ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2013 թվականի N 6-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Հունդաի Գալլոպեր» մակնիշի տրանսպորտային միջոցը (նույնացման համարը` KMXXPE1JPWՍ242019, թողարկման տարեթիվը` 1999 թվական) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
2. Գույքի մեկնարկային գինը սահմանել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգի, 2012 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ գնահատված արժեքի չափով` 2500 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի և աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 24000 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով պարտավորություն գնորդի կողմից իր միջոցների հաշվին գույքի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարների ու տուրքերի վճարման մասին:
4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ այն փոխանցելով «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի ու շինությունների) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 14 Երևան |