Գլխավոր տեղեկություն
Համար
N 668-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2013-14.08.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.778
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 668-Ն

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների և 1994 թվականի ապրիլի 15-ին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կնքած «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 28.07.11 N 1091-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մայիսի 27
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 668-Ն որոշման

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնություն (այսուհետ` դրամական օգնություն) նշանակելու և վճարելու կարգը, ինչպես նաև դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների:

1.1. Սույն կարգի իմաստով զինծառայողը համարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե՝

1) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս.

2) եղել է պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող (կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորող կուրսանտ) և զոհվել (մահացել) է պարտադիր զինծառայության ժամանակ` բացառությամբ զորամասն ինքնակամ լքելու կամ կանխամտածված այլ օրինազանցության դեպքերի (ընդ որում, կանխամտածված օրինազանցություն չի համարվում պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի ինքնասպանությունը).

3) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով, կամ մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց 5 տարի հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով.

4) անհայտ կորել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հատուկ պարտականություններ կատարելու ժամանակ:

(1.1-ին կետը լրաց. 28.07.11 N 1091-Ն, փոփ., խմբ. 20.09.12 N 1238-Ն)

2. Դրամական օգնությունը նշանակում և վճարում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ՝ ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան իրավասու ստորաբաժանումները (այսուհետ՝ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում):

(2-րդ կետը փոփ. 20.12.12 N 1664-Ն)

 

II. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

 

3. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`

1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 27000 դրամ,

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 23000 դրամ,

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 18000 դրամ.

2) այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 5000 դրամ,

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 3000 դրամ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 50000 դրամ,

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 43000 դրամ,

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 31000 դրամ.

4) Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 14000 դրամ,

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 12000 դրամ,

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 10000 դրամ.

5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները` 8000 դրամ.

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` 5000 դրամ.

7) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները` 150000 դրամ.

8) Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք` 15000 դրամ.

9) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝

ա. յուրաքանչյուր երեխան՝ 16000 դրամ,

բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 13000 դրամ.

10) սույն կետի 1-6-րդ ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:

(3-րդ կետը փոփ. 28.07.11 N 1091-Ն, 20.12.12 N 1664-Ն)

4. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`

1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` 12000 դրամ.

1.1) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողություններին մասնակից անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել հետագայում` 7000 դրամ.

2) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:

(4-րդ կետը փոփ., լրաց. 28.07.11 N 1091-Ն, լրաց. 20.09.12 N 1238-Ն)

5. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող հետևյալ կատեգորիաների անձինք`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝

ա. յուրաքանչյուր երեխան՝ 33000 դրամ,

բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 26000 դրամ.

2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամը՝ 12000 դրամ.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:

(5-րդ կետը փոփ. 20.09.12 N 1238-Ն, 20.12.12 N 1664-Ն)

6. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն պետական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող (կենսաթոշակ չստացող)՝ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ:

7. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն (անկախ ընտանիքում կենսաթոշակառու լինելու հանգամանքից) զոհված զինծառայողների ընտանիքները՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 30000 դրամ, որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի համար՝ լրացուցիչ 20000 դրամ.

2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 7000 դրամ:

(7-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 28.07.11 N 1091-Ն)

8. Սույն կարգի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:

 

III. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Զինվորական կենսաթոշակ ստացող անձը դրամական օգնություն նշանակելու համար իր գրավոր դիմումը ներկայացնում է համապատասխան այն մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ գտնվում է իր կենսաթոշակի գործը, իսկ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձն իր գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

(9-րդ կետը փոփ. 20.09.12 N 1238-Ն)

10. Զոհված զինծառայողի՝ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկն այդ օգնությունն ստանալու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան այն մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը, եթե այդ ընտանիքի անդամներից որևէ մեկը զոհված զինծառայողի գծով դրամական օգնություն չի ստանում:

(10-րդ կետը փոփ. 20.09.12 N 1238-Ն)

10.1. Այլ պետություններում մարտական գործողությունների այն մասնակիցը, որը պետական կենսաթոշակ ստանալու իրավունք չունի (կենսաթոշակ չի ստանում), դրամական օգնությունն ստանալու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

(10.1-ին կետը լրաց. 28.07.11 N 1091-Ն)

11. Եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից որևէ մեկը զոհված զինծառայողի գծով դրամական օգնություն է ստանում, ապա ընտանիքին տրվող դրամական օգնությունը նշանակում է այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, որտեղ ընտանիքի այդ անդամը կենսաթոշակ է ստանում:

12. Դրամական օգնությունը նշանակվում է զոհված զինծառայողի ընտանիքի՝ այդ օգնությունն ստանալու իրավունք ունեցող անդամներից մեկին՝ ընտանիքի համար:

13. Ընտանիքի՝ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անդամի պահանջով նրա դրամական օգնության բաժինն առանձնացվում է: Այս դեպքում ընտանիքի անդամի դրամական օգնության բաժինը հաշվարկվում է ընտանիքին տրվող դրամական օգնության գումարը (առանց սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ երեխաների համար տրվող դրամական օգնության գումարի) ընտանիքի՝ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Զոհված զինծառայողի երեխայի պահանջով, նրա դրամական օգնության բաժինն առանձնացնելիս, նրան վճարվում է այդ բաժինը և նրան հասանելիք դրամական օգնությունը: Դրամական օգնության առանձնացված բաժինը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(13-րդ կետը խմբ. 28.07.11 N 1091-Ն)

14. Դրամական օգնությունը նշանակվում է`

1) դրամական օգնություն նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակելու դիմումի հետ ներկայացվելու դեպքում` կենսաթոշակ նշանակելու օրվանից.

2) դրամական օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակելուց հետո ներկայացվելու դեպքում`

ա. կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դրամական օգնության իրավունքը ծագել է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու հիմքով և դրամական օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,

բ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու օրվանից, եթե դրամական օգնության իրավունքը ծագել է հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու հիմքով և դրամական օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատվելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,

գ. սույն կարգի 3-րդ կետի 9-րդ ենթակետում նշված դեպքում` զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից (բայց ոչ շուտ, քան զինվորական կենսաթոշակ նշանակելու օրվանից), եթե դրամական օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

3) սույն կարգի 6-րդ կետում և 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` դրամական օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից.

4) սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում` զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից, եթե դրամական օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

5) դիմելու օրվանից, եթե դրամական օգնություն նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-4-րդ ենթակետերում սահմանված ժամկետներից հետո:

(14-րդ կետը խմբ. 20.09.12 N 1238-Ն)

15. Դրամական օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում, վերականգնվում, դրամական օգնություն վճարելը դադարեցվում և վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ չվճարված դրամական օգնության գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով:

16. Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը և համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրամական օգնությունը նշանակում, վճարումն ապահովում, չվճարված դրամական օգնության գումարների վճարումն ապահովում, դրամական օգնության գործը (փաստաթղթերը) վարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665 -Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգին համապատասխան:

16.1. Դրամական օգնության ավելի վճարված գումարների հետգանձումն իրականացվում է ավելի վճարված կենսաթոշակի գումարների հետգանձման համար սահմանված կարգով:

(16.1-ին կետը լրաց. 20.09.12 N 1238-Ն)

17. Եթե դրամական օգնություն ստանալու համար դիմող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի գործին կարվում է դրամական օգնություն նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե անձը կենսաթոշակառու չէ, ապա կազմվում է դրամական օգնության գործ:

18. Յուրաքանչյուր ամսվա դրամական օգնությունը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Եթե անձը կենսաթոշակառու է, ապա դրամական օգնությունը վճարվում է կենսաթոշակի հետ միասին:

19. Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը նշանակված, բայց չստացված դրամական օգնության գումարները վճարվում են դիմելուն նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը դրամական օգնություն ստանալու իրավունք է ունեցել:

20. Զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են աշխատանքային կենսաթոշակ և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ կամ սոցիալական կենսաթոշակ և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ, իրավունք ունեն, իրենց ընտրությամբ, զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալու դրամական օգնություն: Այս դեպքում անձը դրա մասին գրավոր դիմում է ներկայացնում ծառայության կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանում, որտեղ գտնվում է իր աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի գործը:

21. Եթե անձը կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակն ստանում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից, ապա դիմումի հետ միասին ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ վճարելը դադարեցնելու մասին համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման տված տեղեկանքը, որում պետք է նշված լինի կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ժամկետը: Այս դեպքում դրամական օգնությունը նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից:

22. Եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամը զինվորական կենսաթոշակի փոխարեն դրամական օգնություն ստանալու համար դիմել է մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը, ապա նրան զինվորական կենսաթոշակի փոխարեն դրամական օգնություն նշանակվում (վերահաշվարկվում) և վճարվում է 2011 թվականի հունվարի 1-ից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում դրամական օգնությունը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

IV. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

23. Դրամական օգնությունը նշանակելու համար անձը ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝

1) դիմումը.

2) անձնագիրը և դրա պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.

4) սույն կարգի 2-րդ կետում նշված մարմինների՝ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող համապատասխան ստորաբաժանումների տված տեղեկանքը զինծառայողի զոհվելու մասին:

(23-րդ կետը խմբ. 28.07.11 N 1091-Ն, փոփ. 20.09.12 N 1238-Ն)

24. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամն ընտանիքի համար դրամական օգնություն ստանալու նպատակով համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝

1) դիմումը.

2) անձնագիրը և դրա պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.

4) սույն կարգի 2-րդ կետում նշված մարմինների՝ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող համապատասխան ստորաբաժանումների տված տեղեկանքը զինծառայողի զոհվելու մասին:

5) անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև՝

ա. կերակրողի երեխայի, հաշմանդամ զավակի, ամուսնու, ծնողի անձնագրերը (մինչև 16 տարեկան անչափահասների համար` ծննդյան վկայականները) և հանրային ծառայությունների համարանիշերը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքները և դրանց պատճենները,

բ. զավակին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը,

գ. առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը,

դ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը կերակրողի մահվան պատճառական կապի մասին:

(24-րդ կետը խմբ. 28.07.11 N 1091-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.09.12 N 1238-Ն)

(հավելվածը փոփ. 28.07.11 N 1091-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.09.12 N 1238-Ն, փոփ. 20.12.12 N 1664-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 5-ի N 668-Ն որոշման

 

Ձև

___________________________________

 (մարմնի անվանումը)                   

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Զինծառայող

____________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

Ծնվել է _____________________________________________________________________________________
(օրը, ամիսը, տարեթիվը)

Բնակվել է ___________________________________________________________________________________
(հասցեն)

____________________________________________________________________________________________

 

_____________________________________________________________________________________________
(զոհվելու (մահանալու, անհայտ կորչելու) օրը, ամիսը, տարեթիվը, պատճառը)

 

Տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանված դրամական օգնություն նշանակելու համար` զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից մեկին:

 

Տեղեկանքը տրամադրող ստորաբաժանման անվանումը_____________________________________

 

Ստորաբաժանման ղեկավար

________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

___ ___________ 20 թ. 

 

Կ.Տ.»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

(հավելվածը լրաց. 28.07.11 N 1091-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան