ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2013 թվականի N 19-Ն
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ, ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փաստաթղթերն արժևորելու, ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը` համաձայն հավելվածի։
2. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքային ենթակայության գրադարաններում առկա գրադարանային փաստաթղթերը սույն որոշմամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի ազգային գրադարան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 19-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ, ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են գրադարանային փաստաթղթերն արժևորելու, ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
2. Ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են գրավոր հուշարձանները, փաստաթղթի պարտադիր օրինակը և փորձաքննությամբ արժևորված փաստաթղթերը:
3. Հայաստանի ազգային գրադարանի տնօրենին կից ստեղծվում է գրադարանային փաստաթղթերն արժևորելու փորձագիտական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովը փորձաքննություն իրականացնող մարմին է, որի աշխատակարգը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարը (այսուհետ` նախարար): Հանձնաժողովը սույն կարգով սահմանված չափորոշիչներին ու պահանջներին համապատասխան տալիս է եզրակացություն ներկայացված գրադարանային փաստաթղթերն ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կամ մերժելու մասին:
4. Իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող գրադարանային փաստաթղթերն արժևորվում են հանձնաժողովի կողմից` սեփականատիրոջ հայտի համաձայն:
II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն կարգում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները՝
1) գրավոր սկզբնաղբյուրներ` գրադարանային փաստաթղթեր, որոնց շարքին են դասվում տարեգրությունները, վիճակագրական նյութերը, կուսակցությունների փաստաթղթերը, հրապարակախոսական ստեղծագործությունները, անձնական գրագրությունը, հազվագյուտ գրքերը, բարձրարժեք գեղարվեստական ստեղծագործությունները և գրական ժառանգության միակ օրինակները, պետական և հասարակական, գիտության, արվեստի, մշակույթի գործիչների անձնական փաստաթղթերը, հայտնի դեպքերի հետ կապված վավերագրերի` իրենց տեսակի մեջ միակ օրինակները, որոնք առանձնանում են գիտական, պատմական և գեղարվեստական արժեքներով, ինչպես նաև այն փաստաթղթերը, որոնք տեղեկույթ են պարունակում յուրահատուկ երևույթների մասին և պահպանվել են մեկ օրինակով կամ սահմանափակ քանակությամբ.
2) փորձաքննությամբ արժևորված փաստաթուղթ` գրադարանային փաստաթուղթ, որը սույն կարգով սահմանված չափորոշիչներին համապատասխան անցել է մշակութաբանական կամ արվեստաբանական հետազոտություն և փորձագիտական եզրակացության համաձայն պետք է ընդգրկվի (կամ չընդգրկվի) ազգային գրադարանային հավաքածուում.
3) փաստաթղթի համալիր որոշարկում (ատրիբուցիա)` գրադարանային փաստաթղթի բոլոր հատկանիշների` նյութի, ձևի, կազմության, չափսերի, պատրաստման միջոցի, տեխնիկայի, հեղինակային պատկանելության, թեմայի, սյուժեի, գաղափարական ուղղվածության, կիրարկման, սոցիալական և էթնիկական միջավայրի, պատմական, հուշային կամ այլ նշանակության բացահայտում:
III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Գրավոր փաստաթղթերն արժևորվում են հետևյալ չափորոշիչների համաձայն՝
1) գրավոր սկզբնաղբյուր` պատմական, բանահյուսական, գեղարվեստական, կրոնական, արվեստաբանական կամ գիտական վկայագիր-վավերագիր են.
2) համաշխարհային մշակութային գրավոր ժառանգության անբաժանելի բաղկացուցիչ մաս են.
3) հիշարժան փաստաթուղթ` ժողովրդի կյանքի հիշարժան դեպքերի, հասարակության և պետության զարգացման, գիտության, ինչպես նաև նշանավոր մարդկանց (պետական, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, ազգային հերոսների) կյանքին ու գործունեությանն առնչվող վավերագրեր են.
4) առաջնահերթ փաստաթուղթ` տվյալ ժամանակաշրջանի հրատարակության, տպագրության, տեխնիկայի և գրքակազմության առաջնեկ են։
7. Գրադարանային փաստաթղթի փորձաքննությունն իրականացվում է համալիր որոշարկման (ատրիբուցիա) հիման վրա, ինչի արդյունքում կբավարարվեն`
1) գրավոր փաստաթղթի անվանման կամ անվան.
2) նկարագրության կամ բովանդակության, պարունակող տեղեկույթի ծավալի.
3) հեղինակի, թեմայի, ոճային առանձնահատկությունների.
4) ստեղծման ժամանակի և տեղի.
5) տեսակային պատկանելության (տեքստային, թվանշանային, պատկերային, տեսա- և (կամ) ձայնաշարային կամ համակցված).
6) պատրաստման նյութի և տեխնիկայի.
7) չափսերի, ձևերի, կառուցվածքի.
8) հասարակական, էթնիկական, որոշակի պատմական կամ որևէ անձի պատկանելության.
9) փաստաթղթի պահպանվածության.
10) փաստաթղթի պատմամշակութային, գիտական, գեղարվեստական նշանակության համար ներկայացվող պահանջները:
IV. ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ
8. Ազգային գրադարանային հավաքածուն կազմում և համակարգում է Հայաստանի ազգային գրադարանը:
9. Ազգային գրադարանային հավաքածուում հնատիպ գրքերը և փաստաթղթի պարտադիր օրինակն ընդգրկվում են առանց փորձաքննության:
10. Հայաստանի ազգային գրադարանը, համաձայն «Փաստաթղթերի (վկայագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, որպես անվճար պարտադիր օրինակ ստացող, այդ գրադարանային փաստաթղթերի մասին սույն կարգի 7-րդ կետի չափանիշներով տեղեկույթն ընդգրկում է ազգային գրադարանային հավաքածուի կազմում:
11. Պետական, հանրային գրադարանները (անկախ սեփականության ձևից և ենթակայությունից) պարտադիր, իսկ ոչ պետական և համայնքային գրադարանները սեփական նախաձեռնությամբ` իրենց պահոցում առկա գրավոր հուշարձանը և փորձաքննությամբ արժևորման ենթակա փաստաթուղթն ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու նպատակով, սույն կարգի 7-րդ կետի պահանջներին համապատասխան, ներկայացնում են հայտ հանձնաժողովին:
12. Հանձնաժողովն ուսումնասիրում է յուրաքանչյուր ներկայացրած հայտը, և դրական եզրակացության դեպքում գրադարանային փաստաթղթի մասին տեղեկույթն ընդգրկվում է ազգային գրադարանային հավաքածուում:
13. Իրավաբանական և ֆիզիկական անձն իր սեփականություն համարվող գրավոր հուշարձանի վերաբերյալ տեղեկույթն ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու համար գրավոր համաձայնությամբ ներկայացնում է Հայաստանի ազգային գրադարան: Հայաստանի ազգային գրադարանը գրավոր հուշարձանի սեփականատիրոջ համաձայնության հիման վրա կազմում է նախարարի և գրավոր հուշարձանի սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի նախագիծը և հնգօրյա ժամկետում ներկայացնում է նախարարին:
14. Կողմերի միջև պայմանագիրն ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի ազգային գրադարանն իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող գրավոր հուշարձանն ընդգրկում է ազգային գրադարանային հավաքածուի կազմում:
15. Ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված գրավոր հուշարձանի և փորձաքննությամբ արժևորված փաստաթղթի վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց Հայաստանի ազգային գրադարանը հնգօրյա ժամկետում տալիս է տեղեկանք ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված լինելու մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|