիմիական ճյուղի կազմակերպություններում կառավարման համակարգի օպտիմալացումը՝ ներառյալ նոր օպերատորի հետ պայմանագրի կնքման միջոցառումները` նպատակաուղղված համակարգաստեղծ կազմակերպության վերակառուցման ծրագրի իրականացմանը, ինչպես նաև ճյուղի կազմակերպությունների կողմից որակի մենեջմենթի համակարգի, բնապահպանական մենեջմենթի համակարգի, առողջության պահպանության և աշխատանքի անվտանգության ապահովման մենեջմենթի համակարգի միջազգային սերտիֆիկատների ստացման միջոցառումները.

3) գույքային համալիրի վերակառուցում և տեխնոլոգիական աուդիտ՝ ներառյալ՝

ա. ճյուղի վերակառուցման ծրագրում ներառված կազմակերպությունների հիմնական ֆոնդերի աուդիտի անցկացումը և դրա արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախապատրաստումը,

բ. ճյուղի վերակառուցման ծրագրում ներառված կազմակերպությունների գույքային համալիրի վերակառուցման պլանի մշակումը,

գ. ճյուղի կազմակերպությունների մտավոր սեփականության ռեգիստրի ստեղծումը,

դ. ծրագրի մասնակից ճյուղի կազմակերպությունների կողմից մշակվող և կիրառվող տեխնոլոգիաների լիցենզային մաքրության պաշտպանման ու ապահովման միջոցառումների պլանի մշակումը,

ե. ճյուղի կազմակերպությունների անկախ համալիր բնապահպանական փորձաքննության անցկացումը.

4) ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնում և զարգացում՝ ներառյալ՝

ա. էներգաապահովման ճյուղային նոր համակարգի ստեղծումը՝ ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատումը,

բ. «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության համակարգաստեղծ կազմակերպության ջրամատակարարման գործող համակարգերի վերակառուցումը և նոր համակարգերի շինարարությունը՝ ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ու հաստատումը,

գ. «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության համակարգաստեղծ կազմակերպության սառնամատակարարման գործող համակարգերի վերակառուցումը և նոր համակարգերի շինարարությունը՝ ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ու հաստատումը,

դ. «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գիտահետազոտական բազայի հիման վրա տեխնոպարկի (կամ տեխնիկաներդրումային տիպի հատուկ տնտեսական գոտու) ստեղծումը,

ե. գազաքիմիական ու հարակից ճյուղերի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցության պետական ծրագրի մշակումը, «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության համակարգաստեղծ կազմակերպության շուրջ նորարարական գոտու ստեղծումը,

զ. գազաքիմիական ճյուղի լոգիստիկայի կատարելագործման համար տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման միջազգային ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած պորտֆելի մշակումը.

5) գազաքիմիական և հարակից ճյուղերի արտադրական հզորությունների վերականգնում, վերակառուցում և նորերի շահագործման հանձնում՝ ներառյալ՝

ա. «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության համակարգաստեղծ կազմակերպության արտադրական հզորությունների վերականգնումը, վերակառուցումը և շահագործման հանձնումը՝ ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ու հաստատումը,

բ. «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության հիման վրա ճյուղային կլաստերի նոր արտադրությունների ստեղծումը՝ ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ու հաստատումը.

6) բնապահպանական միջոցառումներ՝

ա. գազաքիմիական ճյուղի արդիականացման հետևանքների անկախ բնապահպանական փորձաքննության իրականացում,

բ. հեղուկացված գազերի իզոթերմիկ պահպանման պահոցների կիրառում,

գ. ցածր արդյունավետության էլեկտրական ֆիլտրերի փոխարինում (ներկայումս առկա են ավելի ժամանակակից զտիչներ),

դ. գազաանջատման արտադրամասերում մխոցային ճնշակների փոխարինում տուրբոճնշակներով,

ե. քլորոպրենային կաուչուկների արտադրության համար կաուչուկի չորանոցների փոխարինում՝ օդի նվազ ծախս ունեցող ժամանակակից տեսակներով,

զ. քլորոպրենային կաուչուկի անջատման արտադրամասերում օդափոխիչ ագրեգատների կողմից արտանետվող՝ օդում պարունակվող օրգանիկի կատալիտիկ լրայրման համակարգի ներդրում,

է. օրգանիկի կատալիտիկ լրայրման լրացուցիչ վառարանների կառուցում,

ը. գազազերծումից հետո լատեքսում պարունակվող մոնոմերների և, հետևաբար, կաուչուկի չորացման ընթացքում դրանց արտանետման նվազեցում.

7) նախագծի իրականացման հիմնական ռիսկերի շարքն են դասվում՝

ա. տարածաշրջանում ինտեգրացիոն էֆեկտների թուլացումը, ինչը հանգեցնում է հումքի մատակարարման և արտադրանքի իրացման հետ կապված տրանսպորտային խնդիրների սրմանը,

բ. արտադրական հզորությունների ավելացման արդյունքում ճյուղի հիմնական մասնակիցների կողմից մրցակցային պայքարի ուժեղացումը, միջազգային իրացման շուկաների աշխարհագրական տեղաշարժը,

գ. արտադրանքի իրացման ներքին շուկաների բացակայությունը (թուլությունը),

դ. «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության համակարգաստեղծ կազմակերպության հիմնական արտադրությունն անհրաժեշտ է գործնականում թողարկել զրոյից, արտադրական և օժանդակ հզորություններն ունեն բարձր մաշվածություն, շահագործման երկարատև փորձի բացակայություն՝ մեծ ծավալների արտադրության պայմաններում, տեխնոլոգիական ընթացքի խափանման հնարավորություն,

ե. «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողների նկատմամբ, ինչպես նաև ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ մատուցողների կողմից համակարգաստեղծ կազմակերպության նկատմամբ մեծ թվով դատական հայցեր,

զ. բնապահպանական ռիսկեր` պայմանավորված օգտագործվող արտադրական տեխնոլոգիաների բնույթով:

11. Միջոցառումների իրականացման ժամկետները և պատասխանատուները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1372-Ն որոշման N 2 հավելվածում:

 

VI. ԾՐԱԳՐԻ՝ ՊԱՇԱՐՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Ենթադրվում է, որ ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը բոլոր աղբյուրների հաշվին կկազմի 400 մլն ԱՄՆ-ի դոլար` ԵվրԱզՏՀ-ի հակաճգնաժամային ֆոնդի միջոցների հաշվին:

13. Ծրագրավորվում է ԵվրԱզՏՀ-ի հակաճգնաժամային ֆոնդի միջոցներն ուղղել հիմնականում ֆինանսական առողջացման, ճյուղի համակարգաստեղծ կազմակերպության կառավարման համակարգի կատարելագործմանը՝ ենթակառուցվածքային օբյեկտների և արտադրական հզորությունների վերականգնման առաջնահերթ միջոցառումների իրականացման համար:

 

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ

 

14. Ծրագրի իրականացումը նախատեսում է պետական ներգործության բոլոր միջոցների ու մեթոդների օգտագործում՝ իրավանորմատիվային կարգավորում, վարչական միջոցներ, բյուջետային աջակցման ուղղակի և անուղղակի մեթոդներ, կազմակերպչական, քաղաքական ու տեղեկատվական աջակցության մեխանիզմներ:

15. Ծրագրի իրականացման ընթացքի համակարգման նպատակով ստեղծվում է ծրագրի համակարգող խորհուրդ, որը ձևավորվում է պետական կառավարման մարմինների (օրենսդիր և գործադիր), գիտահետազոտական կազմակերպությունների, գազաքիմիական ճյուղի կազմակերպությունների և ԵվրԱզՏՀ-ի հակաճգնաժամային ֆոնդի ներկայացուցիչներից: Ծրագրի համակարգող խորհրդի նախագահն է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Ծրագրի համակարգող խորհրդի կանոնակարգը և կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

16. Ծրագրի համակարգող խորհրդի հիմնական խնդիրներն են ծրագրի առանձին միջոցառումների իրականացման պլանների հաստատումը, պատվիրատու-ծրագրի համակարգողի գործունեության համակարգումը, ծրագրավորված միջոցառումների իրականացման ընթացքին վերաբերող նյութերի քննարկումը և դրանց ճշտման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, ինչպես նաև` ծրագրի իրականացման արդյունքների քննարկումը, ծրագրի իրականացման ընթացքում առաջացող գիտական, տեխնիկական և կազմակերպչական հիմնախնդիրների բացահայտումն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունների մշակումը:

17. Ծրագրի իրականացման ընթացիկ կառավարումն ու վերահսկումը կատարում են պետական պատվիրատու-ծրագրի համակարգողը և ծրագրի պետական պատվիրատուները: Պետական պատվիրատու-ծրագրի համակարգող է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

18. Ծրագրի պետական պատվիրատուներ են՝

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.

3) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը.

4) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը.

5) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը.

6) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

19. Պետական պատվիրատու-ծրագրի համակարգողն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) իր իրավասությունների սահմաններում մշակում է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտեր.

2) սահմանված կարգով նախապատրաստում է ծրագրի միջոցառումների ճշտման ամենամյա առաջարկություններ՝ հերթական ֆինանսական տարվա համար, ճշտում դրանց համար անհրաժեշտ ծախսերը, պատասխանատվություն է կրում ծրագրի ընդհանուր իրականացման և հատկացվող միջոցների արդյունավետ օգտագործման համար.

3) համակարգում է պետական պատվիրատուների՝ ծրագրի միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանն ուղղված գործունեությունը.

4) կազմակերպում է ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվական իրազեկումը.

5) ծրագրի պետական պատվիրատուների ամենամյա զեկույցների հիման վրա նախապատրաստում և համակարգող խորհուրդ է ներկայացնում հաշվետվություն ծրագրի շրջանակներում աշխատանքների ընթացքի, ձեռք բերված արդյունքների ու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության մասին.

6) անհրաժեշտության դեպքում համակարգող խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ ծրագրի ճշտման վերաբերյալ:

20. Ծրագրի պետական պատվիրատուներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝

1) նախապատրաստում են ծրագրի միջոցառումների իրականացման պլանները.

2) անցկացնում են ծրագրի միջոցառումների իրականացման մոնիթորինգ, գնահատում դրանց ցուցանիշների արդյունավետությունը և ծրագրի նպատակային ցուցանիշներին համապատասխանությունը.

3) կազմում են ծրագրի իրականացման մասին հաշվետվությունը.

4) իրականացնում են ծրագրի յուրաքանչյուր միջոցառման գծով աշխատանքներ և ծառայություններ կատարողների, ապրանքների մատակարարների ընտրությունը:

21. Ծրագրի իրականացմանը ԵվրԱզՏՀ-ի հակաճգնաժամային ֆոնդի մասնակցության ձևերն ու մեխանիզմները որոշվում են միջազգային համաձայնագրով՝ կնքված նշված ֆոնդի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև:

 

VIII. ԾՐԱԳՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

22. Ծրագրի սոցիալ-տնտեսական արդյունավետությունը գնահատվելու է նպատակային ինդիկատորների համակարգի հիման վրա, որը ներառում է Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագրի իրականացման արդյունքների ինչպես քանակական, այնպես էլ՝ որակական բնութագրերը: Ծրագրային ինդիկատորների արժեքների մոնիթորինգը հնարավորություն կընձեռի արդյունավետ կերպով ճշտել և ուղղել առաջադրված խնդիրները և իրականացվող միջոցառումների բովանդակությունը:

23. Ծրագրի հաջող իրականացումը թույլ կտա մինչև 2021 թվականը հասնել հետևյալ արդյունքներին՝

1) գազաքիմիական ճյուղի մասնաբաժնի ավելացում ՀՆԱ-ում.

2) արտաքին առևտրի շրջանառության կառուցվածքի բարելավում, Հայաստանի Հանրապետության տնտեսության՝ գիտատար քիմիական արտադրանքի ներկրումից կախվածության թուլացում, բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ընդլայնում, արտահանումից հասույթների ավելացում.

3) Հայաստանի Հանրապետության բյուջեում հարկային եկամուտների ավելացում.

4) գազաքիմիական ճյուղում արդյունավետ շուկայական ուղղվածության, ինքնազարգացման ներուժ ունեցող բիզնես կառույցների ձևավորում.

5) գազաքիմիական ճյուղի և հարակից ճյուղերի կազմակերպությունների հիմնական ֆոնդերի ինովացիոն ակտիվության և նորարարացման մակարդակի բարձրացում.

6) գազաքիմիական ճյուղում աշխատանքի արտադրողականության բարձրացում.

7) աշխատանքային տեղերի պահպանում և նորերի ստեղծում.

8) գիտատեխնիկական կադրերի տաղանդավոր մասի՝ այլ ճյուղեր և արտերկիր արտահոսքի կանխում.

9) որակավորված գիտատեխնիկական կադրերի նկատմամբ պահանջարկի մեծացում, դրանց տարիքային կառուցվածքի բարելավում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1372-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՔԻՄԻԱԿԱՆ ՃՅՈՒՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատուն

Ժամկետը

1

2

3

4

Ճյուղի ֆինանսական առողջացման միջոցառումներ

1.

ՀՀ գազաքիմիական ճյուղի համակարգաստեղծ կազմակերպությունների՝ միջազգային կազմակերպությունների հանդեպ ունեցած պարտավորությունների կարգավորում

ՀՀ ֆինանսների նախարարություն


ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո վեցամսյա ժամկետում

2.

Ճյուղի կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի պարտքերի կարգավորում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո վեցամսյա ժամկետում

3.

ՀՀ գազաքիմիական ճյուղի համակարգաստեղծ կազմակերպությունների՝ հումք և էներգառեսուրսներ մատակարարողների հանդեպ ունեցած պարտավորությունների կարգավորում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո վեցամսյա ժամկետում

4.

Ճյուղի ֆինանսական առողջացման նպատակով
ՀՀ կառավարության կողմից արտակարգ, կարճաժամկետ միջոցառումների պլանի մշակում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո վեցամսյա ժամկետում

5.

Ճյուղի առանցքային կազմակերպությունների ֆինանսական առողջացման միջնաժամկետ պլանների և զարգացման ռազմավարական պլանների համաձայնեցում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո վեցամսյա ժամկետում

ՀՀ գազաքիմիական ճյուղի պետական կարգավորման մեխանիզմների կատարելագործման միջոցառումներ

6.

Ճյուղի վերակառուցման ծրագրի համար հատկացվող միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության մեխանիզմների մշակում

ՀՀ ֆինանսների նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո վեցամսյա ժամկետում

7.

Գազաքիմիական ճյուղի կազմակերպություններում կառավարման համակարգի օպտիմալացում՝ ներառյալ նոր օպերատորի հետ պայմանագրի կնքման միջոցառումները` նպատակաուղղված համակարգաստեղծ կազմակերպության վերակառուցման ծրագրի իրականացմանը, ինչպես նաև ճյուղի կազմակերպությունների կողմից որակի մենեջմենթի համակարգի, բնապահպանական մենեջմենթի համակարգի, առողջության պահպանության և աշխատանքի անվտանգության ապահովման մենեջմենթի համակարգի միջազգային սերտիֆիկատների ստացման միջոցառումները

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ բնապահպանության
նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո վեցամսյա ժամկետում

Գազաքիմիական ճյուղի ունեցվածքային համալիրի վերակառուցում և տեխնոլոգիական աուդիտ

8.

Ճյուղի վերակառուցման ծրագրում ներառված կազմակերպությունների հիմնական ֆոնդերի աուդիտ և դրա արդյունքների հիման վրա ՀՀ կառավարության եզրակացության նախապատրաստում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո 10-ամսյա ժամկետում

9.

Գազաքիմիական ճյուղի կազմակերպությունների գույքային համալիրի վերակառուցման պլանի մշակում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո վեցամսյա ժամկետում

10.

Ճյուղի կազմակերպությունների մտավոր սեփականության օբյեկտների ռեգիստրի ստեղծում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո 10-ամսյա ժամկետում

11.

Ծրագրի մասնակից ճյուղի կազմակերպություններում մշակվող և կիրառվող տեխնոլոգիաների լիցենզային մաքրության պաշտպանության և ապահովման միջոցառումների պլանի մշակում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո 10-ամսյա ժամկետում

Ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնում և զարգացում

12.

Էներգաապահովման նոր ճյուղային համակարգի ստեղծում՝ ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և ՀՀ կառավարության կողմից հաստատումը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

30.06.2013 թ.

13.

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի համակարգաստեղծ կազմակերպության սառնամատակարարման գործող համակարգի վերակառուցում և նոր համակարգերի շինարարություն՝ ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ու հաստատումը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

30.06.2013 թ.

14.

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի համակարգաստեղծ կազմակերպության ջրամատակարարման գործող համակարգի վերակառուցում և նոր համակարգերի շինարարություն, ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ու հաստատումը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

30.06.2013 թ.

15.

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գիտահետազոտական բազայի հիման վրա տեխնոպարկի (կամ տեխնիկաներդրումային տիպի հատուկ տնտեսական գոտու) ստեղծում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո 12-ամսյա ժամկետում

16.

Գազաքիմիական ճյուղի լոգիստիկայի կատարելագործման համար տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման միջազգային ծրագրերի՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած պորտֆելի մշակում

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

30.06.2012 թ.

17.

Գազաքիմիական ու հարակից ճյուղերի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցության պետական ծրագրի մշակում, «Նաիրիտ գործարան»
ՓԲԸ-ի համակարգաստեղծ կազմակերպության շուրջ նորարարական գոտու ստեղծում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո 10-ամսյա ժամկետում

Գազաքիմիական ու հարակից ճյուղերի նոր արտադրական հզորությունների վերականգնում,
վերակառուցում և շահագործման հանձնում

18.

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի համակարգաստեղծ կազմակերպության արտադրական կարողությունների վերականգնում, վերակառուցում և շահագործման հանձնում՝ ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ու հաստատումը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո 12-ամսյա ժամկետում

19.

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հիման վրա ճյուղային կլաստերի նոր արտադրությունների ստեղծում՝ ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ու հաստատումը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

31.12.2015 թ.

Արտադրության բնապահպանական անվտանգության ապահովում

20.

Ճյուղի կազմակերպությունների արդիականացման և արտադրության գործարկման պետական բնապահպանական փորձաքննության անցկացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

31.12.2011 թ.

21.

Ճյուղի կազմակերպությունների արդիականացման և արտադրության գործարկման անկախ բնապահպանական փորձաքննության անցկացում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո 10-ամսյա ժամկետում

22.

Հեղուկացված գազերի իզոթերմիկ պահպանման պահոցների կառուցում և շահագործման հանձնում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 ՀՀ բնապահպանության նախարարություն

30.06.2013 թ.

23.

Ցածր արդյունավետության էլեկտրական ֆիլտրերի փոխարինում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո 12-ամսյա ժամկետում

24.

Գազաանջատման արտադրամասերում մխոցային ճնշակների փոխարինում տուրբաճնշակներով

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

30.06.2013 թ.

25.

Քլորոպրենային կաուչուկի արտադրությունում կաուչուկի չորանոցների փոխարինում օդի նվազ ծախս ունեցող ժամանակակից տեսակներով

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

30.06.2013 թ.

26.

Քլորոպրենային կաուչուկի անջատման արտադրամասերում օդափոխիչ ագրեգատների կողմից արտանետվող՝ օդում պարունակվող օրգանիկի կատալիտիկ լրայրման համակարգի ներդնում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո 12-ամսյա ժամկետում

27.

Օրգանիկի կատալիտիկ լրայրման լրացուցիչ վառարանների շահագործման հանձնում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

30.06.2013 թ.

(հավելվածը փոփ. 02.02.12 N 78-Ն, 16.08.12 N 1033-Ն, 21.03.13 N 255-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2013, N 802-Ն 08.08.2013, N 1372-Ն
21.03.2013, N 255-Ն 04.04.2013, N 1372-Ն
16.08.2012, N 1033-Ն 25.08.2012, N 1372-Ն
02.02.2012, N 78-Ն 16.02.2012, N 1372-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան