Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.23/5(945).1 Հոդ.41.13
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.11.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0185/06/12

Գործ թիվ ԵԿԴ/0185/06/12

Նախագահող դատավոր՝  Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

 

2012 թվականի նոյեմբերի 1-ին

ք. Երևանում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ժիրայր Հարությունի Պարոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունիսի 20-ի որոշման դեմ մեղադրյալ Ժ.Պարոնյանի պաշտպան Ռ.Թովմասյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի հունիսի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 13127912 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2012 թվականի հունիսի 7-ի որոշմամբ Ժիրայր Հարությունի Պարոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2. 2012 թվականի հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Է.Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով մեղադրյալ Ժ.Պարոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը երկու ամիս ժամկետով:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 7-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ժ.Պարոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

3. Մեղադրյալ Ժ.Պարոնյանի պաշտպան Ռ.Թովմասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հունիսի 20-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 7-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ժ.Պարոնյանի պաշտպան Ռ.Թովմասյանը, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ժ.Պարոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հունիսի 4-ին` ժամը 06.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փողոցի 91 հասցեում գործող «Աֆրոդիտե» կարաոկե ակումբի դիմաց անհիմն վիճաբանության մեջ է մտել Աշոտ Ավետիսյանի հետ, որի ընթացքում իր կողմից ապօրինի ձեռք բերված և կրվող, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակել Ա.Ավետիսյանի ուղղությամբ և վերջինիս առողջությանը խուլիգանական դրդումներով դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս` աջ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորման ձևով (տե՛ս նյութեր, թերթ 1):

6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Լ.Չարխիֆալակյանը հայտնեց, որ ներկայացված միջնորդությամբ և նյութերի ուսումնասիրությունից հիմնավոր չի գտնում վերագրվող արարքը մեղադրյալի կողմից կատարած լինելու հիմնավոր կասկածը և այդ հիմքով միջնորդությունը խնդրեց մերժել:

(…)

Ուսումնասիրելով ներկայացված նյութերը և միջնորդությունը, լսելով մասնակիցներին` դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ մեղադրյալ Ժիրայր Հարությունի Պարոնյանին վերագրվող ՀՀ քր. օր-ի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելին է, դատարանը ներկայացված նյութերի ուսումնասիրությունից հիմնավոր է գտնում վերագրվող արարքը մեղադրյալի կողմից կատարած լինելու կասկածը և բարձր է գնահատում հավանականությունը, որ ազատության մեջ մնալով` կարող է թաքնվել վարույթն իրականցնող մարմնից, կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, խուսափել քրեական պատասխանատվությունից» (տե՛ս նյութեր, թերթ 26):

7. Վերաքննիչ դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Տվյալ դեպքում ներկայացված նյութերով /Ք.Դավթյանի` որպես վկա հարցաքննության 06.06.2012թ. արձանագրություններով, անձին ճանաչման ներկայացնելու մասին 06.06.2012թ. արձանագրությամբ, ինչպես նաև Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի 05.06.2012թ. տեղեկանքով/ առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ մեղադրյալ Ժիրայր Հարությունյունի Պարոնյանն առնչություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված և իրեն վերագրվող արարքներին, որոնց համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, նրան վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքները, սույն գործով հնարավոր կատարվելիք քննչական գործողությունների ծավալը, բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալ Ժիրայր Հարությունյունի Պարոնյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, հետևաբար ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով արդեն իսկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, վերացնելու հիմքեր չկան» (տե՛ս նյութեր, թերթ 61):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 13-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 136-րդ հոդվածների պահանջները:

9. Բողոքաբերը նշել է, որ Ժ.Պարոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդության քննության ընթացքում չի ներկայացվել վերջինիս կողմից հանցանքի կատարումը հիմնավորող որևէ ապացույց: Բացի այդ, վերոնշյալ միջնորդության քննության ընթացքում ուշադրություն չի դարձվել այն հանգամանքի վրա, որ Ժ.Պարոնյանը դեպքի վայրում հայտնվել է հանգամանքների բերումով, երբևէ հրազեն չի ունեցել, որևէ մեկի ուղղությամբ հրազենից կրակոց չի արձակել և, հետևաբար, մարմնական վնասվածք չի պատճառել, իսկ ձերբակալվելու ընթացքում դիմադրություն ցույց չի տվել:

10. Ըստ բողոքաբերի` հիմնավորված ու պատճառաբանված չէ նաև մեղադրյալ Ժ.Պարոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ստորադաս դատարանների որոշումն այն պայմաններում, երբ մեղադրողը հայտնել է, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Ժ.Պարոնյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը և խնդրել է մերժել քննիչի միջնորդությունը:

11. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 7-ի, Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 20-ի որոշումները և մերժել նախաքննության մարմնի` մեղադրյալ Ժ.Պարոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատախազի կողմից հետ վերցնելու իրավասության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. մեղադրյալ Ժ.Պարոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը հետ վերցնելու՝ դատախազի իրավասության առկայության պայմաններում իրավաչա՞փ է արդյոք կալանքի միջնորդությունը մերժելու մասին դատախազի խնդրանքը` մեղադրյալի կողմից հանցանք կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:

14. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` « (...) Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ «Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազն իրավասու է (…) ազատել առանց օրինական հիմքերի կամ առանց անհրաժեշտության ձերբակալված կամ կալանավորված անձանց»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը, (…) կիրառվում [է] միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը` համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստանալու համար»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատական նիստին իրավունք ունի մասնակցել դատախազը, եթե անհրաժեշտ է համարում անձամբ պաշտպանել [դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու մասին] միջնորդությունը: Դատախազն իրավունք ունի հետ վերցնել ներկայացված միջնորդությունը»:

Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից երևում է, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարան ներկայացնելու իրավունք ունեն քննիչը կամ դատախազը: Նշված միջնորդության դատական քննության ընթացքում դատախազն իրավասու է ինչպես անձամբ պաշտպանել կալանքի միջնորդությունը, այնպես էլ հետ վերցնել այն, եթե գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր չէ:

15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին իր կամ քննիչի ներկայացրած միջնորդության դատական քննության ժամանակ դատախազն օժտված է բացառապես հետևյալ լիազորություններով՝

ա) անձամբ պաշտպանել իր կամ քննիչի ներկայացրած միջնորդությունը,

բ) հետ վերցնել իր կամ քննիչի ներկայացրած միջնորդությունը:

Մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին իր կամ քննիչի ներկայացրած միջնորդության դատական քննության շրջանակներում իրականացվող վերոնշյալ լիազորություններից բացի, դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի հիման վրա՝ իրավասու է նաև ազատել առանց օրինական հիմքերի կամ առանց անհրաժեշտության կալանավորված անձանց:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի 2012 թվականի հունիսի 7-ի որոշմամբ Ժ.Պարոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Նույն օրը նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով մեղադրյալ Ժ.Պարոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը` երկու ամիս ժամկետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանում նիստին մասնակցող դատախազը խնդրել է քննիչի ներկայացրած միջնորդությունը մերժել` մեղադրյալ Ժ.Պարոնյանի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը հաստատված չլինելու հիմքով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 7-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ժ.Պարոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, այն թողել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանում մեղադրյալ Ժ.Պարոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննության ընթացքում դատախազը խնդրել է մերժել միջնորդությունը և ոչ թե հետ է վերցրել այն:

17. Սույն որոշման 14-15-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 16-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ժ.Պարոնյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ դատախազի` որպես մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող սուբյեկտի կամաարտահայտության դրսևորման միակ դատավարական ձևը ներկայացրած միջնորդությունը հետ վերցնելն է:

Միջնորդությունը հետ վերցնելու վերաբերյալ դատախազի կամաարտահայտությունը կարող է դրսևորվել այդ մասին դատարանում ուղղակիորեն հայտարարելու միջոցով կամ գրավոր ընթացակարգով, մինչդեռ սույն գործով դատախազը ոչ միայն միջնորդությունը հետ վերցնելու վերաբերյալ հայտարարություն չի արել դատարանում, այլ նաև դատարանին ուղղված իր խնդրանքում չի օգտագործել այնպիսի ձևակերպումներ, որոնք կվկայեին այն մասին, որ դատախազը հետ է վերցնում մեղադրյալ Ժ.Պարոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Բացի այդ, դատախազի կողմից միջնորդությունը հետ վերցնելու կամաարտահայտության բացակայության մասին է վկայում նաև այն փաստը, որ դատախազը հետագայում Ժ.Պարոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը չի բողոքարկել:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատախազի` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը հետ վերցնելու իրավասության առկայության պայմաններում կալանքի միջնորդությունը մերժելու մասին դատախազի խնդրանքն իրավաչափ չէ:

18. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ մեղադրյալ Ժ.Պարոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը դատախազի կողմից հետ վերցված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության ու հիմնավորվածության դատական ստուգման արդյունքում հանգել է հետևության, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Ժ.Պարոնյանն առնչություն ունի նրան մեղսագրվող արարքի հետ: Միաժամանակ, հիմնավորված համարելով մեղսագրված արարքին Ժ.Պարոնյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը, Վերաքննիչ դատարանը եկել է եզրահանգման, որ այդ պայմաններում մեծ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողությունների` գործի քննությանը խոչընդոտելու և քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կատարման հավանականությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Այս առումով Վերաքննիչ դատարանը քրեադատավարական իրավունքի նորմերի պահանջների խախտումներ թույլ չի տվել, որոշումը կայացրել է վերաքննիչ բողոքի շրջանակներում՝ հիմնվելով գործի նյութերի հետազոտման արդյունքների վրա:

19. Հիմք ընդունելով սույն որոշման 12-18-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի, հիմնավորումների և պահանջի սահմաններում ստորադաս դատարանների որոշումներն օրինական, հիմնավորված և պատճառաբանված են, իսկ մյուս խախտումների վերաբերյալ բողոքաբերի փաստարկներն իրենց հաստատումը գործի նյութերում չեն գտնում, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Ժիրայր Հարությունի Պարոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունիսի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

 

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան