ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԿԴ3/0006/01/12 |
Գործ թիվ ԿԴ3/0006/01/12 |
|
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան | |
Դատավորներ` Ս. Համբարձումյան |
|
Ա. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Օհանյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Կ. Աբրահամյանի |
2012 թվականի նոյեմբերի 1-ին |
Երևան քաղաքում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սահակ Ռաֆիկի Թադևոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հուլիսի 9-ի որոշման դեմ մեղադրող Տ.Բիշարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. Քրեական գործը հարուցվել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ին:
Սահակ Ռաֆիկի Թադևոսյանին 2012 թվականի հունվարի 11-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2012 թվականի հունվարի 23-ին քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 3-ի դատավճռով Ս.Թադևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 տարի 6 ամիս ժամկետով:
3. Վերոնշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Ս.Թադևոսյանը բերել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հուլիսի 9-ին որոշում է կայացրել ամբաստանյալի բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 3-ի դատավճիռը` պատժի մասով բեկանելու և փոփոխելու մասին: Վերաքննիչ դատարանը Ս.Թադևոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի 3 ամիս ժամկետով: Դատավճռի մնացած մասը թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հուլիսի 9-ի որոշման դեմ մեղադրող Տ.Բիշարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սահակ Թադևոսյանը, նշված քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում, առանց իրացնելու նպատակի, գործով չպարզված անձից 2011 թվականի սեպտեմբերի 12-ին հեռախոսազանգով պահանջել և «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սոս Հակոբյանի մոտ տեսակցության եկող Գայանե Հակոբյանի միջոցով 2011 թվականի սեպտեմբերի 13-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկ բերված և Սահակ Թադևոսյանի պահանջի համաձայն Գայանե Հակոբյանի կողմից նույն հիմնարկի ազատ դատապարտյալ Գևորգ Գասպարյանին փոխանցված հանձնուքի միջոցով փորձել է ապօրինի ձեռք բերել և պահել խոշոր չափի՝ 1,975 գրամ հաստատուն կշռով «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց: Իր հանցավոր մտադրությունը Ս.Թադևոսյանը, սակայն, չի կարողացել ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հանձնուքի մեջ գտնվող ամառային կոշիկի ներբանի մեջ թաքցված 1,975 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության ժամանակ հայտնաբերել և առգրավել են:
6. Սահակ Ռաֆիկի Թադևոսյանը նախկինում ութ անգամ դատապարտված է եղել (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 192-194):
7. Առաջին ատյանի դատարանի դատավճռում առկա է հետևյալ ձևակերպումը. «ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի և 63-րդ հոդվածի համաձայն` ամբաստանյալ Ս.Թադևոսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է համարվում հանցանքը կատարելու առանձնապես վտանգավոր ռեցիդիվը, ուստի Ս.Թադևոսյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակվի ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասի կանոններով` առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 103-107):
8. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Ամբաստանյալ Սահակ Թադևոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված հանցագործության համար նախատեսված պատժի առավելագույն ժամկետը մատնանշված հոդվածի սանկցիայով սահմանված է ազատազրկում 3 տարի ժամկետով:
(...) ամբաստանյալի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 671 -րդ և 65-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով, որի պայմաններում Սահակ Թադևոսյանի նկատմամբ նշանակված պատժի ժամկետը չի կարող գերազանցել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն չափը` 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը, հետևաբար առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Ս.Թադևոսյանի նկատմամբ 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը չի համապատասխանում մատնանշված հոդվածների պահանջներին:
(...) ամբաստանյալ Ս.Թադևոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել` համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 671 -րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 65-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որով թույլ է տվել նյութական իրավունքի խախտումներ, այդ խախտումները իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն, հիմք է կայացված դատական ակտը մասնակիորեն` պատժի մասով, բեկանելու և փոփոխելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 40-44):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այսինքն` կիրառել է այն նորմը, որը ենթակա չէր կիրառման, ինչպես նաև սխալ է մեկնաբանել քրեական օրենքը: Արդյունքում թույլ է տրվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, իսկ կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:
10. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ պնդման՝ բողոք բերած անձը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Ս.Թադևոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս իրավացիրորեն կիրառվել են ՀՀ քրեական օրենսգրքի 671 -րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները, որոնք կիրառելի են առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայության պարագայում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 41 -րդ մասի պահանջն այն մասին, որ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կանոնները չեն կիրառվում հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս, պատժի մասով բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
11. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստարկները՝ բողոքաբերը խնդրել է պատժի մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 3-ի դատավճռին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնները սահմանող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 671 -րդ հոդվածի միատեսակ կիրառության ապահովման խնդիրն է: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հոդվածի կիրառման կապակցությամբ դատական պրակտիկայի համար:
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի եզրակացությունն այն մասին, որ ամբաստանյալ Ս.Թադևոսյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել՝ ղեկավարվելով չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելու կանոնները սահմանող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով:
14. ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հանցափորձի համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 41 -րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կանոնները չեն կիրառվում հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս»:
ՀՀ քրեական օրենսգրքի 671 -րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից»:
Մեջբերված դրույթների համակարգային վերլուծությունից երևում է, որ դրանք սահմանում են հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնները: Ամրագրելով, թե ռեցիդիվի տեսակով պայմանավորված ինչ չափի պատիժ կարող է նշանակվել անձի նկատմամբ՝ վերոշարադրյալ դրույթները սահմանում են նաև, որ հանցագործությունների ռեցիդիվի առկայությունը բացառում է չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելու ընդհանուր կանոնների կիրառմամբ պատիժ նշանակելը: Հանցագործությունների ռեցիդիվի առկայության դեպքում պատիժը նշանակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 671 -րդ հոդվածի կանոններով՝ անկախ նրանից, թե հանցագործությունը, որի կատարման մեջ անձը մեղավոր է ճանաչվել, ավարտված է, թե ոչ: Այլ խոսքով՝ չավարտված հանցագործությունների համար պատիժ նշանակելու կանոնները չեն կիրառվում, եթե առկա է հանցագործությունների ռեցիդիվի որևէ տեսակ:
15. Սույն գործի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Թադևոսյանը նախկինում ութ անգամ դատապարտված է եղել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Նշված հանգամանքը Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի է առնվել Ս.Թադևոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը Ս.Թադևոսյանի նկատմամբ պատիժ է նշանակել՝ ղեկավարվելով հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնները սահմանող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 671 -րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանը պատժի մասով բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ պատճառաբանելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Ս.Թադևոսյանի նկատմամբ 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 671 -րդ և 65-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, քանի որ այդ իրավանորմերից բխում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Ս.Թադևոսյանի նկատմամբ նշանակված պատժի ժամկետը չի կարող գերազանցել 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
16. Սույն որոշման 15-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները մեկնաբանելով սույն որոշման 14-րդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա՝ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի պարագայում Ս.Թադևոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ենթակա էին կիրառման ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 41 -րդ մասի և 671 -րդ հոդվածի 2-րդ մասի, այլ ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Հետևաբար, հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի եզրակացությունն այն մասին, որ ամբաստանյալ Ս.Թադևոսյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել՝ ղեկավարվելով չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելու կանոնները սահմանող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով:
17. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոքաբերի փաստարկն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Ս.Թադևոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս իրավացիրորեն կիրառվել են ՀՀ քրեական օրենսգրքի 671 -րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները, որոնք կիրառելի են առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայության պարագայում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 41 -րդ մասի պահանջն այն մասին, որ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կանոնները չեն կիրառվում հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս, պատժի մասով բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանի կողմից հիշյալ իրավանորմերի պահանջները պահպանված լինելու պարագայում` Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, այն է` սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 671 -րդ հոդվածի 2-րդ մասի և 65-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Թադևոսյանի վերաբերյալ 2012 թվականի հուլիսի 9-ի որոշումը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այսինքն` կիրառել է այն նորմը, որը ենթակա չէր կիրառման:
18. Հիմք ընդունելով սույն որոշման 13-17-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի խախտումները, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 406-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:
Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով դատական ակտը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Թադևոսյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 3-ի դատավճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, իսկ այդ դատական ակտը մասնակիորեն բեկանելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 9-ի որոշումը` անօրինական և չհիմնավորված: Ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սահակ Ռաֆիկի Թադևոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 9-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 3-ի դատավճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ս. Օհանյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան |