Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1065
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.31/7(947) Հոդ.57
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.01.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 հունվարի 2013 թ.

 

«Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԱՊԵՏ ԹԱՌԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ «Ա» ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողներ` «Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, «Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Թառլոյանի և քաղաքացի Կ. Թառլոյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-ի և քաղաքացի Կարապետ Թառլոյանի դիմումի հիման վրա` «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը «Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-ի և քաղաքացի Կ. Թառլոյանի` 03.09.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2000 թվականի հունիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2000 թվականի հունիսի 19-ին, ուժի մեջ է մտել 2000 թվականի հուլիսի 1-ից և ուժը կորցրած ճանաչվել 2009թ. հունվարի 1-ից` ««Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2008 թվականի օգոստոսի 21-ի ՀՀ օրենքով:

Օրենքի` «Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը» վերտառությամբ 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետը սահմանել է. «Պարզեցված հարկ վճարողները սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետով նախատեսվող հայտարարագրի մեջ սույն օրենքի 4 հոդվածի`

ա) 2-րդ կետով նախատեսվող սահմանաչափի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափը գերազանցող մասի 20 տոկոսի չափով»:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. «Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-ն հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից տարբերվող այլ գործունեության, այն է` խանութի միջոցով ավտոպահեստամասերի վաճառքի գործունեության համար 10.01.2007թ. հարկային տեսչություն է ներկայացրել հայտարարագիր` պարզեցված հարկ վճարող համարվելու համար: Սակայն նշյալ հայտարարագրի ներկայացումից հետո փաստացի չի օգտվել ներկայացված հայտարարագրի ներկայացման արդյունքում օրենքով սահմանված պարզեցված հարկով աշխատելու իրավունքից և 01.01.2007-22.03.2007թթ. ժամանակահատվածում փաստացի աշխատել է հարկման ընդհանուր կարգով, հարկերը հաշվարկել և վճարել է ոչ թե պարզեցված, այլ հարկման ընդհանուր ռեժիմով, որը և պետք է արվեր հայտարարագրի չներկայացման դեպքում: 22.03.2007թ. ընկերությունը հարկային տեսչություն է ներկայացրել ավտոպահեստամասերի խանութի միջոցով կազմակերպվող գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի` 28.06.2010թ. թիվ 1001171 հանձնարարագրի համաձայն` ՀՀ ԿԱ ՊԵԿ Աշտարակի ՏՀՏ աշխատակիցների կողմից 19.07.2010թ. մինչև 04.10.2010թ. «Հ. Ա. Թ. Ա. Կ.» ՍՊԸ-ում կատարվել է «բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում», որի արդյունքում 04.10.2010 թվականին կազմվել է N 1001171 ակտը, որով ընկերությանն առաջադրվել է տուգանքի ձևով լրացուցիչ հարկային պարտավորություն` «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանաչափը խախտելու հիմքով: Ընդ որում, հիմք է ընդունվել այն փաստը, որ ընկերության 2006թ. համախառն եկամուտը կազմել է 107375.6 հազար դրամ, մինչդեռ «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով պարզեցված հարկ վճարող համարվելու համար հարկ է, որպեսզի տվյալ սուբյեկտի կողմից նախորդ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը չգերազանցի 50 մլն ՀՀ դրամը:

Ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ԿԱ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության` 04.10.2012թ. թիվ 1001171 ստուգման ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջով: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչությունը ներկայացրել է հակընդդեմ հայց` ընկերությունից հօգուտ պետական բյուջեի 12.045.100 դրամ բռնագանձելու պահանջով:

ՀՀ վարչական դատարանն իր` 01.04.2011թ. ՎԴ/3823/05/10 վճռով բավարարել է ընկերության հայցը, իսկ հակընդդեմ հայցը բավարարել է մասնակի: Նշված վճռում, հիմք ընդունելով այն փաստերը, որ 01.01.2009 թվականից «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրել է, և որ ընկերությունը մինչև 22.03.2007թ. ներկայացրած հայտարարությունը (ավտոպահեստամասերի խանութի միջոցով կազմակերպվող գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու մասին) փաստացի աշխատել է հարկման ընդհանուր կարգով, դատարանը նշել է. «Նման պայմաններում վերը նշված փաստական հանգամանքների և իրավական հիմքերի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ 2007թ. դրությամբ գործող «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի ա) կետի և 3.1-րդ մասի դրույթները նույնպես կիրառելի չեն եղել Ընկերության նկատմամբ»: Բացի դրանից, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 04.10.2010թ. ակտը ներկայացվել է խախտման փաստից երեք տարին լրանալուց հետո, դատարանը եզրակացրել է, որ. «Նույնիսկ «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի գործողության դեպքում ակտում նշված հայցվորի կողմից վիճարկվող խախտման և դրա` հարկային մարմնի կողմից հայտնաբերման միջև ընկած ժամանակահատվածը կազմում է երեք տարուց ավելի ժամանակահատված»:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչությունը ՀՀ վարչական դատարանի` 01.04.2011թ. ՎԴ/3823/05/10 վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իր` 10.01.2012թ. որոշմամբ բավարարել է վերաքննիչ բողոքը` բեկանելով ՀՀ վարչական դատարանի 01.04.2011թ. վճիռը, և այն փոփոխել` մերժելով ընկերության հայցը, բավարարելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչության հակընդդեմ հայցը: Ի հիմնավորումն նշված որոշման` դատարանը գտել է, որ իրացման շրջանառության ընդհանուր գումարի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկությունների նշումով հայտարարագիր ներկայացնելն արդեն իսկ բավարար է արարքը «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված իրավախախտման որակման և տուգանք նշանակելու համար, և որ փաստացի ընդհանուր հարկման ռեժիմով աշխատելը չի ազատում «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված տուգանքից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, իր` 07.03.2012թ. որոշմամբ վերադարձրել է ընկերության վճռաբեկ բողոքը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու հիմքով, ըստ էության վերահաստատելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.01.2012թ. որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

3. Վիճարկելով «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի սահմանադրականությունը` դիմողները գտնում են, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 83.5-րդ, 8-րդ, 14.1-րդ, 31-րդ, 33.1-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին:

Դիմողների պնդմամբ` վիճարկվող դրույթով նախատեսված պատասխանատվության չափը որոշող պայմանները` ձևակերպված «սահմանաչափը գերազանցող մասի» բառերով, խախտում են սահմանադրորեն ճանաչվող և պաշտպանվող սեփականության, ձեռնարկատիրական գործունեության իրավունքները, տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական գործունեությունը, հետևաբար և` հանդիսանում են հակասահմանադրական: Դիմողները բերում են հետևյալ հիմնավորումները.

 վիճարկվող դրույթով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառման արդյունքում տնտեսվարող սուբյեկտը զրկվել է նաև իր այն սեփականությունից` կապված իր իրավաչափ և օրինական այլ ձեռնարկատիրական գործունեության /հաստատագրված վճարով հարկվող գործունեության/ հետ: Երբ տնտեսվարող սուբյեկտն զբաղվում է մի քանի տեսակի ձեռնարկատիրական գործունեությամբ, և նա զրկվում է ընդհանուր սեփականությունից, ապա վտանգվում է իր ամբողջ /բոլոր տեսակի/ ձեռնարկատիրական գործունեությունը,

 ակնհայտ է առաջադրված տուգանքի անհամաչափությունը համապատասխան իրավախախտման բնույթին ու հանրային վտանգավորության աստիճանին, և ակնհայտ է այդ տուգանքի ավելի շատ վնասակարությունը թե՛ անձի սեփականության և թե՛ ծավալած ձեռնարկատիրական գործունեության համար, առավել քան իրավախախտման վնասակարությունն է «հարկային իրավակարգի» համար,

 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր նպատակը և պարտադիր հատկանիշը շահույթ ստանալն է և ստացված շահույթն իր մասնակիցների միջև բաշխելը, այնինչ ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով տուգանքի կիրառման կառուցակարգն ընկերությանը զրկել է շահույթ ստանալու և ստացված շահույթն իր հիմնադիրների /մասնակիցների/ միջև բաշխելու հնարավորությունից /տևական ժամանակով/, հետևաբար` զրկել է ընկերության հիմնադրին իր սեփականությունից և շահույթ ստանալու հնարավորությունից,

 իրավախախտման իրավաբանական կազմի օբյեկտիվ կողմի բաղադրիչներից մեկն արարքի հանրային վտանգավորությունն է: Տվյալ դեպքում արարքի առաջացրած փաստացի վնասակար հետևանքը պետք է լինի հայտարարագրի ներկայացմամբ թույլատրելի իրավունքի իրացումը, այսինքն` պարզեցված հարկով աշխատելը, որն էլ հենց հանդիսանում է վիճարկվող դրույթով սահմանված պատասխանատվության կիրառման համար նախատեսված իրավախախտման պարտադիր պայման: Այնինչ վիճարկվող դրույթը պատասխանատվություն է նախատեսում նաև արարքի համապատասխան փաստացի վնասակար հետևանքի բացակայության դեպքում: Փաստորեն, վիճարկվող դրույթով նախատեսված նորմը կարող է հանգեցնել, իսկ քննարկվող գործով հանգեցրել է անձին անհիմն, առանց իրավախախտման փաստի առկայության պատասխանատվության ենթարկելուն,

 դիմողների հիմնական փաստարկն այն է, որ տուգանքի չափի հաշվարկի հիմքում ակնհայտ ոչ իրավաչափ կերպով դրված է ոչ թե բացառապես պարզեցված հարկի գծով իրականացված գործունեության, այլ ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների` ներառյալ հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը, իրացման շրջանառության ընդհանուր գումարը, մինչդեռ, ըստ դիմողների, վիճարկվող դրույթով նախատեսված տուգանքը չպետք է առնչվեր, մասնավորապես, հաստատագրված վճարով հարկվող գործունեության իրացման շրջանառությանը:

 

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողների փաստարկների դեմ, գտնում է, որ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

 Ի հիմնավորումն իր դիրքորոշման` պատասխանողը նշում է, որ հարկային պարտավորությունները ներառում են ինչպես հարկերի, այնպես էլ հարկային օրենսդրությամբ և ՀՀ հարկային իրավահարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:

Ըստ պատասխանողի` օրենքով նախատեսված տուգանքները, այդ թվում` նաև վիճարկվող նորմով նախատեսվածը, երաշխիք են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը կանխելու, տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարումն ապահովելու համար: Ու թեև վիճարկվող նորմով նախատեսված տուգանքի չափը կարող է հաճախ զգալի լինել, քանի որ որպես սահմանաչափ հիմք է ընդունվում ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը, սակայն այս հանգամանքը պայմանավորված է իրավախախտման բնույթով և վտանգավորության աստիճանով: Բացի դրանից, վիճարկվող դրույթն առաջին հերթին ունի կանխարգելիչ բնույթ և ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտի համար կանխատեսելի է դարձնում ապօրինի գործունեության հետևանքները:

Պատասխանողի կարծիքով` վիճարկվող դրույթով նախատեսված տուգանքի չափը նպատակ ունի նվազագույնի հասցնել պարզեցված հարկ վճարող համարվելու համար սահմանված պայմանների խախտման դեպքերը: Պարզեցված հարկ վճարող համարվելու համար օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում անձն օգտվում է օրենքով նախատեսված արտոնությունից և էական վնաս պատճառում պետությանը:

Փաստելով, որ հայտարարագիր ներկայացնելուց հետո դիմող ընկերությունը չի օգտվել պարզեցված հարկի ռեժիմից, այլ շարունակել է գործել հարկման ընդհանուր ռեժիմով, այդուհանդերձ, պատասխանողի կարծիքով, տվյալ դեպքում խնդիրը պայմանավորված չէ օրենքի նորմի սահմանադրականությամբ:

 

5. Հաշվի առնելով դիմողների փաստարկները` սույն գործի քննության շրջանակներում, սահմանադրական դատարանը կարևորում է հետևյալ հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը.

- արդյո՞ք 2000թ. հունիսի 5-ին «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունումը, դրա նորմերի կիրառումը Սահմանադրության տեսանկյունից եղել է իրավաչափ,

- արդյո՞ք պարզեցված հարկով հարկվելու նպատակով դիմող ընկերությունը ազատ կամաարտահայտմամբ է մտել իրավահարաբերությունների մեջ,

- արդյո՞ք պարզեցված հարկով հարկվելու նպատակով իրավահարաբերությունների մեջ մտնելու հետևանքները դիմող ընկերության համար եղել են կանխատեսելի:

 

6. Սահմանադրական դատարանը, ելնելով պետության և հասարակության զարգացման համար հարկային քաղաքականության իրականացման բացառիկ կարևորությունից, արձանագրում է, որ այնպես, ինչպես ցանկացած հարկատեսակի մասին օրենքի ինքնին ընդունումը, այնպես էլ 2000թ. հունիսի 5-ին «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունումը Սահմանադրության տեսանկյունից եղել է իրավաչափ: Ավելին, Սահմանադրության 45-րդ հոդվածի, 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի, 89-րդ հոդվածի 4-րդ կետի, 106-րդ հոդվածի 5-րդ մասի, 107-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներից բխում է, որ հենց Սահմանադրությամբ է նախատեսված հանրապետական և տեղական մակարդակով հարկային քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը:

Վիճարկվող օրենսդրական դրույթը սահմանում է վարչական տուգանք և իր դիսպոզիտիվ հատկանիշներով, ըստ դիմողի, հակասում է Սահմանադրության մի շարք հոդվածների: Դիմողի հիմնական փաստարկն այն է, որ տուգանքի չափի հաշվարկի հիմքում ակնհայտ ոչ իրավաչափ կերպով դրված է ոչ թե բացառապես պարզեցված հարկի գծով իրականացված գործունեության, այլ ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների իրացման շրջանառության ընդհանուր գումարը: Ըստ դիմողի` օրենսդիրը, շրջանցելով Սահմանադրության հիմնադրույթները` «պարզեցված հարկի իրավահարաբերություններից բխող ոչ իրավաչափ գործողության (իրավախախտման) համար պատասխանատվությունն ընդգրկել է տնտեսավարող սուբյեկտի ամբողջ (բոլոր տեսակի) ձեռնարկատիրական գործունեության շրջանակը»: Ըստ այդմ էլ դիմողը եզրակացնում է, որ «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տուգանքի չափը համարժեք չէ զանցանքի վտանգավորության աստիճանին:

Դիմողի փաստարկներն առանձնանում են օրենսդրական նորմերի յուրովի, ընդ որում` ոչ համարժեք մեկնաբանությամբ, ինչն էլ «հնարավորություն է տվել» հանգելու ցանկալի եզրակացությունների: Այսպես, դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմով նախատեսված զանցանքի ընդհանուր օբյեկտը «հարկային հարաբերությունները կարգավորող իրավակարգն է»: Մինչդեռ իրավակարգն ինքնին զանցանքի օբյեկտ հանդիսանալ չի կարող, քանի որ օբյեկտը հենց իրավական ակտերով ամրագրված հարաբերություններն են: Տվյալ դեպքում ընդհանուր օբյեկտը ոչ այնքան կառավարման համակարգն է, որքան տնտեսական գործունեությունը, և իրավական կարգավորումներն էլ պետք է միտված լինեն մրցակցային, ազատ տնտեսական գործունեության երաշխավորվածությանը: Ուստի, երբ դիմողը խոսում է պատճառված վնասի մասին, ապա ակամա (քանի որ ինքն օբյեկտ է ճանաչել սոսկ պետության հարկային քաղաքականությունը և այն կարգավորող իրավակարգը) բավարարվում է պետական բյուջեին պատճառված վնասի ստույգ հաշվարկով, մինչդեռ քննարկման առարկա զանցանքն էապես խախտում է այլ ձեռնարկատերերի օրինական շահերն ու խոչընդոտում ազատ մրցակցության լիարժեք երաշխավորվածությանը:

Ընդ որում, ինչպես արդեն նշվեց, դիմողը փորձել է իր եզրահանգումներին հավաստիություն հաղորդելու նկատառումով, յուրովի մեկնաբանել դրանց առնչվող օրենսդրական նորմերը: Այսպես, դիմողը, առանց որևէ կոնկրետ հղումների, ելակետ է ընդունում այն, թե իբր միևնույն ձեռնարկատիրոջ ընդհանուր գործունեության դասակարգման հիմքում դրված է հարկման տեսակը, ըստ այդմ էլ, իբր գոյություն ունեն պարզեցված հարկով գանձվող գործունեության տեսակ, հաստատագրված հարկով գանձվող գործունեության տեսակ և այլն: Այնուհետև, այն թյուր եզրակացությունն է առաջադրվում, թե իբր տուգանքի հաշվարկման հիմքում դրվում է ոչ միայն ոչ իրավաչափ, այլև ոչ իրավաչափ գործունեությամբ ստացված իրացման շրջանառությունը: Արդյունքում ստացվում է, որ ձեռնարկատիրական գործունեության մի մասը կարող է ոչ իրավաչափ համարվել ոչ թե օրենքով սահմանված հիմքերով (օրինակ` գնվել և իրացվել է շրջանառությունից հանված ապրանք, ծառայությունների կամ աշխատանքների մի մասը չի հաշվառվել և այլն), այլ մտացածին այն հիմքով, որ իբր այդ հատվածով խախտվել է հարկման տեսակը:

Ինչ վերաբերում է գործունեության բոլոր տեսակները վարչարարություն իրականացնող սուբյեկտի կողմից հաշվի առնելու վերաբերյալ օրենսդրական նորմի իրավաչափությանը, ապա հարկ է նկատել, որ ակնհայտ ոչ ճիշտ տվյալներ մտցնելը հավասարապես վերաբերում է տվյալ հարկատուի ողջ գործունեությանը, և պատճառված վնասն էլ հենց համարժեքորեն բնութագրվում է շրջանառության ծավալով, այսինքն` որքան մեծ է ընդհանուր շրջանառությունը, այնքան մեծ է ոչ ճիշտ տվյալներ ներկայացնելու վտանգը:

Ըստ դիմողի` հարկման հիմքով գործունեության բոլոր տեսակների վրա տուգանք տարածելն անհավասար վիճակի մեջ է դնում այն կազմակերպություններին, որոնք միայն շատ փոքր չափով են պարզեցված հարկով գանձվող գործունեության տեսակ իրականացնում: Տվյալ դեպքում անտեսվում է այն, որ տնտեսվարող սուբյեկտն ինքը պետք է գնահատի իր ռիսկերը և, ըստ արդյունքների, կարող էր կամ ձեռնպահ մնալ նոր ընկերություն հիմնադրելուց, ինչը հնարավորություն կտար միայն պարզեցված հարկով աշխատել, կամ շարունակել գործել ընդհանուր հիմունքներով:

Իրավաչափ չէ նաև դիմողի այն փաստարկը, թե իբր օրենսդրությամբ անհիմն կերպով ավելի նվազ տուգանք է սահմանված այն դեպքերի համար, երբ հարկատուն ոչ թե ոչ ճիշտ տեղեկատվություն է ներկայացնում, այլ ընդհանրապես որևէ տեղեկատվություն չի ներկայացնում: Բոլոր դեպքերում, սահմանված ժամկետում հաշվետվություն չներկայացնելը և հարկերը չվճարելը չի կարող ինքնըստինքյան ավելի վտանգավոր իրավախախտում համարվել, քան ոչ ճիշտ տվյալներով տեղեկատվություն ներկայացնելը, քանի որ առաջին դեպքում ակնհայտ է դառնում պարտավորությունների չկատարումը, ինչը հնարավորություն է տալիս կիրառել համարժեք վարչարարություն, մինչդեռ երկրորդ դեպքում հարկային մարմինը կարող է բավարարվել կեղծ հայտարարագրով և չձեռնարկել վարչարարությանը բնորոշ ներգործության միջոցներ:

Ինչ վերաբերում է դատական ակտերի առնչությամբ դիմողի փաստարկներին, ապա հարկ է նկատել, որ վարչական դատարանը, բավարարելով որպես հայցվոր հանդես եկած դիմողի հայցը, պարզապես հաստատված է համարել, որ հայցվորի նկատմամբ կիրառվել է արդեն ուժը կորցրած օրենսդրական ակտ: Մյուս դատական ատյաններն էլ գտել են, որ հարկային մարմինների կողմից կոնկրետ արձանագրված իրավախախտման առնչությամբ վիճարկվող նորմը պետք է կիրառվեր, քանզի տվյալ դեպքում տեղի չի ունեցել արդեն ուժը կորցրած իրավական ակտի կիրառման դեպք:

 

7. Վերը նշված` պարզման ենթակա երկրորդ և երրորդ հարցադրումների առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանը դիմումի և գործում եղած նյութերի ուսումնասիրության հիման վրա արձանագրում է, որ պարզեցված հարկով հարկվելու նպատակով դիմող ընկերությունը կամավոր է մտել իրավահարաբերությունների մեջ, և որ դրա հետևանքները նշված ընկերության համար եղել են կանխատեսելի, ինչը հիմք է հանդիսանում պնդելու, որ տվյալ դեպքում բացակայում է սահմանադրաիրավական վեճը. կանխատեսելով հայտարարագիր ներկայացնելու հետևանքները և իր կամքի ազատ արտահայտմամբ նման հայտարարագիր ներկայացնելով հանդերձ` դիմող ընկերությունն օրենքի պահանջները հաշվի չառնելով մտել է այլ իրավահարաբերությունների դաշտ և ներկա պարագայում փորձ է անում ակնհայտ անհիմն սահմանադրաիրավական վեճ ներկայացնելով` վիճարկել ավելի քան չորս տարի առաջ ուժը կորցրած օրենքի դրույթը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրաիրավական վեճի բացակայությամբ սահմանադրական դատարան դիմելն անհիմն է դարձնում նման դիմումը, որը ենթակա է մերժման, իսկ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ վեճի առարկա նորմի սահմանադրականության խնդրով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-ի և քաղաքացի Կարապետ Թառլոյանի դիմումի հիման վրա` «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

22 հունվարի 2013 թ.

ՍԴՈ-1065

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան