Գլխավոր տեղեկություն
Համար
N 100-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2013-16.10.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.27/11(951) Հոդ.118
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2013 թվականի N 100-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրել՝

1) փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվություն ստանալու համար դիմումի ձևը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար հաստատված սակագները.

3) փոստային կապի ծառայությունների և էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվություն ստանալու ընթացակարգը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում ապահովել վճարումների պետական էլեկտրոնային համակարգում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի արտաբյուջետային գանձապետական հաշվի համարի բացումը և տեղադրումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար հաստատված սակագների վճարման նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների սակագները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսաներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունվարի 10-ի N 100-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման ընթացակարգը:

2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 9-13-րդ, 15-23-րդ և 25-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը դիմողին տրամադրվում է փոստով՝ պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի հետ միասին (այդ թվում՝ փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով) ներկայացրել է տեղեկատվությունն ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով վճարումը հավաստող 20-նիշանոց ծածկագիրը և վճարման ամսաթիվը:

3. Դիմումի մեջ դիմողի էլեկտրոնային հասցեն նշված լինելու դեպքում՝ տեղեկատվության տրամադրման մերժման կամ կասեցման վերաբերյալ գրությունն առաքվում է նաև էլեկտրոնային կապի միջոցով:

4. Դիմումատուի կողմից տեղեկատվությունն ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիրը չներկայացվելու կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով վճարումը հավաստող 20-նիշանոց ծածկագիրը և վճարման ամսաթիվը չնշվելու դեպքում տեղեկատվությունը դիմողին փոստով չի առաքվում:

5. Փոստային կապի միջոցով տեղեկատվությունն ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը կատարվում է դիմողի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի արտաբյուջետային գանձապետական հաշվին, Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված սակագներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան